ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտ են: Նախընտրական քարոզարշավը, որ մեկնարկելու է նոյեմբերի 26-ից, տեւելու է ընդամենը 12 օր, շատ ավելի կարճ, քան համապետական հերթական ընտրությունների պարագայում է: Քաղաքական ուժերը այդ կարճ ժամանակում պետք է ցանկություն ունենան օգտագործել բոլոր հնարավորությունները իրենց ծրագրերը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում բանավիճելու կարեւորության մասին: «Կարծում եմ` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ: Բանավեճ ուղիղ եթերում` ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- մասնավորապես ասել է նա: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին նման առաջարկություն ներկայացրեց ԲՀԿ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Բանավեճը կայացավ, սակայն ոչ ուղիղ եթերում, իսկ Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ չմասնակցեց դրան` պատճառաբանելով, որ ինքը կողմ է միայն ուղիղ եթերի ձեւաչափին:
Հետաքրքիր է նաեւ փաստը, որ ԱԺ ընտրություններում հեռուստաբանավեճերը պարտադիր դարձնելու դրույթ նախատեսված էր կառավարության ներկայացրած, բայց խորհրդարանի կողմից մերժված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում: ՈՒ այս ամենը պատահական չէ. Հայաստանում նախընտրական բանավեճերի ինստիտուտ ներդնելը շատ կարեւոր է, մինչեւ հիմա բանավեճեր, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել: Միայն 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ բանավիճեցին երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Դրանից հետո ընտրություններին մասնակից առանցքային դեմքերի միջեւ այդպես էլ որեւէ բանավեճ չի եղել:
Ինչպե՞ս են սրան վերաբերվում ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը:
ՀՀԿ փոխնախագահ, արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հենց ՀՀԿ նիստից հետո հայտարարեց. «Անպայման կմասնակցեմ բանավեճին: Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզման, որը անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ»:
Փաշինյանի հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերությունը կարծես թե սկսել է բանավեճի կազմակերպման գործընթացը: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերը չէ, որ կողմ են ուղիղ եթերում բանավիճել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ պարզելու համար, թե ով է կողմ Փաշինյանի առաջարկին:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյան
-«Մենք» դաշինքը բանավեճերից չի խուսափում: Ցանկացած բանավեճի առաջին դեմքերի մակարդակով կամ մեկ այլ ֆորմատով մենք մասնակցելու ենք, որովհետեւ բանավեճերը, եթերն ու, առհասարակ, լրատվամիջոցներն են, որոնք օգնելու են, որ հանրությունը լսի մեր ծրագրերը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան
-Մենք միշտ էլ պատրաստ ենք բանավեճերի: Բանավեճերը բոլոր մակարդակներում էլ մենք ողջունում ենք: Մենք միշտ լոբինգ ենք արել, որ բանավեճ լինի:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան

-«Դաշնակցությունը», անշուշտ, պատրաստ է առաջին դեմքի մակարդակով մասնակցել բանավեճի ուղիղ եթերում:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ մասնակցել բանավեճին, բայց անձամբ այս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցության վերաբերյալ հարցին խոստացան պատասխանել ավելի ուշ, ու չպատասխանեցին:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ԹԵ ՈՉ

«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու իրականացրած աշխատանքների եւ գալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանի հետ:

-Մի քանի ամիս է, ինչ ավագանու նոր կազմ է ձեւավորվել: Այնուամենայնիվ, ի՞նչ ձեռքբերումներ կնշեք:
-Ձեռքբերումն այն է, որ ավագանին դառնալու է ինստիտուցիոնալ հարթակ քննարկումների: Այսինքն` այստեղ արդեն ստեղծել են առողջ բանավեճերի հարթակ, եւ դա լավ է: Շարունակում ենք զբաղվել խնդիրներով: Ֆունդամենտալ փոփոխություններ եւ ձեռքբերումներ այս պահին չեն եղել, եւ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը. քաղաքապետարանը փոխում է իր աշխատակազմը, փոխվել է ավագանին, ինչ-որ չափով փոխվում են աշխատանքի բնույթն ու խաղի կանոնները, եւ մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այն հարցերը, որոնք կախված են եղել Երեւանի քաղաքապետարանից, այդ հարցերը ստանան արմատական լուծումներ: Պետք է լինեն բարեփոխումներ:
-«Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունը միասին չեն մասնակցելու ընտրություններին: «Լուսավոր Հայաստան»-ը 5 եւ 7 տոկոսների հետ կապված խնդիր ունի՞:
-Այդպիսի խնդիր չկա: Եղել են շատ տարբեր առաջարկներ: Գլխավոր խնդիրը, որ մենք իրար հետ չենք մասնակցում, այն է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որ բոլոր կուսակցությունները իրենց հնարավորությունները փորձեն առանձին: Ես ուզում եմ նշել, որ շատերի մոտ տպավորություն է, որ երբ քաղաքական ուժերը դաշինք են կազմում եւ հետո բաժանվում են, ուրեմն համագործակցությունը վերանում է, այդ ուժերի մեջ սրվում են հարաբերությունները: Նման բան չկա, պարզապես փոխվում է քաղաքական գործընթացներին մասնակցելու գործընթացը: Այս պահին համագործակցում ենք Երեւանի ավագանիում, եւ որեւէ փոփոխություն դրա հետ կապված տեղի չի ունեցել:
-Ձեր կուսակցությունը գնում է խորհրդարան ընդդիմություն լինելո՞ւ:
-Դա մենք դեռ չենք որոշել: Դա մենք չենք որոշում, այլ որոշում է քաղաքացին իր քվեով: Կարծում եմ` հեղափոխական իշխանությունը լինելու է մեծամասնություն. դա նորմալ է: Այս դեպքում մեզ վստահվելու է ոչ իշխանական լծակներ ունենալու հնարավորությունը, այսինքն` լինելու ենք փոքրամասնություն: Ընդդիմություն ու իշխանություն լինելը քաղաքագիտական կանոն է, եթե չունես մեծամասնություն, ուրեմն ընդդիմություն ես:
-Կա՞ն բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս ներկայիս իշխանությունների աշխատանքներում:
-«Լուսավոր Հայաստան»-ը ունի ներկայացվածություն կառավարությունում: Մեր փոխնախագահ Մանե Թանդիլյանը, ինչպես գիտեք, նախարար է, հետեւաբար ես կարծում եմ` այս իշխանությունը ունի բարեփոխումների քաղաքական կամք: Եթե կա քաղաքական կամք եւ ցանկություն, ապա կարող ես առաջ տանել երկիրը: Մենք պետք է հասկանանք, որ 20 տարի եղել ենք հուսահատության փոսում, եւ այդ փոսը 6 ամսում անհնար է լցնել:
-Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, միայն իրենք են քննադատում Փաշինյանի կառավարությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ընդդիմություն-իշխանություն գիծը տարրալուծված է հիմա: Սա հետհեղափոխական իրավիճակ է: Օրինակ, Երեւանի ավագանիում այդ գիծը կա, որովհետեւ ավագանին ձեւավորվել է ընտրություններում: Եթե դու ընդդիմություն ես, դա չի նշանակում, որ պետք է անիմաստ քննադատես իշխանություններին: Այս գիծը պետք է հանել քաղաքական ուժերի մտայնությունից: Եթե դու ընդդիմություն ես, պետք է պատրաստ լինես ե՛ւ քննադատելու, ե՛ւ համագործակցելու:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է
Գործազուրկների բանակը Շիրակի մարզում համալրել են նաեւ տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները: 270 հոգի Գյումրիում, 350-ն էլ ամբողջ մարզում ընդգրկված են «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպության մեջ։ Իրենց խնդիրների մասին նրանք հազվադեպ են բարձրաձայնում։ Ասում են, որ օգուտ չկա։ Նախկին կառավարության հետ վաղուց հույսեր չէին կապում, բայց հեղափոխությունից հետո Շիրակի մարզում տեսողական խնդիրներով անձինք որոշել են միավորվել ու այսուհետ իրենց վերաբերող խնդիրներն առավել բարձր ատյաններում ներկայացնել։ Դա էր պատճառը, որ հանդիպում էին պահանջել «Կույրերի միավորում» ՀԿ կենտրոնական վարչության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի հետ։
Արդեն 3 տասնյակ տարի Շիրակի մարզում տեսողական խնդիրներ ունեցողների համար չի լուծվում շենքային խնդիրը։ Երկհարկանի շինությունը, որ տրվել է միավորմանը, տարեց տարի քայքայվում է։ Միավորման անդամները մեզ հետ զրույցում պատմեցին, որ մասնակի փլուզումները շենքում սովորական երեւույթ են դարձել: «Շենքային պայմանների բարելավումը մեզ համար առաջնային խնդիր է։ Պատուհանները փոխվել են, բայց պետք է կոսմետիկ վերանորոգում իրականացվի, որ շենքը չքայքայվի։ Ջեռուցում էլ չկա։ Այստեղ մի քանի ժամ մնալը գրեթե անհնարին է»,- մեզ հետ զրույցում ասաց «Կույրերի միավորում» ՀԿ-ի ուսումնաարտադրական ձեռնարկության տնօրեն Լեւոն Ափոյանը։ Միավորման անդամներից մեկն էլ ավելացրեց. «Մենք զբաղվածության մասին ենք խոսում, երբ այս շենքն արդեն փուլ է գալիս։ Եթե չունենք տարածություն, ինչպե՞ս ենք այստեղ աշխատանքի խնդիր լուծելու»։
Իսկ զբաղվածության խնդիրը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար կրկին լուծված չէ։ «Կույրերի միավորում» ՀԿ անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկություն աշխատելու կա, նաեւ օրվա հացի խնդիրը լուծելու անհրաժեշտություն կա, սակայն ոչ մի կառույց չի համաձայնում աշխատանքի ընդունել քաղաքացիների, որոնք տեսողական խնդիրներ ունեն. «Բոլորս կարող ուժ ենք, պարզապես մի քիչ աջակցության եւ օգնության կարիք ունենք։ Մենք չենք տեսնում, աչքի լույսից ենք զրկված, բայց եթե մեզ մի փոքր ուշադրություն դարձվի, մենք այդ բացը չենք զգա»։
Շիրակի մարզում տեսողական խնդիրներով անձինք ունեն նաեւ տրանսպորտի, անօթեւանության խնդիրներ։ Այժմ միավորումը նոր նախագահ ունի։ Նախկինների օրոք գործ չի արվել, իսկ կենտրոնական վարչության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն ասում է` միավորումը ահռելի պարտքեր է կուտակել, ֆինանսական մուտքեր չկան, որ կարողանան որեւէ խնդիր լուծել: «Մեր կառավարության գլուխը հիմա խառն է, նույնիսկ մտավախություն կա, որ փոխհատուցումների խնդիրն էլ չլուծվի։ Նախարարությունում որեւէ հեռախոս չի պատասխանում, եղած դիմումներն էլ մնում են անպատասխան»,-ասաց Ռաֆիկ Խաչատրյանը։

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս