ՊՆԴՈՒՄ Է` ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԱՆԳԱՄ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձավ ներքին տարաձայնության առիթ, եւ նույնիսկ բանը հասավ այնտեղ, որ դատավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում:

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քոչարյանին ազատ արձակեց: Արդյունքում գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան, եւ մեկուկես ամիս անց Վճռաբեկը որոշեց կրկին գործը ուղարկել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Եւ արդեն դեկտեմբերի 7-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ասել է թե` ՀՀ երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց:
Ու մինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քայլեր են ձեռնարկում նրան ազատ արձակելու ուղղությամբ, դատավորները հրապարակային հայտարարում են, որ դատական համակարգի նկատմամբ այս գործով ճնշում կա: Մասնավորապես, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հայտարարել էր, որ դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա: «Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ»,- դեկտեմբերի 7-ին իր հարցազրույցում ասել էր նա` ընդգծելով, որ ճնշումները եղել են համակարգի վրա: Իսկ թե ում կողմից, նա չէր մանրամասնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին այս թեմայով մի քանի հարց է ուղղել: Մասնավորապես, երբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, կաշկանդվա՞ծ էր, թե՞ ոչ: Արդյոք իր վախերից, անհանգստությունից ելնելով` զանգահարե՞լ է նախաքննական մարմնի ղեկավարներին կամ, առհասարակ, այլ անձանց եւ հայտնել` օրինակ, ինչ անի, ոնց անի: Քանի որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, թե դատական համակարգի վրա ճնշում կա, այն էլ` բիրտ, հարցրել էինք` իրեն ճնշե՞լ են, եթե ոչ, ինչպե՞ս կբացատրի գործընկերոջ հայտարարությունը:
Ի պատասխան մեր այս եւ այլ հարցադրումների` դատավոր Մխիթարյանը իր օգնական Վերժինե Առաքելյանի միջոցով փոխանցել էր հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում եմ, որ պարոն Մխիթարյանը նպատակահարմար է համարել նախ իրազեկել որպես դատավոր իր սկզբունքներից մեկի մասին` հետեւությունները թողնելով Ձեզ, ընդգծելով, որ տվյալ սկզբունքից երբեւէ, այդ թվում նաեւ` Ձեզ հետաքրքրող գործով, չի շեղվել, իսկ նշված սկզբունքը հետեւյալն է. դատավորը պարտավոր է դատական գործունեություն իրականացնել` ելնելով բացառապես փաստերի գնահատումից եւ իրավունքի գիտակցված ընկալմանը համապատասխան` անկախ ցանկացած կողմնակի ազդեցությունից, ճնշումներից, սպառնալիքից, քննադատված լինելու մտավախությունից կամ որեւէ այլ մղումից»:
Ինչ վերաբերում է Ձեր ներկայացրած մյուս հարցադրումներին, ապա դրանց առնչությամբ պարոն Մխիթարյանը հարկ է համարել ընդամենն ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որեւէ մեկի հետ դատական նիստից դուրս (ընդդիմազերծ) որեւէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որեւէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի:
Միեւնույն ժամանակ, Ձեր որոշ հարցեր անպատասխան թողնելու առնչությամբ պարոն Մխիթարյանը հայցել է ներողամտություն` գտնելով, որ դրանցից մի մասի հասցեատերն ինքը չէ, իսկ մյուսների մասով որեւէ դիրքորոշում հայտնելը կամ հայտարարություն անելը անհամատեղելի է դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոնների հետ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի տեղը մնացել է թափուր: Դեկտեմբերի 21-ին կրկին ԲԴԽ անդամի քվեարկություն կանցկացվի, որը, ըստ դատական համակարգում տարածված տեղեկությունների, «թեժ է լինելու»: Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել էր ԲԴԽ անդամ լինելուց: Հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել նրան վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ նշանակելու մասին: Արդյունքում ԲԴԽ անդամ դառնալու համար իրենց թեկնածություններն էին առաջադրել երեք դատավոր` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: Քվեարկության արդյունքում հայտարարվել է, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Նախշուն Տավարացյանը, սակայն դատական համակարգում խառնաշփոթ էր ստեղծվել, դատավորները սկսել էին դժգոհել` ասելով, թե Նախշուն Տավարացյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, քանի որ Գագիկ Հարությունյանն է ցանկացել, որ այդպես լինի: Այս խոսակցությունների հետեւանքով Նախշուն Տավարացյանը որոշել էր ինքնաբացարկ հայտնել: Ավելին, հենց դատավորը մեզ հետ զրույցում ասել էր. «Այդ ամենին ես, ականատես լինելով, դա իմ ընտանիքն է, ո՞վ կցանկանա, որ իր ընտանիքում անառողջ մթնոլորտ լինի, ասեցի` հանգստացե՛ք իմ գործընկերներ, ես հրաժարվում եմ, եթե իմ ընտրվելը ձեզ մոտ անհամերաշխություն է առաջացնում, ես հրաժարվում եմ: Ընդամենը այսքան բան, այլ բան չկա»:
Եվ ահա դեկտեմբերի 21-ին նշանակվել է ԲԴԽ անդամի ընտրության օր: Սակայն մինչ այդ ԲԴԽ անդամ դառնալու համար դատավորների միջեւ կռիվ է ընկել: Մասնավորապես, դատական համակարգը չգիտի` ինչպես կամակերպի ԲԴԽ անդամի ընտրության ընթացակարգը: Բանն այն է, որ Նախշուն Տավարացյանից հետո ավելի շատ ձայն էր հավաքել Սուրեն Անտոնյանը եւ վերջինս ներկա պահին ձգտում է, որ առանց ընտրության իրեն մեխանիկորեն նշանակեն ԲԴԽ անդամ: Սակայն դրան ընդդիմանում է մյուս թեկնածուն` Ստեփան Միքայելյանը: Նա էլ պահանջում է անցկացնել ԲԴԽ անդամի նոր ընտրություն, այլապես կխախտվի ԲԴԽ անդամի ընտրության ընթացակարգը: Ի վերջո, ինչպես այն կիրականացնի, վերջապես ԲԴԽ անդամ կընտրվի, թե ոչ, սպասենք զարգացումներին: Ի վերջո, պաշտոնակռիվ է մի տեղի համար, որը զբաղեցնող անձն ապահովվում է բարձր աշխատավարձով, անսահման լայն հնարավորություններով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՇՈՒՌ ԵՆ ԵԿԵԼ
Կարս-Ախալքալաք երկաթգծի Սաթխա-Նինոծմինդա հատվածում գնացքի վագոններ են շուռ եկել: Ըստ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանի` խոսքը բեռնատար գնացքի մասին է, դրա երկու վագոններն են շուռ եկել:

 

 

ՌԴ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի եւ կառավարության հետ. «Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի եւ շուտով ձեւավորվելիք կառավարության հետ մեր երկրների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով, այդ թվում` ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում»:

 

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը երեկ վերսկսվել է: Երեկ Ա. Գեւորգյանը դատարան է մտել գլխավոր մուտքով: Նիստը երկու ժամով հետաձգվել էր. պատճառն այն էր, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ժամանակ էր պահանջել ապացույցներին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Գեւորգյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատարանը որոշում է կայացնելու այսօր:

 

 

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ՌԴ-ի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները չեն ավարտվել, ուստի առայժմ հնարավոր չէ որոշակի տեղեկություն հայտնել այդ մասին: Բաղրամյանը նաեւ նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի սակագնի փոփոխության հարցը քննարկել են, սակայն արդյունքների մասին նախարարի պաշտոնակատարը տեղյակ չէ: Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ հունվարից գազամատակարարման երկկողմ պայմանագիրը երկարաձգվելու է, եւ գործելու է ներկայիս սակագինը:

 

 

ԶԳՈՒՇԱՎՈՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: Այս կապակցությամբ պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը` հայտնելով. «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար եւ գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը, եւ ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները եւ անում են ամեն ինչ այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»:

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կա՛մ սիրում է Երեւանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երեւանցիներին, կա՛մ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը եւ ընդգծել, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետեւանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաեւ խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե: «Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, եւ մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն»,- նշել է քաղաքապետը:




Լրահոս