ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։ Նշենք, որ դատական նիստը երեկ ընդմիջվել էր և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ժամանակ էր խնդրել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել էր երեկ տեղի ունեցած նիստին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի գործը ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ դատարան: Եվ ահա իրավական համակարգը տեսնելով, որ գործը գնալով ավելի է բարդանում եւ դառնում է խիստ մտահոգիչ դատավորների եւ իրավապահների համար` որոշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ ներկայանա ՀՀ վերաքննիչ դատարան եւ անձամբ ներկայացնի միջնորդությունը՝ բոլոր հիմնավորումներով հանդերձ:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունը Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացրեց: Արդյունքում շուրջ 3 ամիս գործը գտնվեց ՀՀ Վճռաբեկ դատարանում, որից հետո որոշում կայացվեց այն կրկին ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանում այս որոշումը կայացնելուց դատավորները խորը շունչ են քաշել, ներքին խոսակցություններում խոստովանել են, որ հազիվ կարողացան մի լուծում գտնել եւ ազատվել այդ բարդագույն գործի քննությունից:
Այս համատեքստում իրավական համակարգում ներքին քննարկում է եղել, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը դարձել է բարդագույն խնդիր, ուստի իրավիճակից պետք է կարողանալ ճիշտ դուրս գալ: Այդ համատեքստում էլ որոշում է կայացվել, որ ՀՀ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման միջնորդությունը անձամբ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ասել է թե` Արթուր Դավթյանը երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում պարզապես ներկայություն չի ապահովվել, այլ անձամբ է ներկայացրել միջնորդությունը եւ դատարանին բացատրել ողջ հանգամանքները:
Նկատենք, որ նախկինում հազվադեպ են եղել դեպքեր, որ ՀՀ գլխավոր դատախազները որեւէ դատական գործերի քննության ներկա գտնվեն, այն էլ՝ խափանման միջոցի ընտրության հետ կապված: Մասնավորապես, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ներկա եղել է, օրինակ, պետական դավաճանության, լրտեսության գործերով դատական նիստերին, բայց Հայաստանի պատմության մեջ որեւէ դատախազ խափանման միջոցի քննության հարցով դատարանում ներկա չի եղել եւ դեռ ավելին` անձամբ կալանավորման միջնորդություն չի ներկայացրել:
Արթուր Դավթյանի այս քայլը պատահական չէ: Ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Ասել է թե` այս գործի հանդեպ պետք է իշխանությունները լրացուցիչ զգոնություն դրսեւորեն, որոշումներն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու կատարվածը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե արդյոք գործի բարդությո՞ւնն է ստիպել դատախազին, որ նա անձամբ գնա ՀՀ վերաքննիչ դատարան եւ, առհասարակ, ինչո՞ւ ՀՀ վճռաբեկ դատարանում նա անձամբ ներկա չգտնվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքին: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց.« Ուզում եմ հիշեցնել, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազը: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը մասնակի բավարարելուց եւ վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանում հենց ՀՀ գլխավոր դատախազն է ներկայացնում միջնորդությունը: Իսկ Վճռաբեկ դատարանի նիստին այն ժամանակ նա չէր կարող մասնակցել, քանի որ նիստը կայացավ ՀՀ գլխավոր դատախազի` աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ընթացքում»:
Ինչեւէ, երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց պաշտպանական կողմի՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Նկատենք, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանը թեեւ երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել արդարադատության ոլորտում, բայց դատական համակարգում համեմատաբար նորեկ է. նա Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ընդամենը դատավորի օգնական է եղել, իսկ դատավոր նշանակվել է 2013թ.՝ պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում: Այս համատեքստում նկատենք, որ նա որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված շինծու գործերի քննությանը, նրանց նկատմամբ անարդար դատավճիռներ արձակելուն: Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը: Նա եղել էր նախկին քաղբանտարկյալ ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի գործով դատավորը` նրան անարդարացիորեն դատապարտելով ազատազրկման, եւ հատկանշական է, որ վերջերս հենց Բարեղամյանի գործը վերանայվեց, ու պարզվեցին նախաքննական ու դատական սխալները. սրա հետ կապված նաեւ քրեական գործ կա հարուցված:
Քնար Մանուկյան