ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ամռանը կայացած հանրաքվեից հետո Միացյալ Թագավորությունը ապրում է քաղաքական անկայունության ու տնտեսական անորոշության շրջափուլում` պայմանավորված Եվրամիությունը լքելու նախաձեռնության հետ: Թեպետ բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն, սակայն անցած ամիսներն ապացուցեցին, որ դա ոչ միայն դյուրին, այլեւ անգամ խելամիտ որոշում չէ: Այսօր ՄԹ-ի քաղաքական ողջ համակարգը, կարելի է ասել, պարալիզացված է` չկողմնորոշվելով ինչպես դուրս գալ ստեղծված փակուղուց, մինչդեռ վերջնական որոշում կայացնելուն մնացել է մոտ 100 օր:

2019թ. մարտի 29-ին նախատեսված է ԵՄ-ի ու ՄԹ-ի պաշտոնական ապահարզանը, որը կարող է լինել կա՛մ պայմանագրով, կա՛մ առանց պայմանագրի: Վերջինի դեպքում թեեւ կողմերից ոչ մեկը չի շահում, սակայն ՄԹ-ն ավելի մեծ կորուստներ է կրելու` անխուսափելիորեն մեկուսանալով մայրցամաքից: Դա թերեւս ամենավատ հեռանկարն է, եթե ՄԹ-ի կառավարությունը չի ցանկանում մի քանի տարի ծախսել զրոյից հարաբերություններ կառուցելու համար: Այս տեսանկյունից ԵՄ-ի համար իրավիճակը այնքան էլ աննպաստ չէ` չհաշված ֆինանսական որոշ կորուստները: Ավելին` կարծիքը, թե ՄԹ-ի դուրս գալը կարող է զգալիորեն թուլացնել ԵՄ-ն ու շղթայական մասնատման սպառնալիք հարուցել, կարծես իրականություն չի դառնում: Միությունը լքելու միտք ունեցող բոլոր անդամները այս երկուսուկես տարվա ընթացքում իրենց աչքով տեսան ու համոզվեցին, որ ԵՄ-ն լքելը խիստ բացասական հետեւանքներ ունեցող գործընթաց է եւ «ազգային շահերի սպասարկման» ցանկություններով առաջնորդվելը դեռ հարցի լուծում չէ: Այս համատեքստում հատկանշական է դառնում ՄԹ-ի ներքին քաղաքական իրավիճակը, երբ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը հստակորեն չեն պատկերացնում խնդրի լուծման մեխանիզմները: Հանրաքվեն` որպես կայացած փաստ, կոնկրետ պատասխանատվություն է դրել կառավարության ու անձամբ վարչապետ Թերեզա Մեյի վրա գործընթացը սահուն անցկացնելու ու հանրաքվեի որոշումը իրականություն դարձնելու առումով: Սակայն վերջինն անհնար է դառնում առանց ցնցումների, քանի որ ՄԹ խորհրդարանի, ինչպես նաեւ հասարակության տրամադրությունները էականորեն խմբավորված են եւ անպատկերացնելի է, թե ինչպես Մեյի պես երերուն ոտքերի վրա կանգնած վարչապետը կկարողանա համոզել եւ համախմբել գոնե մեծամասնությանը: Վարչապետը անգամ վստահության խնդիր ուներ սեփական կուսակցությունում, երբ ներկուսակցական խմբավորումներից մեկը ստիպված եղավ հրապարակավ աջակցություն հայտնել նրան խափանելու համար վարչապետի հրաժարականի հեռանկարը:
Սակայն դա չի կարող հուսալի լինել եւ առավել եւս լուրջ դեր խաղալ առաջիկայում, երբ Մեյի կառավարությունը ստիպված կլինի խորհրդարան բերել Բրեքզիթի պայմանագիրը` քվեարկության ներկայացնելով այն: Այս հարցում էլ են արդեն դրսեւորվել կառավարության թույլ դիրքերը, քանի որ դեկտեմբերի 11-ին նշանակված նիստը հենց այս հարցով հետաձգվել է Մեյի առաջարկով: Հետաձգումը, պարզվում է, որեւէ կապ չունի տեքստում փոփոխություններ անելու կամ հավելյալ ինչ-որ բան բանակցելու հետ: Ըստ բրիտանական վերլուծաբանների ու պատգամավորների` փաստաթուղթը որեւէ փոփոխություն չի կրելու հունվարի կեսին նախատեսվող քվեարկության համեմատությամբ: Ուստի առաջանում է հարց` ինչո՞ւ է վարչապետը հետաձգում քվեարկությունը: Ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում Մեյը չի կարողանալու ստանալ խորհրդարանի հավանությունը, ուստի փորձում է որքան հնարավոր է հետաձգել քվեարկությունը իրավիճակին այլընտրանք գտնելու հույսով: Սակայն երկուսուկես տարվա ժամանակահատվածը եթե չի բավարարել կառավարությանը, դժվար թե այս մեկ ամիսը որեւէ լուրջ նշանակություն ունենա: Ի դեպ, ոչ միայն անորոշության մեջ է կառավարությունը, այլեւ ընդդիմությունը` հանձին լեյբորիստների: Վերջիններիս առաջնորդ Ջերեմի Քորբինը օրեր առաջ առաջարկում էր խորհրդարանում դնել Թերեզա Մեյի վստահության հարցը եւ քվեարկություն անցկացնել, սակայն կառավարությունը անիմաստ էր համարել նման զարգացումը: Քորբինը, սակայն, չի շտապում առաջադրել կառավարության վստահության հարցը, ինչը վարչապետն ու նրա վարչակազմը չեն կարող նույնպիսի անտարբերության մատնել եւ ստիպված կլինեն խորհրդարանում քվեարկություն կազմակերպել: Դրա տապալումն ուղիղ տանելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչից պահպանողականները խուսափում են: Սակայն խուսափում են նաեւ լեյբորիստները, իսկ Քորբինը նման վճռական քայլի չի գնում, քանի որ չգիտի` արդյոք ի՞նքն է լինելու հաղթողը:
Եվ ահա այժմ Միացյալ Թագավորությունը հայտնվել է ծանր սպասողական փակուղում, երբ թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության յուրաքանչյուր քայլ կարող է աշխատել իրենց իսկ դեմ: Մի կողմում պետական շահն է, մյուսում` կուսակցականը, սակայն քանի որ իրավիճակն էլ լիովին անկանխատեսելի է, ոչ ոք չի ուզում առաջին քայլն անել` վախենալով բումերանգի էֆեկտից ու քաղաքական փլատակների տակ մնալուց: Ներկայումս քննարկվում է նաեւ առանց պայմանագրի ԵՄ-ն լքելու հավանականությունը, ինչը առկա կուլիսային ցնցումները կդարձնի անթաքույց` սպառնալով հարուցել լուրջ սոցիալ-քաղաքական ընդվզումներ: Թեպետ Մեյն ու քաղաքական մյուս ուժերը հրաժարվում են նոր հանրաքվե անցկացնել ԵՄ-ն լքելու հարցով, սակայն դա կարող է լինել քաղաքական ճգնաժամից առանց ծանր կորուստների դուրս գալու եզակի հնարավորությունը: Ակնկալելի է, որ ՄԹ քաղաքացիների մեծամասնության համար արդեն իսկ պարզ է, որ ԵՄ-ն լքելը անիմաստ արկածախնդրություն էր, եւ նոր հանրաքվեն կարող է վերջ տալ այս արհեստական լարվածությանը` պետությունը կրկին վերադարձնելով նորմալ զարգացման ռելսերի վրա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ ԴՊՐՈՑՈՒՄ
Գյումրու թիվ 18 դպրոցում հարկադիր պարապուրդի են մատնված թե՛ ուսուցչական կազմը, թե՛ աշակերտական հանրույթը: Արդեն մեկ ամիս դասապրոցեսները խաթարված են: Դպրոցի դասասենյակները դատարկվեցին, երբ մեկ ամիս առաջ աշակերտները բողոքի ակցիա կազմակերպեցին: Պատճառն այն էր, որ դպրոցը չէր ջեռուցվում, եւ դաս անելը գրեթե անհնար էր: Դպրոցի կաթսայատունը վթարային է, կառուցվել է խորհրդային տարիներին ու չի վերանորոգվել: Հետագայում որոշում է կայացվել աշակերտներին ուղարկել արձակուրդ մինչ խնդրի հարթումը, սակայն նախատեսված օրը արձակուրդը դադարեցված չէ, դպրոցը դատարկ է, դուռն էլ` փակ: «Երեխաներին որոշեցին արձակուրդ ճանապարհել, համաձայնեցինք, այսինքն` դա նաեւ մեր պահանջն էր, բայց արդեն մեկ ամիս երեխաները տանն են, դասերից հետ են ընկել, ո՞նց ենք անելու` չգիտենք: Սկզբից ասացին` մինչեւ 15-ը կմնան տանը, արդեն 20-ն է մոտենում, ոչ ոք ոչինչ չի ասում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու թիվ 18 դպրոցի ծնողներից մեկը:
Քննարկվել են հնարավոր տարբերակներ, անգամ դպրոցը ժամանակավորապես այլ վայր տեղափոխելու հարցը, սակայն տարբերակները հավանության չեն արժանացել: Պետական միջոցներից 17 միլիոն դրամ էր հատկացվել դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար: Գումարը վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով այն չէր տրամադրվում, չէր ծախսվում նպատակի համար: Միայն բողոքի ակցիաներից հետո մարզային իշխանությունները գործի անցան: Նախագծային աշխատանքները կատարվեցին, շինկազմակերպությունն էլ ընտրվեց, ու աշխատանքների մեկնարկը տրվեց: Մեկ ամիս անց, սակայն, աշխատանքները դեռ ավարտված չեն: Միայն վերջնականապես ավարտվել են ապամոտնաժման գործողությունները. «Ապամոնտաժումն ավարտված է: Ամբողջ դպրոցը ջեռուցվելու է, սակայն խնդիրներ են ծագել` կապված աշխատանքների հետ: Գազի ներս բերելն է դարձել գործի ձգձգման պատճառ: Եթե խնդիր չծագեր, դասերն արդեն վերսկսված կլինեին»,-ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Շիրակի մարզպետն էլ հորդորել է ծնողներին ու աշակերտներին համբերատար լինել ու սպասել մինչ ջեռուցման համակարգը անցկացվի: Ըստ վերջինիս` մինչեւ դասարաններում 18 աստիճան ջերմություն չապահովվի, դասերը չեն վերսկսվի. «Չեմ կարծում` բողոքներ կան ծնողների շրջանակում, այս գործը երեխաների համար է: Այժմ թեեւ խնդիր կա, բայց կհարթվի: Մի քանի ջեռուցման կաթսա է տեղադրվելու միանգամից, ջեռուցման մարտկոցներն էլ ամբողջությամբ փոխարինվելու են նորով»,-ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Դասընթացներն այս տարի, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի, քանի որ դեռ հայտնի չէ` շինկազմակերպության եւ Գազպրոմ Արմենիայի միջեւ ծագած խնդիրը ինչպես կհարթվի:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԱՐՈՒՍՏ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել է ՀՀ պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին 550 հազար 800 դրամ ուղղել «Մշակութային ստուգատես» միջոցառման կազմակերպմանը: Մարզպետը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին հանձնարարել է «Մշակութային ստուգատես» միջոցառումը կազմակերպել Տավուշի մարզպետի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Մարզպետն այդ որոշման հսկողությունը դրել է մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը Մանե Ղազումյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցառում է «Մշակութային ստուգատեսը», ինչ է նախատեսվում դրա ընթացքում, երբ է այն կայանալու: Վարչության պետի պաշտոնակատարն ասաց, որ այն կայանալու է մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ, միջոցառման ծրագիրը դեռ հաստատված չէ, օրը որոշված չէ, այն կկայանա մինչեւ Ամանոր: Պետբյուջեից մեծ գումարներ են ուղղվում մարզերում մշակութային միջոցառումների անցկացմանը, մինչդեռ մարզերում, հատկապես` սահմանամերձ Տավուշի մարզում, շատ ընտանիքներ բուժվելու, սոցիալական այլ կարիքների համար պետբյուջեից դրամական աջակցության խիստ կարիք ունեն: Հավելենք, որ 2018թ. նոյեմբերի 2-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշել է «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով պետբյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 540 հազար դրամ ուղղել «Աշնան գունեղ մեղեդիներ» միջոցառման կազմակերպմանը:

 

 

ԱՂԲԱՄԱՆԸ ՋԱՐԴԵԼ ԵՆ
Իջեւան քաղաքում լուրջ հիմնահարց է մարզկենտրոնի կենտրոնով հոսող Աղստեւ գետի մաքրության խնդիրը: Գետափնյա առեւտրի եւ սննդի օբյեկտների աշխատողներն այդ կառույցներից կենցաղային աղբը եւ տարբեր իրեր թափում են գետի մեջ: Շատ տեղերում գետի ափերին մեծ աղբակույտեր են, որոնցից Աղստեւը մաքրվում է գարնանային եւ աշնանային վարարումների արդյունքում: Իջեւանում խնդիր է նաեւ փողոցների մաքրության պահպանումը: Շուրջ մեկ ամիս առաջ Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզկենտրոնի փողոցներում տեղադրել է ֆելզիտ քարից մոտ 100 աղբաման, ցինկե 45 մեծ աղբաման: Սակայն դրանք վանդալիզմի թիրախ են դառնում: Իջեւան քաղաքի աղբահանությունն իրականացնող կոմունալ հիմնարկության իրավաբան Վահագն Թամրազյանը համացանցում տեղադրել է ֆելզիտ քարից սարքված, անհայտ անձի կողմից ջարդված աղբամանի լուսանկարը եւ գրել. «Տականքներն անցել են իրենց սեւ գործին»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս