ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատ է խոսվում, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է միմյանց սեւացնելու ուղղությամբ: Միաժամանակ ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է ստեղծում, որ շատ ընտրողներ առաջնորդվեն անձերով, քաղաքական ուժերով, այլ ոչ թե այն հանգամանքով, թե այս կամ այն դրույթի շուրջ ինչ են առաջարկում ընտրություններին մասնակցող ուժերը: Եվ այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականությունը, հատկապես ԵԱՏՄ կամ ԵՄ հարաբերությունները:

Գաղտնիք չէ, որ այժմ ընտրություններին մասնակից ուժերից մի քանիսը, այդ թվում` «Ելք» դաշինքի մաս կազմող ուժեր «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, նախկինում ոչ մեկ անգամ խոսել են ԵԱՏՄ-ի անարդյունավետության մասին եւ հայտարարել, որ այդ կառույցից պետք է դուրս գալ: Սակայն այժմ միայն «Մենք» դաշինքն է կրկին փաստում այդ մասին: Այժմ անդրադառնանք ծրագրերին:
Օրինակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ բոլոր պետությունների հետ պետք է լինեն բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ: Դրույթներում մասնավորապես ամրագրված է.
1. ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը:
2. Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում զարգացնելու ենք փոխշահավետ համագործակցություն եւ խորացնելու ենք երկկողմ հարաբերությունները:
Գաղտնիք չէ, որ վարչապետ ընտրվելուց հետո այդ հարցը հաճախ են տվել Նիկոլ Փաշինյանին, թե ինչու նա որոշեց շարունակել նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը եւ հատկապես ԵԱՏՄ-ի հարցում: Եվ փաստացի նախընտրական ծրագրում եւս կարեւոր տեղ է հատկացված այդ հարաբերություններին:
Վերջին 20 տարիներին իշխանություն համարվող ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ոչ թե անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, այլ ավելի շատ խոսել է իր արածների մասին: Մասնավորապես, ծրագրում նշված է. «Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, նաեւ նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում»: Եվ ամփոփելով այս ամենը` ՀՀԿ-ն ամրագրել է` շարունակելու են աշխատել հավասարակշռված եւ վարելու են Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն: Սա այն դեպքում, եթե ՀՀԿ-ն կրկին իշխանության գա: Եթե… որովհետեւ ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձը նույնքան անհնարին է, որքան Մարս մոլորակի «բնակիչների» կողմից Նիկարագուայում կուսակցություն ստեղծելը:
Հետաքրքիր է, որ ՀՅԴ ծրագրում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին կոնկրետ անդրադարձ չկա: Կուսակցությունն ավելի շատ անդրադարձել է Արցախյան հիմնահարցին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` դա որպես առաջնահերթություն համարելով: Իսկ առհասարակ արտաքին քաղաքականության առումով կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն` հիմնված բացառապես ազգային շահի եւ պետության հեռանկարային զարգացման տեսլականի վրա: Մենք հայամետ եւ հայաստանամետ ենք: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որեւէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման», – ասված է ծրագրում:
ԲՀԿ-ն իր ծրագրում շեշտն ավելի շատ դրել է տնտեսական քաղաքականության, ներդրումների վրա, եւ մշտապես այս կուսակցության պարագայում նրանք խուսափում են կտրուկ հայտարարություններ անել այս կամ այն առանցքային թեմաների վերաբերյալ: Այդպես է նաեւ արտաքին քաղաքականության հարցում: Ծրագրում ասվում է. «Մենք կողմ ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը եւ խորացմանը: Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին: Զուգահեռաբար շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ եվրաինտեգրման գործընթացներին»:
«Մենք» դաշինքն այս հարցում կտրուկ է: Մասնավորապես ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշինքը տեսնում է որպես ռազմավարական, փոխշահավետ եւ իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններ: Իսկ ԵԱՏՄ-ի առումով էլ դաշինքն ամրագրում է, որ այն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է: «ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները եւ Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն»: Այսինքն` այս դաշինքն ամրագրում է, որ իշխանության գալու պարագայում իրենք գործուն քայլեր են անելու ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ:
Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն այս հարցում ամենասկզբունքայիններից էր, կուսակցության ծրագրում մի փոքր այլ շեշտադրումով է անդրադարձել արտաքին քաղաքականությանը: Նախ հիշեցնում է, որ, 2017-ին հանդիսանալով «ԵԼՔ» դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Սակայն ամրագրում է, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ եւ, մասնավորապես, Հայաստանին վերջապես հաջողվել է, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ստորագրել եւ վավերացնել CEPA-ն՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան եվրասիական եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցության հարթակ դառնալու համար։ Միեւնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը», – ասված է ծրագրում։
«Սասնա Ծռեր» կուսակցությունն իր ծրագրում շատ չեզոք ձեւակերպումներով է հանդես եկել: ՕԵԿ-ի պարագայում եւս այդպես է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որ ԱԺ արտահերթ ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ցուցակը, երեկ արդարացել է, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելիս դեռ օրակարգում չկար Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը: Սա, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հենց սկզբից ընդդիմությունը պնդում էր՝ այդ ամենի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանավարման հավերժացումն է: Դա ակնհայտ էր նաեւ սահմանադրության նոր տարբերակի ձեւակերպումներից: Եւ այն ժամանակ ՀՅԴ-ականները փորձում էին հերքել այդ տեսակետը` պաշտպանելով սահմանադրության նոր նախագիծը: Իսկ երեկ Ռուստամյանը նաեւ ասել է, թե «2017թ ԱԺ ընտրությունների արդյունքները, որը չի վիճարկել որեւէ մեկը, ու այդ արդյունքներով մեծամասնություն ուներ ՀՀԿ-ն, իրենք ասեին, որ, չէ, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ՀՀԿ-ն չունի՞»: Միայն թե այստեղ էլ պարոն Ռուստամյանը փորձում է իրականությունը խեղաթյուրել: Ինչպես հիշում եք, 2017թ. ԱԺ ընտրություններից հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Այլ բան, որ ՍԴ-ն անփոփոխ թողեց այդ արդյունքները: Երեկ ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, հիշեցրեց. «Սահամանադրական դատարան ենք դիմել, երկար քննություն է եղել: Բնականաբար, իշխանության պատվերով մերժել է մեր հայցը, բայց մենք բողոքարկել ենք, ընդ որում` նաեւ ԿԸՀ-ում: «Դաշնակցության»` Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու որոշումը ոչ մի կապ չունի վիճարկման կամ չվիճարկման հետ: Անձնական կամ քաղաքական շահը դա է թելադրել, իրենք էլ արել են: Մնացածը ընդամենը բացատրություններ են, որոնք անհիմն ու արհեստական են»:

 

 

ՄԵՐԺԵԼ Է ԿԱՍԵՑՆԵԼԸ
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության նախկին պետի եւ Կոմիտեի նախագահի դատական վեճը նոր երանգ է ստանում: Մասնավորապես, ՔԿ Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել դատարան կասեցնելու համար ՀՀ ՔԿ պետ Հայկ Գեւորգյանի գործողությունները, սակայն դատարանը մերժել է նրա միջնորդությունը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 7-ին նա դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 22-ի որոշումը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 25-ի հրամանը: Ըստ էության, քննչականի պետին կարգապահական պատասխանատվության են ենթարկել, հետո աշխատանքից հեռացրել, եւ հիմա նա այդկերպ ցանկանում է վերականգնվել նախկին պաշտոնին:

 

 

ԿՈՖԵԱՂԱՑ ՉՈՒՆԻ
Մարտունիում քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում քաղաքացու կարգավիճակն է փոխվել, ինքնազգացողությունն է փոխվել: «Ամենակարեւորը, քաղաքացին երկրի տերն է, բայց սա իրականություն է: ՀՀԿ-ն չգիտեմ որտեղից որոշել էր, որ մեր կառավարությունը որոշել է արտագնա աշխատողներին հարկի, եւ հետո իրենք էլ որոշեցին, որ իրենց պատճառով կառավարությունը այդ գաղափարից հրաժարվեց: Այսօր լրագրողներից մեկն ինձ հարցնում է` որոշ հայտարարություններ անելով` մյուսները ջուր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին, պատասխանեցի, որ ՀՀԿ-ն անգամ կոֆեաղաց չունի, ուր մնաց ջրաղաց ունենա: ՀՀԿ-ն նույնիսկ էն սեւ բիբարը, որ աղում են, դրանից չունի»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սեւանը վերածվել է աղբի օղակի: «Այս դրախտավայրը խեղդվում է աղբի տակ: Հույս ունեմ, որ աղբի վերամշակման գործարան կբացվի, որովհետեւ հետաքրքրվողներ կան»,-ասել է նա:

 

 

7500 ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում է եղել կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը գումար տրամադրելու որոշման երկու նախագիծ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցման համար: Առաջին` «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործը նախագծով սահմանվում է 2018թ. հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 4.500 եվրոյին համարժեք դրամ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Հաջորդ գործը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է, ըստ որի` 2018թ. հուլիսի 19-ի ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 3000 եվրոյին համարժեք դրամ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:




Լրահոս