ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԽԵՂՃԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: «Հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ անմիջապես հերքում է տարածել` տեղեկացնելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների եւ ոչ համադրելի մեծությունների հիման վրա: «Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որեւէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Թե ով է ճիշտ այս բանավեճում, ժամանակը ցույց կտա: ՊԵԿ-ը դեռ պետք է կարողանա ապացուցել հնչեցրած մեղադրանքները: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ է ՊԵԿ-ը ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ նման քայլ անում այս պահին: Ինչպես հայտնի է, կրկին օրակարգում է հայտնվել ՀՀ-ին տրամադրվելիք գազի սակագնի նվազեցման հարցը: Ենթադրվում է՝ գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: Ու այդ հանդիպումից առաջ նման քայլը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ առիթ հանդիսանալով ՌԴ իշխանությունների համար, որ հրաժարվեն գազի սակագինն իջեցնելուց: Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու եւ խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս հարցերում ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի:

 

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում էր ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Նա իր պաշտոնը լքեց թավշյա հեղափոխությունից հետո միայն, սակայն այդպես էլ չի կանգնել արդարադատության առաջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանից դեռ մինչեւ հրաժարականը «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել է՝ ինչո՞ւ մինչեւ հիմա չի պատժվել նրա նախորդը: Թանդիլյանը հայտարարել է, թե բյուջեից որեւէ դրամի յուրացում կատարած անձինք արժանի են խստագույն պատժի, որ դա հավասարազոր է դավաճանության: «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով»:

 

 

ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի: Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են: «Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չի իմանում: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետեւ Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի: …Մինչեւ այսօր մեզ չեն պատասխանում`կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա:

 

 

 

Հայաստանում շախմատը հասարակության լայն շերտերի կողմից ընդգծված դրական վերաբերմունքի է արժանացել: Սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է: Խոսքն ակներեւույթ օրինախախտումների մասին է, որոնց արդյունքում շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը դուրս է մնացել ազգային հավաքականի կազմից: Ընդ որում, այդ որոշումները կայացվել են, երբ Գալոյանը եղել է հղի, ասել է թե` նրա իրավունքները խախտվել են մի իրավիճակում, երբ կինն առավել քան պաշտպանված է օրենսդրությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գալոյանը պատմել է, որ դիմել է դատարան վիճարկելու համար ֆեդերացիայի հակաօրինական որոշումները: «Սա առաջին դեպքը չէ, որ կատարվում է իմ հանդեպ, ուղղակի հիմա` տարիներ անց, չեմ պատրաստվում համակերպվել, նման դեպքեր եղել են տարբեր տարիներին տարբեր շախմատիստների հետ, անգամ 2002թ. Լեւոն Արոնյանին թիմ չէին վերցրել` մեջբերելով անհասկանալի պատճառաբանություն: Ուզում եմ` վերջ դրվի այս ամենին, եւ ֆեդերացիան գործի օրենքի սահմաններում»,- ասել է նա:

 

 

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԲԱՔՈՒ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա է դարձել նաեւ Ադրբեջանում: Իլհամ Ալիեւը Մինսկ այցից առաջ հանդիպել է իր երկրում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին: Դեսպանը նրան մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ վերջին նիստում տեղի ունեցած քննարկումներից: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից մարտի 1-ի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո Բելառուսն է ցանկանում ժամանակից շուտ զբաղեցնել այդ տեղը, մինչդեռ Հայաստանն ընդդիմանում է, քանի որ մինչեւ 2020 թվականը մեր երկրին է տրված պաշտոնը զբաղեցնելու իրավունքը:
Ու հիմա Բելառուսի դեսպանի կողմից Ադրբեջանին ՀԱՊԿ նիստից մանրամասներ հայտնելը, մեղմ ասած, տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ: Բայց մյուս կողմից այդ ամենը կարելի է տրամաբանական համարել, քանի որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում, այսինքն՝ այդ երկու երկրները ռազմաքաղաքական համագործակցության մեջ են, ու պաշտոնական Մինսկը շատ բան կարող էր Բաքվին պատմել թաքուն, առանց այդ ամենի մասին բարձրաձայնելու:
Հիմա Ադրբեջանի իշխանություններն էլ իրենց հերթին են փորձում Բելառուսին քաջալերել, որպեսզի անզիջում լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարել է, թե Բաքվի համար միեւնույնը չէ՝ որ երկրի ներկայացուցիչն է զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` չթաքցնելով, որ Ադրբեջանը անցած տարի զգուշավորությամբ է ընդունել Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Ավելին, Ալիեւը փորձել է է՛լ ավելի սրել Մինսկի եւ Երեւանի ակնհայտորեն լարված հարաբերությունները` յուրովի մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունները. «ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունները լիովին անընդունելի են, արտգործնախարարությունը չի կարող մեկնաբանել այլ, հատկապես դաշնակից համարվող երկրի նախագահի խոսքերը կամ դրանք ոչ կոռեկտ բնորոշել», – ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւի հայտարարություններն, իհարկե, սպասելի էին. նրանք փորձելու են հնարավոր բոլոր մեթոդներն օգտագործել օտարերկրյա պետություններին Հայաստանի դեմ տրամադրելու հարցում: Ու հիմա բավական ծանր առաքելություն ունի Հայաստանի ԱԳՆ-ն. այս գերատեսչության ստորաբաժանումները, հատկապես` Բելառուսում ՀՀ դեսպանությունը, պետք է ակտիվ աշխատանք տանեն այդ ուղղությամբ իրականությունը ներկայացնելու եւ Հայաստանի շահն առաջ տանելու համար:




Լրահոս