Չալդրանյանն անգամ կաբինետի հանձնում-ընդունմանը ներկա չի եղել, կապի դուրս չի եկել. Արման Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով` 6 ամիս ժամկետով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նա մոտ օրերս կնշանակի նաեւ գեղարվեստական ղեկավարին՝ Նարինե Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ թատրոնի անձնակազմն ավելի վաղ բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանին լքել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թատրոնի տնօրենի կարգավիճակում թատերախումբը տեսնում էր Արման Նավասարդյանին, գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում՝ դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանին:

Չալդրանյանը սկզբում չէր ցանկանում վայր դնել զենքերը. նա նախ հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ այն զիջելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին: Սակայն թատերախմբի ճնշումների ներքո Շահվերդյանը եւս հրաժարական տվեց: Իսկ արդեն Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո Չալդրանյանը նրա հրահանգով հրաժարականի դիմում ներկայացրեց՝ զիջելով նաեւ տնօրենի պաշտոնը: Ի վերջո, ի՞նչ մթնոլորտ է տիրում այժմ Համազգային թատրոնում, արդյոք թատերախմբի պահանջները վերջապես բավարարվեցի՞ն. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Վիգեն Չալդրանյանի հետ հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք:

-Ոչ, չենք հանդիպել, ես մի քանի անգամ փորձել եմ նրա հետ կապի դուրս գալ, սակայն հեռախոսն անջատված է: Դեկտեմբերի 19-ին եղել է նշանակումը, կաբինետի հանձնում-ընդունումն արել է փոխտնօրենը:

-Կարելի՞ է ասել, որ թատրոնում տարաձայնություններ այլեւս չկան, որ Ձեր պահանջները բավարարվեցին:

-Չէ, իհարկե, չկան: Ներքին բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է:

-Թերեւս այս հարցը տեղին կլիներ ուղղել գեղարվեստական ղեկավարին, բայց հետաքրքիր է լսել նաեւ Ձեր տեսակետը: Արդյոք պատարստվո՞ւմ եք պահել եւ զարգացնել Համազգային թատերական գիծը, որ սահմանվել է Սոս Սարգսյանի օրոք, այն դիմագիծը, որ ունեցել եք, թե՞ այլ ուղով եք գնալու:

-Այդ եղած բազայի վրա պատրաստվում ենք ստեղծել նորը: Մենք չենք ուզում վերադառնալ հնին: Նույն գետը երկու անգամ մտնել չես կարող: Դա արդեն անցյալ է: Մենք ունենք նոր պատկերացումներ ներկայացումների, շրջագայությունների, թատրոնի տեսքի վերաբերյալ:

-Թատրոնի շենքի խնդիրը, փաստորեն, ժառանգվում է տնօրենից տնօրեն: Թերեւս այս խնդրի լուծումը պետք է լինի Ձեր առջեւ դրվելիք գլխավոր հանձնարարականներից մեկը:

-Այո, բայց քանի որ նոր եմ ստանձնել տնօրենի ԺՊ-ի լիազորությունները, դեռ պետք է մանրամասն ծանոթանամ խնդրին, թեեւ շատ բաներից տեղյակ եմ:

-Դուք ստեղծագործ մարդ եք, այդ խառնվածքով դժվար չէ՞ ադմինիստրատիվ բնույթի աշխատանք կատարելը:

-Դժվար է, բայց սովորելու հարց է: Եթե մարդ որոշակի ունակություններ ունի, ամեն բանի էլ կարող է տիրապետել: Իհարկե, պատրաստ եմ դրան, բաներ կան՝ նոր եմ սովորում: Բացի այդ՝ ծանոթ եմ թատրոնի ներքին խնդիրներին: Ես լավ գիտեմ՝ ինչից է հիվանդանում թատրոնը եւ ինչպես է հարկավոր այն ապաքինել:

-Լիլիթ Մակունցի հետ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել: Փաստորեն, գոհ եք նրա դիրքորոշումից, կայացրած որոշումներից:

-Դեկտեմբերի 19-ին եմ վերջին անգամ հանդիպել, ոչ անհատական բնույթի հանդիպում էր: Ես շնորհակալ եմ նրան անաչառ եւ օբյեկտիվ մոտեցման համար:

Թեեւ հակառակ կողմը (նկատի ունի Վիգեն Չալդրանյանին-հեղ.) դժգոհ է, բայց, դատելով հանրային կարծիքից, թատերախմբի անդամների տեսակետներից՝ կարող եմ ասել, որ բոլորը բավարարված են: Նախարարը մեզ մեր ունակությունները ցույց տալու հնարավորություն տվեց, մնացածն արդեն մեր ապացուցելու խնդիրն է:

Կապացուցենք՝ կմնանք մեր պաշտոններում, ոչ՝ ոչ: Իսկ տնօրենի վերջնական նշանակումը մրցութային ընթացակարգով է իրականացվելու: Մրցույթում հաղթելու է հայտ ներկայացրած թեկնածուներից մեկը: Սպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս