«Ժողովուրդ» օրաթերթը քարոզարշավի ընթացքը ամփոփել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:
-Պարո՛ն Աղաջանյան, եթե ամփոփենք նախընտրական քարոզարշավը, ինչպե՞ս կգնահատեք այն:
-Քարոզարշավը բավականին խիտ էր` հաշվի առնելով, որ բոլոր քաղաքական ուժերը ժամկետների տեսանկյունից սահամափակված էին: Ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր էր, առանձնացող եւ տարբերվող նախկիններից, մասնավորապես, բոլոր ուժերի հավասար հնարավորությունների տեսանկյունից, ինչպես նաեւ բանավեճի մշակույթի մուտք գործելը, որը հույս ունեմ` այսուհետ մշտապես կլինի մեր քաղաքական կյանքի անբաժանելի մաս:
-Համաձա՞յն եք, որ պայքարը գաղափարական չէր:
-Այո, համաձայն եմ: Ցավոք, դա այդպես է, բայց դրա համար կա մի քանի օբյեկտիվ պատճառ: Նախ գործող ընտրակարգը մեծապես նպաստեց դրան, որովհետեւ ես հավատացած եմ, որ ռեյտինգային ընտրակարգը բավականին ապաքաղաքականացնում է քաղաքական գործընթացները:
-Կարելի է ենթադրել, որ ԸՕ-ում փոփոխություններ կարվեն, ու կամրագրվի բացառապես համամասնական ընտրակարգ:
-Վստահ եմ` եթե մեր քաղաքական ուժը ստանձնի իշխանությունը, առաջին օրենսդրական նախաձեռնությունը կլինի այս ընտրակարգի փոփոխությունը, որպեսզի մենք հետագայում քաղաքական քննարկումններ ունենանք, ծրագրեր քննարկենք, այլ ոչ թե որոշ թեկնածուների շրջապատի եւ ծանոթության մեծությունից կախված` ընտրությունների ելքը որոշվի:
-Հիմնական պայքարը կարծես թե ընթանում էր «Իմ Քայլի» եւ ՀՀԿ-ի միջեւ: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Առաջնային պատճառը այն է, որ ՀՀԿ-ի թիրախում «Իմ Քայլը» դաշինքն է, եւ սխալ կլիներ անարձագանք թողնել այդ մեղադրանքները` հաշվի առնելով, որ դրանք բավականին ծանր բնույթ են կրում: ՀՀԿ-ի հիշատակումը ամեն հնարավոր առիթով նպաստում է նրանց ռեյտինգի է՛լ ավելի իջեցմանը: Ինչքան հաճախ մեր քաղաքացիներին նրանց մասին հիշեցվի, այնքան կնվազի հնարավորությունն ու հավանականությունը նրանց ԱԺ-ում ներկայացված լինելու: Սա բնական է, եթե հաշվի առնենք, թե նրանք մեզ ինչ ժառանագություն են թողել: Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի համար սկզբունքային, որ ՀՀԿ-ն չանցնի Աժ: Շատերը ասում են, որ ուշադրության կենտրոնում պահելով նրանց` մենք նպաստում ենք նրանց PR-ին, բայց կարծում եմ` այդ հիմնավորումը արդեն իսկ հօդս է ցնդում: Նրանք չպետք է լինեն, որովհետեւ քանի դեռ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կա եւ ակտիվ է, սեւ ու սպիտակի դիսկուրսը լինելու է: Մնացած քաղաքական ուժերը իրավացիորեն փնովում են եւ քննադատում այս բաժանումը, որովհետեւ, ըստ էության, մենք չենք մտնում բովանդակային քննարկումների մեջ, մենք դաշտը բաժանում ենք սեւ ու սպիտակի, բայց դա ստեղծված իրավիճակն է ապահովում: Հենց սրա համար էլ ՀՀԿ-ն պետք է մեր քաղաքական դաշտից պարզապես մաքրվի:
-ՀՀԿ-ի մասին անընդհատ խոսելով, մերժվածին մերժելով. արդյոք իրենց մասին հիշեցնելու հնարավորություններ չե՞ք ստեղծում:
-Այո, ՀՀԿ-ն եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը մերժվել են, բայց երբ ՀՀԿ-ն պահպանում է իր որոշակի ներկայացվածությունը Աժ-ում, մենք խնդիր ունենք վերջնականապես մերժելու , որ այդ երեւույթը մեր քաղաքական դաշտում տեղ չունենա: Այն հանդիսանում է հակահեղափոխության ինչ-որ աղբյուր, որը պետք է իսպառ վերանա մեր քաղաքական ասպարեզից: Դեկտեմբերի 9-ի ընտրություններով մենք եւ մեր քաղաքացիները պետք է վերջնական արձանագրենք ՀՀԿ-ի վախճանը եւ վերջնական փուլի հասցնենք այն պրոցեսները, որոնք սկսվեցին ապրիլ-մայիս ամիսներին:
-Ո՞րն է երաշխիքը, որ նոր իշխանությունները նախկինի սխալները չեն կրկնի:
-Երաշխիքը ՀՀ քաղաքացիներն են, մեր «ծագումնաբանությունն է»: Մենք գործուղվել ենք կառավարություն ժողովրդի կողմից, որը իրականացրել է հեղափոխություն, հետեւաբար մենք հաշվետու ենք այդ ժողովրդին. դա է կարեւորագույն երաշխիքը, որ բացառված է, թե մենք կկրկնենք նախկինի սխալները: Բնականաբար, մենք կունենանք սխալներ` հաշվի առնելով, որ մարդը սխալական է, բայց այն, որ ՀՀ-ում կբացառվի համակարգային կոռուպցիան, դա միանշանակ է, եւ մենք այս տեսանկյունից նաեւ ակնկալում ենք ժողովրդի վստահությունը:
-Քաղաքական մենաշնորհի վտանգ չունե՞նք:
-Ոչ: Նախ, որովհետեւ մեր սահամանադրությունը այդ հնարավորությունը չի տալիս: Հիշեցնեմ` գործող սահմանադրությամբ ԱԺ-ի առնվազն մեկ երրորդը պետք է բաղկացած լինի ընդդիմադիր ուժերից, հետեւաբար, եթե նույնիսկ հավաքենք 90 եւ ավել տոկոս, համամասնաբար ընդդիմադիր ուժերը կունենան մեկ երրորդի չափով ներկայացվածություն ԱԺ-ում, որի արդյունքում պատգամավորների թիվը կավելանա: Ինչ վերաբերում է քաղաքական մենաշնորհին, բացի վերը նշված հիմնավորումից, ես կարծում եմ, որ, այո, մենք շատ հաճախ քննարկում ենք ՀՀԿ-ին, բայց ես համաձայն չեմ, որ ՀՀ-ում գործող կուսակցությունների շարքում չկան նման ուժեր:
-Ասում են` եթե Փաշինյանը չլինի, նրա թիմը չի հավաքի այնքան ձայն, որքան ակնկալվում է:
-Առհասարակ ցանկացած քաղաքական ուժի առաջին համարը միշտ ունենում է որոշակի բոնուսային լեգիտիմություն, եւ այս տեսանկյունից «Իմ քայլը» չի առանձնանում այլ քաղաքական ուժերից: Իր բոլոր արժանիքները հաշվի առելով իհարկե` թույլ տվեք ասել, որ ինքը միայնակ չէր կարողանա իրականացնել հեղափոխություն. դա մենք արել ենք մեր քաղաքական թիմով, իսկ, որ ավելի կարեւոր է, դա առաջին հերթին արել են մեր քաղաքացիները: Ես վստահ եմ, որ հետագա 5 տարիներին մեզ սպասվում են նոր քաղաքական դեմքերի ի հայտ գալը` ի դեմս «Իմ քայլը» դաշինքի եւ այնտեղ տեղ գտած քաղաքական գործիչների:
-«Դաշնակցությունը» բանավեճի ժամանակ արծարծում էր այն միտքը, որ ավելի շատ տեղի է ունեցել անձերի փոփոխություն, ոչ թե հեղափոխություն: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Ես ընդհանրապես ՀՅԴ-ի գործիչներին արձագանքելու կարիք չեմ տեսնում: Կարծում եմ` իրենք իրենց անցած ճանապարհով իրենց վերջնականապես դելեգիտիմացրել են եւ նրանց արձագանքելու նպատակահարմարություն չեմ տեսնում:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԿՐԿԻՆ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ինտրիգը չի դադարում: Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստեր, որոնց ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած ի սկզբանե ասվել էր, որ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեմային անդրադարձ չի լինի, սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին բոլորից առաջ ընկավ:
Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե, ըստ էության, գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է, եւ կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն նրան էլ կրկին շտապել է անդրադառնալ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,-նշել է Եղոյանը:
Եվ այս համատեքստում նաեւ հետաքրքիր են Փաշինյանի հայտարարությունները երեկ հայ համայնքի հետ հանդիպմանը: Նա ասել է, թե կարեւորը ոչ թե այն է, թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլ ինչպիսին կլինի կառույցի գործունեությունը: «Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե՞ ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն», – ասել է Փաշինյանը:
Մյուս կողմից` տեսակետ կա, որ այս իրավիճակը կձգվի մինչեւ 2020թ., երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով տրվի Բելառուսին, իսկ մինչ այդ այնտեղ կղեկավարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռուս տեղակալը:
ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխարեն երեկ մեզ փոխանցվեց ԵԱՏՄ նախագահությունը, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Հայաստանին՝ մինչ այդ բավական ջերմ ընդունելություն ցուցաբերելով ՀՀ վարչապետին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆՏՐՈՂՆԵՐ
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների թիվը: Ըստ այդմ, Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններում ընտրողների թիվը 2 մլն 564 հազար 195 էր: Ասել է թե` մեկ ու կես տարվա ընթացքում ընտրողների քանակն ավելացել է 10 հազարով: Սա այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներ իրականացնելու մասին: Հետաքրքիր է, որ վերջին օրերին Քննչական կոմիտեի կողմից պարբերաբար տարածվում են հայտարարություններ եւ հիշեցումներ, թե ինչ քրեական պատիժ է սահմանված այն դեպքում, երբ պատշաճ չեն կատարվում հանձնաժողովի անդամի պարտականությունները, եւ լինում են խախտումներ: Իսկ դա ամենեւին էլ պատահական չէ. ի վերջո ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ ՀՀԿ` 1110-ական, «Ծառուկյան» դաշինք` 594-ական, «Ելք» դաշինք` 172-ական, ՀՅԴ՝ 134-ական: Եվ այս պարագայում հնարավոր է` լինեն հանձնաժողովի նախագահներ եւ քարտուղարներ, ովքեր կցանկանան ՀՀԿ-ին օգնել, ծառայություններ մատուցել: Բայց դե սա հղի է լուրջ վտանգներով:
ՀԱՐՈՒՍՏ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եկամուտներն անցած տարվա ընթացքում կազմել է մոտ 47 մլն 970 հազար դրամ եւ 13 հազար 20 եվրո։ Նկատենք, որ Անանյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը` տարեկան 15 մլն դրամ եւ 4800 եվրո, մեկ ընկերությունից ստացած 32.9 մլն դրամի չափով շահաբաժինը եւ ավելի քան 8000 եվրոյի չափ «այլ եկամուտ»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անանյանը ունի 1 մլն 650 հազար դրամ, 2500 դոլար եւ 1500 եվրո։ Իսկ ունեցած փոխառությունը անցած տարեվերջին կազմել է 1 մլն 153 հազար դրամ։ Իսկ ահա ՊԵԿ նախագահի կինը՝ Գայանե Սեդրակյանը, չնայած որ զրոյական եկամուտ ունի, հայտարարագրել է 1 մլն 450 հազար դրամ եւ 45 հազար դոլար դրամական միջոց։ Բացի այս, Անանյանի տիկինը 45 հազար դոլարի չափով այլ ներդրումներ ունի։ Ասել է թե` նոր Հայաստանի ոչ այնքան նոր պաշտոնյաներն այնուամենյանիվ մեծ ունեցվածքի տեր են:
ԷԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ
Մինչ նախկին իշխանությունները դժգոհում են գնաճից, Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով, պրեմիում տեսակը՝ 460-ով։ «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ մինչեւ Ամանոր այն 20 դրամով էլ կէժանանա։ Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք` նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում: