ԱՅՆՏԵՂ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Իհարկե, միանգամայն պարզ է, որ այս կուսակցությունը շատ վաղուց է կորցրել իր համակիրների բանակը, եւ մասնակցելու դեպքում հազիվ տոկոսի շեմը հաղթահարեր: Ի վերջո, կոմունիստական գաղափարախոսությունն անկախ Հայաստանում վաղուց պահանջարկ չունի. միայն անկախության առաջին տարիներին հին իներցիայով էին Կոմկուսին ընտրում, այն էլ ՀՀՇ իշխանությանը հակադրվելու համար: Բայց հետո այս առումով իրավիճակ փոխվեց, ու 2003թ. ԱԺ ընտրություններից հետո այլեւս Կոմկուսը չկար խորհրդարանում: Այժմ կոմունիստները չեն մասնակցում՝ պատճառաբանելով, որ ռեյտինգային ընտրակարգը, բարձր ընտրագրավն անհավասար պայմաններ է ստեղծել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար Երջանիկ Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, Ձեր հայտարարության մեջ ասել եք, որ բոյկոտելու եք ԱԺ ընտրությունները: Այսինքն` ի՞նչ եք անելու:
-Մեկնարկային հնարավորությունները բոլորի համար չէ, որ նույնն է: Ուժ կա, որ 3 ամիս քարոզարշավ է վարել, իսկ մյուսներին 12 օր է տրված ընդամենը: Ընտրական օրենսգիրքը նույնն է մնացել: Մենք մեր առաջարկություններն ենք ներկայացրել կառավարությանը կից ընտրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ շատ բաներ կային: Մեր առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Մենք դեռ ապրիլի 23-ին էինք արել հայտարարություն, որ այս վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են, բայց սա շատ հապճեպ է: Պետք է ընտրագրավը լրիվ հանվեր: Հին օրենսգիրքը մնաց, որը շատ խնդիրներ է ստեղծում: Սա սեւերի եւ սպիտակների կռիվն է, իսկ մենք կարմիր ենք եւ այդ պատերազմին մենք չենք մասնակցում:
-Ինչպե՞ս եք բոյկոտելու:
-Մեր կուսակցության անդամներն ու կողմնակիցները չեն գնալու ընտրության:
-Իսկ Ձեր կողմնակիցները նեղացած չե՞ն Ձեզնից, որ չեք մասնակցելու:
-Գուցե մի փոքր նեղացած են, բայց ոչինչ: Մյուս անգամ այնպես կանենք, որ կանցնի դա: Մայիսից սկսած` նույնիսկ բոլոր հաղորդումներում առաջ է մղվել արեւմտամետ ուժը, այդ գաղափարները, ինչպես նաեւ չմոռանանք Սորոսի ՀԿ-ները: Մենք մեր կողմնակիցներին կբացատրենք, որ գործ չունենք այդ ամեն ինչի հետ: Նայեք, որ մասնակցող բոլոր ուժերը արեւմտամետ են: Նրանք բոլորը արեւմտամետ են` ե՛ւ «Մենք»-ը, ե՛ւ «Սասնա Ծռեր»-ը, ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ «Իմ քայլը», ե՛ւ ընդհանրապես բոլորը: Չկա մի ուժ, որ պաշտպանի Ռուսաստանի շահերը եւ այդ շահերը պաշտպանելով` պաշտպանի նաեւ Հայաստանի շահերը:
-Իսկ ինչո՞ւ չեք ուզում հակազդել նրանց:
-Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ նոր սկսվում: Ես չեմ ուզում հիշեցնել Բոլտոնի, Միլսի եւ մյուսների հայտարարությունները: Գնալով հակառուսական տրամադրությունները ավելի են մեծանալու: Մենք դաշտում կանք, եւ պարտադիր չէ, որ լինենք ԱԺ-ում: Իհարկե, ցանկալի է, բայց սրանք ողջամիտ ժամկետներ չէին ընտրությունների կազմակերպման համար: Մենք կպայքարենք որպես արտախորհրդարանական ուժ:
-Ինչպե՞ս եք պայքարելու:
-Իրավիճակը կթելադրի:
-Այսինքն` եթե ռեյտինգայինը չլիներ, շանսեր կունենայի՞ք անցնելու խորհրդարան:
-Ռեյտինգայինը թաքնված մեծամասնականն է: Գաղափարական բաները չեն անցնելու, պայքար չի լինելու: Մարդիկ ծանոթով, բարեկամով գալու են, անցնեն: Լինելու է այն, ինչ եղել է նախորդ ընտրություններում: Հեղափոխությունը ոչինչ չի փոխել ընտրությունների անցկացման մեջ: Հեղափոխական առաջնորդները այն ժամանակ ասում էին, որ պետք է լինի նոր ընտրական օրենսգիրք եւ այլն: Ոչինչ էլ չի լինում: Գուցե հենց նոր իշխանությանն էր ձեռք տալիս, որ մնա հինը:
-Ի՞նչ է կորցնում Ազգային ժողովը Ձեր` այնտեղ չլինելու պարագայում:
-Պետք է լիներ իրական ընդդիմություն, ոչ թե գրպանային: Կոմկուսը կլիներ ԱԺ-ի համն ու հոտը: Նախկինում ընտրությունների կեղծ լինելու պատճառով չենք եղել խորհրդարանում, հիմա էլ անհավասար պայմաններ են ստեղծված, որը մեզ թույլ չէր տալու նորմալ քարոզարշավ իրականացնել: Նրանք, ովքեր ԱԺ-ում ներկայացված են, ամիսներ շարունակ քարոզում են:
-Ասում եք` Կոմկուսը կլիներ Աժ-ի համն ու հոտը: Այսինքն` հիմա ունենալու ենք անհա՞մ ԱԺ:
-Այնտեղ չի լինելու իսկական ընդդիմություն: Չի լինելու այնպիսի ընդդիմություն, ինչպիսին կլիներ Կոմկուսը: Եւ, ընդհանրապես, մինչեւ հիմա միայն օգտագործվել է ժողովրդի անունը, ինչ արվել է, արվել է ժողովրդի անունից, ոչ թե ժողովրդի համար, իսկ մենք ամեն ինչ անում ենք հանուն ժողովրդի. միշտ էլ ցույց ենք տվել, որ ժողովրդի կողքին ենք:

 

 

 

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ԲՈԼՈՐԻ ԳՈՐԾԵՐՆ ԷԼ ԲԱՑՎԵԼՈՒ ԵՆ

2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալներից այն ժամանակ ՀՀՇ, այժմ ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի դեմ ժամանակին հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք` Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ իբր բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված դատական ակտի վերանայման հիմքեր, դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանքներ:

Նշենք, որ վերը նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն: Անհայտ մնացած հանգամանքներից մեկն այն է, որ «տուժողը» քրեական գործով ցուցմունք է տվել առ այն, որ իրականում չի իմացել եւ չգիտի` իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե այլ անձ: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաեւ դատավարական այլ գործողությունների ընթացքում իրականում համոզված չի եղել, որ հենց Արամ Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի հետ:
-Պարո՛ն Բարեղամյան, գործի այսպիսի ընթացքը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Իհարկե սպասելի էր: Վաղ, թե ուշ գալու էր այդ օրը: Ինձ մի քանի անգամ կանչել էին հատուկ քննչական ծառայությունից, բայց դատախազության վարույթ ընտրելու հետ կապված լրատվամիջոցներից եմ իմացել: Ամեն դեպքում, ՀՔԾ-ն ինձ կանչել է հարցաքննության, այդ մասին հետագայում կխոսեմ: Շատ սպասելի էր: Ինչպե՞ս կարող էր մի ոստիկանի ցուցմունքով այդպիսի բան լինել: Ոչ միայն իմ հետ կապված գործը, այլ բոլորինն էլ բացվելու է:
-Ի՞նչ ակնկալիքներ կան առհասարակ մարտի 1-ի գործի բացահայտումից:
-Մարտի 1-ը խարան է մեր պետության համար: Մարտի 1-ը մինչեւ վերջին կետը բացահայտվելու է: Ժողովրդի վստահությունը վերականգնելու համար այս ոճրագործությունը պետք է բացվի, դրանից հետո նոր կարող ենք առաջ շարժվել: Թավշյա հեղափոխությունից հետո այս գործը քայլերով առաջ է գնում: Դա պարզ երեւում է: Ու մենք դեռ ամեն ինչից չէ, որ տեղյակ ենք:
-Ըստ Ձեզ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ի՞նչ ընթացք կստանա:
-Չեմ կարող ասել` ինչ կլինի: Բայց համոզված եմ` ինքը դատապարտվելու է իր արած բոլոր քայլերի համար: Այն դատավորը, որ ինձ դատապարտել է վեց տարվա ազատազրկման, այն դատավորն է, որ փոխել է Քոչարյանի խափանման միջոցը:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Սեւ-մութ ամպեր են կուտակվել Աբովյան քաղաքում գործող Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Աշոտ Ջիվանյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները չարաշահումներ են հայտնաբերել թանգարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, թանգարանի կարիքների համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների ձեռքբերման համար կոնկրետ գումարներ են դուրս գրվել, սակայն մատակարարումները կատարվել են մասնակի: Թե ինչ մասնակի մատակարարումների մասին է խոսքը, դեռեւս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը տեւական ժամանակ է, ինչ թանգարանում ստուգումներ է իրականացրել , որի արդյունքում նման դրսեւորումներ են բացահայտվել, իսկ մնացածը կպարզի քննությունը:

 

 

ԸՆԴԴԵՄ ԳՈՐԻՍԻ ՌԵԿՏՈՐԻ
Գորիսի պետական համալսարանում ներքին խմորումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանը դատի է տվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին` պահանջելով պարտադրել ռեկտոր Արտուշ Ղուկասյանին օրենքով սահմանված կարգով չմիջամտել, չխոչընդոտել ԳՊՀ արհմիության գործունեությանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ռեկտորը իր կանոններն է ցանկանում թելադրել բուհի աշխատակիցներին, սակայն վերջիններս չեն ենթարկվում: Ավելին, եղել են դասախոսներ, որոնք, իրավիճակից ելնելով, ազատման դիմումներ են գրել, եւ հիմա բանը հասել է «դիվանբաշուն». Հովսեփյանը խնդիրները լուծելու համար դիմել է դատարանի միջամտությանը:

 

 

ԱՌԱՆՑ ՈՒՂԵՎՈՐԻ
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը շեշտակիորեն նվազել է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից հայտնի դարձավ, որ այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները նվազել են 7.7 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 10.2 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 9 տոկոսով: Ըստ մասնագետների` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Անգամ պաշտոնական տվյալներն են հուշում, որ Հայաստանից արտագաղթ կա, պարզապես, ի տարբերություն ՀՀԿ իշխանության տարիների, երբ տարեկան հեռանում էր 40-50 հազար մարդ, թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի ծավալները սկսել են նվազել: Այնպես որ մարդկանց թվի նվազումն էլ իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս