ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ խմորումները շարունակվում են: ՀՀԿ-ականները չեն դադարում հայտարարել, թե նախորդ տարում ոչինչ չի արվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման համար:
Օրինակ, վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «2017 թվականի նոյեմբերին ստրագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը»:
Ընդ որում, Աշոտյանը նկատել էր, որ Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը Բրյուսելում ենթարկվել է անխնա քննադատության և համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից:
Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է համաձայնագրի վավերացման և սպասվող գործընթացների մասով: Այս պահի դրությամբ, համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց, այն ԵՄ 28 անդամ երկրներից վավերացրել է 9-ը` Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա: Նկատենք, որ համաձայնագիրը դեռևս չեն վավերացրել նաև ԵՄ անդամ գլխավոր երկրներից Գերմանիան և Ֆրանսիան:
Սակայն հետաքրքիր է, որ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում, ինչը կարող է կրկին ձգձգել համաձայնագրի վավերացման գործընթացը մյուս երկրների կողմից: Մասնավորապես, այս տարի մայիսի 23-26-ը տեղի են ունենալու Եվրոպական խորհրդարանի նոր ընտրություններ: Եվ իհարկե ամեն ինչ կապված է ընտրությունների արդյունքներից, հետընտրական զարգացումներից. չնայած ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների ճիշտ աշխատանքը:
Եվ այս տարի` հատկապես ընտրություններից հետո ակնկալվում է, որ տեսանելի կդառնա իշխանությունների քաղաքական կամքը ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Հեղափոխությունից հետո ԵՄ-ն բազմիցս հրապարակային կերպով իր պատրաստակամությունն է հայտնելնոր իշխանություններին հարաբերությունները խորացնելու վերաբերյալ,և հայտարարել, թե գործուն աջակցություն են սպասում իշխանություններին: