«Պետության զավթում», «Սահմանադրական կարգի տապալում». եթե կարճ փորձենք բացել այս տերմինը, ապա դասական իմաստով սա մի իրավիճակ է, որում ազդեցիկ դեմքերը, խմբավորումները, այլեւայլ հաստատություններն ու միավորումները կոռուպցիայի, տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ կարողանում են ազդեցություն ունենալ երկրի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական միջավայրի վրա՝ անշուշտ, հիմքում ունենալով անձնական կամ խմբային շահը: Իրավունքի տեսանկյունից՝ իշխանության յուրացումը, որն էլ ինքնին նույնացվում է պետություն զավթելու հետ, հանցագործություն է: Այն հղի է բռնապետական համակարգերի ձեւավորման վտանգով:
Այս բազմաշերտ չարիքից, ցավոք սրտի, անմասն չի մնացել մեր երկիրը, որի անկախությանն «այո» ասած քաղաքացին քվեաթերթիկը քվեատուփ նետելիս լի էր հավատով, որ ի վերջո կունենա մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող ինքիշխան երկիր եւ ամենամղձավանջային երազում անգամ չէր էլ պատկերացնում, որ շնորհիվ մի խումբ մորթապաշտների կարող է դասվել երրորդ աշխարհի երկրների շարքին: Հիմա եկե՛ք փորձենք հասկանալ, թե ինչու, ինչպես եւ ինչ գործոնների ներազդմամբ տեղի ունեցավ այս պրոցեսը:
Սա, թերեւս, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների եւ առավելապես քաղաքական գործիչների ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Սովորաբար, հարցի վերաբարյալ կա երկու պնդում։ Առաջին՝ կոռուպցիան Հայաստանում արմատավորվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, եւ երկրորդ՝ կոռուպցիան Հայաստանում արմատավորվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, ավելի արմատացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Առաջին պնդման ջատագովների համար հիմք է ծառայում 1996թ. վիճահարույց նախագահական ընտրությունները, որն էլ, նրանց իսկ պնդմամբ, եղավ առաջին կեղծիքը` հող նախապատրաստելով իշխանության զավթման համար: Մինչդեռ սրան էլ ի հակադրումն կա արդարացի այն պնդումը, թե այդ դեպքում ինչու առաջին նախագահի հրաժարականից հետո չեղավ այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն է՝ համատարած բացահայտումներ, քրեական գործերի հարուցումներ նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Ի վերջո, ինչու՞ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին առաջին նախագահի եւ նրա համակիրների հետ կապված որեւէ նշանակալի բացահայտում չեղավ, այդպես էլ չապացուցվեցին պնդումները, որ մարդիկ զավթել էին պետությունը: Ուրեմն` նման բան չէր եղել:
Երկրորդ պնդման ջատագովների համար հիմք է հանդիսանում 1998թ.-ից ի վեր անընդհատ եւ համատարած կեղծիքներով ուղեկցվող ընտրությունները, երկրորդ եւ երրորդ նախագահների եւ նրանց շրջապատի աննախադեպ տնտեսական բարգավաճումը եւ այլն, եւ այլն: Ինչեւէ, այս պնդումներն ու, առհասարակ, գործող անձանց մի կողմ թողնելով` խայտաբղետ կտավն առավել մանրամասն դիտարկելիս կնկատենք, որ ազդեցիկ դեմքերի կամ, ինչպես արդեն նշեցինք, խմբերի, հաստատությունների, այլեւայլ միավորումների համատեղ ջանքերով կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորվեց մի կուռ բրգաձեւ համակարգ, որի հանցավոր գործունեությունը` կլանային, նեղ անձնական շահերի սպասարկման տրամաբանության ուղեկցությամբ, կայուն մեխանիզմ հանդիսացավ հետագա 20 տարիների ընթացքում իրենց արատավոր կենսագործունեությունը ապահովելու համար: Մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը լավ հիմնավորում է սահմանադրական կարգի տապալումը:
Պետությունը զավթած այս մեքենայի անխափան ընթացքն ապահովելու համար առանցքային դեմքերի հետ մեկտեղ Ազգային ժողով ու Կառավարություն էին ուղարկվում, այսպես կոչված, «քաղաքական դեմքեր», որոնք ոչ այլ ինչ էին, քան սովորական մարիոնետկաներ, որոնց առաքելությունը մեկն էր` ստեղծել պատրանք, թե երկրի ղեկը ստանձնել են գաղափարական մարդիկ, որոնք ձեւացնում էին, թե մշակում ու ընդունում են օրենքներ, որոնք պիտի է՛լ ավելի բարելավեին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Մինչդեռ, իրականում, ինչպես արդեն նշեցինք, սա շղարշ էր, որի հետեւում գործում էր մի ամբողջ կազմակերպված հանցավոր խումբ: Սրան զուգահեռ վերահսկողության տակ էր ամբողջ դատական համակարգը, ուժային կառույցները, մեդիառեսուրսները եւ անգամ ընդդիմադիր դաշտը: Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ ամբողջական վերահսկողության համար ռեսուրսներ չէին խնայվում արհեստածին կուսակցություններ, լրատվականներ, այսպես կոչված, քաղաքագետներ ու վերլուծաբաններ գնելու համար: Իսկ իրական ընդդիմադիրները ճնշվում էին ամենադաժան ձեւերով: Տարեցտարի, ընտրությունից ընտրություն նրանց հաջողվում էր է՛լ ավելի կատարելագործել կեղծիքների մեխանիզմները:
2018թ: 27-ամյա Հայաստանի համար քաղաքական առումով թերեւս ամենադրամատիկ տարիներից մեկն է: Ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո՝ ԱԺ արձակումից հետո, կարող ենք ասել, որ պետությունը զավթած մեքենայի ընթացքը կասեցվել է, բրգաձեւ կուռ համակարգը ճաքեր տվել է, բայց ամենեւին էլ չի նշանակում, թե պետք է զգոնությունը թուլացնել, անգամ ԱԺ-ի արձակումից հետո, որովհետեւ գործ ունենք համակագի հետ, որը, անթիվ թելերով կապված լինելով պետական ապարատի հետ, դեռ ռեւանշիստական նկրտումներ ունի: Այնպես որ, այս մեքենայի վերջնական կազմաքանդումը շարունակում է մնալ առանցքային խնդիր:
ՌՈՒԲԵՆ ԲԱՆՈՒՉՅԱՆ
3-րդ կուրս
ԶԵՅՆԱԼՅԱՆՆԵՐԸ
«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 65-րդ համարում Նարեկ Զեյնալյանն է, ով ներկայում Երեւանի ավագանու անդամ է: Հետաքրքիր է, որ Նարեկ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Մենք» դաշինքի ցուցակում առաջադրված Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդին է: Սակայն փաստացի նրանք գտնվում են քաղաքական տարբեր ճամբարներում, եւ Նարեկ Զեյնալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նշենք նաեւ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի շուրջ ստեղծված աղմուկից հետո Նարեկ Զեյնալյանը համարվում էր տնօրենի թեկնածուներից մեկը:
ԳՄ-Ի ՅՈԹՆՅԱԿԸ
Ինչպես հայտնի է` երկար ժամանակ ՀՀԿ-ում ներկուսակցական վեճեր են եղել, թե որն է ճիշտ` մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հակառակ կարծիքների մասին բարձրաձայնվել է հատկապես ԳՄ նիստերի ժամանակ, բայց ի վերջո հաղթել է ընտրություններին մասնակցելուն կողմ լինելու որոշումը: Արդյունքում ՀՀԿ-ականները, ովքեր դեմ են եղել ընտրություններին, չեն ընդգրկվել ցուցակում: Նրանց թվում են Գործադիր մարմնի անդամներ, նաեւ Սամվել Ֆարմանյանը: Նա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցելուն դեմ եղածների մեջ առաջամարտիկ է եղել եւ մշտապես պնդել, որ այս պահին պետք չէ գնալ նման քայլի: Փաստացի ՀՀԿ ԳՄ անդամ հանդիսացող 20 հոգուց ընտրացուցակում ընդգրկված են 7-ը, իսկ 8-րդն էլ` Դավիթ Հարությունյանը, ով չէր ցանկանում առաջադրվել վարկանիշային ընտրակարգով, լինելու է կուսակցության շտաբի պետը: Այսպիսով ԳՄ անդամներից ցուցակում չկան Սերժ Սարգսյանը, Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ), Կարեն Ավագյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանն ու Սամվել Ֆարմանյանը:
ՀՍՏԱԿ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, եւ դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,- ասել է Մնացականյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում: ՀՀ ԱԳ նախարարի այս կտրուկ հայտարարությունները պատահական չեն, եւ վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահելու հարցում: Միաժամանակ պատահական չէր փաստը, որ Մնացականյանն այս հայտարարություններն անում է ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՍՊԱՌՆՈՒՄ Է
Պաշտոնական Բաքուն սպառնում է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ եւ բողոքի նոտա փոխանցել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Փարիզում «հանդիսավոր ընդունելության արժանացնելու համար»: «Նման այցի հնարավորություն տալով եւ ընդունելով ապօրինի վարչակազմի ներկայացուցիչներին՝ Ֆրանսիան դեմ է գնում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ոգուն, ինչպես նաեւ Փարիզի ու Բաքվի միջեւ ստորագրված համաձայնագրերին, – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն` հավելելով, – դրանով Ֆրանսիան նաեւ լուրջ կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը եւ անաչառությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, որը պետք է աջակցի ղարաբաղյան խնդրի կողմերին հակամարտության կարգավորման հարցում»: Մինչ այդ, հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղի նախագահական նստավայրը հաղորդեց, որ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պաշտոնական Բաքուն սպառնում է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ եւ բողոքի նոտա փոխանցել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Փարիզում «հանդիսավոր ընդունելության արժանացնելու համար»:
ՍԱՀՄԱՆԻՆ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ եւ զորավարժարանում հետեւել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետեւ նրան են ներկայացվել ինժեներական եւ ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
ԼԱՐՍԸ ՓԱԿ Է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: