ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնանկության դատարանի ստեղծման շուրջ աղմուկը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը համակարգում առկա խնդիրների մասին զրուցել է Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի հետ:

-Դատական համակարգում փոփոխությունը սկսեց ապրիլից, ստեղծվեց նոր մարմին` ԲԴԽ-ն: Բայց մինչեւ օրս ԲԴԽ-ի աշխատանքից միայն դժգոհություններ են, ինչո՞ւ:
ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ու գործառույթների ծավալն ամրագրված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Դրանք տարանջատված են կարճաժամկետ եւ երկարաժամկետ փուլերի:
Որպես կարճաժամկետ գործառույթի իրականացում` ԲԴԽ-ն կազմավորվելուց հետո որոշմամբ ամրագրել է շուրջ քառասուն գործողությունների պլան եւ ժամանակացույց, որոնց համապատասխան կարծես թե գործում է, եւ, բնականաբար, կայացրած որոշումների շահառուների մի մասը դրանցով բավարարված կլինի, մի մասը դժգոհ: Կան որոշումներ, որոնց հետ ինքս համակարծիք չեմ, սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության եւ կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է, որ, իսկապես մտահոգության առիթ հանդիսանալով հանդերձ, այնուամենայիվ, ուղղակիորեն կապված է գործող իրավակարգավորումների հետ: Միեւնույն ժամանակ, որպես իրավաբան, պետք է ընդունենք, որ ԲԴԽ անդամները` որպես պետական իշխանության որոշ լիազորություններ իրականացնելու համար պատվիրակված անձինք, պարտավոր են կատարել միայն այն, ինչ օրենսդրությամբ լիազորված են, իսկ ինչպես արդեն նշեցի, գործող օրենսդրությամբ ԲԴԽ նիստում բաց քվեարկության եւ կայացրած որոշումները պատճառաբանելու ընթացակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը տեսնում եմ օրենսդրական փոփոխությամբ, եւ հենց նաեւ դրանով է պայմանավորված դատավորների ընդհանուր ժողովի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը:
-Անդրադառնալով Ձեր նշած աշխատանքային խմբի ստեղծմանը` պետք է նշել, որ երբ դրա մասին բարձրաձայնվեց, հանրության մոտ կարծիք ձեւավորվեց, թե այն ստեղծվել է ԲԴԽ դեմ:
-Տեսեք, հաճախ մենք տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, սակայն իրականությունը սովորաբար այլ է:
Դատական իշխանությունը, ի տարբերություն իշխանության մյուս երկու ճյուղերի, կաշկանդված լինելով կատարած աշխատանքի վերաբերյալ բազմաշերտ տեղեկատվություն տալու, հանրության, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների քննադատական մոտեցումներին արագ արձագանքելու օրենսդրական արգելքով, չունի նաեւ բավարար ռեսուրս դատարանների աշխատանքը հանրայնացնելու համար: Մի շարք խնդիրներով մտահոգ մի խումբ դատավորներով նախաձեռնեցինք աշխատանքային խմբի ստեղծումը, եւ դատավորների ընդհանուր ժողովը հավանություն տվեց: Աշխատանքային խմբի գործառույթը եւ նպատակը առավել հստակ է եւ ամրագրված է այն որոշմամբ, որով ստեղծվել է խումբը: Այն ուղղված չէ որեւէ անձի կամ որեւէ կառույցի դեմ, այն ստեղծվել է ոչ թե ընդդեմ, այլ հանուն գործելու: Նպատակը դատական իշխանության հեղինակության եւ անկախության ամրապնդմանն առընչվող հարցերի շուրջ համապատասխան մարմիններին առաջարկներ ներկայացնելն է: Խումբը ձեւավորվել է կամավորության սկզբունքով, ունի տասներկու անդամ, ներկայացված են դատական իշխանության բոլոր ատյանները եւ մասնագիտացումները: Թեպետ տեխնիկական պատճառներով դեռեւս խմբի աշխատակարգը ընդհանուր ժողովը չի հաստատել, սակայն կարծում եմ` առաջիկայում այն կհաստատվի:
-Ինչո՞ւ մարդիկ չեն վստահում դատարաններին:
Անվստահությունը ծնող բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառների թվում կառանձնացնեի գործերի երկարատեւ քննությունը, որը բերում է ուշացած արդարադատության: Սակայն սրանում դատավորների մեղքի բաժինը չկա կամ առանձին դեպքերում նվազագույն է: Օրինակ` 2017 թվականի ընթացքում քաղաքացիական արդարադատության ոլորտի 91 դատավոր քննել են շուրջ 140 հազար գործ: Այլ երկրների համեմատ մեզ մոտ դատավորի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ բարձր է, ինչն էլ բերում է գործերի երկարաժամկետ քննության: Խնդրի լուծումը տեսնում եմ ինչպես դատավորների քանակի ավելացման, այնպես էլ դատարանների բեռնաթափման վեճերի արտադատարանական լուծման հնարավորութան միջոցով:
Սուբյեկտիվ գործոնների մեջ կառանձնացնեի առանձին անհատների, խմբերի կողմից դատական իշխանությունը հեղինակազրկող հրապարակային արտահայտությունները, որոնք, ազդելով հանրույթի զգայական մակարդակի վրա, բերում են անվստահության աճի: Կարծում եմ` նաեւ դա է պատճառը, որ դատավոր դառնալ ցանկացողների թիվը տարեցտարի պակասում է. մեկ տեղի հավակնորդների մրցակցությունը յոթ տարվա կտրվածքով շուրջ 4 անգամ նվազել է:
Բայց անշուշտ հասարակության վստահության համար կարեւոր է հենց դատավորի անձը` սկսած իր մարդկային որակներից մինչեւ վարքագիծ եւ պրոֆեսիոնալ աշխատանք: Անգամ մեկ հոգու թերացումը ստվեր է գցում ամբողջ համակարգի վրա, ստեղծում է դատավորի բացասական կերպար, ինչի ազդեցությունն իրենց վրա, ցավոք, զգում են նաեւ համակարգի բազմաթիվ պարկեշտ ու պրոֆեսիոնալ աշխատողները:
Ձեր կարծիքով` սնանկության դատարանի անհրաժեշտությունը կա՞ր:
-Խոսել այն մասին` Սնանկության դատարանը պետք էր, թե ոչ, ժամանակավրեպ է, քանի որ արդեն հունվարի մեկից դատարանը գործելու է:
Միասնական դատարանի ստեղծումը կբացառի հասցեական արդարադատության հնարավորությունը: Սնանկության ոլորտում միասնական դատական պրակտիկայի ձեւավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: Առանձին դատարանի պարագայում հնարավոր կլինի միասնական դատական պրակտիկայի ամբողջական վերլուծության արդյունքում նաեւ օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ Սնանկության դատարանը դադարի հիմնականում տնտեսվարողի անվճարունակությունը հաստատող մարմին լիելուց, այլ ունենա գործիքակազմ, որը հնարավորություն կտա, օրինակ, բիզնես ճգնաժամային կառավարչի ներգրավմամբ գնալ բիզնեսի առողջացման ճանապարհով: Այս սկզբունքային մոտեցման արդյունքում կլուծվի մեկ այլ կարեւոր հարց` կբարձանա տնտեսվարողի վստահությունը դատարանի նկատմամբ, իսկ այն իր հերթին շատ կարեւոր է արտաքին ներդրումների խթանման համար:
-Դատավորներին «զանգելու» թեման շատ է քննարկվում: Ձեզ վրա երբեւէ ճնշում չի՞ գործադրվել կամ ուղղորդում չի՞ եղել որեւէ գործով:
-Դատավորը պատասխանատու է բացառապես օրենքի եւ իր խղճի առաջ: Ձեր հարցին ուղիղ պատասխանեմ` ոչ, չի եղել, եւ կարծում եմ` չի էլ լինի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՓՈԽՎԵԼ
Դեռեւս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը, եւ պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով: Ուսանողների կանխիկ մուծած վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են համապատասխան կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Այս գործը դեռեւս 2016թ. ուղարկվել էր դատարան, եւ արդեն 2 տարի է` քննություն էր ընթանում: Բայց հիմա գործի դատաքննությունը կանգ է առել դատավորի փոփոխության պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննում էր դատավոր Արշակ Վարդանյանը, իսկ նա օրերս նշանակվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, եւ գործը տեղափոխվել է այլ դատարան: Հիմա այս գործը պետք է քննի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որի անունը հայտնի է Ժիրայր Սէֆիլյանի դատաքննությունից. նա Սեֆիլյանի գործով դատավորն էր:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրել է Հայկ Սարգսյանի պաշտպանի` Երեմ Սարգսյանի դիմումը, որով նա հայտնել էր, որ գտնվում է Արագածոտնի մարզում եւ հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին եւ խնդրում է հետաձգել դատական նիստը: Հայկ Սարգսյանը եւս չի համաձայնել առանց իր պաշտպանի ներկայության անցկացնել դատական նիստը: Նշենք, որ դատարան էր ներկայացել տուժող Դավիթ Սիմոնյանը: Դատարանի հարցին, թե ինչու չէր ներկայանում նիստերին, նա ասել է, որ ծանուցվել է մեկ անգամ եւ այդ ընթացքում հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան: Դատարանը հետաձգել է դատական նիստը` բավարարելով պաշտպանի միջնորդությունը:

 

 

ԿՄԵԿՆԻ
ԱԺ ՀՀԿ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է` վերջինս մնա եւ իր գործունեությունը շարունակի Հայաստանում, ասել է. «Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երկրից երբեք չեմ գնալու: Երկրից ես չեմ կարող կտրվել որեւէ պարագայում: Առիթ ունեցել եմ ասելու` իմ կենսագրության տարբեր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն եւ առաջարկներ երկրից դուրս տարբեր միջազգային կառույցներում աշխատելու, բայց մերժման պատճառը եղել է այն, որ ինչ-որ ժամանակահատված ես գտվել եմ դրսում, բայց սա մեր երկիրն է, գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային: Անկեղծ եմ ասում` աշխատանքային խնդիր չունեմ»:

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ը ՄՆԱՑ
ԱԺ արտահերթ նիստում 54 կողմ եւ երկու ձեռնպահ քվեարկությամբ ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսպիսով, ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26:

 

 

ԿԱՐԳԱԽՈՍԸ ՀԱՅՏՆԻ Է
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլ»-ը նախընտրական դաշինքի կարգախոսը` «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն»:

 

 

ԲՀԿ-ՈՒՄ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում եւ առաջադրված է նաեւ վարկանիշային ընտրակարգով: Նա լինելու է ռեյտինգային թեկնածու` թիվ 1 ընտրատարածքում` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն: Մ. Խաչատրյանը համամասնական ցուցակում 24-ն է:




Լրահոս