ՀՔԾ ՔՆՆԻՉԻ ԿԱՊԸ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մարտի 1-ի գործը քննող քննիչներից մեկը կապ է հաստատել 2008թ. մարտի 1-ին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի պաշտոնատար անձանցից մեկի հետ եւ բանակի հետ կապված հարց ուղղել:

Դեռեւս սեպտեմբերին գրել էինք, որ ՀՔԾ-ն լայն թափով հարցաքննության է հրավիրում 2008թ.-ին ոստիկանության ներքին զորքերում ծառայածներին: Առաջին հերթին Հատուկ քննչական ծառայության քննիչները հետաքրքրվել են բանակի ներգրավվածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին:
Մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները ամիսներ առաջ ծանուցագիր էին ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր:
Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝ շեշտը դնելով հենց այդ հանգամանքի վրա: Եթե նկատի ունենանք փաստը, որ մարտի 1-ի գործը քննվում է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի շրջանակներում, զինված ուժերն այդ իրադարձություններին մասնակից դարձնելու շրջանակներում, ապա ՀՔԾ հետաքրքրվածությունը միանգամայն բնական է:
«Ժողովուրդ» օրաթերթին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ի կողմից օրերս արված գործողություններից, տարվող քննություննից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, օրեր առաջ մարտի 1-ը քննող ՀՔԾ քննիչը կապ է հաստատել մարտի 1-ին Ներքին զորքերի պաշտոնատար անձանցից մեկի հետ եւ կոնկրետ մեկ հարց ուղղել: Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը հարցրել է. «Մարտի 1-ի քրեական գործով կա մեկ փաստ, որ բանակը մարտի մեկին եղել է Ներքին զորքերի հետեւում կանգնած, Դուք` որպես այն ժամանակվա պաշտոնատար անձ, տեսե՞լ եք ներքին զորքերի հետնամասում բանակին կանգնած»:
Քննիչի այս հարցին ի պատասխան` Ներքին զորքերի նախկին պաշտոնատար անձը պատասխանել է, «Այդ ժամանակ այնպիսի խառնաշփոթ իրավիճակ էր, որ որեւէ մեկը չէր կարող հիշել, թե ինչ է կատարվում, ուստի ես չեմ հիշում եւ չգիտեմ` արդյոք բանակը եղել է Ներքին զորքերի հետնամասում կանգնած, նման բան չգիտեմ եւ չեմ հիշում»:
Ի դեպ, այն պաշտոնյան, որի հետ օրերս ՀՔԾ քննիչը կապ է հաստատել, մարտի 1-ի գործով դեռեւս 2008 թվականին հարցաքննվել է: Իսկ թե ինչու ՀՔԾ-ն պաշտոնական գրություն չի ուղարկել եւ պաշտոնյային անձամբ չի հրավիրել հարցաքննության, որտեղ էլ կարող էր անձամբ ուղղել այս հարցը եւ, ըստ էության, այլ հարցեր, դժվար է ասել. միգուցե այս քայլին գնացել է պատասխանը ստանալու եւ հետագա գործողությունները սկսելու համար:
Ի դեպ, այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաեւ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը ավելի ուշ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք այդ ընթացքում նաեւ հրազեն են գործադրել, բայց այդ փաստերը թաքցնելու համար դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու հրահանգ է տվել: Եվ այդպես կեղծվել են ապացույցները:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վահագն Հարությունյանի գործողությունների հետ կապված կոնկրետ ցուցմունքներ են տվել Ներքին զորքերի նախկին աշխատակիցները, որոնք, ամենայն հավանականությամբ, կա՛մ այդ գործողությունների անմիջական մասնակիցն են եղել, կա՛մ վկան են եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊՆ-Ի ՇՈՒՐՋ
Պաշտպանության նախարարությունում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եւ այդ ճանապարհով պաշտոն ստանալու դեպքով հերթական բացահայտումն է արվել: Մասնավորապես, Արզուման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ընդունվել է բարձրագույն ռազմական ուսումնարան, սակայն չի մասնակցել ավարտական քննություններին եւ չի ավարտել նշված ուսումնարանը: Արդյունքում պաշտոնի նշանակվելու եւ դրանով գումար հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի հունիս ամսին մյուս շրջանավարտների հետ ներկայացել է ՀՀ պաշտպանության նախարարություն` ներկայացնելով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ավարտական դիպլոմը, որն էլ օգտագործել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` խարդախության եւ 325 հոդվածով` Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:

 

 

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյ սանիտարական կարանտինային կետի պետ Արմինե Անդրեասյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմինե Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնական դիրքն օգտագործելով, կազմել է կեղծ փաստաթղթեր եւ խաբեության եղանակով հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի` խարդախության, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:

 

 

37,2 ՄԼՆ ԴՐԱՄ «ՀԱՅԱՆՏԱՌ»-ԻՆ
Կառավարության երեկվա նիստի որոշմամբ` 37,2 մլն դրամ հատկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառապահների համար հագուստ ու կոշիկ գնելու համար: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց է, որ այս որոշմամբ` Անտառային կոմիտեին տրամադրված գումարների տնտեսման հաշվին 37,2 մլն դրամի չափով գումար փոխանցվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 342 հա տարածքներ է կառավարում 19 անտառտնտեսությունների միջոցով, որն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ որոշակի հագուստ ու կոշիկ կտրամադրվի անտառապահներին»,-ասել է նա։ Վերջինիս խոսքով` անտառապահները կունենան հաստատված համազգեստ ու տարբերանշաններ:

 

 

ՎԱՂ Է
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի` Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հասկացություններն անքակտելիորեն կապված են: Ի պատասխան հարցին՝ Մադրիդյան սկզբունքներն արդյոք մնո՞ւմ են օրակարգում, Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ Հայաստանի դիրքորոշման համաձայն՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ առաջնահերթությունը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, ինչպես նաեւ երկարաժամկետ խաղաղության հաստատման մեջ Արցախի վճռորոշ ձայնը: Ա. Նաղդալյանը շեշտել է, որ չի կարող որեւէ բան լինել, որը կսպառնա Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը: Ինչ վերաբերում է Ղազախի եւ Աղստեւի տեղամասերում բանակային ստորաբաժանումները սահմանապահ ուժերով փոխարինելու Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, ապա ԱԳՆ-ում կարծում են, որ առայժմ վաղ է գնահատական տալ: ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ ԱԳՆ համակարգում հրաժարականների եւ նշանակումների վերաբերյալ մեկնաբանություններ անելուն։ Նա նշել է, որ դեսպանի թեկնածությունն առաջադրում է ԱԳ նախարարը, հաստատում է վարչապետը, իսկ նշանակում է ՀՀ նախագահը՝ հրամանագրով: «Մինչ այդ մենք չենք կարող որեւէ բան ասել՝ ելնելով կոռեկտության նկատառումներից», – նկատել է նա։

 

 

ԲԱՎԱՐԱՐ Է
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այն հանգամանքը, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը դոկտոր-պրոֆեսոր է, բավարար է նրա հմտությունները գնահատելու համար։ «Ես պարոն Հայրապետյանի հետ ծանոթացել եմ մեկ ամիս առաջ, պարոն Հայրապետյանը դոկտոր-պրոֆեսոր է, 31 տարեկան, եւ այդ հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով գնահատելու նրա կարողությունները, գիտելիքները եւ հմտությունները»,- ասել է նա։ Ա. Հարությունյանն այն հարցին, թե իշխանափոխությունից 7-8 ամիս անց տարօրինակ չէ՞, որ ապրիլյան պատերազմի մեղավորները չեն բացահայտվում, պատասխանել է. «Ես կարծում եմ, որ հերթով մենք բոլոր խնդիրներին անդրադառնում ենք, եւ երբ ժամանակը գա, այդ հարցով քննություններ կլինեն, եթե լինեն պատասխանատվության ենթարկվողներ, պատասխանատվության կենթարկվեն»։

 

 

ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍ
Վայոց Ձորի մարզում նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել. համատեղ ապօրինի որս կատարելու կասկածանքով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել 2 քաղաքացու՝ 30-ամյա Վահագն Ա.-ին եւ 32-ամյա Վարդան Խ.-ին, որոնք եղել են Hummer մակնիշի ավտոմեքենայով։ Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության, եւ բեռնախցիկում հայտնաբերվել են մորթած կենդանու մարմին, որսորդական հրացաններ։ Պարզվել է, որ կենդանին բեզոարյան այծ է, որը Վահագն Ա.-ն որսացել է նույն օրը «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Որսագողության կասկածանքով բերման ենթարկվածները բաց են թողնվել։ Որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթարկվել։




Լրահոս