ԱՄՆ վերնախավը ժողովրդավարության նոր դաս տվեց աշխարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր Ամերիկայի Միացյալ Նահնագները կրկին ողջ աշխարհին ապացուցեց կառավարման համակարագում առկա ժողովրդավարական հատկանիշը։ Դա դրսեւորվեց ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի դեմոկրատների առաջնորդների բանակցության ու, մասնավորապես, հրապարակային բանավեճի միջոցով։ Կարելի է ասել՝ ԱՄՆ-ի համակարգային ժողովրդավարությունը ցույց տվեց, թե դրա առկայությամբ որքան կենսունակ է պետությունը՝ որպես դաս լինելով մյուսների համար։

ԱՄՆ-ում կառավարող վերնախավի ներսում առաջացած խնդիրներն ու հակասությունները լուծելու հիմնական գործիքը բանակցություններն են։ Դա ընդունված ավանդույթ է՝ կոփված տարիներով ու վերածված կառավարման համակարգի առանձնահատկության։ Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների առաջնորդները մշտապես բանակցում են միմյանց հետ պետության կարեւորագույն հարցերի լուծումները գտնելու համար, ինչի օրինակ էր վերոնշյալ հանդիպումը։ Գործադիրի ղեկավարությունը բանակցում էր օրենսդիրում փաստացի ընդդիմության առաջնորդների հետ պետության տարեկան բյուջեն մշակելու ու ընդունելու համար։ Բյուջեի ֆինանսական ծախսերի հարցը ԱՄՆ-ում օրենսդիր-գործադիր հարաբերություններում մշտապես խիստ առանցքային է՝ լուրջ բանավեճեր հարուցելով։ Քանի որ բյուջեն ներկայացնում է կառավարությունը, բայց պետք է հաստատվի Կոնգրեսի մեծամասնության կողմից, հարցը քաղաքական դիվիդենտներ շահելու, միմյանցից զիջումներ կորզելու գործիք է դառնում։ Անցյալ տարի Թրամփն ու դեմոկրատները չկարողացան պայմանավորվել, ինչի արդյունքում կառավարությունը «փակվեց»: Սա ամերիկյան իրավաքաղաքական նորմ է, երբ բյուջեն չի հաստատվում, կառավարությունը հարկադրական պարապուրդի է մատնվում, այսինքն՝ բացառությամբ հիմնական պաշտոնյաներից` մնացած բոլորը չվճարվող պարապուրդի մեջ են գտնվում։

Դա ոչ միայն բացասական է ազդում մարդկանց կենսամակարդակի տեսնակյունից, այլեւ հարվածում է պետական մարմինների, արտաքին հարաբերությունների ու, կարելի է ասել, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին։ Եվ հիմնականում թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունները խուսափում են այդ քայլին գնալուց նաեւ չհարուցելու համար հանրության դժգոհությունը, քանի որ շատերի համար բնավ էլ կարեւոր չէ, թե ում մեղքով է առաջանում հարկադիր պարապուրդը։ Այդ պատճառով էլ գործը մինչ կհասնի նման զարգացման, կողմերը փոխզիջումային տարբերակ, այդուհանդերձ, գտնում են։ Այս տարի նույն խնդիրն է, սակայն Թրամփը կարծես միտք չունի նահանջելու։

Դա դրսեւորվեց վերոնշյալ բանակցությունների մեկնարկին, երբ կողմերը լրատվամիջոցների համար նախատեսված արարողակարգային մասում արդեն իսկ սկսեցին միմյանց մեղադրել բյուջեն չհաստատելու պատասխանատվության մեջ։ Առհասարակ, արարողակարգային հատվածներում նման բանավեճերը ընդունված չեն, եւ կողմերը մնում են կոռեկտության ու ոչինչ չասող հայտարարությունների շրջանակներում, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ։ Նախագահ Թրամփը՝ մի կողմից, Փելոսին ու Շումերը՝ մյուս, քանիցս միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրին, պատասխանեցին դիմացինին, ընդհատեցին միմյանց խոսքը եւ այդ ամենը զլմ-ների ներկայացուցիչների առաջ։ Այդ բանավեճի տեսանյութերը առատորեն տարածվեցին՝ ի ցույց դնելով, թե ինչ տաք մթնոլորտ է տիրում փակ դռների հետեւում, երբ ոչ մի կողմը չի ցանկանում նահանջել։ Ի դեպ, հաշվի առնելով լրագրողների ներկայությունը` չի բացառվում, որ կողմերը նաեւ ինքնադրսեւորվում էին հանրությանը ցույց տալու իրենց անզիջում կեցվածքը, իսկ իրական բանակցությունների ժամանակ ավելի կոմպրոմիսային են։

Զարմանալի չէ, իհարկե, որ բանավեճի հիմնական դերակատարը նախագահ Թրամփն էր, որը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, շեշտում էր, որ բյուջեում պետք է նախատեսվի Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով հսկայական պատի կառուցումը։ Դրան դեմոկրատները խիստ դեմ են եւ հրաժարվում են ներառել հարցը բյուջեում։ Ուստի եթե նախագահը բյուջեի նախագածում պահպանի պատի կառուցման պայմանը եւ այդ ձեւով դրվի քվեարկության, այն կմերժվի։ Շումերը դա պարզ հասկացրեց Թրամփին՝ շեշտելով, որ առանց պատի էլ է հնարավոր ապահովել սահմանի անվտանգությունը։ Կողմերը թեժ բանավեճի արդյունքում չհանգեցին կոնկրետ եզրակացության՝ նախընտրելով շփվել փակ դռների ետեւում։

Այդուհանդերձ, իրապես գնահատելի էր, որ նախագահն ու օրենսդիրի ընդդիմության ղեկավարությունը հանրությունից չթաքցրին իրենց տարակարծություններն ու դրանք ողջ ծավալով հրապարակային դարձրին։ Ըստ էության, երկու կողմն էլ չկաշկանդվեց այդ հանգամանքից, դեռ ավելին՝ ինքնստինքյան ստեղծված իրավիճակում անգամ փորձեցին օգուտներ քաղել։ Նման բանավեճի առկայությունն ու հատկապես դրա ոչ ձեւական, հրապարակային բնույթն ինքնին խոսում են ամերիկյան կառավարման համակարագի կենսունակության մասին։ Իսկ վերջինս ապահովված է առաջին հերթին ժողովրդավարությամբ, երբ անկաշկանդ զրույցը վերաճում է բանավեճի, ու ոչ ոքի մտքով չի անցնում վախենալ դրանից՝ նախընտրելով կուլիսային ու գիշերային թաքուն պայմանավորվածությունները։ Հայաստանում նման բանավեճեր տեղի չեն ունեցել, ուստի անհնար է ռեալ համեմատություն անցկացնել։

Դա էլ արդյունք էր այս տարիների ընթացքում անձնակենտրոն իշխանության, երբ խորհրդարանը մեկ անձի կցորդն է եղել եւ երբեւէ լուրջ ընդդիմախոսությամբ հանդես չի եկել։ Այսօր, սակայն, արդեն բոլոր պայմանները ստեղծված են, որ խորհրդարանն ու կառավարությունը ինքնադրսեւորվեն իրար հետ ունեցած տարակարծությունները բաց ասելու, հրապարակայնորեն ներկայանալու ու հանրությանը դրան անմիջական մասնակից դարձնելու միջոցով։ Ժողովրդավարական կերպարանք կրող քաղաքական համակարգի առողջությունը պայմանավորված է թափանցիկությամբ, ինչն էլ պայմանավորում է պետական ինստիտուտների ամրությունը։

Ն.Հովսեփյան




Լրահոս