ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում հոկտեմբերի 2-ին կատարված աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: Հիշում եք` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, նաեւ այն ժամանակ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հապճեպ կողմ քվեարկեցին այս նախագծին, բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը: ԵՒ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավիճակը չսրելու համար պարզապես չստորագրեց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործն ընդունվել է քննության, եւ դատաքննությունը կսկսվի արդեն 2019 թվականին, եւ առաջին նիստը նշանակված է հունվարի 22-ին: Այն նշանակվել է գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմ է նշանակվել Ազգային ժողովը: Բայց այստեղ ուշագրավ է այն փաստը, որ գործի քննությունը կսկսվի այն ժամանակ, երբ այդ նախագիծն ընդունած խորհրդարանի լիազորությունները դադարեցված կլինեն, ավելին՝ հնարավոր է նախագծի ՀՀԿ-ական հեղինակները նույնիսկ պատգամավոր չլինեն: Ու կստացվի, որ նոր խորհրդարանը պատասխան է տալու նախորդի արածների համար: Չնայած այս դեպքում պարզ է, որ նոր խորհրդարանը` որպես պատասխանող կողմ, կօգնի ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ընդունված նախագիծը:
Երեւանի բյուջեի եկամուտները հաջորդ տարի կավելանան. 2019թ. բյուջեի նախագծով` եկամուտները նախատեսված են 83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ: 2018 թվականի համեմատ սա ավելի է 2 միլիարդ 887 մլն դրամով: Այս տարվա համեմատ շուրջ 4 մլրդ դրամով կավելանան նաեւ Երեւանի` եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք, ըստ նախագծի, կազմելու են 84 մլրդ 346 մլն հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նոր իշխանություններն ընդհանուր ծախսերն ավելացնելուն զուգահեռ մի շարք ոլորտներում օպտիմալացումների ճանապարհով են գնացել: Խոսքն այն ոլորտների մասին է, որոնք նախկին իշխանությունների համար եղել են թալանի, կոռուպցիայի, ատկատների, գումար գրպանելու ահռելի դաշտ: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանն իր ներկայացուցչական ծախսերը կրճատելու է 118.4 մլն դրամով, մեքենաների պահպանման ու վերանորոգման ծախսերը՝ 44 մլն 63 հազար դրամով, տրանսպորտային նյութերի համար՝ 107 մլն դրամով, կանաչ տարածքների հիմնման ու պահպանման ծախսերը՝ 576 մլն դրամով, եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1 մլն 461 հազ. 966 որոշում: Նույն ժամանակահատվածում կայացված որոշումներից վերադասության կարգով բողոքարկվել է 14 հազ. 74-ը, դատական կարգով` 5 հազ. 838-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի դեմ ներկայացված հայցերով դատարանի կողմից կայացված 4 հազ. 55 վճիռներից ՃՈ դեմ կայացվել է 2 հազ. 325 վճիռ, իսկ ահա ՃՈ օգտին կայացվել է 1 հազ. 730 վճիռ: Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում որպես փաստաբանական ծախս ՃՈ-ից բռնագանձվել է 5 մլն դրամ: Եւ կա մտավախություն, որ այս գումարը կաճի եւ կվերածվի 25-30 մլն դրամի:
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում: Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ զորամասի զինվորներին նաեւ ասվել է` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության, որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին:
ՊԱՐԶՈՒՆԱԿ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ այդպես էլ հրապարակավ չարձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորներին: Խոսքը Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ելույթի մասին է. «Ես, ընդհանրապես, վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում եւ ինչի՞ են փորձում որեւէ ձեւով խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվե՛ք, հարգելիներս, եւ զբաղվե՛ք ձեր աշխատանքով»,- ասել է նա:
Փոխարենը, առիթը բաց չեն թողել ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչները՝ փորձելով ՀՀ վարչապետի հայտարարությունները ներկայացնել որպես մարդկանց արտահայտվելու իրավունքը սահմանափակելու փորձ: Ավելին` նրանք այնքան հեռու են գնացել, որ, օրինակ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Փաշինյանին մեղադրել է արցախատյացության մեջ: ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էլ (եւ ոչ միայն նա) կատարվածը որակել է որպես հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանությունների` հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին տեսակետներ հայտնելն արգելելու փորձ:
Կարճ ասած` երեկ Փաշինյանի դեմ հերթական արշավն է սկսվել, ինչպես եւ կարելի էր ակնկալել, պարզունակ մանիպուլյացիաների միջոցով: Ի վերջո, միանգամայն ակնհայտ էր, թե ՀՀ վարչապետն ինչ նկատի ուներ Արցախի իշխանություններին ուղղված իր ուղերձով: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետն ընկալվում է որպես տվյալ երկրի իշխանության տեսակետ: Ըստ այդմ, Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ արցախցի տարբեր պաշտոնյաների մեկնաբանությունները ընկալվում են ոչ թե սովորական մարդու անձնական տեսակետ, այլ հենց ՀՀ իշխանությունների դեմ Արցախի իշխանությունների խոսք: Իսկ նման իրավիճակներում պաշտոնյաները պարտավոր են քաղաքական զսպվածություն ցուցաբերել` զգուշանալով, այսպես կոչված, անձնական տեսակետը հայտնելուց:
Իսկ մինչ այդ մեկ փաստ էլ. զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ. չնայած Արցախի նախագահը հայտարարեց ՀՀ իշխանությունների հետ համակարծիք լինելու մասին, բայց արցախցի պաշտոնյաների մանր սաբոտաժները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո: