ԻՐԱՐ ՎՐԱ ԳՑԵԼՈՎ` ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում մակագրվել էր այս գործը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին: Սակայն հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այն քննել ու նախաինֆարկտային նշաններով շտապում է հիվանդանոց հետազոտման: Երրորդ դատավորը, ում մակագրվել է գործը, եղել է Դավիթ Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել: Փաստաբանի պնդմամբ` ինքը դատավոր Մկրտչյանի, նաեւ դատավորի ընտանիքի անդամների հետ ընկերական կապ ունի: Սակայն բացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Ու հիմա ստացվում է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին՝ 1999թ.. օգոստոսին, վերաքննիչ դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման: Թե ինչու են դատավորները խուսափում Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց, մնում է միայն ենթադրել. ի վերջո, նախկինում դատական համակարգը գործել է իշխանությունների ուղղակի թելադրանքով, եւ այդպես ցանկացած իրական ակտ կայացնելիս փորձել են իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Մինչդեռ հիմա իրենք պատասխանատու են ցանկացած դատական ակտի համար:

 

 

 

ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաեւ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: Արդյունքում նա ստացավ 131 կողմ եւ 0 դեմ ձայն: Միայն մեկ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվավեր քվեաթերթիկի վրա նշում է արվել ե՛ւ «կողմ», ե՛ւ «դեմ» վանդակում: Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված: Թե ով է եղել այդ պատգամավորը, խորհրդարանական մեր աղբյուրները դժվարացան մատնանշել:

 

 

Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաեւ ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները: Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում: Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում: Պատճառը թերեւս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը: Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը եւ վերջ: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վրագույրների քիվերը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը:

 

 

 

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, եւ առաջիկա օրերին խնդիրը կլուծվի: Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչեւ 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում: Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել` այդպես դուրս գալով ստվերից: Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտրոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել:

 

 

 

ԱՌԱՋԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավական արագ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նրա շնորհավորական հեռագիրը Կրեմլի կայքում հայտնվեց Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի ստորագրումից մոտ մեկ-երկու ժամ անց: Ընդ որում, ՌԴ նախագահն օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինն էր, որ շնորհավորեց Փաշինյանին: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասել է նա: Փաշինյանին շնորհավորել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
ՌԴ նախագահի կողմից Փաշինյանին առաջինը շնորհավորելն ուշագրավ էր: Ինչպես հիշում եք, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ չհղեց Փաշինյանին նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Մինչդեռ «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ էր տարել` ստանալով ընտրողների 70 տոկոսից ավելիի քվեն, եւ որեւէ մեկը` անգամ պարտված ուժերը, չվիճարկեցին ընտրությունների արդյունքները:
Եւ ահա նման ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ՌԴ իշխանությունների շնորհավորական ուղերձի բացակայությունը մի քանի օր շարունակ դարձել էր ներքաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման. ով չէր ալարում, հանդես էր գալիս այդ թեմայով վերլուծությամբ` շեշտելով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի, ՌԴ-ի սառը վերաբերմունքի մասին: Այս հարցում բավական ակտիվ էին նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչները:
Ճիշտ է, ընտրություններից հետո արդեն դեկտեմբերի վերջին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց ՌԴ, Պուտինն էլ հանդիպման ժամանակ բավական ջերմ էր արտահայտվել. «Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում Ձեր եւ Ձեր կողմնակիցների համոզիչ հաղթանակից հետո»:
Հիմա ՌԴ նախագահն առաջինն է շնորհավորում Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Սա հայաստանյան քննարկումներից հետո պատահական չէ: Միայն թե հետաքրքիր է՝ արդյոք նախկին վերլուծությունների հեղինակները կփորձե՞ն այդ անգամ հայտարարել հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ դրական ֆոնի մասին:
Չնայած, եթե անկեղծ, ապա անկախ շնորհավորանքների առկայությունից, հեռագիր հղելու արագությունից` իրականությունը չի փոխվում: ՀՀ-ում քսանամյա ընդմիջումից հետո վերջապես ձեւավորվել է լեգիտիմ իշխանություն, եւ ընտրությունների արդյունքներն ընդունում է ժողովուրդը, անգամ՝ պարտված ուժերը:




Լրահոս