Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշընսին: Նման քայլն ինչպես ամերիկյան, այնպես էլ ցանկացած այլ հասարակություններում պետք է խիստ փաստարկված ու հիմնավոր լիներ, այլապես կարող էր նոր դժգոհություններ հարուցել քաղաքական կյանքում: Ուստի զարմանալի չէ, որ Թրամփի գործողությունները հանդիպեցին նրա ընդդիմախոսների խստագույն քննադատությանը` հատկապես պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշընսը Դոնալդ Թրամփի առաջին աջակիցներից մեկն է եղել, երբ Թրամփն առաջադրվում է նախագահի թեկնածու: Հաշվի առնելով, թե ինչպիսի հակասականություն կար այդ թեկնածության շուրջ` կարելի է պնդել, որ Սեշընսը քաղաքական լավ հոտառություն ցուցաբերեց նրան աջակցելու համար: Ավելին` լինելով ԱՄՆ սենատոր` Սեշընսը ռիսկի ենթարկեց նաեւ իր քաղաքական կապիտալը, քանի որ պարզ է, թե ինչպիսի պախարակման կենթարկվեր նա, եթե Թրամփը ձախողեր: Սակայն հաղթողներին չեն դատում, եւ ահա, երբ Թրամփը ընտրվեց նախագահ, անմիջապես առաջարկեց Սեշընսին ստանձնել ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը: Նշանակումը կարելի է համարել թե՛ երախտագիտության նշան, թե՛ նախագահի քաղաքականությունն արդարադատության ոլորտում լավագույնս գործնականացնելու քայլ: Սեշընսը, ինչպես Թրամփը, խիստ բացասական էր տրամադրված ապօրինի ներգաղթի հանդեպ, հետեւաբար նրա գործունեությունն առաջին հերթին հենց այդ ոլորտի համակարգմանն էր միտված: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ում գլխավոր դատախազը շատ ավելի լայն լիազորություներ ունի, որոնցից հատկապես նախագահի արդարադատության ուղղությամբ քաղաքականության սպասարկումն է, ինչպես նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Եվ հենց այդ վերջին հարցում էլ Թրամփի ու Սեշընսի միջեւ ծագեց ջրբաժանը` հանգելով վերջինիս պաշտոնանկությանը:
Սեշընսին նշանակելով ԱՄՆ գլխավոր դատախազ` Թրամփը միաժամանակ փորձում էր զսպել ՀԴԲ-ում ընթացող հետաքննությունն իր նախընտրական քարոզարշավի ու ռուսական կառավարող շրջանակների միջեւ հնարավոր կապի վերաբերյալ: Սակայն ստանձնելով այդ պաշտոնը` Սեշընսը անմիջապես հրաժարվեց ՀԴԲ-ի նկատմամբ վերահսկողությունից նշյալ հետաքննության հարցում եւ այդ մասով լիազորությունները փոխանցեց իր տեղակալին: Սեշընսն ինչպես պաշտոնական գործունեության, այնպես էլ անձնական տեսնակյունից լիովին ճիշտ էր վարվել` լիազորություններից հրաժարվելով: Խնդիրն այն է, որ նա Թրամփի նախընտրական քարոզչական շտաբի ամենաերեւացող անհատներից էր եւ ակնհայտորեն չէր կարող անկողմնակալ լինել հետաքննության հարցում: Ավելին` նա մի քանի անգամ հանդիպումներ ու քննարկումներ էր ունեցել ռուսական շրջանակների, մասնավորապես` ՌԴ դեսպան Կիսլյակի հետ, ուստի ի պաշտոնե չէր կարող վերահսկել այն հետաքննությունը, որտեղ իր անունը նույնպես կարող էր շոշափվել: Արդյունքում` դատախազը որոշել էր չխառնվել գործի քննությանը` ապահովելով ինչպես դրա անխափան ընթացքը, այնպես էլ կանխելով հետագա շահարկումները, թե իբր ինքը կարող էր ուղղորդած լինել այն: Ի դեպ, երբ Թրամփը պաշտոնանկ արեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, դա շատերին էր առիթ տվել ենթադրելու, որ Սեշընսն իր ամբողջական ենթակայության տակ կվերցնի գործը ու կարճ ժամանակում կկարճի: Սակայն Սեշընսը կրկին հեռավորություն պահպանեց, իսկ ՀԴԲ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող նրա տեղակալը հետաքննության համար հատուկ դատախազ նշանակեց: Ըստ տարբեր շշուկների` այդ իրավիճակը խիստ զայրացրել էր Թրամփին: Ավելին` նա թվիթերյան գրառումներում ու հարցազրույցներում նույնիսկ չէր էլ թաքցնում, որ խոր հիասթափություն է ապրել Սեշընսի նման վարքից: Նախագահը քանիցս պնդում էր, որ եթե կանխավ իմացած լիներ Սեշընսի` լիազորություններից մասնակի հրաժարման մասին, նրան չէր նշանակի այդ պաշտոնում:
Թրամփի ու Սեշընսի հարաբերություններն, այդպիսով, աստիճանաբար լարվեցին: Եվ անգամ հարցը հասավ այնտեղ, որ նախագահը հրապարակավ դժգոհում էր գլխավոր դատախազի անգործությունից, իսկ վերջինս էլ հայտարարում, որ եթե իր ծառայությունները պետք չեն, ինքը կարող է հեռանալ: Նախորդ շաբաթ եկավ այդ պահը: Կոնգրեսի մասնակի ընտրությունների հաջորդ օրը Սեշընսը հրաժարական ներկայացրեց` տեղեկացնելով, որ այդ քայլին է գնացել նախագահի պահանջով: Վերջինս էլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ոչ թե տեղակալին, այլ աշխատակազմի ղեկավարին, որը հայտնի է ՀԴԲ-ի հետաքննության նկատմամբ խստագույն վերապահումներով: Ավելին` ամերիկյան պարբերականները անընդհատ շրջանառում էին գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթըքերի նախկին հարցազրույցները, որտեղ նա պաշտպանում էր Թրամփին, քննադատում Քոմիին ու հատուկ դատախազ Մյուլերին, հետաքննությունը համարում ավելորդ ժամանակի ու ֆինանսների վատնում: Նա բազմիցս արտահայտվել է հետաքննությունը շուտափույթ դադարեցնելու օգտին, ինչով էլ թերեւս պայմանավորված է Թրամփի դրական վերաբերմունքը նրա նկատմամբ:
Անշուշտ, դեռ հստակ չէ, թե արդյոք Ուիթըքերը վերջնականպես կնշանակվի այդ պաշտոնում, թե ոչ, սակայն այս ժամանակահատվածը նա կարող է օգտագործել հետաքննության հետագա ծավալումը կասեցնելու համար: Թրամփը, փաստորեն, չի կարողանում ձեռնապահ մնալ միջամտությունից եւ դրանով ապացուցում է, որ հետաքննությունն իր համար լուրջ գլխացավանք է: Հետաքրքիր է, թե ինչու է նախագահը այդքան ուշադրություն դարձնում ընթացող հետաքննությանը, եթե նրա նախընտրական շտաբն ու ռուսական շրջանակները գաղտնի եւ ապօրինի կապեր չեն ունեցել: Իսկ նմանօրինակ արձագանքով եւ նախագահի լիազորություններն անձնական օգուտին ծառայեցնելով` Թրամփն ինքնըստինքյան կասկածներ է սերմանում, ինչից կարող են օգտվել Կոնգրեսի սոտրին պալատում մեծամասնություն ստացած դեմոկրատները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՊԱՏԺԱՉԱՓ
2018թ. օգոստոսի 2-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Բերդի բնակիչ 27-ամյա Գրիգոր Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ ազատազրկման դատապարտել 18 տարի ժամկետով: Մաթեւոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին: Ըստ մեղադրանքի` դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդի բնակիչ, 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին ձեռքի դանակով հարվածել է ու սպանել: Դատախազ Ներսես Չիլինգարյանը դատարանին միջնորդել էր Գ. Մաթեւոսյանին դատապարտել 23 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինս իր մեղքը դատարանում չընդունեց եւ արդարացման դատավճիռ էր պահանջում: Գրիգորի հայրը` Հրայր Մաթեւոսյանը, ասաց, որ իր որդու 2 պաշտպանները փոխվել են, այժմ Գրիգորին պաշտպանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Վերջինս վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով, որ վերաքննիչ դատարանը Գ. Մաթեւոսյանին արդարացնի կամ գործն ուղարկի ընդհանուր իրավասության դատարան այլ կազմով նոր քննության: Դատախազ Ներսես Չիլինգարյանը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել` վերաքննիչ դատարանից խնդրելով Գ. Մաթեւոսյանի համար ավելի խիստ պատիժ նշանակել, քան 18 տարի ազատազրկումը: Վերաքննիչ դատարանում այս գործով հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԵԿ-Ի ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԻ՞ՄՆ ԵՆ
Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ուղղակի մեղադրել է չարաշահումների եւ հարկային պարտավորությունները չկատարելու մեջ:
Այսպես, ըստ ՊԵԿ-ի` ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի մլրդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»: Պարզվել է նաեւ, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը այս տարվա հունիս-հուլիս ամիսներին հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Նշենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բացի այս, ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ նշված է նաեւ հետեւյալը. «Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաեւ բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու ուղղությամբ»:
Իհարկե չարաշահումներ կարող են լինել յուրաքանչյուր կառույցում` լինի պետական, թե մասնավոր: Ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Բայց դրա մասին նախապես հայտարարել առանց մանրամասն հիմքերը ներկայացնելու, մեղմ ասած, ՊԵԿ-ի նման լուրջ գերատեսչությանը վայել չէ: Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում գործունեություն ծավալող քննչական մարմինների կողմից նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների կամ նրանց հարազատների մասին հայտարարություններ են անում՝ մարդկանց մեղադրելով այս կամ այն արարքի մեջ, սակայն հետագայում այլ բան է պարզվում:
Օրինակ` այս տարվա օգոստոսի 9-ին ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվել էր, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքներում խուզարկություն է իրականացվել, արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, եւ կասկածներ կան, որ դրանք գործածվել են 2008թ. մարտիմեկյան իրադարձություններում: Սակայն այս հայտարարությունից 2 ամիս անց իրավիճակին միանգամայն այլ գնահատական տվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. «Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ»:
Իսկ ահա հոկտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կոնգրես հյուրանոցի եւ Ռոբերտ Քոչարյանի կապի վերաբերյալ իր հայտարարություններին, ասել էր. «Իմ` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստով, այլ չակերտավոր էմոցիոնալ… Այդ անգամ եղել է մի քիչ շտապողականություն, փաստեր եղել են, ուղղակի դեռ ավարտական փուլում չէին»:
Արդյունքում, իշխանական բարձր շրջանակներում որոշում կայացվեց, որ այսուհետ նախաքննության ընթացքում քննվող գործերով որեւէ բան չխոսել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն եւ այդ կերպ խուսափեն հետագա բարդություններից: Բայց, կարծես թե, ՊԵԿ-ը ականջալուր չէ իշխանությունների հրահանգին: Համենայնդեպս, երեկ ՊԵԿ-ը այդպես վարվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում: Բայց մյուս կողմից` ՊԵԿ-ի արածը քաղաքական է, որովհետեւ, ըստ ամենայնի, դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ սպասվում են քննարկումներ գազի սակագնի վերաբերյալ: Ստացվում է, որ գազի սակագնի իջեցման շուրջ կայանալիք բանակցություններից առաջ ՊԵԿ-ը նման կերպով վարվեց «Գազպրոմ»-ի հետ: Սադրանք է սա, թե ի սկզբանե «Գազպրոմին» խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում, անհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում ՊԵԿ-ը: Հիշենք, որ նման իրավիճակում հայտնվեց նաեւ Հայաստանում ռուսական մեկ այլ ընկերություն`«Հարավկովկասյան երկաթուղի»-ն, որտեղ ՊԵԿ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին խուզարկություն անելու նպատակով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ