Ինչպես հայտնի է, 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցության թվի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Եվ նախնական արդյունքներով խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարած ուժերի ներկայացուցիչները` հատկապես ՀՀԿ-ականները, նշեցին, որ արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է:
Եվ նաեւ այս համատեքստում հետաքրքիր է, թե քաղաքական դաշտի հայտնի դեմքերից, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են այդ օրը մասնակցել քվեարկության եւ ովքեր` ոչ:
Ինչպես այդ օրը հրապարակվեց, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այդ օրը տիկնոջ հետ գնացել էր ընտրատեղամաս, որից հետո չէր պատասխանել լրագրողների հարցերին: Նրա մի դուստրը եւ փեսան` Միքայել Մինասյանը, չեն մասնակցել ընտրություններին, իսկ մյուս դուստրը եւ փեսան մասնակցել են: Հետաքրքիր է, որ Սարգսյանի եղբոր ընտանիքները եւս պարտաճանաչ կերպով մասնակցել էին ընտրություններին: Մասնավորապես, Ալեքսանդր Սարգսյանի ամբողջ ընտանիքը մասնակցել է ընտրություններին բացի արդեն Ֆրանկլին Գոնսալես «կեղծանունով» հայտնի Նարեկ Սարգսյանից, որ հետախուզման մեջ է, հայտնաբերվել է Չեխիայում: Իսկ մյուս եղբոր` Լեւոն Սարգսյանի ընտանիքից միայն նա չի մասնակցել ընտրություններին: Նա եւս հետախուզման մեջ է գտնվում ապօրինի հարստացման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, որ կալանավորված է, մասնակցել է ընտրություններին, նրա կինը եւս: Իսկ ահա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ եւս կալանավորված է, չի քվեարկել: Չի քվեարկել նաեւ նրա կինը եւ հարսները, իսկ ահա Քոչարյանի երկու որդիները` Լեւոնն ու Սեդրակը, մասնակցել են ընտրություններին:
Հետաքրքիր է, որ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նրա հարս Էմմա Ծառուկյանը, որ Գագիկ Ծառուկյանի դուստրն է, մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն նախկին վարչապետի որդին` Արգամ Աբրահամյանը, քվեարկությանը չի մասնակցել:
Նախկին պաշտոնյաների եւ պատգամավորների համատեքստում եւս հետաքրքիր տվյալներ կան: Օրինակ` նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը եւ նրա որդին` Դավիթը, մասնակցել են ընտրություններին, իսկ դուստրերն ու կինը` ոչ: Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ընտանիքից միայն մեկ դուստրն է մասնակցել ընտրությունների քվեարկությանը, իսկ անձամբ ինքը` ոչ: Նրա հետ կապված վերջերս հաճախ են տեղեկություններ հրապարակվում, որ նա ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում: Դեռեւս պատգամավոր հանդիսացող Սեյրան Սարոյանի հինգ հոգանոց ընտանիքը եւս չի մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ նա եւս պարբերաբար իր ընտանիքի հետ գտնվում է արտերկրում հաճախ նաեւ բուժման նպատակով: Դեռեւս պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 15 հոգանոց ընտանիքից միայն 9-ն է մասնակցել քվեարկության, այդ թվում` հենց Սամվել Ալեքսանյանը: Հերմինե Նաղդալյանը, որ ինքնաբացարկ էր հայտնել, քվեարկել է, սակայն նրա ամուսինը` Դավիթ Բեգլարյանը` ոչ: Քվեարկությանը չի մասնակցել նաեւ դեռեւս գործող պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ու իր կինը, թեեւ Կոստանյանն անցել էր Նիկոլ Փաշինյանի կողմը: Տեղեկությունների համաձայն` նրանք արդեն Հայաստանում չեն. հայտնի է, որ Կոստանյանը պաշտոնի առաջարկ էր ստացել ՄԻԵԴ-ից:
ՀՀԿ-ի համար 2017 թվականին մեծ ձայներ ապահոված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ամբողջ ընտանիքից միայն հայրն է մասնակցել քվեարկությանը: Կրկին տարբեր տեղեկությունների համաձայն` Պողոսյանը եւս ամբողջ ընտանիքի հետ միասին Հայաստանում չէ: Կրկին գործող պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը, որ նախորդ ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում առաջատարն էր, կնոջ հետ միասին գնացել է քվեարկության, իսկ դուստրը` ոչ: ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը, ում ազատությունից զրկելու եւ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար միջնորդություն էր ներկայացվել Ազգային ժողով, իր մայրիկի հետ միասին չի մասնակցել քվեարկությանը, իսկ կինն ու որդին` մասնակցել են:
Ինչ իրավիճակ է նախկին պաշտոնյաների պարագայում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրենց կանանց հետ գնացել են քվեարկության: Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքը` Կուտոյանի գլխավորությամբ, ընտրություններին չի մասնակցել: Իսկ ահա մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու կինը մասնակցել են ընտրություններին: Երեւանի նախկին քաղաքապետերի պարագայում իրավիճակն այսպիսին է. Գագիկ Բեգլարյանը մասնակցել է քվեարկությանը, իսկ Տարոն Մարգարյանի ամբողջ ընտանիքից միայն ինքը չի մասնակցել, մյուսները քվեարկել են: Իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքից միայն մեկ տղան ու մեկ աղջիկն են մասնակցել արտահերթ ընտրությունների քվեարկությանը: ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ողջ ընտանիքով չի մասնակցել ընտրություններին:
Եվ վերջապես, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանի ընտանքից միայն ինքն է մասնակցել ընտրություններին, որդին ու դուստրը՝ ոչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆՏՐԵԼ-ՉԸՆՏՐԵԼ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում կայացած քվեարկության արդյունքում, ըստ 37/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի տեղեկատվության, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 356 քվե, որից 301-ը ստացել է Տավուշի մարզում ռեյտինգային Հայկանուշ Բեգլարյանը: Նա Ոսկեպար գյուղում է ծնվել, ապրում է Նոյեմբերյան քաղաքում, զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ, մասնագիտությամբ բուժքույր է, ունի նաեւ իրավաբանական բարձրագույն կրթություն: Չնայած Հ. Բեգլարյանը պատգամավոր չի դառնա, Ոսկեպարը ընտրություններին նրան մեծ աջակցություն ցուցաբերեց: Ոսկեպարում բնակվող պատգամավորության ռեյտինգային թեկնածու Ռուսլան Մախսուդյանը, ով Ոսկեպարի անասնաբույժն է, համագյուղացիների վտահության քվեները չստացավ: Նա Ոսկեպարի միակ ընտրական տեղամասում ստացավ 7 ձայն, որոնք իր տնեցիների եւ հարազատների ձայներն էին: Պատճառն այն չէ, որ Ռուսլան Մախսուդյանը համագյուղացիների հարգանքը չի վայելում, նրա ստացած ձայների քչության պատճառն այն է, որ նա «Օրինաց երկրի» ռեյտինգային թեկնածուն էր, այդ կուսակցության վարկանիշը բարձր չէ:
ՈՒՐԱԽ ԵՆ
Դեկտեմբերի 9-ի ընտրությունները նորույթներ ունեին: Այլեւս թեկնածուները կամ նրանց մարդիկ միկրոավտոբուսներով եւ ավտոմեքենաներով ընտրողներին ընտրական տեղամասեր չէին տեղափոխում: Դա եւս պատճառ դարձավ քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսը փոքր լինելուն: Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների փորձառու նախագահներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ նախկինում` համապետական ընտրությունների ժամանակ, ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից. մարզպետարանից պարբերաբար զանգահարում էին իրենց, հետաքրքրվում, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը, նաեւ պարզում էին, թե այդ տեղամասում ովքեր չեն ներկայացել քվեարկության եւ նրանց ուղղորդում էին ընտրատեղամաս: Քվեարկության ավարտից հետո մարզպետարանից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից եւ նույնիսկ փրկարար ծառայությունից էին զանգահարում տեղամասային ընտրական հանձնաժողովներ, տվյալներ հարցնում ընտրողների մասնակցության, քվեաթերթիկները հաշվելու ընթացքում պարբերաբար տեղեկանում թեկնածուների ստացած քվեների քանակից: Այդ կերպ նրանք խանգարում էին քվեաթերթիկները հաշվելու գործընթացը, այդ գործը ձգձգվում էր մինչեւ ուշ գիշեր: ՏԸՀ նախագահները եւ քարտուղարներն ուրախացել են,որ այլեւս նման բան չկա, քվեաթերթիկներ հաշվելն արագ, առանց ընդմիջումների է ընթացել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՆՈՐՈԳԻ՞
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռեւս 1991 թվականից մինչեւ մայիսի 18-ը աշխատել է քաղաքի գրադարանում: Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, եւ արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից:
Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Նրա խոսքերով` ընտրված քաղաքապետ Վազգեն Ադամյանն իրեն գրադարանավարի աշխատանքից ազատել է` նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանի օգտին քվեարկելու պատճառով:
«Քանի որ ընտրություններից հետո` հունվարի 23-ին, ինձ տեղեկացրեցին, որ կրճատման տակ եմ ընկել, բայց այդ մասին մոռացել էին նախապես ծանուցել: Ես էլ իրենց ասացի, որ դատական կարգով կբողոքարկեմ: Ինչից հետո` փետրվարի 7-ին, կանչեցին աշխատանքի: Բայց մարտին կրճատման մասին ծանուցում ուղարկեցին, իսկ արդեն մայիսի 18-ին իմ հետ կնքած պայմանագիրը լուծարեցին»,- ներկայացրեց Գալյա Քեշիշյանը: Նշենք, որ Գ. Քեշիշյանը հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Մեզ դիմած քաղաքացու խոսքերով` քաղաքապետարանը սա պետք է հաշվի առներ եւ այլ աշխատանքով ապահովեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այժմ գրադարանում կա երեք հաստիք` տնօրենի, որը միաժամանակ իրականացնում է գրադարանավարի պարտականությունները, հաշվապահի եւ մաքրուհու: Այսինքն` ընթերցողներին սպասարկում է տնօրեն-գրադարանավարը:
Գրադարանավարն այս հարցով դիմել է ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարան, ե՛ւ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին: Մարզպետարանից արձագանքել են քաղաքացու դժգոհությանը եւ պատասխանել, որ իրավասու չեն միջամտել քաղաքապետարանի որոշումներին: «Տնօրենը գրադարանավար է մասնագիտությամբ, բայց ուշ-ուշ է գնում աշխատանքի, օրերով մարդիկ գնում են գրադարան, բայց փակ է լինում: Անգամ եղել է, որ մաքրուհին է մարդկանց սպասարկել: Մաքրուհին քարտի վրա անհրաժեշտ գրառումներն արել է եւ գիրքը տվել ընթերցողին»,- ափսոսանքով նկատեց գրադարանավարը: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է Քեշիշյանին զայրացրել է քաղաքապետ Ադամյանի պատասխանը. «Ես ստացել եմ 27 հազար 500 դրամ աշխատավարձ, բայց ինքը ինձ ասաց` քո աշխատավարձը կհավաքեմ ու քաղաքի ճանապարհները կնորոգեմ»:
Քաղաքացու դժգոհության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանի հետ, որն ասաց. «Ինքը անհիմն չի հեռացվել աշխատանքից: Նրա նկատմամբ անհատական որոշում չի կայացվել: Հաստիքների կրճատում է եղել, համայնքապետարանը նպատակահարմար չի գտել գրադարանը այդ կազմով պահելը: Տնօրենը ակադեմիական կրթություն ունի, մասնագիտությամբ գրադարանավար է: Մենք գիտենք` ինքը խոցելի խմբում է, բայց եթե հնարավորություն լինի, ապա իրեն այլ աշխատանք կառաջարկենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ