2017 թվականի ապրիլի 2-ից հետո կազմավորված խորհրդարանը փաստացի կարճ կյանք ունեցավ/ 5 տարի գործելու փոխարեն միայն 1.5 տարի աշխատեց: Իսկ ի՞նչ աշխատանք հասցրեց կատարել այս խորհրդարանը 1.5 տարվա ընթացքում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` 2017 թվականի մայիսից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից եւ, պաշտոնական տվյալների համաձայն, այս մեկուկես տարվա ընթացքում ընդունվածներից միայն 59 օրենք է առկա, որ հեղինակվել է ԱԺ պատգամավորների կողմից: Այդ 59-ի մեջ կան նաեւ հարցեր, որոնց մեջ համահեղինակ են կառավարությունն ու պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Ընդունված 729 հարցերից 54-ն անցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովով: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովով անցել է 55 հարցի քննարկում: Այդ օրենքների թվում էր նաեւ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել է 20 նախագիծ:
Ամենաքիչ թվով նախագիծ քննարկվել է Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի կողմից` ընդամենը 7: Այս հանձնաժողովն առհասարակ ուշ-ուշ է նիստեր գումարում կամ հարցեր քննարկում: Այդ 7 հարցերից 3-ը վերաբերել են տարբեր տարիների բյուջեների հաշվետվությանը, մեկն էլ` նաեւ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկված ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Բայց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի գլխավորած այս հանձնաժողովն առաջինն էր, որ ՀՀԿ-ական անպարտաճանաչ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սկսեց կիրառել` նիստերին բացակայելու համար աշխատավարձերից պահումների տեսքով: ՈՒ պատժվեցին հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում քննարկվել է 28 օրենսդրական նախագիծ: Այդ նախագծերի թվին են դասվում բազմիցս քննարկված, նաեւ քննադատված «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթները, որոնք վերաբերում են հայտնի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին: Ընդունված օրենքներից է նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որի ընդունման շնորհիվ չծառայած քաղաքացիները 27 տարին լրանալուց հետո կարող էին տուգանք վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Միայն 285 օրենք քննարկվել է պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում: Առհասարակ, այս հանձնաժողովը միշտ էլ համարվել է ամենաարդյունավետներից մեկը եւ լավագույնս գործել է բոլոր գումարման խորհրդարանում: Իհարկե այս հանձնաժողովի գործունեությունը կարեւոր կլինի նաեւ նոր ձեւավորվող խորհրդարանի պարագայում: Այստեղ ընդունվում են ամենակարեւոր նախագծերը եւ ընթանում են բուռն բանավեճերը: Վերջին ամենացայտուն օրինակն էլ ԱԺ կանոնակարգ-օրենքում աղմկահարույց դրույթի ընդունումն էր, որն էլ պատճառ դարձավ հոկտեմբերի 2-ի աղմկահարույց դեպքերին: Եվ կրկին ապրիլյան դեպքերից հետո հենց այս հանձնաժողովում է քննարկվել նաեւ համաներում հայտարարելու մասին հարցը:
Դեռեւս առկա է 64 նախագիծ, որոնք ընդգրկված չեն եղել 6-րդ գումարման խորհրդարանի օրակարգերում կամ չեն ընդունվել ամբողջությամբ: Այսինքն` այս հարցերը կքննարկվեն հաջորդ խորհրդարանի կողմից: Դրանց թվին են պատկանում 2008 թվականի մարտի 1,2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը, որոնք չքննարկվեցին քվորում չլինելու պատճառով: Այս նախագծերը հաջորդ խորհրդարանում չեն էլ քննարկվի, քանի որ Արամ Հարությունյանն այլեւս անձեռնմխելի չի լինի, եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու խնդիր չի առաջանա: Կա եւս 26 նախագիծ, որոնք հիմնականում երկրորդ ընթերցմամբ կրկին քննարկվելու են հաջորդ խորհրդարանում:
Հետաքրքիր է, որ այս մեկուկես տարվա ընթացքում ԱԺ-ն հասցրեց ընտրել նախագահ, ԲԴԽ անդամներ, դատավորներ: Իսկ ուշագրավ կողմերից մեկը թերեւս այն է, որ այս մեկուկես տարվա ընթացքում խորհրդարանը հասցրել է անցկացնել ՀՀ վարչապետի հինգ ընտրություն, որից երեքը` «անհաջող»: Սկզբում ԱԺ-ն վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, սակայն համաժողովրդական շարժման արդյունքում Սարգսյանը ստիպված էր հրաժարական ներկայացնել: Հետո տապալվեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ապա հաջորդ անգամ նա ընտրվեց եւ հետագայում եւս երկու անգամ նա չընտրվեց վարչապետ. երկրորդ անգամն, իհարկե, քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի ՀՀ սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով վաղաժամ դադարեցվեին այս խորհրդարանի լիազորությունները: Բուռն քննարկված նախագծերից կարելի է առանձնացնել նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քվեարկությունը տապալվեց ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների շնորհիվ: Եվ այս օրերին հաճախ է նշվում` եթե օրենսգիրքն ընդունվեր եւ նվազագույն շեմը իջեցվեր, ապա վերը նշված ուժերը միգուցե լինեին խորհրդարանում:
Մեկ փաստ էլ. այս խորհրդարանի ղեկավարը` Արա Բաբլոյանը, ԱԺ նախագահների մեջ միակն է, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին: Մինչդեռ ԱԺ նախկին նախագահներից ոչ մեկը չի հասցրել պաշտոնավարել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում` սկզբից մինչեւ վերջ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՄՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ներսում շարունակվում են դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ակտիվ քննարկումները: ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասի համար գրանցված արդյունքն անակնկալ է եղել, քանի որ մինչեւ վերջին պահը նրանք վստահ են եղել` ստանալու են անհրաժեշտ 5 տոկոս ձայնը: Եվ չնայած կուսակցության ներսում չեն հավատում, որ իրենք այդքան քիչ ձայն են հավաքել, կասկածներ ունեն, որ որոշ տեղամասերում միգուցե իրենց քվեներն անվավեր են դարձրել, սակայն չունեն կոնկրետ փաստեր եւ վերջնական որոշում են կայացրել ընտրության արդյունքները չբողոքարկելու մասին:
Չնայած կուսակցության արձանագրած պարտությանը` ՀՀԿ-ում չեն պատրաստվում փոփոխել ղեկավար կազմը` հատկապես կուսակցության նախագահին: Այնինչ, հատկապես այս տարվա ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, ՀՀԿ ներսում քննարկվում էր նաեւ կուսակցության նախագահի պաշտոնից նրա հեռանալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ժամանակավորապես առկախված է. կուսակցության ներսում քննարկումների արդյունքում որոշել են, որ այս փուլում միայն Սերժ Սարգսյանը կարող է այս իրավիճակում գլուխ հանել եւ հիմնական կորիզը պահել կուսակցությունում: Որոշ ժամանակ, ամիսներ անց միգուցե կուսակցությունը որոշի ամեն դեպքում անդրադառնալ Սարգսյանի փոփոխության հարցին, բայց այս փուլում այդ տարբերակը բացառվում է:
ՆՎԱԶՈՒՄՈՎ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 144 մլն 726 հազար դրամով նվազեցրել է հարկերը: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի 45-րդ տեղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն 679 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 919 մլն հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր է` ընկերությունը առաջիկայում կրճատի հարկային վճարումները: Ընկերության աշխատակիցների խոսքերով` հարկային վճարումների նվազումը բեռնափոխադրումների նվազման հետեւանքով է: Իսկ ինչպես հայտնի է, դրա պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելն է: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր իրականացրել այս ընկերությունում, իսկ արդեն սեպտեմբերին հայտնաբերվեցին չարաշահումներ:
ԿՓՈՓՈԽՎԻ՞
ՀՅԴ-ն հունվարին մեծ ժողով է անցկացնելու: «Մենք ունենք առաջիկայում նաեւ ընդհանուր ժողով: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կքննարկի, կվերլուծի, եւ նոր էջ կուսակցության մարտավարության համար կբացվի, որովհետեւ հիմա մենք նոր վիճակում ենք»,- հայտարարել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցության մարտավարության վերանայման, քաղած դասերի համատեքստում Բյուրոյի ղեկավարն էլ փոխվի, Ռուստամյանն արձագանքել է. «Ամեն ինչ հնարավոր է: Երբեք էդպես էլ մարդիկ լավ չկարողացան էդ բանը ըմբռնել, երեւի էս նոր փուլը կբերի դրան, որ էդ էլ հասկանան, որ հանիրավի մեղադրանքներ «Դաշնակցությանն» ուղղելը առ այն, որ «Դաշնակցությունը» մեկ անձ է ղեկավարում, դա բացարձակապես իրականության հետ որեւէ աղերս ու կապ չունի: Ո՛չ Հրանտ Մարգարյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը, ո՛չ որեւէ մեկը «Դաշնակցության» մեջ առաջնորդելու, դրոշակը վերցրած եւ, էսպես ասած, բոլորին ստիպելու, որ իրենց ուզածով անեն, էդ կուսակցությունը չի «Դաշնակցությունը»»:
ԱՅՑԵԼԵԼ Է ԴՊՐՈՑ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օրից ավելի է` դասադուլ է: Նրան ուղեկցում են ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ հատուկ այս խնդրով կզբաղվի եւ օբյեկտիվ լուծում կտա: Բանն այն է, որ դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, եւ նոր ընտրություններում այլ անձ է ընտրվել, սակայն դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:
ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ` Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՉԻ ԼԻՆԻ
2019թ. հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու ՀՀ-ում չի լինելու: Կառավարության որոշմամբ` ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում մոտ 85 հզ. մարդու նվազագույն կենսաթոշակի, նպաստի չափը դառնում է 25.500 դրամ: