Հավատարմություն ռազմական գործընկերոջը. ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատ է խոսվում, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է միմյանց սեւացնելու ուղղությամբ: Միաժամանակ ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է ստեղծում, որ շատ ընտրողներ առաջնորդվեն անձերով, քաղաքական ուժերով, այլ ոչ թե այն հանգամանքով, թե այս կամ դրույթի շուրջ ինչ են առաջարկում ընտրություններին մասնակցող ուժերը: Եվ այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականությունը, հատկապես ԵԱՏՄ կամ ԵՄ հարաբերությունները:

Գաղտնիք չէ, որ այժմ ընտրություններին մասնակից ուժերից մի քանիսը, այդ թվում` «Ելք» դաշինքի մաս կազմող ուժեր «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, նախկինում ոչ մեկ անգամ խոսել են ԵԱՏՄ-ի անարդյունավետության մասին եւ հայտարարել, որ այդ կառույցից պետք է դուրս գալ: Սակայն այժմ միայն «Մենք» դաշինքն է կրկին փաստում այդ մասին: Այժմ անդրադառնանք ծրագրերին:

Օրինակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ բոլոր պետությունների հետ պետք է լինեն բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ: Դրույթներում մասնավորապես ամրագրված է.

1. ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը:

2. Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում զարգացնելու ենք փոխշահավետ համագործակցություն եւ խորացնելու ենք երկկողմ հարաբերությունները:

Գաղտնիք չէ, որ վարչապետ ընտրվելուց հետո այդ հարցը հաճախ են տվել Նիկոլ Փաշինյանին, թե ինչու նա որոշեց շարունակել նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը եւ հատկապես ԵԱՏՄ-ի հարցում: Եվ փաստացի նախընտրական ծրագրում եւս կարեւոր տեղ է հատկացված այդ հարաբերություններին:

Վերջին 20 տարիներին իշխանություն համարվող ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ոչ թե անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, այլ ավելի շատ խոսել է իր արածների մասին: Մասնավորապես, ծրագրում նշված է. «Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, նաեւ նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում»: Եվ ամփոփելով այս ամենը` ՀՀԿ-ն ամրագրել է` շարունակելու են աշխատել հավասարակշռված եւ վարելու են Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն:Սա այն դեպքում, եթե ՀՀԿ-ն կրկին իշխանության գա: Եթե… որովհետեւ ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձը նույնքան անհնարին է, որքան Մարս մոլորակի «բնակիչների» կողմից Նիկարագուայում կուսակցություն ստեղծելը:

Հետաքրքիր է, որ ՀՅԴ ծրագրում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին կոնկրետ անդրադարձ չկա: Կուսակցությունն ավելի շատ անդրադարձել է Արցախյան հիմնահարցին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` դա որպես առաջնահերթություն համարելով: Իսկ առհասարակ արտաքին քաղաքականության առումով կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն` հիմնված բացառապես ազգային շահի եւ պետության հեռանկարային զարգացման տեսլականի վրա: Մենք հայամետ եւ հայաստանամետ ենք: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որեւէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման», – ասված է ծրագրում:

ԲՀԿ-ն իր ծրագրում շեշտն ավելի շատ դրել է տնտեսական քաղաքականության, ներդրումների վրա, եւ մշտապես այս կուսակցության պարագայում նրանք խուսափում են կտրուկ հայտարարություններ անել այս կամ այն առանցքային թեմաների վերաբերյալ: Այդպես է նաեւ արտաքին քաղաքականության հարցում: Ծրագրում ասվում է. «Մենք կողմ ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը եւ խորացմանը: Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին: Զուգահեռաբար շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ եվրաինտեգրման գործընթացներին»:

«Մենք» դաշինքն այս հարցում կտրուկ է: Մասնավորապես ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշինքը տեսնում է որպես ռազմավարական, փոխշահավետ եւ իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններ: Իսկ ԵԱՏՄ-ի առումով էլ դաշինքն ամրագրում է, որ այն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է: «ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները եւ Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն»: Այսինքն` այս դաշինքն ամրագրում է, որ իշխանության գալու պարագայում իրենք գործուն քայլեր են անելու ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ:

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն այս հարցում ամենասկզբունքայիններից էր, կուսակցության ծրագրում մի փոքր այլ շեշտադրումով է անդրադարձել արտաքին քաղաքականությանը: Նախ հիշեցնում է, որ, 2017-ին հանդիսանալով «ԵԼՔ» դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Սակայն ամրագրում է, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ եւ, մասնավորապես, Հայաստանին վերջապես հաջողվել է, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ստորագրել եւ վավերաեցնել CEPA-ն՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան եվրասիական եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցության հարթակ դառնալու համար։ Միեւնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը», – ասված է ծրագրում։

«Սասնա Ծռեր» կուսակցությունն իր ծրագրում շատ չեզոք ձեւակերպումներով է հանդես եկել: ՕԵԿ-ի պարագայում եւս այդպես է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս