Չի եղել մի հրամանատար, որ դիրք չի հանձնել. դե եկեք բոլորին գյուլենք. Սամվել Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու մեջ: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը, նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր:

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Արցախյան ազատամարտի օրերին Օմարի լեռնանցքում տեղի ունեցած իրադարձությունները ներքաղաքական իրադարձությունների կիզակետում լայն քննարկման թեմա է դարձել, եւ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին: Դուք` որպես այդ օրերին ԼՂՀ պաշտպանության նախարար, կմանրամասնե՞ք` ինչ է տեղի ունեցել:

-Առաջինը` Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել: Երկրորդը` ամբողջ Օմարից սկսած մինչեւ Արազ գետ, մինչեւ Հորադիզ մենք տարածքներ ենք հանձնել: Դա եղել է 1993 թվականի դեկտեմբերի 27-ին, հակառակորդը թափանցել է թիկունք, զորքերի մոտ խուճապ էր, ահագին տարածքներ հետ ենք քաշվել: Օմարում, Հորադիզում, Մարտակերտում եղել են ուղղության հրամանատարներ, որոնք կրում են այդ պատասխանատվությունը, եթե անգամ եղել է նման բան:

Բայց այդ հետքաշման պատասխանատվությունն ինչ-որ մի ջոկատի հրամատար չի կրում: Հետքաշման պատասխանատուն ընդհանուր ղեկավարն է՝ նախարարը: Սա բանակի կանոններն են: Իսկ դնել դա մեկ հատ խմբավորման կամ ջոկատի հրամանատարի վրա, ասել` հետ է քաշվել, պետք է գյուլեին, դա արդեն կինոյի ժանրից են պատմում, որի իրավունքը չունեն. եթե գյուլելու լինեինք, ասենք Օմարի, Մարտակերտի, բոլոր հրամանատարներին պետք է գյուլեին: Բայց պատերազմը պատերազմ է՝ իր օրենքներով:

Կարող է անսպասելի հարձակում լինել, տակտիկական նահանջ, բայց եւ դրանից հետո առաջխաղացում: Ամսաթիվը հիշեք՝ դեկտեմբերի 27` Նոր տարվա շեմին: Անսպասելի խուճապ է եղել: Ես բարձրաձայն կարող եմ ասել` չի եղել մի հրամանատար, որ դիրք չի հանձնել այդ տարիներին, դե եկեք բոլորին գյուլենք:

-Այսինքն` դա եղել է տակտիկական նահա՞նջ:

-Տակտիկական, անսպասելի հարված եղավ: Հայկական դիրքերը հետ են քաշվել: Ընդհանրապես դա ռազմական գործ է, եւ այդպես է լինում, որ հետ քաշվես, հասկանաս` հակառակորդն ինչ նպատակ է հետապնդում, նոր առաջադրանքներ ես դնում, եւ դա մենք արել ենք: Հետո, երբ մենք հասկացանք, մտածում էինք, թե ինչպես վերականգնենք կորցրածը: ՈՒ վերականգնեցինք:

Վերականգնեցինք այսպես. ինձ զանգահարում է Վազգեն Սարգսյանը, խնդրում է, որ մենք Ղարաբաղից մեր կողմից կազմակերպենք ինչ-որ քայլեր: Եվ մենք կազմակերպել ենք շատ փայլուն օպերացիա, եւ փետրվարի 14-ին Ադրբեջանը մեկ օրում կորցրել է 5 հազար զոհ: Մինչեւ այսօր էլ այդ հինգ հազարի տեղը ոչ ոք չգիտի, եւ սա ամենափայլուն օպերացիաներից մեկն էր:

Եվ հիմա ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, դա ապուշություն է: Իսկ երբ ասում են Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը գրավեցին տարածքներ, դա իրականությանը չի համապատասխանում, այնտեղ եղել է 71-րդ, 77-րդ առանձին գումարտակ, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, եղել է ինժեներական ամբողջ ծառայությունը, Լեւոն Մնացականյանի հրետանային դիվիզիոնը, Միքայել Հարությունյանը եւս:

Օպերացիան մշակել եմ ես, Վիտալի Բալասանյանին ուղարկել եմ այնտեղ, որ հակառակորդին շեղեն: Եվ մեր օպերացիան փայլուն իրականացրել ենք, եւ հակառակորդը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել, ինչպես է մեկ օրվա մեջ հինգ հազար զորք կորցրել:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ են հիմա սա ներքաղաքական քննարկումների առարկա դարձնում:

-Երբ 2016 թվականին ես եկա, նույն Ղարաբաղի այսօրվա ղեկավարն օրինակ բերեց, ասեց` պարոն Բաբայանն էլ է հանձնել Հորադիզը, արգումենտներ բերեցին: Պարոն Բաբայանը չի հանձնել, ընդհանրապես հանձնելու մասին չի խոսքը: Եղել է հակառակորդի հարձակում` անսպասելի, եւ ուժերը հետ են քաշվել, խուճապի են մատնվել: Բայց վերջնական արդյունքն այն է, որ արդեն 1994թ. մայիսին Ադրբեջանը խնդրում էր զինադադար:

-Պարո՛ն Բաբայան, իսկ դուք հետեւո՞ւմ եք ներքաղաքական գործընթացներին:

-Ինչ-որ չափով այո: Ակնհայտ է, որ հեղափոխությունն իրականացրած ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջին տեղում են լինելու, եւ կասկած չի հարուցում, որ մեծ ձայներ են ստանալու: Եվ եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարան չի անցնի:

-2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարում էիք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Այս անգամ ինչո՞ւ չներգրավվեցիք քաղաքականության մեջ:

-Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Հեղափոխությունն իրենք են արել եւ իրենք պետք է երկիրը կառավարեն, եւ պետք չէ, որ խանգարեն իրենց, ես էլ չցանկացա խանգարել: Հիմա այս ուժի հետագա հաջողությունները կապված են նաեւ կադրային քաղաքականությունից, պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր խելացի են, ունակ են նաեւ բանավիճելու, այլ ոչ թե առաջնորդվեն «шеф всегда прав» սկզբունքով: Իսկ եթե կլինեն հարցեր, կտեսնենք, որ միջամտելու անհրաժեշտություն է առաջացել, բնականաբար, չենք լռի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս