Լուսանկարն արվել է Երեւանում
Այս մեքենայի վարորդն էլ որոշել է նման կերպ ներկայացնել իր կարգավիճակը` հույս ունենալով գտնել իր սիրուն:
ՀԱՐՑ. Համատեղությամբ աշխատողը եթե պետք է անցնի երեխայի խնամքի արձակուրդի, ապա մայրության նպաստն ինչպե՞ս է հաշվարկվում. յուրաքանչյուր գործատուի կողմի՞ց, թե՞ առանձին-առանձին:
Հասմիկ Պետրոսյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում եւ վճարվում է հիմնական գործատուի կողմից:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀԱՐՑ. Եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում նրա համար:
Լիաննա Պողոսյան (41 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` աշխատաժամանակի կրճատ տեւողություն սահմանվում է`
1) տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչեւ տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ; 2) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված, առողջության համար անվտանգ մակարդակի: Այդ դեպքում աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ; 3) գիշերային ժամանակ աշխատող անձանց համար: