Արման Ավետիսյանը ծնվել է 1996թ-ի օգոստոսի 10-ին Արարատի մարզի Արարատ գյուղում, սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ կուրսում։ Ասում է՝ սիրած զբաղմունքներ շատ ունի, բայց ամենաշատը սիրում է մեքենա վարել։ Ասում է, որ ծառայության դժվարություններին հեշտությամբ է հարմարվել։ Եվ ամեն ինչ շատ լավ է եղել մինչեւ ապրիլի երկուսը։
«Առավոտյան` ժամը 4:30-ի սահմաններն էր, մեզ հրաման եղավ անցնել շրջանաձեւ պաշտպանության։
Այնուհետեւ կրակոց լսեցինք մեր դիրքերի ուղղությամբ, հրամանատարը փորձեց պարզել՝ ինչն է պատճառը։ Ինքը նկատել էր մեծաքանակ զորքերի հոսքը մեր խրամատների ուղղությամբ։ Քիչ անց հրամանատարս նռնակից վիրավորվեց։ Այդ ժամանակ ես գետնատնակի մոտ էի, որը կապ չուներ առաջնագծի հետ, բայց չէի կարող նրան չօգնել»,-պատմում է Արմանը։
Նա ասում է, որ բացի զինվորական պարտքից շատ դժվար է չօգնել մարտական ընկերոջը, հատկապես երբ մտերմիկ զրույցներ են լինում, երբ տեղյակ ես լինում նրա քաղաքացիական կյանքի ու ընտանեկան հոգսերի մասին, երբ հոգեկան կապն ավելին է, քան պարզապես մարտական ընկերներինը։ Ու Արմանն առանց հրամանի նետվում է առաջնագիծ՝ հասկանալով, թե ուր է գնում։
«Ինձ այդ պահին նկատեցին ու կրակ բացեցին իմ ուղղությամբ։ Կրակելով, շատ մեծ դժվարությամբ հասա հրամանատարիս, դրեցի աջ ուսիս ու մոտավորապես մի տասնհինգ մետր տանելուց հետո պայթյուն լսեցի, բայց չզգացի, որ վիրավորվել եմ։ Փորձեցի վեր կենալ ու քայլել, բայց մի քանի քայլ անելուց հետո հավասարակշռությունս չկարողացա պահել։ Ոտքս էր վնասվել»,- ասում է նա:
Այդ ժամանակ իրեն օգնության է հասել Ապրիլյան պատերազմում զոհված Արման Անդրեասյանը, ով իրեն օգնության հասնելուց եւ ապահով վայր տեղափոխելուց հետո թեժ մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Նա պատմեց, որ Արման Անդրեասյանի հետ ծառայել է մոտ 11 ամիս։ Ծանոթացել են ուսումնական գումարտակում, այնուհետեւ Արման Անդրեասյանը գնացել է սերժանտական դասերի, իսկ ինքն այլ գումարտակ է տեղափոխվել, բայց որոշ ժամանակ անց նորից սկսել են միասին ծառայել, այդ ընթացքում նրանց հարաբերությունները, ինչպես Արմանն է ասում, եղել են «համով-հոտով». «Իր մարդ տեսակը շատ լավն էր։ Միասին մարտական հերթափոխություն էինք կատարում։ Միշտ իրար հետ կատակներով, ուրախ»։
Գետնատնակում Արմանն ինքն իրեն է առաջին բուժօգնություն ցույց տվել, հանել է գոտին ու կապել ոտքին՝ վնասված ոտնաթաթի մոտ արյունը դադարեցնելու նպատակով։ Գնալով մարտը թեժացել է, սակայն Արմանն ի վիճակի չի եղել մարտ վարելու։ Ցավը գնալով ուժեղացել է, արյունը չի կտրվել, բայց ձեռքերը ծալած չի նստել, զենք է լիցքավորել, որպեսզի մյուս տղերքը լիցքավորելու վրա ժամանակ չկորցնեն։ «Մոտավորապես երկու ժամ հետո եկավ օգնական ուժն ու ինձ հանեցին գետնատնակից»։
Սակայն ճանապարհն էլ հեշտ չի եղել, երբ թշնամու երկու տանկն հաղթահարելով՝ փորձել են անցնել թիկունք, Արմանը նորից է վիրավորվել։ Պատմում է, որ երբ բացել է աչքերը, արդեն հոսպիտալում է եղել։ Առաջին հարցը եղել է, թե ո՞նց են զորամասում, ի՞նչ կա տղաներից, պատասխանը եղել է` «Ոչ ոք չկա»։
«Վերջերս շատ եմ սկսել ինքս ինձ հետ խոսել, տղերքի հետ եմ խոսում, ես պահի տակ բաներ եմ հիշում, ժեստեր, որն արել եմ իրենց հետ խոսելիս, ու ինձ թվում է՝ այդ պահին նրանք իմ կողքն են…»,- ասում է Արմանը։ Նրա համար շատ դժվար է վերապրել ընկերների կորուստը, դժվարանում է նրանց մասին անցյալով խոսել։ Երբ հարցրի` ի՞նչ է իր համար ընկերությունը, ասաց, որ շատ ընկերներ ունի ե՛ւ քաղաքացիական կյանքում, ե՛ւ զինակից ընկերներ։ «Բայց ես ունեցա այնպիսի ընկերներ, որոնք ինձ համար իրենց կյանքը տվեցին։ Խրամատն իրոք ընկերացնում է, արիացնում, ստիպում է ճանաչել դիմացինիդ։ Խրամատում դու պատրաստ ես կողքիդ կանգնած ընկերոջ համար կյանքդ տալ։
Բայց քաղաքացիական կանքում դու վստահ չես` կլինի՞ էնպիսի մի ընկեր, որ քեզ համար պատրաստ է իր կյանքը տալ»,- ասում է Արմանը ու հավելում, որ ծառայությունից հետո իրեն ավելի կայացած մարդ է զգում, ով ունի հստակ մտքեր ու գաղափարներ։ «Չորս օրում միանգամից մեծացանք ու հասունացանք։ Փոխվեց ամեն ինչ՝ աշխարհայացքս, սկսեցի գնահատել կյանքը, գնահատել էն, ինչ ունեմ։ Իմ մեջ եղած սերը ծնողի հանդեպ, հայրենիքի, կյանքի հանդեպ եռապատկվեց»։
Հրամանատարին օգնության հասնելիս Արմանը կորցրել է ձախ ոտնաթաթը, բայց բարեբախտաբար պրոթեզավորելուց հետո այժմ նորմալ քայլում է։ Ու հիմա ավելի վստահ է քայլում այն հողի վրա, որն իր այրամբ է պաշտպանել։
ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
4-րդ կուրս
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱԹԱՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԸ
Մանկաբարձ-հոգեբան Լենա Առաքելյանի հետ զրուցել ենք ընտանեկան բռնության oրենսդրության կիրառման մասին:
-Տիկի՛ն Առաքելյան, ինչպե՞ս կարող ենք սահմանել ընտանեկան բռնություն կոչվող երեւույթը:
-Ընտանեկան բռնությունը, եթե փորձենք սահմանել հոգեբանության տեսանկյունից, ապա այն մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կրկնվող բռնությունն է: Անհատի տեսանկյունից այն բավականին այլ է: Բռնության ենթարկված կնոջ համար դա կարող է լինել հարբեցող ամուսնու ճնշումները, երեխայի համար՝ ապտակը կամ համակարգչային խաղերի ագելումը:
-Ինչպիսի՞ դրսեւորումներ ունի ընտանեկան բռնությունը:
-Ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձեւերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը, այն է` հարվածել, կծել, ծեծ, հրել, բռնության միջոցով սանձել, սեռական բռնաբարումը, հետապնդումը, հուզային ճնշումը, որը դրսեւորվում է գոռոցով, հայհոյանքներով, սպառնալիքներով, նաեւ պասիվ ճնշումը (անտարբերություն, արհամարհում) եւ տնտեսական զրկումը։
-Ինչպե՞ս է իրականացվում դրա կանխարգելումը:
-Որպես այդպիսին, կանխարգելման ձեւերը շատ են, բայց ես կառանձնացնեմ իրավական ուժով՝ օրենքի ուժով կանխարգելումը եւ հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը:
-Ի՞նչ է իրենից ենթադրում վերջինը:
-Հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը իրենից ենթադրում է հոգեբանի ծառայություններից օգտվելը` հոգեբանի միջոցով ընտանիքի կարեւորության բացահայտումը պայմանական կոչված տույժ տվողի եւ տուժողի մոտ:
-Ինչպե՞ս է այն իրականացվում:
-Որպես կանոն, զրույցներով, հոգեբանական սեանսներով, որոնք անցկացվում են ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի հետ, նաեւ հաջողված ընտանիքների պատմություններով:
-Հասարակությունում ինչպե՞ս է իրականացվում ընտանեկան բռնության մասին իրազեկումը:
-Հասարակությունում ընտանեկան բռնության մասին իրազեկումը հիմնականում իրականացվում է հանրային իրազեկման ակցիաների միջոցով, որոնց շրջանակներում անցորդներին բաժանվում են տեղեկատվական նյութեր՝ ընտանեկան բռնության տեսակների, դրսեւորումների, պատճառների եւ կանխման մեխանիզմների, գործող օրենքների մասին:
-Կարծիք եղավ, որ ընտանեկան բռնության մասին նոր օրենքը խաթարում է հայկական ընտանիքը:
-Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե որն է հայկական ընտանիքը. ավանդական ընտանիքը այն ընտանի՞քն է, որտեղ ծեծվել է կինը կամ հոգեբանական բռնության ենթարկել գործազուրկ ամուսինը, թե՞ այն ընտանիքը, որտեղ ընտանեկան հարաբերությունները կառուցված են փոխադարձ ըմբռնման եւ հարգանքի վրա: Ոչինչ չի կարող ավելի հեշտ խաթարել ընտանիքը, քան հենց բռնությունը: Խորհուրդս կլինի այն, որ «հարսնության» փոխարեն ավելի լավ է խոսել ու բարձրաձայնել:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
4-րդ կուրս
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Նա երեք տարեկանում սիրահարվեց. տարօրինակ սերը սողունների` մասնավորապես օձերի հանդեպ էր։ Տերարիումիստ Կարենը 28 տարի է` օձերի կնքահայրն է։
Փոքր տարիքում իր ընկերները բակի դոդոշներն ու գորտերն էին։ Բայց ինչն էր գրավում նրան` չի կարող ասել։ Տարիներ անց սկսեց աշխատել Երեւանի կենդանաբանական այգում։ Հիմա ղեկավարում է իր ընկերների մեծ ընտանիքը որպես ակվատերարիա բաժնի ղեկավար։
«Այս դաշտը վախենալու չէ։ 15 րոպե ու վերջ, յուրաքանչյուրը կարող է հաղթահարել վախը»,- ասում է եւ առաջարկում` օձերից մեկին վերցնեմ ձեռքս։ Միանգամից հրաժարվում եմ։ Նայում է վախեցած հայացքիս ու ծիծաղում. «չի կծի, թույնը հանած է»։
Շատերի ահ ու սարսափն են։ Կարենենց ընտանիքի անդամներն են եղել։ Համարձակ էր։ Տանը թունավոր օձեր էր պահում, մայրը դժգոհում էր, ոչինչ։
Կենդանու հետ աշխատելը բարդ է։ Կենդանի սիրելը եւ նրան խնամելը շատ են տարբերվում միմյանցից։ Նայել, շոյել բոլորն էլ սիրում են։ Վարագույրի մյուս կողմն էլ կա՝ դժվարություն, խնամք, չարչարանք։
«Մեր ժամանակներում մարդիկ նյութապաշտ են դարձել,կենդանիների հանդեպ սերը մի տեսակ վերացել է», – նշում է ցավով, արագ բռնում թեւի վրայով բարձրացող մողեսին ու դնում ակվարիումի մեջ։ «Սողունների խնամակալությունը մասնագիտություն չէ, նախասիրություն է։ Պետք է նրանց սիրես, որ կարողանաս հասկանալ կենդանուն»։
Վստահ է՝ կյանքում շատ ավելի դժվար բաներ կան։ Մասնագիտական դժվարությունները չնչին են։ «Սկսնակը միանգամից մասնագետ չի դառնում։ Դժվարին ճանապարհ է, պետք է հաղթահարել։ Պատմություն է,պետք է անցնել»։
Կարենի կարծիքով՝ օձերն ամենամաքուր կենդանիներն են։ Խայթում են, մեղքը մարդկանցն է։ Ծիծաղում է. «Եթե համեմատենք օձերին եւ մեքենաներին, մեքենաներն ավելի վտանգավոր են։ Եկեք Հայաստանի մասշտաբով վերցնենք վիճակագրությունը՝ քանի մարդ է մահանում վթարներից, եւ քանի մարդու են կծում ու խայթում օձերը։ Ամբողջ տարի կարող է մեկ կամ մի քանի օձի խայթոցի դեպք գրանցվել, վթարներից,- լռում է,- ինքներդ մտածեք»։
Իրականում օձ պահելը բացի կենսաձեւից նաեւ թանկ հաճույք է։ «Եթե կարող եք, պահե՛ք», -ասում է եւ ճանապարհում, իսկ ես, աչքերս ամբողջ ուժով փակած, դուրս եմ վազում։
ԼԻԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
4-րդ կուրս