ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է բարձրացնել ջրառի կետում ջրաչափերի տեղադրման պահանջները չկատարելու համար սահմանված պատժամիջոցի չափը: Ըստ ԲՆ ուսումասիրությունների` բազմաթիվ ջրօգտագործողներ չունեն ջրաչափեր, հոսքաչափեր, ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին եւ հանգեցնում է ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանք է սահմանված. առանց թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, այսինքն՝ 150 հազար դրամ: Իսկ պաշտոնատար անձինք`սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ 300 հազար դրամ: Մյուս կողմից, եթե ջրօգտագործման թույլտվության պահանջները չեն կատարվել, ապա այս դեպքում քաղաքացիների նկատմամբ կկիրառվի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով պատժամիջոցը: Բայց ԲՆ-ն համարում է, որ պատժամիջոցի չափերը բավականին ցածր են պատճառած վնասի համեմատ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բնապահպանության նախարարությունը նախատեսում է փոփոխության ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 632-րդ հոդվածը` համամասնորեն ավելացնելով պատժամիջոցների չափերը: Ի դեպ, ջրաչափերի, հոսքաչափերի գները տատանվում են 1-1.5 մլն դրամի սահմաններում: Եւ ԲՆ-ն առաջարկում է ջրաչափերի չտեղադրելու համար առաջարկվող պատժամիջոցի չափը հավասարեցնել ջրաչափերի գներին, որպեսզի ջրօգտագործողը տնտեսապես շահագրգռված լինի տեղադրել այն:
Սյունէ Համբարձումյան