ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՆ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու մեջ: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր:

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Արցախյան ազատամարտի օրերին Օմարի լեռնանցքում տեղի ունեցած իրադարձությունները ներքաղաքական իրադարձությունների կիզակետում լայն քննարկման թեմա է դարձել, եւ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին: Դուք` որպես այդ օրերին ԼՂՀ պաշտպանության նախարար, կմանրամասնե՞ք` ինչ է տեղի ունեցել:
-Առաջինը` Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել: Երկրորդը` ամբողջ Օմարից սկսած մինչեւ Արազ գետ, մինչեւ Հորադիզ մենք տարածքներ ենք հանձնել: Դա եղել է 1993 թվականի դեկտեմբերի 27-ին, հակառակորդը թափանցել է թիկունք, զորքերի մոտ խուճապ էր, ահագին տարածքներ հետ ենք քաշվել: Օմարում, Հորադիզում, Մարտակերտում եղել են ուղղության հրամանատարներ, որոնք կրում են այդ պատասխանատվությունը, եթե անգամ եղել է նման բան: Բայց այդ հետքաշման պատասխանատվությունն ինչ-որ մի ջոկատի հրամատար չի կրում: Հետքաշման պատասխանատուն ընդհանուր ղեկավարն է՝ նախարարը: Սա բանակի կանոններն են: Իսկ դնել դա մեկ հատ խմբավորման կամ ջոկատի հրամանատարի վրա, ասել` հետ է քաշվել, պետք է գյուլեին, դա արդեն կինոյի ժանրից են պատմում, որի իրավունքը չունեն. եթե գյուլելու լինեինք, ասենք Օմարի, Մարտակերտի, բոլոր հրամանատարներին պետք է գյուլեին: Բայց պատերազմը պատերազմ է՝ իր օրենքներով: Կարող է անսպասելի հարձակում լինել, տակտիկական նահանջ, բայց եւ դրանից հետո առաջխաղացում: Ամսաթիվը հիշեք՝ դեկտեմբերի 27` Նոր տարվա շեմին: Անսպասելի խուճապ է եղել: Ես բարձրաձայն կարող եմ ասել` չի եղել մի հրամանատար, որ դիրք չի հանձնել այդ տարիներին, դե եկեք բոլորին գյուլենք:
-Այսինքն` դա եղել է տակտիկական նահա՞նջ:
-Տակտիկական, անսպասելի հարված եղավ: Հայկական դիրքերը հետ են քաշվել: Ընդհանրապես դա ռազմական գործ է, եւ այդպես է լինում, որ հետ քաշվես, հասկանաս` հակառակորդն ինչ նպատակ է հետապնդում, նոր առաջադրանքներ ես դնում, եւ դա մենք արել ենք: Հետո, երբ մենք հասկացանք, մտածում էինք, թե ինչպես վերականգնենք կորցրածը: ՈՒ վերականգնեցինք: Վերականգնեցինք այսպես. ինձ զանգահարում է Վազգեն Սարգսյանը, խնդրում է, որ մենք Ղարաբաղից մեր կողմից կազմակերպենք ինչ-որ քայլեր: Եվ մենք կազմակերպել ենք շատ փայլուն օպերացիա, եւ փետրվարի 14-ին Ադրբեջանը մեկ օրում կորցրել է 5 հազար զոհ: Մինչեւ այսօր էլ այդ հինգ հազարի տեղը ոչ ոք չգիտի, եւ սա ամենափայլուն օպերացիաներից մեկն էր: Եվ հիմա ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, դա ապուշություն է: Իսկ երբ ասում են Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը գրավեցին տարածքներ, դա իրականությանը չի համապատասխանում, այնտեղ եղել է 71-րդ, 77-րդ առանձին գումարտակ, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, եղել է ինժեներական ամբողջ ծառայությունը, Լեւոն Մնացականյանի հրետանային դիվիզիոնը, Միքայել Հարությունյանը եւս: Օպերացիան մշակել եմ ես, Վիտալի Բալասանյանին ուղարկել եմ այնտեղ, որ հակառակորդին շեղեն: Եվ մեր օպերացիան փայլուն իրականացրել ենք, եւ հակառակորդը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել, ինչպես է մեկ օրվա մեջ հինգ հազար զորք կորցրել:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ են հիմա սա ներքաղաքական քննարկումների առարկա դարձնում:
-Երբ 2016 թվականին ես եկա, նույն Ղարաբաղի այսօրվա ղեկավարն օրինակ բերեց, ասեց` պարոն Բաբայանն էլ է հանձնել Հորադիզը, արգումենտներ բերեցին: Պարոն Բաբայանը չի հանձնել, ընդհանրապես հանձնելու մասին չի խոսքը: Եղել է հակառակորդի հարձակում` անսպասելի, եւ ուժերը հետ են քաշվել, խուճապի են մատնվել: Բայց վերջնական արդյունքն այն է, որ արդեն 1994թ. մայիսին Ադրբեջանը խնդրում էր զինադադար:
-Պարո՛ն Բաբայան, իսկ դուք հետեւո՞ւմ եք ներքաղաքական գործընթացներին:
-Ինչ-որ չափով այո: Ակնհայտ է, որ հեղափոխությունն իրականացրած ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջին տեղում են լինելու, եւ կասկած չի հարուցում, որ մեծ ձայներ են ստանալու: Եվ եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարան չի անցնի:
-2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարում էիք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Այս անգամ ինչո՞ւ չներգրավվեցիք քաղաքականության մեջ:
-Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Հեղափոխությունն իրենք են արել եւ իրենք պետք է երկիրը կառավարեն, եւ պետք չէ, որ խանգարեն իրենց, ես էլ չցանկացա խանգարել: Հիմա այս ուժի հետագա հաջողությունները կապված են նաեւ կադրային քաղաքականությունից, պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր խելացի են, ունակ են նաեւ բանավիճելու, այլ ոչ թե առաջնորդվեն «ՔպՒ ՉրպչՊՈ տՐՈՉ» սկզբունքով: Իսկ եթե կլինեն հարցեր, կտեսնենք, որ միջամտելու անհրաժեշտություն է առաջացել, բնականաբար, չենք լռի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ՉԵՆ ԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԶԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Գեւորգ Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, այնպես է ստացվել, որ քաղաքական բոլոր ուժերը, բացի «Իմ քայլը» դաշինքից, պայքարում են երկրորդ տեղի համար: «Սասնա Ծռեր» կուսակցությունը ի՞նչ շանսեր ունի խորհրդարանում հայտնվելու: Ո՞ր տեղում կլինեք:
-Կարծում եմ` մեր շանսերը շատ բարձր են: Ակնհայտ է, որ հասարակության մոտ կա հետաքրքրություն դեպի մեզ: Մարդկանց հետ շփվելով` նկատում ենք, որ բավականին մեծ ներկայացվածություն կունենանք ԱԺ-ում: Ես չեմ տեսել, որ որեւէ կուսակցություն ասի, որ Սահմանադրությունը պետք է փոխվի: Մենք գալիս ենք բերելու նոր Սահմանադրություն, նոր ԸՕ, տնտեսության ոլորտում նոր մոտեցումներ, պաշտպանության ոլորտում բացարձակ նոր մոտեցումներ: Եթե դուք նայեք մեր ծրագիրը, կտեսնեք, որ գրեթե բոլոր կետերը նորամուծություն են բերելու: Պարզ է, որ հեղափոխությունից հետո հեղափոխության առաջնորդի առաջնորդած ուժը շատ մեծ ձայներ է հավաքելու: Սա է պատճառը, որ կուսակցությունները խոսում են երկրորդ տեղի մասին:
-Հնարավո՞ր է՝ ինչ-որ իրավիճակ ստեղծվի, եւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը կրկին փորձի հարցը լուծել զենքի ճանապարհով:
-Մենք համոզված ենք, որ այլեւս երբեք թույլ չենք տալու` կրկնվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված լինեն իշխանությունների դեմ զենք բարձրացնել: Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում վերաձեւակերպվի բռնատիրություն:
-Ըստ Ձեզ` քարոզարշավի ժամանակ հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են բոլոր ուժերի համար:
-Որեւիցե անհավասար մոտեցում չենք նկատել:
-Սեւի եւ սպիտակի տարանջատում նկատո՞ւմ եք:
-Այս պահին դեռ չեմ ֆիքսել հասարակության սեւերի եւ սպիտակների բաժանումը:
-Կարծես այդ բաժանումը ոչ թե հասարակության, այլ քաղաքական ուժերի կողմից է:
-Կարծում եմ` այդ տարանջատումը նշանակում է, որ նման տարանջատում է կատարվում նրանց աջակիցների եւ անդամների միջեւ: Կան ուժեր, որոնց մոտեցումները շատ հարցերի մասին չեն փոխվել: Նրանց համար կա ժողովուրդ եւ կան իրենք: Քաղաքական ուժերը ժողովրդի մի մասն են:
-ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին խաղաքարտեր կփոխի՞:
-ՀՀԿ-ն կուսակցություն չէ: ՀՀԿ-ն հանցավոր խումբ է, որը տարիներ շարունակ կեղեքել ու թալանել է ժողովրդին, ներսից քանդել է պետությունը, տարածքներ է նվիրել: ՀՀԿ-ի հետ խոսակցությունը միայն պետք է լինի քրեաիրավական դաշտում: Մարտիմեկյան կոալիցիոն քաղաքական ուժերը չպիտի լինեն դաշտում, քանի դեռ նրանք չեն ապացուցել, որ իրենք մեղավոր չեն եղել այդ գործողությունների մեջ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են: Դրան զուգահեռ չի բացառվում, որ առաջիկայում շինարարություններ եւ փոփոխություններ լինեն արդեն աշխատասենյակներում` կապված նոր Ազգային ժողովի եւ պատգամավորների հետ: Ի վերջո, գաղտնիք չէ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եւս եղան պատգամավորներ, ովքեր վերանորոգեցին իրենց աշխատասենյակները, մեծացրին դրանք, նույնիսկ կահույք գնեցին: Եվ նախնական քննարկումների արդյունքում նախնական որոշումներ են եղել մշտական հանձնաժողովների նախագահների հետ կապված: Օրինակ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ըստ ամենայնի, գործուղվելու է խորհրդարան` լինելով նաեւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Եվ ԱԺ հին մասնաշենքից դեպի նոր մասնաշենք տանող ճաապարհին նաեւ թեքահարթակ է դրվել, եւ վերջերս անձամբ Բաթոյանը եղել է խորհրդարանում եւ նրա հետ միասին քննարկել են աշխատասենյակի հնարավոր տարբերակները: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ըստ նախնական քննարկումների, կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Անդրանիկ Քոչարյանն էլ` Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ:

 

 

ՍԻՐՏԸ «ԵՎՐՈՌԵՄՈՆՏ» Է ՈՒԶՈՒՄ
ՍԴ նոր նախագահ Հրայր Թովմասյանի «սիրտը եվրովերանորոգում» է ցանկանում. ՀՀ սահմանադրական դատարանի պատուհանները «շտապ փոխելու կարիք ունեն», քանի որ հերմետիկ եւ ձայնամեկուսիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շենքի պատուհանները նորով փոխարինելու նպատակով ՍԴ-ն դիմել է կառավարություն եւ խնդրել հատկացնել 9 մլն 948 հազար դրամ: Ըստ սահմանադրական դատարանի` փայտյա պատուհանները շենքի կառուցման օրից շահագործման հետեւանքով շարքից դուրս են եկել, որի պատճառով չի ապահովվում շենքի հերմետիկությունը, ձայնամեկուսացումը եւ ջերմամեկուսացումը: Պարզվում է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աշխատանքին խանգարում է դրսի աղմուկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍԴ-ն հնարավորություն չունի այդ աշխատանքներն իրականացնել իր բյուջեում վերաբաշխումներ կատարելու միջոցով: Այս պատճառով ակնկալում է գումար ստանալ կառավարության պահուստային ֆոնդից: Արդյոք կառավարությունը կհատկացնի՞ գումարը, պարզ կդառնա այսօր: Իսկ մինչ այդ, նկատենք, որ տարիներ շարունակ աշխատողները չեն փորձել շենքային պայմանները բարելավել, սակայն Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվելուց հետո ակտիվ պայքարում է շենքային պայմանները եվրո ստանդարտներին հասցնելու համար:




Լրահոս