Նոյեմբերի 17-ը Հայաստանում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում նշվում Է որպես ուսանողության միջազգային օր: Այս տոնի արմատները հասնում են մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: 1939թ.-ի նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակել էին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը եւ գերեվարել մոտ 1200 ուսանողների։ Ավելի ուշ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչեւ պատերազմի ավարտը։ 1941 թ. Եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։ Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների համախմբման, համերաշխության, իրենց իրավունքների մասին խոսելու եւ ի սրտե ուրախանալու օր։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է գալիս հատուկ թողարկմամբ` իր այսօրվա համարը նվիրելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին: Մեր թերթի էջերում տեղ են գտել ապագա լրագրողների հոդվածները, որոնցում նրանք արծարծել են ամենատարբեր թեմաներ: Հուսանք` նրանք բուհն ավարտելուց հետո կհամալրեն լրագրողների շարքերը` զբաղվելով արդեն պրոֆեսիոնալ լրագրությամբ:
Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երկրորդ նախագահի կալանավորման հարցի քննության ժամանակ զարմանալի զուգադիպությամբ արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ լեզվի դասընթացների նպատակով երկու ամիս արձակուրդ է վերցրել եւ մեկնել Լոնդոն: Ու հիմա Քոչարյանի գործի քննությունը քրեական վերաքննիչ դատարանի դատավորներից մեկին մակագրելու գործընթացը պետք է իրականացնի Մխիթար Պապոյանը: Թե ում կմակագրվի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց հաստատ դա չի լինի Քոչարյանին ազատ արձակած Ազարյանը:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ կձեւավորվի այն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը, իսկ թե ի վերջո ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հայաստանը ժողովրդագրական առումով բավական զիջում է հարեւան Ադրբեջանին: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից պարզեց, որ ՀՀ բնակչությունը վերջին տարիներին նվազել է. եթե 2015թ. մոտ 3 մլն մարդ էր Հայաստանում, ապա 2017թ. այդ թիվը հասել է 2.9 մլնի: Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա նրանց բնակչությունը 2015թ. 9.7 մլն-ից դարձել է 9.9 մլն: Փոխարենը Հայաստանն առաջ է անցել ծնելիության թվով, ու սա այն դեպքում որ ՀՀ-ում ծնելիությունը գնալով նվազում է: ՀՀ-ն առաջ է անցել նաեւ ՀՆԱ աճի ցուցանիշներով. 2017թ. ՀՆԱ աճը եղել է 7.5 տոկոս, Ադրբեջանում՝ 0.1 տոկոս: Հայաստանում աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալները` 2017թ. 12.5 տոկոս, իսկ Ադրբեջանում, ընդհակառակը, անկում է` 3.4 տոկոսի չափով: Ադրբեջանում նաեւ մեծ է եղել գնաճը՝ 12.9 տոկոս, մինչդեռ ՀՀ-ում՝ 1 տոկոս ընդամենը:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ
Հեղափոխության արմատները հին են, սակայն այն ինձ համար նոր է, յուրովի: Այն փոփոխություն է, որն ուղեկից է դարձել ինձ: Ապրիլի 13-ն էր: Պատրաստվեցի, որ դասի գամ: Լսել էի՝ համատարած դասադուլ է լինելու: Հասա կանգառ: Անձրեւ էր, հասցրել էի թրջվել: Նախընտրեցի ետ գնալ տուն փոխվելու, տաքանալու, հանգստանալու: Օրվա մեջ խոսեցի ընկերներիս հետ, ովքեր այդ օրը Աբովյան քաղաքից ոտքով հասան Երեւան՝ միանգամից Ազատության հրապարակ: Ու այսպես նույն ռիթմով շարունակեցին գալ ու գնալ մյուս օրերը: Տանը խստիվ արգելել էին դուրս գալ փողոց ցույցին մասնակցելու: Զանգեցին, ասացին` արի՛ գյուղ, մնում ես, ի՞նչ անես: Գնացի գյուղ:
Մի օր էլ զանգեց ընկերուհիս, ով շարժման հավատարիմ մասնակից էր:
-Տեսե՞լ ես` ուջանցիները հրապարակում ինչեր են անում, դու ուջանցի չե՞ս,- հարցրեց նա:
-Չեն թողնում` գամ,- եղավ պատասխանս:
-Հեղափոխի՛ր քեզ, բացատրի՛ր այնպես, որ թողնեն:
Սայլը տեղից շարժվեց:
Խոսեցի ծնողներիս հետ, բացատրեցի, հասկացան:
Թեեւ դրանից հետո բոլոր օրերին չէ, որ մասնակցեցի ցույցերին, բայց գոհ էի ինձնից. նոր մի բան էր ծնվել իմ մեջ, ես այլեւս անտարբեր չէի շրջապատումս տեղի ունեցող իրադարձություններին:
Հետո եկավ մայիսի մեկը, ապա ութը: Փոխվեցին տեղերն ու դերերը: Ես էլ հեղափոխվեցի: Երբ քաշում եմ քրոջս ձեռքն ու ստիպում փողոցն անցնել հենց հետիոտների համար նախատեսված անցումով, համապատասխան տեղով, երբ պահանջում եմ երթուղայինի վարորդից չծխել, երբ սիգարետի մնացորդը փողոց նետող տղային նկատողություն եմ անում, երբ հորս հետ առանց կաշկանդվելու խոսում եմ իմ կյանքի գեղեցիկ, անձնական փոփոխության մասին, երբ ութամյա եղբայրս ինձ հետ քայլելիս պաղպաղակի փաթեթը ծալում դնում է գրպանը` ժպիտով ինձ նայելով, ես հասկանում եմ, որ հեղափոխությունն ինձնից է սկսվել, որ հեղափոխությունը ես եմ, քանի որ չեմ խեղդվում սիգարետի ծխից ու լռում, հայրիկից չեմ խուսափում, ամաչում, լավ տղայի տեսք ունեցող անցորդին նկատողություն անելուց չեմ վախենում, սովորեցնում եմ, սովորում են:
Ու իմ մեջ պահպանելով հնից այն, ինչ առողջարար է եղել միշտ(հրաշալի է, երբ կարողանում ես քո ամեն սխալն ընդունել ու փորձում ես շտկել)`ես շարունակում եմ գեղեցիկ նորի հետ ապրել, ապրել հեղափոխության հետ ու նրա կողքին: Հեղափոխությունը ես եմ:
ՄԱՐԻՆԵ ԵՐԵՄՅԱՆ
3-րդ կուրս