ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նախկին իշխանությունների հետ կապված կոռուպցիոն տարբեր բացահայտումներ իրականացրեց մի շարք ոլորտներում: Արդյունքում նախկին պաշտոնատար անձինք հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեության աղմկահարույց բացահայտումների հետ կապված անմիջական պատասխանատուներից դեռեւս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իրավապահ համակարգը հապաղում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պատասխանատվության կանչելու հարցում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի էր Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
Այս տարվա մարտ ամսին «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի գործունեության շուրջ հարուցվել էր քրեական գործ, եւ հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որ նրանք «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, որոնք աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից:
Ընդ որում, առաջին անգամը չէ, որ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթը 2017թ. հունվարին էլ տեղեկացրել էր, որ այդ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել: Ու հիմա, փաստորեն, այսքանից հետո նույն ՊՈԱԿ-ում չարաշահումները շարունակվել են:
Այսպես կարելի է շարունակել նախարարության շուրջ իրավապահների կողմից իրականացված բացահայտումների շարքը: Այս ամենի համար առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանի հետ զրուցեց այն մասին, թե արդյոք նա չի պատրաստվում պատասխանատվության կանչել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:
-Տիկի՛ն Թանդիլյան, 2013 թվականի գարնանը արտագաղթի կամ, այլ կերպ ասած, անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար Եվրամիությունը մեկ միլիոն եվրոյի վարկ տրամադրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Սակայն այդպես էլ հանրությանը անհասկանալի մնաց, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերը ոչ թե նվազեցին, այլ շեշտակի ավելացան: Դուք ուսումնասիրե՞լ եք հասկանալու համար, թե ինչ եղավ 1 միլիոն եվրոյի ճակատագիրը, ինչպե՞ս է այն նախարարը օգտագործել:
-Ճիշտն ասած` հատուկ մեկ միլիոն Եվրոյի հետքերով չէ, որ ես գնացել եմ, այլ ես գնացել եմ նախարարություն, որպեսզի համակարգային լուծում տամ խնդիրների, որոնք որ առկա են ամենօրյա ռեժիմով: Արտագաղթը կասեցնելու գործառույթն ինձ համար մի տեսակ օտար է հնչում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա շատ բազմաշերտ, համապարփակ խնդիր է, եւ այստեղ մեկ նախարարության գործառույթը չէ, եւ բազմաթիվ գործոններ կան, որի պատճառով տեղի է ունենում արտահոսք մեր երկրից, այդ թվում` մարդկային կապիտալի: Այդ առումով կարծում եմ, որ աշխատանքը պետք է տանեն բոլոր գերատեսչությունները եւ ունենան միասնական հայեցակարգ, թե ինչպես կանխեն արտագաղթը: Ինչ վերաբերում է հատուկ այդ գումարին եւ դրա հետքերին, ես անձամբ դրանով չեմ զբաղվել:
-Ինչո՞ւ, Ձեզ չի՞ հետաքրքրում, չի՞ մտահոգում` մեկ միլիոն եվրոն ինչ են արել:
-Որովհետեւ այս նախարարությունում խնդիրները համակարգային են, եւ ես պատրաստվում եմ տալ այնպիսի լուծումներ, որոնք կկանխեն նմանատիպ չարաշահումները, սա է եղել իմ որդեգրած ճանապարհը: Ինչ տեսակ տեղեկատվություն, որ ստացել եմ, բոլոր տեղեկատվությունները առանց անգամ խորամուխ լինելու իմ ստորագրությամբ գնացել են համապատասխան իրավապահ մարմիններին, եւ կարծում եմ, որ դա է ճիշտ աշխատանքը: Շուտով հրապարակում կլինի նաեւ որոշ բացահայտումների մասին, որոնք ես ինքս ականատես եմ եղել եւ անհետեւանք չեմ թողել, դրա մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Բայց առանձին գործառույթների հետքերով գնալ, նշանակում է ամբողջ օրը զբաղվել նման գործառույթով, բայց նախարարության աշխատանքը իսկապես շատ բազմաշերտ է եւ բովանդակային:
-Ամեն դեպքում, չե՞ք պատրաստվում ուսումնասիրել. այս դեպքը արտառոց է, խոսքը 1 միլիոն եվրոյի մասին է:
-Յուրաքանչյուր դրամ ուսումնասիրության առիթ է ինձ համար: Չտեսնված հատկացումներ կան, որոնք հասցեական չեն եւ ճիշտ չեն ծախսվել, հետեւաբար դրա պատճառները տարբեր են, արդյոք չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ, արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ ինչ: Այո, չկա իրավիճակ, որտեղ տեղեկություն ստանանք չարաշահման մասին, եւ դա իրավապահների ուշադրությանը չարժանանա:
-2017-2018 թվականներին աղմկահարույց բացահայտումներ եղան նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում: Դուք` որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, չե՞ք պատրաստվում պատասխանատվության կանչել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:
-Իմ խորին համոզմամբ` պետական յուրաքանչյուր պաշտոնյա, ով որեւէ դրամ յուրացում է կատարել պետական բյուջեից, արժանի է խստագույն պատժի, խստագույն, եւ բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով: Ես ուզում եմ, որ այս հաղորդագրությունը գնա բոլոր ներկայիս եւ անցյալի պետական պաշտոնյաներին, որոնք պետական ծառայության ժամանակ չարաշահումներ են արել եւ մի դրամ անգամ յուրացում: Գտնում եմ` անթույլատրելի է եւ պետական դավաճանության հավասարազոր արարք է, հետեւաբար ինձ համար չկան անձինք, չկան անհատներ, այլ կա համակարգային խնդիր, որը լուծում է պահանջում եւ շատ առարկայական: Պետք է ասեմ, որ ինձ համար պետական պաշտոնյային համապատասխան եւ խստագույն պատժի ենթարկելը նպատակ ունի կանխարգելել նման դրսեւորումները համակարգում: Որեւէ մեկը թող չանձնավորի, ինձ համար արժեքը այստեղ հետագայի պաշտոնավարումն է, եւ մարդկանց, որոնք գալու են եւ ստանձնեն պաշտոններ, իմանան, որ ոչինչ չի ներվելու, եւ չկա որեւէ մեկը, որի առջեւ դատական մարմինները, քննչական մարմինները պետք է քայլ կատարեն:
Հ.Գ. Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում իր լիազորությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԱՐՇԱՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ԴԵՄ
Շենգավիթ վարչական շրջանում տեղադրված «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատները հայտնվել են հանցագործների ուշադրության կենտրոնում: Սակայն ուշագրավն այն է, որ իրավապահները բանդայի մյուս մասնակիցներին չեն կարողացել պարզել, եւ ներկայումս երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Յարոսլավ Ռոժկովին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ. հունվարի 29-ին Արթուր Խուդինյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ համաձայնության է եկել Շենգավիթ վարչական շրջանի փողոցներում տեղադրված բանկոմատների մեջ գտնվող գումարները հափշտակելու գործ սկսել: Արդյունքում վերջիններս, վերոնշյալ օրը զոդիչ գործիքի ներգործությամբ ստեղնաշարային համակարգը դիտավորությամբ վնասելով, փորձել են հափշտակել «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատներից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 19.2 մլն ՀՀ դրամ գումար: Սակայն նրանց չի հաջողվել նպատակին հասնել լիովին եւ հափշտակել են ընդամենը 1.44 մլն ՀՀ դրամ գումար, քանի որ գործընթացին ականատես են եղել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, որոնք կանխել են նրանց հանցագործությունը: Նախաքննական մարմինը «բանդա» ստեղծած անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ այդպես էլ հայտնի չէ՝ իրավապահները կարողացե՞լ են հայտնաբերել բանկոմատից հափշտակված 1 միլիոն 440 հազար դրամը, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեղադրյալ Յ. Ռոժկովի պաշտպան Կարինե Խաչատրյանից պարզել, թե արդյոք գողոնը կա, սակայն վերջինս ասաց, որ իր պաշտպանյալից չունի թույլտվություն, որպեսզի կարողանա գործի էության մասին մանրամասներ հայտնել:
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ բանկերի վրա հարձակում գործած անձանց հայտնաբերում են, բայց հափշտակված միլիոնները այդպես էլ չեն գտնվում: Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 17-ին Կոնվերս բանկի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլարի հափշտակություն իրականացվեց, հափշտակողները գտնվեցին, բայց գողոնը չկա ու չկա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ պետք է կազմակերպման առումով գնանք լուրջ փոփոխությունների: Նրա խոսքով՝ «միլիարդավոր դրամներ են տվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է. «Մենք տեսնում ենք, թե ինչ անորակ պարբերականների ու կենտրոնների են գնում այդ գումարները: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հիմնադրամ հայագիտության համար, որ զբաղվածություն ունենա»: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ Հայ եկեղեցու պատմության դասաժամերի վերանայման մասին բարձրաձայնումներին: Ըստ նրա՝ անընդհատ շեշտելով Հայ եկեղեցու պատմության թեման, ԼԳԲՏ-ի թեման եւ այլն՝ փորձում են դիսկուրս փոխել. «Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն, նաեւ մաթեմատիկան, նաեւ ռուսերենի դասավանդումը»:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է
Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է, այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարեւոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձեւակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»,- ասել է Վ. Բալասանյանը: Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, եւ առաջարկն ընդունվել է: Ըստ Վ. Բալասանյանի` տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ, եւ կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է:




Լրահոս