Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ամբողջությամբ մտել է ընդդիմադիր դերի մեջ` սկսելով քննադատել քաղաքային իշխանություններին: Երեկ «Լույս» խմբակցության անդամները համացանցով հայտարարություն տարածեցին, որ Երեւանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ ընթացիկ տարվա համեմատ, ու ներկայացրին որոշ թվեր:
Խմբակցության անդամները 2019 թվականի համայնքային բյուջեի վերաբերյալ վերլուծություն էին արել, որտեղ առանձնացրել են մի շարք կետեր, որոնցում կրճատվել են կարեւոր խնդիրների լուծման ծախսեր, իսկ որոշ դեպքերում դրանք ավելացել են:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ 2018թ. Երեւանի բյուջեի համեմատությամբ, որը այդքան քննադատեց Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը եւ մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս:
«Լույս» խմբակցությունը երեւանցիների ուշադրությունն է հրավիրել բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացված փոփոխություններին: Դրանք են` 1. պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն դրամից աճել է մինչեւ 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:
2. Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչեւ 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:
3. Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչեւ 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:
«Լույսը» բարձրաձայնում է, որ այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետեւյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները.
1. Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն դրամից նվազել է մինչեւ 13 մլրդ 275 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:
2. Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն դրամից նվազել է մինչեւ 30.7 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:
3. Կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն դրամից նվազել է մինչեւ 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:
4. Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն դրամից նվազել է մինչեւ 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ դրամով»:
Ըստ «Լույս» խմբակցության` բազմաթիվ կարեւոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ, ավելացվել են: Միաժամանակ խմբակցությունը անհիմն է համարում քաղաքային տնտեսության կարեւորագույն բաղադրիչների` տրանսպորտի, վերելակների, կանաչապատման, փողոցների լուսավորության, բազմաբնակարան շենքերի պահպանման ծախսերի կրճատումը:
Բայց, ամենակարեւորը, «Լույս» խմբակցությունը իր լիազորությունների շրջանակներում չի դիմել քաղաքապետարանին, առաջարկներ չի ներկայացրել: Մինչդեռ տրամաբանությունը ենթադրում է, որ իրենք պետք է դիմեին եւ առաջարկներ ներկայացներին քաղաքապետարանին:
Տարօրինակ է, որ «Լույս» խմբակցության անդամներն օրենքով վերապահված իրենց լիազորությունները չեն իրականացնում, այլ փորձում են զանազան պատրվակներ ներկայացնել: «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել եւ չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով, մենք դիմում ենք Երեւանի բնակիչներին եւ ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները»,- մեկնաբանել են նրանք:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչու՞ եք վստահ, որ եթե «Լույս» խմբակցությունը դիմի, ապա քաղաքապետարանը չի ընդառաջի: Արդյոք «Լույս»-ը վստա՞հ է, որ քաղաքապետարանը քաղաքական որոշումը չի փոխի: Հարցին ի պատասխան` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց. «Այո, դա քաղաքական որոշում է: Մենք հեռու ենք այն մտքից, որ քաղաքային իշխանությունը այնքան չի տիրապետում Երեւանի իրավիճակին եւ չի տարբերակում քաղաքի գերակայությունները, որ մենք պետք է հուշենք, թե վերելակներն ավելի կարեւոր են, քան, օրինակ, աշխատակազմի վերապատրաստումները: Մեծագույն ինքնավստահությամբ քաղաքային կառավարում ստանձնած «Իմ քայլը» դաշինքը, կարծում եմ, գիտի, թե ինչ է անում, եւ դա քաղաքական որոշում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ «Իմ քայլը» դաշինքի ավագանու խմբակցությանը: «Իմ քայլից» Լեւոն Զաքարյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել հնչած գնահատականները, այլ միայն ասաց. «Երեկ ավագանու ֆինանսական հանձնաժողովը նիստ է գումարել` լայն օրակարգով։ Ներկա են եղել «Լույս» դաշինքը եւ ԲՀԿ-ն ներկայացնող ուժերի անդամները։ Ներկա են եղել նաեւ փոխքաղաքապետեր, վարչության պետեր, ովքեր էլ մեկնաբանել են բյուջեի հետ կապված հարցերը, պատասխանել խմբակցությունների հարցերին։ «Լույս» դաշինքի հայտարարությունը որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել, բայց բոլոր հարցերը մեզ մոտ լավ մեկնաբանվում են ու լուծումներ տրվում»։ Նշենք, որ երեկ մինչեւ ուշ գիշեր ընթացել է ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նիստը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
14 ՏԱՐԻ` ԱՌԱՆՑ ՊՐՈԹԵԶԱՐԱՆԻ
Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ ի տարբերություն այլ մարզերի` իրենց մոտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորում չի կատարվում: ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ` (պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոթեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, սակայն անցած 14 տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոթեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին ոչ մի անգամ ֆինանսավորում չի հատկացվել: Տավուշում պետբյուջեի միջոցներով պրոթեզարան չգործելու 2 պատճառներ են նշվում` նման ծառայություն մատուցելու համար պետականորեն լիցենզավորված առողջապահական կազմակերպության բացակայությունը եւ պետբյուջեից պրոթեզարանի գործունեության համար գումարներ չհատկացնելը: Հիմա Տավուշի մարզի բնակիչները սպասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարի քննարկման առարկա դարձնել այս խնդիրը եւ լուծում տա դրան:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՍԵՑՎԵԼ Է
«ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երեւան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Տեսչական մարմնի փոխանցմամբ` լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաեւ հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
ՆԻՍՏ
Երեւան քաղաքի ավագանին դեկտեմբերի 21-ին արտահերթ նիստ կգումարի: Նիստը կգումարվի ժամը 11.00-ին: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց, որոնցից մեկը վերաբերում է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացվելիք փոփոխություններին: Երեւանի ավագանու հերթական նիստը նախատեսված էր դեկտեմբերի 25-ին:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Դեկտեմբերի 14-ին Նոյեմբերյան քաղաքի «Տարոն» հանդիսությունների սրահում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ վեճ եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հարսանյաց հանդեսի մասնակիցներին չի հաջողվել կարգ հաստատել: Հարսանյաց սրահ են եկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը եւ այդ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Բուդաղյանը: Ծեծկռտուքի մասնակիցները ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տարվել: Աչքի շրջանում վնասվածք ստացած հարսանքավորի եւ մարմնական վնասվածք ունեցող մեկ այլ անձնավորության ուղարկել են դատաբժշկի, կատարվելու են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
ՀՐԱԶԴԱՆՑԻՆ ԿՈՂԲԻՑ ԿՈՎ Է ԳՈՂԱՑԵԼ
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները բացահայտել են շուրջ 3 տարի առաջ` 2015թ., կատարված անասնագողությունը: Հրազդան քաղաքի բնակիչը Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակչի կովը գողացել եւ այն տեղափոխելով` վաճառել է: Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով քննություն է կատարվում:
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ընդունել լուծարել Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Սիմոնյանի հետ 2018թ. սեպտեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակել Սեդա Ասիրյանին: Այդ որոշման մեջ մարզպետն իր նշանակման հիմք է ընդունել ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. դեկտեմբերի 3-ի գրությամբ ներկայացված առաջարկությունը: Հովքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները` շուրջ 20 հոգի, համաձայն չեն մարզպետի այդ նշանակմանը: Նրանք հայտնում են, որ Սեդա Ասիրյանը մասնակից է Հովքի դպրոցում նախկինում տեղի ունեցած անօրինականություններին: Ծնողները հայտնել են, որ մտադիր են իրենց երեխաներին` Հովքի դպրոցի շուրջ 30 աշակերտներին, ուսումնառության համար այլ դպրոցներ տեղափոխել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ