ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՄԲ ՔԱՂՑԿԵՂԸ ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարդասիլը` մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութը, քննադատության ու հարձակումների առումով, ըստ երեւույթին, առաջին տեղն է գրավում: Անվստահությունն առ այդ պատվաստանյութը որոշակի դեպքերում հասկանալի է: Նախ` այն նոր է, գրանցվել է FDA-ի (Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության ամերիկյան գործակալություն) կողմից 2006 թվականին: Երկրորդ` պապիլոմավիրուսը բնական ծաղիկ կամ ժանտախտ չէ, որոնց համաճարակների սարսափելի հետեւանքները ամենքի համար ակնհայտ են, չնայած որ ներկայումս ՄՊՎ տարածվածությունը (բնակչության 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է ՄՊՎ-ով) նույնիսկ ավելի բարձր է, քան բնական ծաղկի վիրուսի տարածվածությունը համաճարակի շրջանում: ՄՊՎ-ն բոլորին չի «հնձում», եւ դրա ամենավտանգավոր հետեւանքը` արգանդի վզիկի քաղցկեղը, կարող է զարգանալ լոկ 10 տոկոս դեպքերում, եւ այդ 10 տոկոսի միայն մի մասը կարող է մահանալ: Համեմատության համար նշենք, որ բնական ծաղկի վիրուսը մահացու է 90 տոկոս դեպքերում:

Հենց այս թվերն են ակտիվորեն գործածում գարդասիլի հակառակորդները. եթե քաղցկեղի առաջացման հավանականությունն ընդամենը 10 տոկոս է, ինչո՞ւ այդքան ջանք եւ միջոց վատնել եւ պատվաստել բոլոր կանանց, երբ հիվանդացությունը կարելի է վերահսկել սքրինինգներով, իսկ ծախսվող միջոցներն ուղղել առողջապահական այլ ծրագրերի:
Հայաստանում, օրինակ, արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանում է տարեկան մոտ 250 կին: Գարդասիլով պատվաստումը 2018 թվականին պետք է ընդգրկեր 16000 13-ամյա աղջիկների: 16000/ 250 համադրությունը բավական գրավիչ է թվում, որպեսզի հայտարարվի, որ վատնած ջանքերն ապարդյուն են:
Հայաստանում հետազոտություններ չեն արվել, թե որքան աղջիկ է պետք պատվաստել քաղցկեղի 1 դեպք կանխելու համար: Բայց կա կանադական մի հետազոտություն https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1950193, որը NNV-ն (numbers needed to vaccinate, քանի հոգի պետք է պատվաստել) հաշվարկելու համար մաթեմատիկական մոդել է առաջարկում, սակայն այդ մոդելը հաշվի չի առնում այնպիսի գործոն, ինչպիսին է կոլեկտիվ իմունիտետը:
Այսպես, հեղինակը առաջարկում է կիրառել հետեւյալ բանաձեւը՝ P>1-1/Ro
որտեղ Ro-ն այն մարդկանց միջին թիվն է, որոնց կարող է վարակել մեկ մարդը:
Օրինակ, եթե մեկ մարդը կարող է վարակել 10 անձի, ապա պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը պետք է լինի 90%, իսկ եթե 50 անձի, ապա 98% եւ այլն: Հաշվի առնելով, որ կանանց 80%-ն ամբողջ կյանքի ընթացքում վարակվում է ՄՊ վիրուսով` պետք է ձգտել բարձր կոլեկտիվ իմունիտետի ձեւավորմանը, այսինքն` կիրառել նույն սկզբունքը, որն օգտագործվում է մնացած այլ կառավարելի վարակիչ հիվանդությունների պարագայում, այսինքն` ապահովել թիրախային խմբի առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն, որպեսզի ազգաբնակչության մեջ ստեղծվի բարձր կոլեկտիվ իմունիտետ:
Այո, իրոք, ստացվում է, որ հարկ է պատվաստել տասնյակ հազարավոր կանանց 100-ին արգանդի պարանոցի քաղցկեղից փրկելու համար: Բայց չէ՞ որ սա մարդուն պատվաստման միջոցով քաղցկեղից փրկելու աշխարհում առաջին հնարավորությունն է, եւ թվերը համադրելն այստեղ պարզապես տեղին չէ:
Եվ պետք չէ մոռանալ, որ խոսքը ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման մասին է, այլ նաեւ ՄՊՎ-ով հարուցվող այլ հիվանդությունների` հեշտոցի, արտաքին սեռական օրգանների, առնանդամի եւ հետանցքի, գլխի եւ պարանոցի քաղցկեղի, ինչպես նաեւ կոնդիլոմաների (սեռական գորտնուկ) եւ ռեցիդիվող շնչառական պապիլոմատոզի: Եվ պետք չէ նաեւ մոռանալ, որ ցանկացած կանխարգելիչ միջոց բուժումից էժան եւ արդյունավետ է, եթե անգամ մի մարդու փրկության համար ստիպված ես լինում պատվաստել 100 մարդու:
Ինչ վերաբերում է սքրինինգային ծրագրերին, ապա հետեւողականորեն իրականացվող սքրինինգային ծրագրերը հանգեցնում են արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության եւ դրանից մահացության նկատելի նվազման: Դա հաստատում է զարգացած շատ երկրների փորձը: Բայց նրանց փորձը նաեւ ցույց է տալիս, որ սքրինինգի եւ պատվաստման զուգակցման դեպքում առավել լավ արդյունքի ենք հասնում:
«ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վաղ դրական արդյունքներն արգանդի պարանոցի դիսպլազիաների եւ սեռական գորտնուկների կանխարգելման գործընթացում» կոհորտային հետազոտության https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991 արդյունքում, որն իրականացվել է Օնտարիոյում` թվով 260493 աղջիկների շրջանում, ընդ որում` 128,712 պատվաստված եւ 131,781 չպատվաստված աղջիկների, հայտնաբերվել է, որ.
– ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը:
– ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունքում նվազել են նաեւ սեռական գորտնուկները:
Շոտլանդիայում 2009-2013 թթ. իրականացվել է «ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ազդեցությունը պապիլոմավիրուսների տարածվածության եւ կոլեկտիվ իմունիտետի առաջացման գործընթացում» հետազոտությունը (https://wwwnc.cdc.gov/eid/article/22/1/15-0736_article), որի արդյունքում պարզվել է, որ.
– Պատվաստվածների շրջանում դիտվել է ՄՊՎ-ի 16 եւ 18 շճատիպերի կտրուկ նվազում, 31, 33 եւ 45 շճատիպերի նշանակալի նվազում` ի հաշիվ խաչաձեւ իմունիտետի, իսկ 52 շճատիպի առումով արտահայտված նվազում չի արձանագրվել:
– Չպատվաստված կանանց շրջանում ՄՊՎ-ի 16 եւ 18 շճատիպերի տարածվածությունը 2013 թ. ավելի ցածր է եղել, քան 2009թ.:
Վերը բերված տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ թեպետ երկվալենտ պատվաստանյութն աշխատում է միայն 16 եւ 18 շճատիպերի դեմ, շնորհիվ խաչաձեւ իմունիտետի` նվազում է նաեւ ՄՊՎ-ի այլ շճատիպերով վարակվելու հավանականությունը, ինչպես նաեւ կոլեկտիվ իմունիտետի շնորհիվ նվազում է հիվանդացությունը չպատվաստված բնակչության շրջանում: Հայաստանում կիրարկվում է քառավալենտ գարդասիլը, որը բացի 16 եւ 18 շճատիպերից, պայքարում է նաեւ 6 եւ 11 շճատիպերի դեմ եւ ՄՊՎ-ից առավել բարձր պաշտպանություն է ապահովում:
Ավստրալիայում քառավալենտ պատվաստանյութի 10 տարվա կիրառման արդյունքում 18-24 տարեկան կանանց շրջանում ՄՊՎ վարակի մակարդակը նվազել է 22 անգամ` 22,7 տոկոսից հասնելով 1,1 տոկոսի, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացությունը նվազել է 50 տոկոսով: Այս տվյալների եւ մաթեմատիկական մոդելավորման հիման վրա Ավստրալիայի Քաղցկեղի դեմ պայքարի խորհուրդը (Cancer Council Australia) եկել է այն եզրահանգման, որ Ավստրալիան կդառնա արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարած աշխարհում առաջին երկիրը:
Եվս մեկ փաստարկ, որ հաճախ բերում են գարդասիլի հակառակորդները, այն է, որ պատվաստանյութը չափազանց նոր է, եւ չի կարելի պնդել, որ այն ցմահ իմունիտետ է առաջացնում:
Կան պատվաստանյութի իմունաբանական պատասխանի մեխանիզմներին եւ արդյունավետությանը վերաբերող բազում հետազոտություններ: Մասնավորապես, ինչպես է L1 սպիտակուցի նկատմամբ տեղի ունենում սերոկոնվերսիա, ինչպես են առաջացած պաշտպանիչ հակամարմինները պահպանվում օրգանիզմում նվազագույնը 10 տարի, ինչպես են գործընթացի մեջ ներգրավվում իմուն համակարգի հիշողության բջիջները, որի փաստն ինքնին նպաստում է ցմահ իմունիտետի ձեւավորմանը անգամ այն պարագայում, եթե ենթադրենք, որ հակամարմինների տիտրը հետագայում կնվազի: Ավելին, նշենք, որ Դարոն Ջ. Ֆերիսը իր վերջին հետազոտություններում (http://pediatrics.aappublications.org/content/early/2017/11/20/peds.2016-3947https://www.fredhutch.org/en/news/center-news/2016/08/hpv-vaccine-boosts-immune-memory.html) ոչ միայն հերթական անգամ ապացուցում է, որ հակամարմինները կարող են պահպանվել նվազագույնը 10 տարի, այլ նաեւ ներկայացնում է այն փաստը, որ պատվաստումը կարող է խթանել արդեն իսկ վարակված անձանց իմունիտետը: Այսինքն, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը կարող է կիրառվել ոչ միայն կանխարգելիչ, այլ նաեւ բուժիչ նպատակներով:
Ստացվում է, որ ՄՊՎ-ի դեմ հետեւողական պատվաստումը մի քանի տասնյակ տարիների ընթացքում կարող է հանգեցնել այն բանին, որ մարդու պապիլոմավիրուսն ընդհանրապես «դուրս գա շրջանառությունից», ինչպես դա պատահեց բնական ծաղկի վիրուսի հետ: Այո, արդյունքն այդչափ մասշտաբային չի լինի, որքան բնական ծաղկի դեպքում, բայց դա կլինի պատվաստման շնորհիվ քաղցկեղի դեմ առաջին հաղթանակը:




Լրահոս