ՊԵԿ-Ի ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու նախարարության նախաձեռնությունն է:

Ինչպես հայտնի է, պետական կառույցներից շատերն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, որոնցում եղած գումարներից էլ ուղղում են ըստ նպատակահարմարության:
«Արտաբյուջետային հաշիվների միջոցներ» անվան ներքո հավաքագրվող գումարներն ամբողջությամբ տնօրինում է ՀՀ կառավարությունը առանց խորհրդարանի հետ հաշվի նստելու: Դրանք այն միջոցներն են, որոնք կուտակվում են գերատեսչությունների հատուկ հաշվեհամարներին: Իսկ դրանք հիմնականում գոյանում են գերատեսչությունների կողմից մատուցված վճարովի ծառայությունների դիմաց կատարված մուծումներից, նրանց կողմից կիրառված տույժ եւ տուգանքներից, ինչպես նաեւ արտերկրից ստացված դրամաշնորհներից:
Պետական մի շարք կառույցներ, այդ թվում` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ունեն իրենց արտաբյուջետային միջոցները: Ու տարիներ շարունակ այդ եղել է տարբեր կոռուպցիոն դրսեւորումների «հիանալի» տեղ, որտեղից միլիոնների հասնող փողեր են ծախսվել տարբեր նպատակների համար: Եւ հիմա ֆինանսների նախարարությունը մտադիր է սահմանափակել արտաբյուջետային միջոցների հատկացումը:
Ըստ որոշ տեղեկությունների` ՊԵԿ-ի դեպքում այն ոչ թե ամբողջությամբ կվերացվի, այլ մաս-մաս, գրեթե զրոյականին հասցնելու չափ: Պատճառն այն է, որ ֆինանսների նախարարությունում չեն բացառում` արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային: Այդ մասին արձանագրումներ կան նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում: Ընդ որում, Հաշվեքննիչ պալատն առանձին անդրադարձել էր հենց ՊԵԿ արտաբյուջետային միջոցներին:
Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ի այս մտադրությունը խիստ անհանգստացրել է ՊԵԿ ղեկավար օղակներին: Արդյունքում, այս թեմայի շուրջ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միջեւ հակամարտություն է սկսվել:
Նկատենք, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցները վերացնելը կարող է եւ բացասական հետեւանքներ ունենալ: ՊԵԿ-ն իր արտաբյուջետային միջոցներից մի քանի հարյուր միլիոն դրամ յուրաքանչյուր տարի ծախսում է հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին պարգեւատրումներ, հավելավճարներ վճարելու համար: Եւ այդ լրացուցիչ ֆինանսավորման արդյունքում հնարավոր է լինում ՊԵԿ աշխատակիցներին ապահովել բարձր եկամուտով: Այս դեպքում եթե կրճատվում են արտաբյուջետային միջոցները, ապա ՊԵԿ աշխատակիցները կանգնում են լուրջ խնդիրների առաջ: Այս խոսակցությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել պետական հատվածի աշխատողների մոտ:
Ըստ փորձագետների` ՊԵԿ աշխատողներին պետք է բարձր աշխատավարձ վճարել, որպեսզի կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն, նաեւ չլքեն համակարգը, ավելի բարձր աշխատավարձով չգնան աշխատելու մասնավոր ընկերություններում: Այնպես որ, արտաբյուջետային միջոցների կտրուկ կրճատման արդյունքում չի բացառվում` ՊԵԿ-ից կադրերի արտահոսք լինի: Ինչպես հայտնի է, նրանք լավ տեղյակ են օրենսդրական նրբություններին, լավ գիտեն հարկային օրենքների ծակուծուկերը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունը մտադիր է նաեւ առաջիկայում պետական կառավարման համակարգում աշխատավարձերը համահարթեցնել: Այսինքն` այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ստանալ նույն դրույքաչափի գումար: Բոլոր գերատեսչությունների վարչության պետերը պետք է ստանան իրենց աստիճանին համապատասխան աշխատավարձ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ֆինանսների նախարարության հետ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»: Բացի այս, պարզվում է` պետական համակարգի աշխատավարձերի համահարթեցման գործընթացը եւս աշխատանքային քննարկումների ընթացքում է: Թե ինչ որոշում կկայացվի, պարզ կդառնա հետագայում:
Իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից այս թեմայի շուրջ հարկ չհամարեցին պարզաբանում տալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

3 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԿՈՐՈՒՍՏ
Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի` այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Նա նշել է, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը: Անօրինական գործընթացների հետեւանքով պետական եւ համայնքային բյուջեները զգալի եւ շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով դա կարող է հասնել մինչեւ 3 մլն դոլարի:

 

 

ՓԱԿՈՒՂՈՒՄ
Ըստ քաղաքացիների ահազանգերի` արդեն 2 օր է, ինչ նրանք Բագրատաշենի անցակետում հայտնվել են պատանդի վիճակում: Նրանք բողոքում են, որ Լարսում մի քանի օրեր անցկացնելուց հետո հիմա էլ Բագրատաշենի անցակետում են կանգնել: «Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում աջակողմյան ավտոմեքենաների մեծ թվով սեփականատերեր իրենց ավտոմեքենաները կայանել են չեզոք գոտում, ու հիմա 2 օր է` մյուս վարորդները չեն կարողանում մտնել Հայաստան: Ըստ դժգոհող քաղաքացիների` ՀՀ տրանսպոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թեժ գիծը չի արձագանքել իրենց:

 

 

ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով քվեարկության արդյունքն ընտրողին հայտնել հարկադրելու, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելու, առանց ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության հարազատին կամ մտերիմին օգնելու նպատակով քվեարկության խցիկ մուտք գործելու, ինչպես նաեւ ցանկացած այլ եղանակով քվեարկության գաղտնիությունը խախտելու համար քրեական օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն: Նշված արարքները պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»:

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի շրջանակում կարճվել է 189 քրեական գործի վարույթ:

 

 

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է
Երեւանի ավագանու հրավիրված արտահերթ նիստում, որը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը, քննարկման էր ներկայացվել Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացնելիս Հ. Մարությանը նշել է, որ սա երեւի թե ամենահաճելի հարցն է: Քաղաքապետին հակադարձել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը. «Ես ձեզ պետք է ասեմ, որ սա հաճելի պահ չէ, որովհետեւ Երեւանի ավագանու անդամը չպետք է ստանա ընդամենը 55 հազար դրամ փոխհատուցում, Երեւանի ավագանու անդամը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, դառնա պրոֆեսիոնալ մարմին, կարող եք վախենալ այս բառից, բաց այո՛, պետք է կրճատվի, եւ Երեւանի ավագանին դառնա մասնագիտացված քաղաքային խորհուրդ»:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՇԱԿԵՐՏԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, դասերն ավարտվելուց հետո, Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի երկու աշակերտները, ովքեր եղբայրներ են, դպրոցի բակում վիճաբանել են նույն դպրոցի երկու աշակերտների հետ: Քննությամբ պարզվել է, որ վիճաբանությունը նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, շարունակվել է Երեւան քաղաքի Նարեկացի թաղամասի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակների մոտ: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը՝ ծնված 2001 թվականին, իր մոտ գտնվող դանակով հարվածել է հասակակցին՝ ծնված 2001 թվականին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի եւ որովայնի շրջանների ծակած-կտրած թափանցող վերքերի, թոքի եւ լյարդի վնասումների ձեւով, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002թ. ծնված Արտյոմ Կ.-ն եւ 1977թ. ծնված Գոհար Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նոյեմբերի 26-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Ձորագյուղ գյուղի 10-րդ փողոցի թիվ 175 տանը կերել են պահածոյացված շուշան, ինչի հետեւանքով թունավորվել են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս