ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպումից հետո թերեւս վերջնականապես կտրվի հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկը` գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ, անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Եվ այժմ ՀՀ-ՌԴ բանակցությունների մասին տարբեր, ընդ որում, իրարամերժ կարծիքներ են հրապարակվում ընդհուպ այն մասին, թե դրանք ավարտվել են, եւ գազի սակագինը կբարձրանա` տարբեր հաշվարկների համաձայն` դառնալով 215 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Երեկ հայկական կողմը հերքել է տեղեկություններն այն մասին, որ գազի սակագնի բարձրացման շուրջ որոշում է առկա` ասելով, թե քննարկումները շարունակվում են: Երեկ հայտնի դարձավ՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը տալու է շատ հարցերի պատասխանները:
Գաղտնիք չէ, որ գազի սակագնի վերաբերյալ որոշումը քաղաքական տարրեր է պարունակելու եւ մեծամասամբ կախված է լինելու հենց Փաշինյան-Պուտին անձնական հարաբերություններից: Դատելով Փաշինյան-Պուտին հանդիպման կադրերից` նրանց հարաբերությունները ջերմ են, բարեկամական: Երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հասկացրեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ոչինչ չի փոխվել:
Պուտինը, պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպես է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերությունները ԱԺ ընտրություններից հետո, ասել է. «Ի՞նչ է նշանակում վերականգնել: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, որը վերականգնելու կարիք ունի: Հայաստանը տարածաշրջանում եւ, ընդհանրապես, աշխարհում մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ: Ի՞նչը վերականգնենք»: Պետք է զարգացնել Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հետ իրենց ունեցած փայլուն, աննախադեպ փայլուն հարաբերությունները։
Հավելենք, որ մեկ անգամ էլ Փաշինյան-Պուտին հանդիպումներից մեկից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ ոչ մի ուղղությամբ»: Բացի այդ, Փաշինյանն առաջին իսկ հանդիպումից հետո հայտարարել էր գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին, որ այդ թեման խոսել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Եվ հիմա առաջին իրական փորձությունը, որի ժամանակ գործնական մակարդակի վրա պարզ կլինի ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամրությունը, հենց գազի սակագինն է: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։
Ավելի վաղ էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ բանակցում են գազի գնի շուրջ, եւ նպատակը գազի գնի է՛լ ավելի նվազեցումն է, իսկ եթե բանակցությունը չունենա հաջողություն կամ չավարտվի մինչեւ հունվար, գազի գինը կմնա այնպես, ինչպես այժմ՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ընդ որում, նա օպտիմալ չէր համարել այդ արժեքը:
Եվ այժմ ռուսական, ինչպես նաեւ հայաստանյան շրջանակներում ավելի հավանական են համարում, որ գազի սակագինը մնա նույնը: Իհարկե, ամեն ինչ կախված է Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ այդ ժամանակ առաջ քաշվող պահանջներից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել իջեւանցի վարորդները` դժգոհելով Իջեւանում եւ Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններում գազի սակագնից: Նրանց ներկայացմամբ` ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 210 դրամ է, մինչդեռ Սեւանի տարածաշրջանում` 190 դրամ: Իջեւանցի վարորդներն ասում են, որ իրենց ավտոմեքենաները Իջեւանում ավելի թանկ վճարելուց հետո մեքենան ավելի քիչ հեռավորության վազք է կատարում, քան Սեւանում լիցքավորելուց հետո: Խնդիրը վաղուց է առկա, սակայն իրավասու մարմինները, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեն այդ ոլորտի նկատմամբ, անգործության են մատնված:
ՎՃԱՐԵԼ 14.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Երեւանում գործող պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանն այն վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, այն դատարանի վարույթ է ընդունվել: Որպես հայցի ապահովման միջոց` հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, նոյեմբերի 1-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը դատարանը վերացրել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դեկտեմբերի 12-ին վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել` կողմերի միջեւ 2018թ. հոկտեմբերի 1-ին կնքված հաշտության համաձայնության հիմքով: Այդ համաձայնագրով` Դիլիջանի հանքային ջրերի գործարանը ընդունել է, որ 2017թ. դեկտեմբերի 27-ի մատակարարման պայմանագրով հանքային ջրերի գործարանը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ին ունի 12 միլիոն 828 հազար 942 հազար դրամի չափով պարտավորություն: Հաշտության համաձայնագրով` կողմերն ընդունել են, որ հաշտության համաձայնագրի կնքման պահին հանքային ջրերի գործարանի ընդհանուր պարտավորությունը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի հանդեպ կազմում է 14 միլիոն 519 հազար 545 դրամ` որպես մատակարարման պայմանագրով առաջացած պարտավորության գումար եւ որպես «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի դատական ծախսերի գումար: Հանքային ջրերի գործարանը պարտավորվել է մինչեւ հոկտեմբերի 10-ը վճարել այդ գումարը: Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրանքը լավ իրացվում է Հայաստանում եւ արտերկրում, գործարանն ինչպե՞ս է հայտնվել ժամկետանց պարտքի տակ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿ` ԱՐԾՎԱՆԻՍՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 19-ի համարում հրապարակել էր, որ Գեղարքունիքի մարզում փշատերեւ ծառեր են հատվել, ինչին հաջորդեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պարզաբանումը, ըստ որի` թերթում հրապարակված սոճենու ճյուղերը գտնվում են ոչ թե Վարդենիսի, այլ Վարդենիկի մասնաճյուղի տարածքում: Բացի այս, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդում են, որ ըստ կազմակերպության տնօրենի հոկտեմբերի 1-ի հրամանի եւ անտառհատման տոմսի` իրականացվում են սանիտարական հատման աշխատանքներ ջրի մեջ հայտնված ծառերը դուրս բերելու համար: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված լուսանկարներում երեւացող ճյուղերը, ըստ պարկի, մնացել են տարածքում ջրի մեջ հայտնված ծառերը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերելու հետեւանքով:
Բայց մեզ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պարզաբանումը չբավարարեց, եւ մենք մեկ անգամ էլ այցելեցինք այդ տարածք ավելի մանրամասն ծանոթանալու այդ իրավիճակին եւ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այսպես, երբ ավարտվում է Վարդենիսի (Կարճաղբյուր) հատվածը, սկսվում է խնդրահարույց գոտին, որը Արծվանիստի տարածքն է, այլ ոչ թե Վարդենիկի: Այնտեղ մենք բացահայտեցինք, որ հատուկ տեխնիկա ընդհանրապես գործի չի դրվել: Մեր օպերատորը արձանագրել է կադրեր, որտեղ կան ինչպես արմատից հատված ծառեր, այնպես էլ ծառերից պոկված գեղեցիկ ու խոշոր ճյուղեր: Եւ այս տեսարանները համարել սանիտարական հատում, մեղմ ասած, սխալ է, քանի որ սանիտարական հատում ձեւակերպելը որեւէ առնչություն չունի այն իրավիճակի հետ, որն առկա է ավտոմայրուղուն հարակից անտառում: Նկատեցինք նաեւ, որ գետնին թափված կան եղեւնու շատ ճյուղեր: Այս դեպքում եւս սանիտարական բառը օգտագործել, մեղմ ասած, նշանակում է բառի ստուգաբանությունը առնվազն չիմանալ, որովհետեւ այն, ինչ արձանագրել է «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը, հակասանիտարական հատումներ են, անփույթ իրավիճակ, եղեւնու փնթի թալան: Իսկ եթե «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը թույլատրել է այս հատվածում սանիտարական հատումներ իրականացնել, որպեսզի լճի ափի մոտ գտնվող ծառերը մաքրվեն (որ ջրի բարձրանալուն պես ծառերը չհայտնվեն ջրի մեջ), ապա իրավիճակը միանգամայն այլ է եւ կապ չունի ՊՈԱԿ-ի կողմից կայացված որոշման հետ: Եթե որոշմանը հետեւին, ապա ծառերը ըստ հերթականության պետք է կտրվեին լճի ափը մաքրելու նպատակով: Բայց կոնկրետ այս հատվածում ուղղակի գեղեցիկ ծառեր են կտրված, որոնք, ենթադրվում է` մարդիկ Ամանորի նախաշեմին տարել են որպես տոնածառ օգտագործելու կամ վաճառելու համար:
Այնուամենայնիվ, այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ դիմեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ: «Ինչ որ նկարել են, այդ հատվածի ծառերը, թփերը, ճյուղերը պետք է հանվեն, մաքրվեն: Սանիտարական աշխատանքները կիսատ են մնացել, չեն ավարտվել: Հաջորդ տարի գաք այդտեղ, ընդհանրապես ծառ չի լինելու: Մենք փայտանյութը տեղափոխում ենք մեր պահեստ, հետո կոճղերը, թփերը հեռացվում են: Բոլոր կոճղերը երեւում են, եւ կա համապատասխան հանձնարարություն, թույլտվություն նիշից ցածր ջրի տակ մնացող, թեքված ծառերի սանիտարական աշխատանքների վերաբերյալ: Այս ամեն ինչի մասին մենք տեղյակ ենք, դա օրինական է: Բայց անտառահատման տոմսերի ժամկետները չեն ավարտվել, մինչեւ դեկտեմբերի 31-ն է: Եթե մինչ այդ նրանք չտեղափոխեն, ապա սանկցիա կկիրառվի նրանց նկատմամբ: Չնայած որ ժամկետը երկարացնելու իրավունք էլ ունեն միայն հիմնավոր պատճառ բերելու դեպքում»,- բացատրեց պարկի տնօրենը:
Մենք կհետեւենք ափամերձ այս հատվածի մաքրման աշխատանքներին հասկանալու համար` մարդիկ ծառեր են կտրում, երբ ցանկանո՞ւմ են, թե՞ իրականում մաքրում են Սեւանի ափամերձ հատվածը սանիտարական նպատակով:
Նշենք, որ այս հրապարկման մասին տեսանյութը կարող եք դիտել այսօր Armlur.am էլեկտրոնային կայքէջով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ