Ինչու են լարվել ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու նախարարության նախաձեռնությունն է:

Ինչպես հայտնի է, պետական կառույցներից շատերն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, որոնցում եղած գումարներից էլ ուղղում են ըստ նպատակահարմարության:

«Արտաբյուջետային հաշիվների միջոցներ» անվան ներքո հավաքագրվող գումարներն ամբողջությամբ տնօրինում է ՀՀ կառավարությունը առանց խորհրդարանի հետ հաշվի նստելու: Դրանք այն միջոցներն են, որոնք կուտակվում են գերատեսչությունների հատուկ հաշվեհամարներին: Իսկ դրանք հիմնականում գոյանում են գերատեսչությունների կողմից մատուցված վճարովի ծառայությունների դիմաց կատարված մուծումներից, նրանց կողմից կիրառված տույժ եւ տուգանքներից, ինչպես նաեւ արտերկրից ստացված դրամաշնորհներից:

Պետական մի շարք կառույցներ, այդ թվում` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ունեն իրենց արտաբյուջետային միջոցները: Ու տարիներ շարունակ այդ եղել է տարբեր կոռուպցիոն դրսեւորումների «հիանալի» տեղ, որտեղից միլիոնների հասնող փողեր են ծախսվել տարբեր նպատակների համար: Եւ հիմա ֆինանսների նախարարությունը մտադիր է սահմանափակել արտաբյուջետային միջոցների հատկացումը:
Ըստ որոշ տեղեկությունների` ՊԵԿ-ի դեպքում այն ոչ թե ամբողջությամբ կվերացվի, այլ մաս-մաս, գրեթե զրոյականին հասցնելու չափ: Պատճառն այն է, որ ֆինանսների նախարարությունում չեն բացառում` արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային: Այդ մասին արձանագրումներ կան նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում: Ընդ որում, Հաշվեքննիչ պալատն առանձին անդրադարձել էր հենց ՊԵԿ արտաբյուջետային միջոցներին:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ի այս մտադրությունը խիստ անհանգստացրել է ՊԵԿ ղեկավար օղակներին: Արդյունքում, այս թեմայի շուրջ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միջեւ հակամարտություն է սկսվել:

Նկատենք, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցները վերացնելը կարող է եւ բացասական հետեւանքներ ունենալ: ՊԵԿ-ն իր արտաբյուջետային միջոցներից մի քանի հարյուր միլիոն դրամ յուրաքանչյուր տարի ծախսում է հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին պարգեւատրումներ, հավելավճարներ վճարելու համար: Եւ այդ լրացուցիչ ֆինանսավորման արդյունքում հնարավոր է լինում ՊԵԿ աշխատակիցներին ապահովել բարձր եկամուտով: Այս դեպքում եթե կրճատվում են արտաբյուջետային միջոցները, ապա ՊԵԿ աշխատակիցները կանգնում են լուրջ խնդիրների առաջ: Այս խոսակցությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել պետական հատվածի աշխատողների մոտ:

Ըստ փորձագետների` ՊԵԿ աշխատողներին պետք է բարձր աշխատավարձ վճարել, որպեսզի կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն, նաեւ չլքեն համակարգը, ավելի բարձր աշխատավարձով չգնան աշխատելու մասնավոր ընկերություններում: Այնպես որ, արտաբյուջետային միջոցների կտրուկ կրճատման արդյունքում չի բացառվում` ՊԵԿ-ից կադրերի արտահոսք լինի: Ինչպես հայտնի է, նրանք լավ տեղյակ են օրենսդրական նրբություններին, լավ գիտեն հարկային օրենքների ծակուծուկերը:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունը մտադիր է նաեւ առաջիկայում պետական կառավարման համակարգում աշխատավարձերը համահարթեցնել: Այսինքն` այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ստանալ նույն դրույքաչափի գումար: Բոլոր գերատեսչությունների վարչության պետերը պետք է ստանան իրենց աստիճանին համապատասխան աշխատավարձ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ֆինանսների նախարարության հետ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»: Բացի այս, պարզվում է` պետական համակարգի աշխատավարձերի համահարթեցման գործընթացը եւս աշխատանքային քննարկումների ընթացքում է: Թե ինչ որոշում կկայացվի, պարզ կդառնա հետագայում:

Իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից այս թեմայի շուրջ հարկ չհամարեցին պարզաբանում տալ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս