Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ հետաքննիչները, քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է, ինչ գերլարված են աշխատում, ավելին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները երեք օր է, ինչ չեն կարողանում տուն գնալ:
Այն, որ ուժային կառույցների ղեկավարները մինչ համաներման նախագիծը ուժի մեջ մտնելը նշել էին, որ իրենց գործը բարդանալու է այս օրերին, իրականություն է դառնում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է աշխատեն շատ ուժեղացված ռեժիմով, քանի որ համաներման ենթարկվող քաղաքացիների մեծամասնությունը շարունակելու է իր հանցավոր գործունեությունը, իսկ ահա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ չի բացառում, որ նրանց մեջ կլինեն այնպիսինները, որոնք կրկին հանցագործություններ կկատարեն. «Այս առումով մեր աշխատանքը բարդանալու է»:
Ի դեպ, ուսումնասիրելով 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների թիվը` զարմանալի պատկերի առաջ ենք կանգնում: Ըստ վիճակագրության տվյալների` 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 14 հազար 124, սակայն համաներումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, դրանք կտրուկ ավելացել են: 2013 թվականին գրանցվել է 16 հազար 932 հանցագործություն, 2014 թվականին` 16 հազար 047, 2015 թվականին` 15 հազար 467, 2016 թվականին` 16 հազար 983, 2017 թվականին` 17 հազար 898, իսկ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը եղել է 12 հազար 484:
2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանում ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը, սակայն ինչպես նկատում ենք համաներման հետեւանքները խառնաշփոթ են ստեղծել իրավապահ համակարգում, քանի որ ամեն օր տասնյակ հափշտակությունների, գողությունների դեպքեր են արձանագրում, թե ինչպես են գողանում մարդկանց մեքենաները, թալանում բնակարանները: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարբեր քննչական վարչությունների քննիչներ պատրաստվում են դիմել իրենց ղեկավարներին, որպեսզի վերջիններս հայտարարություն տարածեն, որ քաղաքացիները խուճապի չմատնվեն, սակայն զգոն ու խիստ, ուշադիր լինեն իրենց բնակարանների, մեքենաների, պայուսակների եւ այլ կարեւոր, անհրաժեշտ իրերի նկատմամբ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ հասան, որ իրավիճակը այն աստիճան է թեժացել, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն երեք օր է, ինչ տուն չեն գնում՝ ամեն րոպե սպասելով ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Քրեական հետախուզությունը միշտ է ծանրաբեռնված աշխատում հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով, իսկ ինչ վերաբերում է համաներման հետեւանքով հանցագործությունների աննախադեպ աճին, ապա դա իրականությանը չի համապատասխանում»:
Նշենք նաեւ՝ համաներման արդյունքում նոյեմբերի 13-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 465 անձ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԱՌԱՋ
Չնայած ձմեռային զորակոչի մեկնարկին դեռեւս երկու ամիս ժամանակ կա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` տարբեր վարչական շրջանների մարզային զինկոմիսարիատները ծանուցումներ են ուղարկում քաղաքացիներին` պահանջելով ներկայանալ տարածքային հերթական ստուգման: Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ծանուցումները ուղարկում են այն անձանց տուն, ովքեր շուրջ 5-6 տարի առաջ ազատվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Միգուցե այս քայլով տարածքային զինկոմիսարիատները վերոնշյալ ստուգումները իրականացնում են հասկանալու համար, թե ով կամ ինչ հիմքով է ազատվել բանակից եւ, ամենակարեւորը, արդյոք նրանք ազատվել են պարտադիր ժամկետային ծառայությունից օրինական ճանապարհով: Ինչեւէ, գործընթացի մասին տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից:
-Պարո՛ն Տոնոյան, տեղեկություններ կան, որ տարիներ առաջ ծառայությունից ազատվածներին կանչում են զինկոմիսարիատներ հերթական ստուգման անցնելու եւ հասկանալու համար, թե նրանք ինչ հիմքով են բանակից ազատվել:
-Խոսքը գնում է բժշկական ստուգման մասին:
-Ոչ միայն, նաեւ, թե ինչ հիմքով են վերոնշյալ անձինք ազատվել ծառայությունից:
-Դա օրինաչափ գործընթաց է, ոչ մի անօրինական բան չի կատարվում, եթե վերափորձաքննության են հրավիրում, դրա համար կան ժամկետներ` երկու տարին, երեք տարին մեկ :
-Խոսքը տարեկետում ստացած զինծառայողների մասին չէ, այլ այն անձանց, ովքեր մոտ 7 տարի առաջ են բանակից ազատվել, այս օրերին զինկոմից ծանուցում են ուղարկել:
-Ե՞րբ են կանչել:
-Մոտ մեկ շաբաթ առաջ կանչել են:
-Եթե կան կոնկրետ անուններ… քանի Ձեր ասած գեներալնի կամիսիան հիմա` այս պահին, չի գործում, դա զորակոչի ժամանակ է իրականացվում, զորակոչը դեռ չի սկսվել, երեւի թե դա ուրիշ գործընթաց է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները հերթական ծեծկռտուքն են սարքել: Դեպքը տեղի է ունեցել Մազմանյան փողոցի բնակարաններից մեկի մոտ: Տարածքում վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաեւ օտարերկրյա քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով` Մազմանյան փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանել եւ հայհոյել են ռազմաբազայի վարորդ 20-ամյա Դմիտրի Կրասնինը եւ հրետանային դիվիզիոնի հեռախոսավար, շարքային, 21 տարեկան Վլադիսլավ Ռոմադինը. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Բաքվում քննարկում են դեկտեմբերի 6-7-ը Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման առաջարկը, որը հղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան նշել է, որ առաջարկն իրենք ստացել են, եւ այժմ այն գտնվում է քննարկման փուլում: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կարող են դեկտեմբերի սկզբին Միլանում անցկացնել Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպումը:
ԿԳԵՐԱԶԱՆՑԻ
Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի Կառավարության կողմից կանխատեսված ցուցանիշը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով պետական բյուջեի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, ասել է` փաստաթուղթն ընդունվել է` ԿԲ խորհրդի կարգին համաձայն: Տնտեսական աճի ձեւավորման մեջ կարեւոր դեր են ունեցել ծառայությունների ու շինարարության ճյուղերում գնահատված արտադրողականության աճը, ընդլայնվող դրամավարկային քաղաքականությունը: Ներքին պահանջարկի աճն արտահայտվել է ընթացիկ հաշվի զարգացումներում: ԿԲ նախագահի խոսքով` 2018թ. հարկերի հավաքագրումն ընթացել է ՀՆԱ-ի սպասվածից բարձր մակարդակի ձեւավորման ուղեկցությամբ: Վերջինս հայտնել է, որ կառավարությունը շարունակում է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը` շեշտը դնելով արտահանելու ճյուղերին ուղղված ոլորտների վրա:
729 ԱՆՁ
ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար ստացել ենք համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից, որում տեղեկացվում է, որ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը իրենք տեղեկատվություն են ստացել միայն Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններից: «Ըստ նրա` ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 729 է»,-նշել է Մուկուչյանը:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ
ՌԴ պետդումայի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը մեկնաբանել է Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի դերի մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Պատգամավորի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք այդ երկրի հետ ջերմ եւ կառուցողական հարաբերություններ ունենք, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում: Հայ եւ ռուս ժողովուրդները եղբայրներ են: Մենք միասին պատասխանատվություն ենք կրում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման համար եւ պատրաստ ենք դիմակայելու ցանկացած սպառնալիքի, որտեղից էլ այն գա»,-ասել է Շվիտկինը:
ԴԵՍՊԱՆ Է ՓՈԽՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2 հրամանագիր է ստորագրել. Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից, Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: