Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ չանցած քաղաքական ուժերն իրավմամբ վերակազմավորման, վերաիմաստավորման կարիք ունեն: Նախկինում` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը ձախողվում էին, նրանց համար շատ հեշտ էր արդարացումներ գտնելը: Եվ հիմնականում, երբ այս կամ այն ուժը ձախողվում էր ընտրությունների ժամանակ եւ չէր հաղթահարում անցողիկ շեմը, արդարացնում էին իշխանությունների կողմից կեղծիքներով եւ մեկնաբանում, թե իրենք իրականում ավելի շատ ձայներ են հավաքել, եւ այն պակասեցրել են:
Սակայն ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրություններից հետո ոչ ոք կասկածի տակ չի դնում արդյունքները, նույնիսկ ՀՀԿ-ն, չանցնելով խորհրդարան, ճանաչեց դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այդպես եղավ նաեւ Երեւանի ավագանու եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Այսինքն` արձանագրենք մեկ բան, որ քաղաքական ուժերը ձախողվեցին ոչ ընտրակաշառքի կամ ընտրությունների ժամանակ այլ խախտումների պատճառով, եւ եթե նախկինում ամեն ինչում հեշտ էր մեղադրել Սերժ Սարգսյանին եւ իշխանություններին, ապա հիմա այդ տարբերակը չի աշխատում: Եվ նաեւ դա է պատճառը, որ որոշ ուժեր հեռատես գտնվեցին. գնահատելով իրենց շանսերն ու այդ հանգամանքը` հրաժարվեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին:
Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության պարագայում Երեւանի ավագանու ընտրություններում շատ ցածր ձայներ ստանալուց հետո հրաժարվեցին մասնակցել համապետական ընտրություններին: Եվ սա այն պարագայում, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին ընդդիմադիր առաջնորդի հավակնությոն էր ներկայացրել, տարիներ առաջ մոտ 500 հազար ձայն ստացել նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն ավագանու ընտրություններից բացի մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին եւ ձախողեցին, իսկ նրանց հույսը հիմնականում մարզերից հնարավոր ձայներն են եղել:
Եվ ահա ընտրություններից հետո առաջին վերափոխումը եղավ հենց ՕԵԿ-ի պարագայում: Չնայած այն բանին, որ Արթուր Բաղդասարյանի հանդեպ տարիներ շարունակ քննադատություն է եղել, վստահ կարող ենք ասել` եթե քաղաքականության մեջ նա մեկ ճիշտ որոշում է կայացրել, ապա դա այս որոշումն էր: Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ փորձ եղավ սերնդափոխություն անել, սակայն եղավ ժառանգականություն, եւ ՕԵԿ կարկառուն ներկայացուցիչների զավակները կշարունակեն ծնողների գործը:
ԵՎ ՕԵԿ արդեն նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի օրինակին պետք է հետեւեն շատ կուսակցություններ եւ գործիչներ: Եվ վերջիններս ոչ թե միայն պետք է հեռանան կուսակցությունից կամ զիջեն ղեկավար պաշտոնները, այլ առհասարակ հեռանան քաղաքականությունից: Չնայած ՀՀԿ-ի դեպքում իրավիճակը այլ է. գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ եղել են անձինք, ովքեր ՀՀԿ-ի կողքին են եղել միայն պաշտոնի եւ փողի համար, այլ ոչ թե գաղափարի: Իսկ իսկապես կուսակցականները, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո չհեռացան կուսակցությունից, հիմա էլ բարոյական պատասխանատվություն կունենան եւ այժմ էլ չեն հեռանա:
Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն կփորձի ժամանակ ձգել եւ մի փոքր պահել Սերժ Սարգսյանին, ով դեռեւս կարողանում է համախմբել շատերին: Սակայն կուսակցություններն ինքնակամ պետք է գնան վերակառուցման ճանապարհով: Այս իրավիճակում մենք գործ ունենք նոր Հայաստանի հետ, որտեղ երիտասարդների ժամանակն է եւ նրանք են առաջ գալիս: Տարիքով ավագ սերունդը խորհրդատուի կարգավիճակում պետք է լինի: Եվ արտահերթ ընտրություններից հետո վստահաբար կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի հետնորդը չպետք է լինի Վիգեն Սարգսյանը, այլ մեկ ուրիշը, ինչու ոչ, օրինակ, Տարոն Մարգարյանը, ով կարող է առավել ընդունելի լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ երբեմնի առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
ՀՅԴ-ի դեպքում եւս սերնդափոխության անհրաժեշտություն կա, մանավանդ որ Հրանտ Մարգարյանի հանդեպ ներքին դժգոհության ալիքի մասին միշտ խոսվել է: Ենթադրվում է՝ հաջորդ տարի նրանք կգնան այդ քայլին, քանի որ սպասվում է ընդհանուր ժողով:
Սերնդափոխության, վերակազմավորման ճանապարհով պետք է գնան մյուս կուսակցությունները եւս: Օրինակ` նույն «Մենք» դաշինքի կազմի մեջ մտնող «Հանրապետություն» կուսակցությունը երկար տարիներ է, ինչ համագումար չի արել, նոր վարչություն չի ընտրել: Այս կուսակցության անդամները հիմնականում մեծահասակներ են եւ մնացել են այնտեղ հենց Արամ Սարգսյանի համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ դեռ 2017 թվականի ընտրություններից հետո էր ցանկանում համագումար անել, սակայն այդպես էլ չեղավ: Եվ հաշվի առնելով նախատոնական շրջանը` հաջորդ տարի թերեւս կարելի է սպասել փոփոխություններ արտախորհրդարանական դաշտում:
Նաիրա Հովհաննիսյան