ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարո՛ն Բագրատյան, հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը` ինչպե՞ս եք գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերը: Ո՞ր ուժը կլինեք խորհրդարանում:
-Դա պետք է ժողովուրդը որոշի: Կարծում եմ` ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: Ժողովրդի հավաքական իմաստությունը միշտ հաղթել է պատմության ողջ ընթացքում:
-Տեսնելով ժողովրդի տրամադրվածությունը` ի՞նչ եք կարծում, հասարակության մեջ կա՞ պահանջ ԲՀԿ-ին կրկին տեսնելու խորհրդարանում:
-Այն միջավայրում, որտեղ ես հանրային հարաբերությունների մեջ եմ, իհարկե, կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը տնտեսական հեղափոխության մեջ էական է:
-Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք քարոզարշավին:
-Ես նաեւ վարկանիշային թեկնածու եմ: Բնականաբար մասնակցելու եմ:
-Մտածե՞լ եք` ինչ ֆորտամով եք քարոզչություն իրականացնելու:
-Քարոզարշավը լինելու է դռնեդուռ, քայլելու ենք, բակային հանդիպումներ են լինելու: Այլ բաներ եւս մտածել ենք, սակայն դա դեռ թող գաղտնիք մնա:
-Շատերը Նիկոլ Փաշինյանի` Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզ այցելություններն ու բնակչության հետ հանդիպումները որակեցին վարչական ռեսուրսի կիրառում: Ըստ Ձեզ` սա իրո՞ք վարչական լծակի կիրառում է:
-Վարչական լծակի կիրառում ձեւակերպումը պետք է կարողանալ հստակ ձեւակերպել: Վարչական լծակ ասելով` պետք է հասկանալ, որ գործող իշխանությունը օգտագործում է իր կառավարման լծակները: Առայժմ նման փաստեր չկան: Վարչապետի պաշտոնակատարը պարտավոր է ներկայացնել հեղափոխության իրական շարունակությունը, այն է` որեւէ վարչական լծակ պետք է բացառել, եւ չպետք է լինի ընտրակաշառք: Հիմա նա էդպես էլ անում է, ես իր ելույթներից դա եմ հասկանում եւ ընդունում եմ, որ իսկապես այդպես էլ պետք է լինի:
-Գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ էր խոսվում այն մասին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն ֆինանսական միջոցներ է կիրառում: Այնուամենայնիվ, հիմա ԲՀԿ-ն կարո՞ղ է վստահ հայտարարել, որ կուսակցության կողմից ֆինանսական միջոցների կիրառում չի լինելու:
-Վարչական որեւէ լծակ, ֆինանսական որեւէ ռեսուրս, առհասարակ, որեւէ քաղաքական ուժի կողմից չի օգտագործվելու, այդ թվում` նաեւ ԲՀԿ-ի կողմից: Այս իրավիճակում բացառված է, որ որեւէ մեկը կարող է նման բան անել:
-Պատգամավոր Արթուր Մանուկյանը ինքնաբացարկ հայտարարեց: Ինչի՞ հետ էր սա կապված: Ներկուսակցական վեճեր են եղե՞լ:
-Դուք դա կարող եք ճշտել Արթուր Մանուկյանից: Մեր կուսակցությունում ինչ-որ բաներ չեն լինում: Ամեն ինչ լինում է բաց եւ թափանցիկ:
-Լուիզա Սարգսյանը, Մարինա Մարգարյանը, Արգամ Աբրահամյանը չկան Ձեր ցուցակներում: Ինչո՞ւ:
-Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր ճանապարհը: Որեւէ մեկ անձ, պայմանավորված քաղաքական իրողություններով, որոշումներ է կայացնում: Կոնկրետ գիտեմ, որ Լուիզա Սարգսյանը զբաղվում է դասախոսական աշխատանքով եւ ինքը ասել է, որ հիմա իրեն տեսնում է դասախոսական եւ գիտական գործունեության մեջ:
-«Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը պետք է գիտակցի, որ սա պարզապես ԱԺ ընտրություն չէ: Ընտրելով որեւէ կուսակցության` ժողովուրդը տվյալ կուսակցության առաջին համարին ընտրում է որպես իր վարչապետ: Համաձա՞յն եք այս ձեւակերպման հետ:
-Տեղյակ չեմ պարոն Պապիկյանի հայտարարության մասին: Ամեն դեպքում, կարծում եմ` ժողովուրդը գիտակից ընտրություն կկատարի:
-Այս ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ցանկացած քաղաքական ուժ ընտրություններին մասնակցում է ժողովրդի վստահությունը ունենալու համար: Մենք էլ բացառություն չենք:
-Ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը բողոքում էին, որ քաղաքական դաշտը բաժանվել է սեւերի եւ սպիտակների: Ըստ էության, քարոզարշավը բավականին սրվեց դրա պատճառով: Ի՞նչ եք կարծում, այս անգամ ինչպե՞ս կլինի:
-Ես չեմ կիսում այն կարծիքը, որ պարոն Փաշինյանը քաղաքական դաշտը կիսել է սեւերի եւ սպիտակների: Հասարակությունը ունի մեկ խնդիր եւ մեկ նպատակ` կառուցել բարգավաճ, հզոր Հայաստան:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ նախորդ անգամ պայքարը այդքան սրվեց:
-Սրացումը տեսանելի է եղել լրագրողական հետաքննության ոլորտին: Իրականության մեջ որեւէ սրացում չի եղել: Իրականության մեջ եղել է կարծիքների հակադրություն, որն արտահայտել է քվեարկության արդյունքները: Քաղաքական պայքարը ունի իր բովանդակությունը, եւ եթե չկան վիրավորանքներ, չկան մեղադրանքներ, մնացածը պետք է դիտարկել որպես մրցակցություն:

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՐԹ ԷԻՆ ԿԱՆԳՆԵԼ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։

-Տիկի՛ն Աճեմյան, պարոն Արթուր Բաղդասարյանը հասարակությունից ներողություն խնդրեց, որ 10 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել։ Ըստ Ձեզ` ինչի՞ հետ է սա կապված, ՀՀԿ-ի հետ կոալիցիան այդքան վա՞տ բան էր։
-Չեմ կարող ասել` ինչի հետ է կապված։ Կարծում եմ` կոռեկտ էլ չէ դա մեկնաբանել, որովհետեւ, ըստ իս, այն քաղաքական ուժերը, որոնք, իրավիճակից ելնելով, տվյալ պահին կոալիցիա են կազմել եւ իշխանության պատասխանատվություն են կրել, հետագայում երբեւիցե այդ մասին չպետք է խոսեն այդ տոնայնությամբ։ Կարծում եմ, որ դա ընդամենը պոպուլիստական հայտարարություն է, դա ուղղված է նրան, որ ՀՀԿ-ն այսօր իշխանություն չէ, եւ կարծես ժողովրդի մոտ իրենց կարծիքով իրենք բալեր են հավաքում։ Որեւէ ուժ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելիս դա չի արել պարտադրանքով, չի արել սրիպողաբար։ Խոհեմ չէ, որ քաղաքական գործիչը, այն էլ` 10 տարի անց, նման հայտարարություն է անում։
-ՀՅԴ-ն էլ ժամանակին իր հերթին հայտարարեց, որ իրենց վարկանիշը ընկել է, որովհետեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում է եղել։
-Քաղաքական ուժերը ժամանակին հերթեր էին կանգնում կոալիցիա կազմելու համար։ Հիմա այդ ձեւով խոսելը ոչ մեկին հարիր չէ։ Կարծում եմ` քանի որ իրենց վարկանիշը բավականին ընկել է հենց նույն հասարակության աչքերում, իրենք շատ անհասկանալի պատճառաբանություններ են հորինում, որոնք պարզապես լուրջ չեն։ Վաղը, մի տարի հետո հնարավոր է` նորից կոալիցիաներ լինեն կամ տարբեր ձեւերով համատեղ աշխատանքներ։ Չի կարելի նման կերպ ջնջել այն ամենը, ինչ անցյալում եղել է։
-Հասարակության հետ շփվելով` ի՞նչ եք նկատում։ ՀՀԿ-ի նկատմամբ տրամադրվածությունը փոխվե՞լ է։
-Այո։ Մարդիկ հասկանում են, որ իրենց խաբել են։ Այսինքն` այն բոլոր խոստումները, որոնք տրվել են իշխանության գալիս Նիկոլ Փաշինյանի կողմից, ոչ մի խոստում չի կատարվել, չի կատարվելու։ Տնտեսությունը հետընթաց է ապրում, տեսնում ենք, որ որեւէ զարգացում մեր երկրում չկա։ Հակառակը, մենք վարկանիշ ենք կորցնում, եւ այս առումով, իհարկե, պետք է կույր լինել, որ սա չտեսնել։ Ամեն ոք վաղը ընտրության գնալուց պիտի վերլուծի ու հասկանա սա։ Եթե մի քաղաքական ուժի խոսքի եւ գործի մեջ կա նման ահռելի հակասություն, ապա պետք է լրջորեն մտածել` արդյոք այդ ուժը վաղը կիրականացնի՞ այն խոստումները, որը տվել է։

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ՈՎՔԵՐ
Երեկ խորհրդարանում 66 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Եվ չնայած օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե կողմ են քվեարկելու պետական բյուջեի նախագծին, սակայն արդեն երեկ ասաց, որ խմբակցությունն ազատ է թողնված եւ որպես այդպիսին միասնական որոշում չկա: Ըստ այդմ, դեմ քվեարկեցին Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը եւ Կարինե Աճեմյանը: Իսկ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էին Սամվել Նիկոյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Կային նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր ուղղակի չմասնակցեցին բյուջեի քվեարկությանը: Նրանցից են` Մարգարիտ Եսայանը եւ Գալուստ Սահակյանը: Չնայած բյուջեի նախագիծը ընդունվեց, սակայն բացականեր կային նաեւ ՀՅԴ-ում, «Ելք»-ում եւ «Ծառուկյան» դաշինքում: Օրինակ` Վահե Էնֆիաջյանը եւ Իվետա Տոնոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ գտնվում են ՌԴ-ում, սակայն, ի տարբերություն վերջինիս, նրանք գրություն են ուղարկել եւ հայտնել, որ կողմ են նախագծին: Գործուղման էին Միքայել Մելքումյանն ու Հովիկ Աղազարյանը, ովքեր եւս գրություն էին ուղարկել: Իսկ ահա Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը, Սուրեն Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը, Վարդան Ղուկասյանը, Հրանտ Դավթյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը եւ այլ պատգամավորներ պարզապես չէին ներկայացել նիստին: Իհարկե նախընտրական շրջանը սկսվում է, եւ նրանք շատ ավելի կարեւոր գործով են զբաղված, քան բյուջեի նախագծի քվեարկությունը:

 

 

ՍԱԴՐԻՉՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Թավշյա հեղափոխության օրերին անկարգություններ թույլ տված, համայնքի գույքը ոչնչացրած անձանց գործը հասավ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոման Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 17-ին` ժամը 23-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկում մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն, որի ժամանակ ոչնչացրել եւ վնասել է գույք: Ի դեպ, իրավապահները բացահայտել են, որ Մուրադյանը նախկինում ազատազրկման է դատապարտված եղել ապօրինի զենք պահելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխության ցույցերի ժամանակ նախկին իշխանություններն իրենց սադրիչներին էին ուղարկել անկարգություններ հրահրելու եւ այդպես ցույցերը ցրելու հիմքեր ստեղծելու համար:




Լրահոս