ԲՈԼՈՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի ԵՎ ՀԱՆՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերից շատ քչերն են այս օրերին ակտիվ քարոզարշավ իրականացնում` հանդիպումներ կազմակերպելով բնակչության հետ:

Ամփոփելով նախընտրական արշավի այս հինգ օրերը` արձանագրենք` ակտիվ քարոզարշավ են իրականացնում «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» կուսակցությունները, մյուս ուժերը հիմնականում տեղային քարոզչություն են իրականացնում կամ էլ հանդես գալիս լրատվամիջոցներով, ինչպես, օրինակ, ՀՀԿ-ն է, որի անունը, սակայն, շատ է թմբկահարվում:
Օրինակ` այդ նույն ուժերի առաջնորդները մարզային քարոզարշավ իրականացնելիս մի քանի քաղաքներ են այցելում, հանրահավաքներ, ելույթներ կամ երթեր ունենում, իսկ առանձին վարկանիշային թեկնածուներ էլ քարոզարշավ են իրականացնում իրենց քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում: ԲՀԿ-ի դեպքում նույնպես այդպես է, սակայն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պարագայում այլ քաղաքականություն է գործում, եւ վերջինս հիմնականում այցելում է մարզկենտրոններ եւ մեծ հանրահավաքների այցելում: Մինչ այժմ նա եղել է Աբովյան, Սիսիան, Իջեւան, Եղեգնաձոր եւ Մասիս քաղաքներում: Եվ այս առումով կուսակցության քարոզարշավի քաղաքականությունը փոխվել է: 2017 թվականի ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախագահը մեկ օր հատկացնում էր մի մարզի եւ մի քանի քաղաքներ շրջում: Իհարկե, չի բացառվում, որ այսպիսի քարոզարշավի պատճառը նաեւ քարոզչության համար կարճ ժամկետն է:
ՀՅԴ-ն եւս մարզային հանդիպումներ անցկացնում է, սակայն ոչ լայնամասշտաբ կերպով, ոչ հանրահավաքների միջոցով: Ավելի ակտիվ են նրանց ռեյտինգային թեկնածուները, որոնք Երեւանում ու մարզկենտրոններում փոքր հանդիպումներ են ունենում բնակչության հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս հիմնականում դահլիճային հանդիպումներ է ունենում, սոցիալական կայքերում տեսանյութեր հրապարակում, իսկ բակային հանդիպումներն այնքան էլ շատ չեն: «Ազգային առաջընթաց», «ՔՈ» եւ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությունների պարագայում եւս իրավիճակը նույնն է. ավելի շատ տեսնում ենք այս ուժերի ներկայացուցիչների հարցազրույցները: Թերեւս մի փոքր տարբերվում է «ՔՈ»-ն, որ հետաքրքիր քարոզարշավ է իրականացնում` մանդարինի սիմվոլիկայով:
Իսկ ահա ՀՀԿ-ն, որպես այդպիսին, քարոզարշավ չի էլ իրականացնում: Երեւանի փողոցներում առհասարակ չես կարող տեսնել ՀՀԿ-ական թեկնածուի, ով քայլում է, զրուցում մարդկանց հետ, ծրագրեր ներկայացնում: Մարզերում մի փոքր ուրիշ է եւ, հատկապես, հեռավոր գյուղերի պարագայում: Մասնավորապես, մեր տեղեկություններով` հեռավոր գյուղերում ՀՀԿ թեկնածուներն անձամբ են այցելում գյուղացիների տներ, զրուցում նրանց հետ, համոզում: Եվ, իհարկե, նրանք այցելում են այնպիսի վայրեր, որտեղ գիտեն` իրենց չեն կոպտի կամ տանից դուրս չեն հանի: Սակայն ՀՀԿ-ն շատ լավ է օգտագործում օնլայն պլատֆորմը. նրանք ակտիվ են թե՛ սոցիալական կայքերում, թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ լրատվական կայքերում եւ թե՛ հետաքրքիր տեսահոլովակներով ու պաստառներով:
Եվ հետաքրքիր միտում է. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անխնա քննադատում է ՀՀԿ-ին, ինչպես անխնա քննադատում էր ընդդիմադիր ժամանակ` վերհանելով նրանց օրոք տեղի ունեցած ապօրինությունները: ՀՀԿ հասցեին մեղադրանքներ են հնչեցնում նաեւ մյուս ուժերը, օրինակ` «Մենք»-ը, ԼՀԿ-ն, «Սասնա ծռեր»-ը: Եվ այնպիսի տպավորություն է` կարծես այժմ էլ իշխանությունը ՀՀԿ-ն է, եւ այս ուժերի նպատակը նրանցից ազատվելն է: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, որը ժամանակին ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք էր կազմել, ապա փորձում են հնարավորինս մեղմ գտնվել, նույնիսկ ասել, որ «ընկածին չեն խփում», հեռացած իշխանությանը քննադատելն անիմաստ է:
Քարոզարշավի առաջին օրերն անհամեմատ ավելի լարված էին, եւ հեռահառար հակադարձումներ եղան ոչ միայն «Իմ քայլ»-ՀՀԿ մակարդակով, այլ նաեւ ՀՅԴ-ի եւ «Սասնա ծռեր»-ի միջեւ, սակայն վերջին օրերին այն շարունակվում է նախկին եւ ներկա իշխանությունների մակարդակով: Այլ կերպ ասած` մյուս ուժերը հասկացել են, որ ինչ-որ քվեի շանս ունենալու գրավականը ոչ թե «Իմ քայլ»-ին կամ Նիկոլ Փաշինյանին վատաբանելն է, այլ նրանց ամեն կերպ գովելը: Եվ այս մարտավարությունը շատ լավ է օգտագործում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նույնիսկ իր հարազատ Աբովյան քաղաքում ելույթ ունենալիս կոչ արեց Նիկոլ Փաշինյանի կողքին լինել: Եվ չմոռանանք, որ այս երկու ուժերը հուշագիր ունեն ու պայմանավորվածություն, որ քարոզարշավը պետք է անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Այդպես էլ ընթանում է, եւ եթե, օրինակ, «Մենք» դաշինքը եւս առաջին օրերին թաքնված քննադատում էր Փաշինյանին, ապա հիմա եւս շեշտում են, որ նրանց կողքին են: Այլ կերպ ասած` բոլորը հասկացել են, որ չմերժվելու, չսեւանալու եւ գոնե ձայներ ստանալու համար պետք է քծնեն Փաշինյանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱ
Օրենքի ուժով արձակված խորհրդարանում երեկ մի քանի հանձնաժողովների գումարած նիստերը չեն կայացել: Պատճառը քվորումի բացակայությունն է. պատգամավորներն այլեւս չեն ներկայանում հանձնաժողովի նիստերին: Մասնավորապես տեղի չեն ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ Անվտանգության, Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովների նիստերը: Երեկ հինգ պատգամավորի մասնակցությամբ տեղի է ունեցել միայն մարդու իրավունքների եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերն էլ, սակայն, բացասական եզրակացություն են ստացել: Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին նախատեսված է ԱԺ հերթական նստաշրջան, սակայն հաշվի առնելով նախընտրական թեժ շրջանն ու այս օրերի միտումները` հերթական նիստերը եւս կտապալվեն:

 

 

ՓՈՇՄԱՆԵԼ Է
Ընդամենն ամիսներ առաջ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ, գործարար Միխայիլ Բաղդասարովը դրական էր գնահատել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը եւ չէր բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին բիզնեսով կսկսի զբաղվել: Երեկ հայտնի գործարարը Երեւանում մասնակցում էր «Լազարեւյան ակումբի» անդրանիկ նիստին եւ բիզնես սկսելու մասին այդքան վստահորեն չէր արտահայտվում, ինչպես նախկինում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` կրկին բիզնեսով կզբաղվե՞ք Հայաստանում, նա նշեց, թե բարդ հարց է, եւ չի կարող միանշանակ ասել. «Տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի»: Այլ հարցերի գործարարը չցանկացավ պատասխանել: Սակայն հետաքրքիր է, որ ամիսներ առաջ նա նույնիսկ ցանկանում էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ քննարկել բիզնես սկսելու հետ կապված հնարավոր հարցերը եւ, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, հանդիպում թերեւս չի եղել, եւ գործարարն էլ սպասում է:

 

 

ՁԵՌՆՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանի մահվան դեպքից: Ըստ մեր տեղեկությունների` Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձորին մոտ չգնալ` նշելով. «Ձեռնոցդ քամին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետեւից»: Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, եւ մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորը ընկել է ձորը: Նշենք, որ Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր եւ ուներ մեկ երեխա: Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հովսեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Զինծառայողին գտան մահացած:

 

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Ռուսաստան Մոսկվան դիտարկում է որպես մասնավոր ուղեւորություն»,- այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին: «Այս ուղեւորությունը չի կարող այլ կերպ, քան մասնավոր դիտարկվել: Նրա կարգավիճակն ակնհայտ է»,-ասել է Զախարովան: Վերջինս նկատել է, որ Սահակյանի այցը չի հակասում ՌԴ օրենսդրությանը հենց այդ` մասնավոր այցի իմաստով, ո՛չ միջազգային համաձայնագրերին, ո՛չ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում. «Ռուսական կողմի հասցեին արված բողոքները, որոնք արտահայտվել էին ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ, մեր կարծիքով, անհիմն են»,-ամփոփել է նա:

 

 

ԱԳՐԵՍԻՎ
Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է «Լազարեւյան ակումբի» Երեւանում տեղի ունեցած նիստին: Երբ դուրս է եկել դահլիճից, լրագրողները փորձել են հարցեր տալ: Քոչարյանը քմծիծաղ է տվել, չի պատասխանել որեւէ հարցի. «Ինչո՞ւ եք այդքան ագրեսիվ»,- վերջում ասել է նա:

 

 

ԱՉՔ ՉԻ ՓԱԿԻ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային, եւ այս հանգամանքի վրա Գերմանիան «չի կարող աչքերը փակել»: Մերկելն ասել է, թե այնպիսի երկրները, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում սառեցված հակամարտությունների պատճառով:

 

 

ՉԻ ՍՊԱՍԻ
Ռուսաստանը սիրում է Հայաստանը` անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են այստեղ գործում, այս մասին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ քննարկվելու է երկու ժողովուրդների խաղաղ կյանքի հարցը խաղաղ սահմանների ու անվտանգության պայմաններում: Զատուլինն ասել է, որ հարգանքով է մոտենում այն հանգամանքներին, որոնք թույլ չեն տվել Հայաստանի ներկա ու նախկին ղեկավար կազմերին ներկա գտնվել ակումբի գործունեությանը` չնայած փաստին, որ ակումբը հրավիրել էր բոլորին: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային` վերջինս ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետեւ նախատեսված չի եղել կանոնակարգով: Ըստ նրա` Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարեւոր է անվտանգության ոլորտում ունեցած համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` նա հարց է հնչեցրել` կա՞ կոնֆլիկտի կարգավորման ներկայիս փուլ, ապա նշել է. «Վերցված է դադար: Չգիտեմ` որքանով է այն արդարացված: Կարծում եմ, որ հաշվի է առնվել այն, որ Հայաստանում ընտրություններ են: Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում»,-ասել է նա:




Լրահոս