«ԻՄ ՔԱՅԼԻ» ՁԱՅՆԵՐԸ` ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Եվ հետաքրքիր է, որ անգամ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ընտրություններին մասնակից 11 ուժերից միայն «Իմ քայլը» դաշինքն է հայտարարում, որ գալիս են ամբողջական իշխանությունը վերցնելու: Մյուս ուժերը պայքարում են երկրորդ տեղի համար եւ իրենց ելույթներում շեշտում են, որ հենց իրենք են լինելու երկրորդը:

Սակայն երկրորդ տեղի համար պայքարն ու հետագա խորհրդարանի ձեւավորումը եւս մեծամասամբ կախված է «Իմ քայլը» դաշինքից եւ նրա ստացած ձայներից: Բանն այն է, որ խորհրդարանում պատգամավորների թիվը ստատիկ չէ եւ այժմ գործող 101-ի փոխարեն այն կարող է ավելի շատ լինել, եւ հենց դա էլ է կրկին կախված «Իմ քայլը» դաշինքի ստացած ձայներից: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի հստակ պահանջն է, որ պատգամավորների թվի 3/5-րդը պետք է լինի երկրորդ տեղը զբաղեցրած ուժը, որն ընդդիմադիրն է լինելու: Եվ այս պարագայում ստացվում է` որքան շատ լինի «Իմ քայլը» դաշինքի հավաքած ձայների քանակը, այնքան էլ շատ մանդատներ կունենա երկրորդ տեղը զբաղեցրած ուժը:
Օրինակ` «Իմ քայլը» դաշինքը կարող է ստանալ 80 մանդատ, եւ այս պարագայում պատգամավորների ընդհանուր թիվը պետք է այնքան շատ լինի, որ դրա 3/5-րդը լինի ընդդիմադիր ուժ: Այս պարագայում խոսքը 130-ից ավել պատգամավորի մասին է: Եվ հետաքրքիրն այն է, որ այս պարագայում երկրորդ տեղը զբաղեցրած ուժն անգամ 10 տոկոս ձայն ստանալու պարագայում ոչ թե կունենա 10 մանդատ, այլ 30-ից ավելի` բոնուսային համակարգի շնորհիվ: Իհարկե, այս պարագայում եւս գործ ունենք բացասական երեւույթի հետ: Նախ, եթե «Իմ քայլը» դաշինքն այդքան ձայն ստանա, կնշանակի, որ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի, եւ դա վտանգավոր է հենց իշխող ուժի համար, քանի որ հասարակության այդպիսի լիակատար վստահությունը հղի է նաեւ բացասական հետեւանքներով: Իշխանությունը պետք է արդարացնի մարդկանց ակնկալիքները: Բայց քանի որ ՀՀԿ-ից Փաշինյանի կառավարությունն ահավոր վատ ժառանգություն է ստացել, խնդիրները մեկ օրում չեն լուծվի, ինչն էլ կարող է հիասթափության ալիքի հանգեցնել: Բայց փաստ է, որ Փաշինյանի ղեկավարած ուժը հասարակության գերակշիռ մեծամասնության աջակցությունն է վայելում, եւ նրանց հաղթանակին նույնիսկ ընդդիմախոսները չեն կասկածում:
Մյուս կողմից էլ` եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժը բոնուսներով ստանա այն, ապա կբախվենք մեկ այլ իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը կարող են ամեն անգամ «երեսով տալ» այդ հանգամանքը եւ հիշեցնել, որ նրանք այդքան մանդատ ունեն կրկին «Ւմ քայլը» դաշինքի, այլ ոչ թե հասարակության աջակցության շնորհիվ:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, այժմ ոչ թե միայն քվե է ուզում իր` վարչապետ դառնալու համար, այլ իր ամբողջ թիմի եւ լիակատար իշխանության համար: Եվ հենց դա է պատճառը, որ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված են նաեւ կառավարության անդամները: Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն իր համարներից մեկում անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի նախագծին, որով նա ցանկանում է ամրագրել, որ կուսակցությունների ընտրացուցակներում պետք է ընդգրկվեն նաեւ կառավարության անդամները, եւ հստակ պետք է հայտարարվի կառավարության կազմը, որպեսզի նրանք նշանակեն հենց թեկնածուներին: Այլ կերպ ասած` չպետք է լինեն նախարարների թեկնածուներ, որոնք չկան կուսակցության ընտրացուցակում:
Օրինակ` «Իմ քայլը» դաշինքի պարագայում: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վստահաբար կարող է ասել՝ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվելու են իրենց պաշտոններում: Բայց այս երկու առանցքային նախարարներն իր քաղաքական թիմի անդամները չեն, ոչ էլ ընդգրկված են իր գլխավորած դաշինքի ցուցակում, անկուսակցական են: Մյուս կողմից` հենց իր թիմին Փաշինյանն առաջադրելով «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում` վստահության քվե է ուզում ոչ միայն խորհրդարանի, այլեւ ողջ կառավարության համար: Ի վերջո, պարզ է, որ համապետական ցուցակում ներկայացված անձանց մի մասն աշխատելու է գործադիրում, այդ թվում՝ ներկայիս նախարարների պաշտոնակատարները: Պարզապես պարզ չէ՝ կոնկրետ ովքեր կվերցնեն պատգամավորական մանդատը, ովքեր՝ կառավարությունում պատասխանատվությունը: Թերեւս դա պարզ կլինի միայն ընտրությունների արդյունքներից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն էլ, վերլուծելով ընտրությունների արդյունքները, որոշում կկայացնի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋԻՆ ՎՈՅԱԺՆԵՐԸ
Իրավունքի ուժով արձակված խորհրդարանում պատգամավորները վայելում են վերջին հնարավորությունները: Դեկտեմբերի 4-ից սպասվում է ԱԺ լիագումար նիստ, սակայն ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված` պարզապես քվորում չի լինի, եւ նիստեր չեն կայանա: Սակայն հետաքրքիր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը պետք է գործուղման մեկնի, որտեղ դեկտեմբերի 10-14-ը կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին: Ըստ էության, նա կվայելի ԱԺ փոխնախագահի եւ այդ կառույցում ՀՀ պատվիրակության ղեկավարի կարգավիճակում վերջին օրերն արտերկրում, իսկ թե առհասարակ պատգամավորի կարգավիճակ կունենա, թե ոչ, ցույց կտան հենց ընտրությունների արդյունքները:

 

 

ԿՐԿԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Չնայած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել նախընտրական քարոզարշավի մասնակցելու նպատակով, սակայն նրա կառավարությանը մաս կազմող նախարարներն արձակուրդ չեն մեկնել` բացառությամբ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, ով «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետն է: Մյուս նախարարները քարոզարշավին մասնակցում են` չլինելով արձակուրդում: Բայց մյուս կողմից` նրանք հիմա նախարարի պաշտոնակատար են, հրաժարական տված կառավարության անդամ: Այս առումով հետաքրքիր է ԼՀԿ երկրորդ համար, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի իրավիճակը: Նա հրաժարական տվեց ոչ թե նախարարի, այլ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից, սակայն թե՛ վարչապետի, թե՛ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերում նրան աշխատանքից ազատելու մասին ոչ մի հրաման կամ փաստաթուղթ առկա չէ:

 

 

ԿԻՍԱՏ
Այսօր Արմավիրի մարզպետարանում կայանալու է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի ընտրությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարելու են 16 թեկնածու, բայց հնարավոր է` նրանց մի մասը չմասնակցի մրցույթին: Բայց չնայած սրան` ընտրությունները լարված են ընթանալու: Ըստ որոշ տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրը`Մելսիդա Չիլինգարյանը, ով հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետն է, սկզբում ցանկացել է զբաղեցնել Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը` առաջադրելով իր թեկնածությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետարանից տեղեկացավ, որ Մ. Չիլինգարյանը տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցանկում չկա: Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցել, որպեսզի դա իշխանությունների դեմ չօգտագործվի ու չմեկնաբանվի, թե հիմա էլ պաշտոններն իրենցով են անում: Բայց եւ այնպես, մեծ է ռիսկը, որ մյուս թեկնածուների մեջ ընտրությունը կկատարվի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

 

 

ՓՈԽԱՐԻՆՈՂԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար մեկնել է արձակուրդ: Իսկ վարչապետին այս ընթացքում փոխարինելու է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Երեկ նա համացանցի իր էջում գրել է. «Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում: Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»:

 

 

ՍՈՎՈՐ ԵՆ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ասել է, որ Մոսկվային վաղուց արդեն չի հուզում պատժամիջոցների հարցը. հայտնում է «Ռիա նովոստի»-ն: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցանկացած սահմանափակում վատ բան է: Հիշեցնենք` նախօրեին ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական ժամանակավորապես փակ ջրատարածք եւ չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են: ՌԴ-ն քրեական գործ է հարուցել եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել` Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել:

 

 

ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների, քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին եւ հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող եւ Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ, ինչպես նաեւ կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Նոյեմբերի 26-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում եւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթի եւ Քարոլ Քրոֆթսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա կարգավորման ուղիները, տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

 

 

ՌԵԶԵՐՎ ԿԱ
Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3-3,5 դրամ իջեցնելու ռեզերվ կա՝ երեկ հայտարարեց ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը: Նա համոզված է, որ գազի սակագինն էլ իջնելու տեղ ունի, սակայն այդ ոլորտում բանակցությունները շարունակվում են, եւ պետք է սպասել: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա, ըստ տնտեսագետ Մելքումյանի, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասն այդտեղ մեկ երրորդ մասն է կազմում, մնացածը արտադրող կայանների գործունեության հետ է կապված:




Լրահոս