Մինչեւ դեկտեմբերի 9-ը քիչ ժամանակ ու շատ հարցեր կան սպասվող քաղաքական իրադարձության, դրա գլխավոր հերոսների ու նրանց քաղաքական իմիջի մասին: Հենց այս թեմաներով էլ մենք զրուցել ենք ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, ՀՌՀ Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի վարիչ Էլինա Ասրիյանի հետ:
-Տիկի՛ն Ասրիյան, ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք թարմ ցուցակներ եւ նոր գործիչներ: Ի՞նչ եք կարծում, սա ընտրողի համար ի՞նչ նշանակություն կունենա: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն են նոր դեմքերի հանդեպ արդեն ձեւավորված տրամադրությունները:
-Քաղաքականության մեջ նոր անձը միշտ ճանաչելի լինելու եւ դառնալու խնդիր ունի, ինչպես նաեւ խնդիր կա ոչ միայն ճանաչելի, այլեւ վստահելի դարձնել նրան: Եվ այս առումով անհրաժեշտ է ստեղծել գոնե ծանոթ լինելու պատրանք, քանի որ վստահելի փոխհարաբերություններ ընտրողների հետ կառուցել քաղաքական ուժերը պարզապես չեն հասցնի:
-Գիտենք, որ կարեւոր են նաեւ քաղաքական կարգախոսները: Դրանցից ամենաքննարկվողը, թերեւս, ֆավորիտի կարգավիճակում գտնվող ՔՊ-ի «Նիկոլ վարչապետ»-ն է: Կարելի՞ է սա դիտարկել որպես հասարակության մեծամասնության համար ընդունելի դեմքի հանդեպ եղած վստահության օգտագործում: Ընդհանրապես, կա՞ բանաձեւ` ինչպես կարելի է հիշվող ու վստահելի կարգախոս մտածել:
-Ընդհանրապես, կարգախոսը պետք է հիմնվի այն հիմնական մտքի վրա, որը քաղաքական ուժը նպատակ ունի հասցեագրել հասարակությանը: Այն պետք է հանգուցային հաղորդագրություն լինի: Ավելի պարզ, քաղաքական ուժը պիտի մտածի եւ հասկանա, թե ինչ է ուզում, որ մարդիկ իմանան նրանց մասին: Երկրորդը` պետք է հասկանալ, թե որքանով են իրենց պատկերացումները համընկնում մարդկանց սպասումների հետ եւ որքանով են համապատասխանում դրանց: Այսինքն` խնդիր կա հետազոտել մարդկանց սպասումները, վերաբերմունքները, կարիքները եւ փորձել պատասխանել դրանց:
-Գրագետ կառուցված իմիջը կարո՞ղ է քաղաքական հաջողության երաշխավոր դառնալ: Կնշե՞ք մի քանի գործոններ, որոնք կարեւոր են մեր հասարակության վստահությունն ու համակրանքը շահելու համար:
-Արդյունավետ է այն իմիջային ռազմավարությունը, որն իր առջեւ նպատակ է դնում վստահելի եւ ազնիվ փոխհարաբերություններ կառուցել հասարակության որոշակի խմբերի հետ: Սա չի հաջողվի անել այս անգամ, քանի որ վստահությունը մեկ կամ տասն օրում ի հայտ չի գալիս, եւ այս իմաստով փորձ է արվելու համակրանք առաջացնել ավելի շատ, քան վստահություն: Քաղաքական ուժերը կփորձեն զուգորդվել հեղափոխության հետ եւ հայտնվել հեղափոխության բրենդ-հովանոցի ներքո, մյուսները կխոսեն փորձի առկայության մասին, երրորդները միակ իրական ընդդիմություն լինելու հնարավորության մասին:
-Իսկ կա՞ն ընդհանուր սխալներ կամ կարծրացած մոտեցումներ, որոնք վնասում են մեր քաղաքական գործիչների իմիջին: Եվ կա՞ մեկ ընդհանուր խորհուրդ, որ արժե ուղղել բոլորին կամ մեծամասնությանը: Այլ կերպ ասած` ի՞նչ չանել լավ իմիջ ստեղծելու ճանապարհին:
-Արդյունավետ իմիջի ընդհանուր դեղատոմս գոյություն չունի, քանի որ ամեն ինչ որոշվում է կոնկրետ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստում, կոնկրետ հասարակական պահանջմունքների եւ կարիքների ուսումնասիրության եւ ընկալման առանձնահատկությունների հիման վրա: Այն, ինչ ակտուալ է այսօր, կարող է կորցնել ակտուալությունը վաղը: Մյուս կողմից, սակայն, կան մշտապես չլուծվող խնդիրներ եւ դրանց հնարավոր լուծումների խոստումները:
-Ի՞նչ եք կարծում, հեղափոխությունից հետո կուսակցությունների PR մասնագետներն ինչպիսի՞ տեխնոլոգիաներ պետք է օգտագործեն հասարակության վստահությունը շահելու համար:
Նախքան տեխնոլոգիաների մասին խոսելը շատ կարեւոր է մշտապես հետեւողական լինել հասարակական տրամադրությունների մշտադիտարկմանը, կարեւոր է հաշվի առնել մարդկանցից եկող հետադարձ կապը, կարեւոր է սպասումների արժեզրկում թույլ չտալ եւ բաց լինել քննարկումների համար:
ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Մագիստրատուրա, 2-րդ կուրս
ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՂԱՓՈԽԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԿԱՐՃ՝ ԿԱՄՔԻ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ասում են՝ մարտի վերջին ու ապրիլի սկզբին Հայաստանում եղանակը ցրտաշունչ է լինում, հարմար չէ լեռներ գնալու, վրաններում մնալու, երկար թափառելու, անգամ սիրահարվելու համար: Այս գիժ ամիսներին նույնչափ խենթ պետք է լինել 14 օր շարունակ 212 կմ քայլելու ու երազելու համար, թե հեղափոխության գաղափարը վարակելու է մարդկանց մտքերը, ուղիղ նայելու է նրանց աչքերին, ժպտալու, ասելու է՝ իշխանությունը ժողովրդինն է:
Գյումրու հրապարակից հայաստանյան թավշյա, սիրո ու համերաշխության հեղափոխությունը քայլերթով մեկնարկելիս աշխարհում մի քանի հոգի, փաստորեն, հավատացել էին այս ռոմանտիկ ու հավակնոտ պատումին: Գյումրիից Երեւան: Հենց այստեղ էլ նրանց ընդունեցին ու նախեւառաջ վստահեցին հեղափոխության ողնաշարը դարձած համարձակ, անվախ, հստակ կողմնորոշված երիտասարդները:
Մեզանից շատերին էլ անհավանական էր թվում, որ մի օր Հայաստանը կունենա 27-ամյա նախարար: 2018-ի մայիսի 10-ին շատերը համացանցում փնտրեցին Մխիթար Հայրապետյան անուն-ազգանունը: Հենց այդ օրը սիրո եւ համերաշխության հեղափոխության քայլարշավի գաղափարի հեղինակը՝ Մխիթարը, նշանակվեց Սփյուռքի նախարար՝ դառնալով Հայաստանի պատմության մեջ եւ Եվրոպայում գործող ամենաերիտասարդ նախարարը: Գանդիի գաղափարներով, սակայն սեփական խարիզմայով ու առաքելությամբ պաշտոնավարման հենց առաջին օրվանից հայտարարեց՝ եկել է` ամենալավ նախարարությունն ունենալու ճանապարհային քարտեզը մտքում:
Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից եկավ ու ասաց՝ սփյուռքն այլեւս Հայաստանի համար բանկոմատ չէ, մեր գործակցության առանցքը փոխադարձ աջակցության, պատասխանատվության ու պարտավորության սկզբունքն է: ««Սփյուռքը ի՞նչ կարող է տալ Հայաստանին» հարցին զուգընթաց մենք օրակարգ ենք բերել «ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին» հարցը: ՀՀ կառավարությունը պատրաստ է այս պարտավորությունը վերցնել իր ուսերին»: Բազմաշերտ սփյուռքի համար տարբեր օրակարգերով, սակայն այս մեկ օրակարգը գերակա դարձրած՝ Մխիթար Հայրապետյանը եղավ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Լիբանանում եւ… Սիրիայում: Հենց այստեղ անցկացրած օրերի, ավերված Հոմսի, ռմբակոծվող Հալեպի, միասնական, բայց նահանջող հայ համայնքի մասին վստահաբար նա երկար կարող է պատմել: Երկար կարող են պատմել նաեւ հալեպահայերը, ովքեր մեկընդմիշտ ապացուցեցին՝ Սփյուռքին նախեւառաջ Հայաստանի ջերմությունն ու հոգատարությունն է պետք: Ահա սա է Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարի հաջողության բանաձեւը:
ԿԱՐԱՊԵՏ ԼՈՒՍԻՆ ՎԱՆԱ
Մագիստրատուրա, 2-րդ կուրս
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՑ` ՏՆՕՐԵՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սերգեյ Խաչատրյանը հնարավոր է առաջիկայում առողջապահության փոխնախարարի իր պաշտոնը փոխի: Մեզ հայտնի դարձավ, որ Սերգեյ Խաչատրյանն այս ընթացքում զբաղված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի մրցույթին մասնակցելու աշխատանքներով: Տեղեկությունը ճշտելու նպատակով «ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սերգեյ Խաչատրյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել` հորդորելով դիմել նախարարության մամուլի բաժին: Իսկ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տնօրենների մրցույթներին անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակային չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում նախկին կառավարության օրոք իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեցել է Սերգեյ Խաչատրյանը: Թե ինչու է Խաչատրյանը որոշել փոխնախարարի աշխատանքը փոխել տնօրենի աշխատանքով, դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ նշված ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արման Հովակիմյանն է, ով, ըստ լուրերի, առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է:
20 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում որոշել է տուգանել «Վեոլիա ջուր» ընկերությանը 20 մլն դրամի չափով: Ըստ ՀԾԿՀ-ի` ընկերությունը խախտել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ եւ 19.1-րդ կետերը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով փոխանցեց հետեւյալը. «Այդ գործընթացի փաստաթղթատարությունը մեծածավալ է: Մենք այս ընթացքում հազարավոր մարդկանց կարողացել ենք դարձնել բաժանորդներ, ջրագծեր կառուցել եւ սպասարկման վերցնել դրանք: Բայց, ցավոք, գործընթացը շատ ծավալուն է եւ միայն մեզանից կախված չէ, հետեւաբար չենք կարողանում ժամկետում տեղավորվել: Ընկերությունն ունի անհրաժեշտություն բոլոր այդ նոր կառուցվող ջրագծերի հետագծերը համաձայնեցնել տեղական իշխանությունների հետ: Մենք պարտավոր ենք ՏԻՄ-երից թույլտվություն ստանալ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որովհետեւ ջրագիծը մերն է, բայց տարածքը` ոչ: Եւ միշտ չէ, որ մեր տարածքային կառավարման մարմիններից այդքան օպերատիվ են արձագանքում»: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյոք ընկերությունը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը: Հարցին ի պատասխան` Մ. Սարգսյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, քննարկումներից հետո պարզ կդառնա: