Թագուհի Թովմասյանի ձեռքբերումները. քաղաքացիների հարցերն անարձագանք չեն մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես եղել է ժողովրդի խոսափողը: Այն իր հիմնադրման օրվանից ունեցել է բազում ձեռքբերումներ: Եղել են դեպքեր, երբ խմբագրության միջամտությամբ (ոչ հրապարակային) լուծվել են շարքային քաղաքացիների խնդիրները: Մեր զանգերի եւ դիմումների արդյունքում օգնել ենք մի շարք կարիքավոր մարդկանց: Ահա դրանցից մի քանիսը.

2013 թվականի մարտի 22-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել մի թոշակառու տատիկ` Լարիսա Խաչատրյանը, ում թոռնիկները սովորում էին ԵՊՀ-ում: Նա դիմել էր խմբագրություն ուսանողների վարձավճարի զեղչի ակնկալիքով: Խմբագրությունը դիմեց ԿԳՆ, որտեղից տեղեկացրին, որ նրանք կարող են ուսման վարձը վճարել 20% զեղչով:

1. 2015 թվականի օգոստոսի 12-ին «Ժողովուրդ»-ն ահազանգ էր ստացել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում գտնվող անտառում արդեն երեք օր է, ինչ ծառեր են հատվում: Նշենք, որ այդ անտառը պատկանում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: «Ժողովուրդ»-ը գնաց ահազանգի հետքերով. կապ հաստատեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Պարզվեց` այստեղ տեղյակ են ծառահատումների մասին: Մեր հրապարակումից հետո ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը գնացել էր դեպքի վայր:

2. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր մի քանի ծնող` իրենց վրդովմունքը հայտնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում տիրող իրավիճակից: Ըստ նրանց` դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը տարվա մեջ երեք օր դրամահավաք է կազմակերպում` 3000-ական դրամ: Թեեւ «Ժողովուրդ»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում տնօրենը հերքել էր տեղեկությունը, սակայն մեր հրապարակման հաջորդ օրն իսկ մեծ աղմուկ էր բարձրացել դպրոցում, որից հետո ծնողներին կանչել էին եւ հավաքած 3000 դրամները հետ բաժանել:

3. 2018 թվականի մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ: Մարդիկ մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Մեր հրապարակումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից խոստացան զբաղվել գյուղացիների հարցով:

4. 2013 թվականի օգոստոսի 8-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր ԼՂՀ զորամասերից մեկում ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը, եւ հավաստիացրել, որ իր որդու ծառայած զորամասում եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել: Զինվորի հայրն ամեն կերպ ցանկանում էր հանդիպել ՊՆ Սեյրան Օհանյանի հետ եւ ստանալ իր հարցերի պատասխանը: «Ժողովուրդ»-ի միջամտությամբ կայացավ վերջինիս հանդիպումը նախարարի հետ:

5. 2014 թվականի հունվարի 25-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր 51-ամյա Ռուզաննա Բունիաթյան, որի 5-ամյա որդին առողջական խնդիրներ ուներ, եւ անհրաժեշտ էր պլանային կարգով սրտի էխո կատարել: Սակայն ընտանիքն անհրաժեշտ գումար չուներ: «Ժողովուրդ»-ն անդրադարձավ այս թեմային, որից հետո առողջապահության նախարարությունն արձագանքեց քաղաքացու խնդրին: Կնոջն ուղեգիր տրամադրեցին, որպեսզի փոքրիկը կարողանա հանձնել անհրաժեշտ հետազոտությունները:

6. 2015 թվականի դեկտեմբերի 8-ին «Ժողովուրդ»-ին դիմել էին ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները, որոնք հայտնվել էին անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` զինվորականները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի վերջնահաշվարկը: Խմբագրություն դիմած քաղաքացու փոխանցմամբ` իրենց պետք է վերջնահաշվարկ տային, բայց այդպես էլ չէին տալիս: Մեր հրապարակումից հետո զինվորականների վերջնահաշվարկը վճարել էին:

7. 2013 թվականի հուլիսի 16-ին «Ժողովուրդ»-ը մի քանի հրապարակումներ է ունեցել «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիս քաղաքի մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին. մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն. բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են: Մեր հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Վարդենիսի բաժնում սկսել են նյութեր նախապատրաստել: Արդյունքում մեծ աղմուկ էր բարձրացել բանկի գործունեության շուրջ: Այնուհետեւ «Արդշինինվեստբանկ»-ը սառեցրել էր տուժած վարդենիսցիների տոկոսները:

8. 2015 թվականի մարտի 15-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Վարդենիս քաղաքի բժշկական ուսումնարանի ուսանողների ծնողները, որոնք բողոքում էին, որ բժշկական ուսումնարանի Սեւանի «մայր» քոլեջն անսպասելի կերպով փակել են, եւ, բնականաբար, փակվել է նաեւ Վարդենիսի մասնաճյուղը: Նրանք խնդրում էին, որ այն երեխաներին, որոնք ավարտում են, թույլ տան իրենց բուհում հանձնել քննությունը եւ դիպլոմ ստանալ, քանի որ մնացել էր ընդամենը մի քանի ամիս: Մեր հրապարակումից հետո ԿԳՆ-ն որոշում կայացրեց, ըստ որի` Վարդենիսի` արդեն փակված բժշկական ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն Վարդենիսում, իսկ դիպլոմային քննությունները կհանձնեն Գավառի բժշկական ուսումնարանում` ստանալով պետական նմուշի դիպլոմ:

9. 2014 թվականի մայիսի 20-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել Վարդենիսի մի բնակչուհի, որին փարոսից կտրել էին: Խմբագրությունը դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից պատասխանել էին, թղթաբանական փոքրիկ խնդիր է եղել եւ այն արագ շտկվել է: Մեր հրապարակումից հետո քաղաքացուն օգնություն էին ցուցաբերել եւ 23.000 դրամի փոխարեն նշանակել էին իր հասանելիք նպաստը` 33.000 դրամ. ընտանիքի նպաստի չափն ավելացրել էին:

10. 2015 թվականի ապրիլի 11-ին «Ժողովուրդ»-ն ահանզանգ էր ստացել. Գեղարքունիքի մարզի մի քանի` Հայրավանք, Ծովազարդ եւ Խաչաղբյուր համայնքներում ուժգին քամու հետեւանքով վնասվել եւ պոկվել էին տան տանիքները, շրջվել էին հենասյուներ: «Ժողովուրդ»-ն այս թեմային անդրադարձել էր. Հայրավանքում քամու հետեւանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել էին նրանց տների եւ անասնագոմերի տանիքները: Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետեւանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել էր: Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետեւանքով շուռ էր եկել, եւ գազի խողովակներն էին կոտրվել: Մեր հրապարակումից հետո ստեղծվել էին հանձնաժողովներ` վնասները չափելու ու փոխհատուցելու նպատակով:

11. 2017 թվականի փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին. գրել էր, որ խցերից մեկի խողովակները վնասված էին, ու ջուրը լցվում էր հենց խուց: «Ժողովուրդ»-ը լուսանկարներով նյութ էր հրապարակել, որից կարճ ժամանակ անց ՔԿՀ-ից տեղեկացրին, որ համապատասխան աշխատանքներ են կատարվել, եւ քիչ, թե շատ բարեկարգել են խցի պայմանները:

12. 2017 թվականի փետրվարի 7-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության աշխատողները չեն ստացել 4-5 ամսվա իրենց աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը դիմել էր Տավուշի մարզպետարան` պարզելու, թե Նոյեմբերյան ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձի պարտքերը երբ պետք է մարվեն: Մեր մի քանի հրապարակումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը. վերջիններս կատարել էին իրենց խոստումը եւ վճարել ՋՕԸ-ի աշխատողների մի քանի ամսվա աշխատավարձերը:

13. 2017 թվականի փետրվարի 27-ին ArmLur.am-ը գրել էր, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչ Աթիկ Խուրշուդյանը չարորակ ուռուցքի երկու վիրահատություն էր տարել: Նա լեզվի երկու վիրահատության էր ենթարկվել եւ չէր կարողանում խոսել ու տեղաշարժվել: Նրանք սպին վիրակապելու համար անգամ բամբակ չունեին. զուգարանի թուղթ էին դնում սպիի վրա: Հիվանդի վերքերը չէին լավանում, որովհետեւ վիրակապ դնելու համար գումար չունեին, հիվանդանոց չէին գնում: ArmLur.am-ի հրապարակումից հետո Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը արձագանքել էր խնդրին: Վերջինիս հրահանգներից հետո գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը գումար էր տրամադրել ընտանիքին:

14. 2016 թվականի մարտի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները վեց ամիս իրենց աշխատավարձը չեն ստացել: Արտադրամասի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի խոսքով` աշխատավարձերը վճարելու համար դիմել են բանկ, որպեսզի վարկ վերցնեն: Մեր հրապարակումից հետո` չանցած մեկ ամիս, արտադրամասի աշխատողների աշխատավարձերի մեծ մասը վճարվել էր:

15. 2017 թվականի նոյեմբերի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի դպրոցը չի ջեռուցվում եւ զուրկ է տարրական պայմաններից: Աշակերտների ծնողները հավաքվել եւ դժգոհում էին, որ դպրոցում չկան նորմալ պայմաններ: Մեր հրապարակումից հետո դպրոցում սկսել են վերանորոգման աշխատանքներ, որի ավարտից հետո ջեռուցման խնդիրը եւս լուծվել էր:

16. 2013 թվականի մայիսի 30-ին «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան (Սեւ հողերի) փողոցի բնակիչներից, որոնք դժգոհում էին իրենց փողոցի քանդված ասֆալտից, որը տարիներ շարունակ չէր վերականգնվում: Անձրեւոտ եղանակին փողոցը գրեթե անանցանելի էր: Մեր հրապարակումներից ու զանգերից հետո քաղաքապետարանից եկել եւ հարթեցրել էին ճանապարհը:

Եւ սա դեռ ամենը չէ: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Թագուհի Թովմասյանը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին` առաջադրվելով Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում: Լրագրությունից քաղաքականություն նրա անցումը բնական է: Այսօր նա ժողովրդի կողքին է, ոչ միայն իր ծննդավայրի բնակիչների, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիների: Նա լինելու է ժողովրդի կողքին, գործելու է ժողովրդի համար նաեւ ԱԺ-ում` որպես պատգամավոր:

Այնպես որ, ընտրելով Թագուհի Թովմասյանին, Գեղարքունիքի բնակիչներն իրոք ընտրում են մի մարդու, որ կարող է իրենց խնդիրների բարձրացնողն ու լուծողը լինել երկրի օրենսդիր մարմնում: Եվ իզուր չէ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս կատարած այցի ժամանակ, քաղաքացու կողմից բարձրացված հարցին ի պատասխան, ասաց. «Եթե Թագուհուն ասել եք, ապա նա թերթի գլխավոր խմբագիր է, նա հարցին էնպիսի հնչեղություն կարող է տալ, որ ինձ ասելու կարիք չկա»:




Լրահոս