Պատգամավորները մեկ ամիս պարապուրդի կմատնվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ընդհատվեցին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Ի սկզբանե նիստի օրակարգում յոթ հարց էր ընդգրկված: Երեկ պատգամավորներն ավարտեցին հինգ հարցերի քննարկումները, իսկ օրակարգային մյուս երկու հարցերը քննարկվելու են ավելի ուշ: Մինչ այդ էլ ԱԺ նստաշրջան տեղի չի ունենա: Եվ ստացվում է` երկար ժամանակ Ազգային ժողովը նիստեր չի անցկացնի, եւ պատգամավորները, որպես այդպիսին, պարապուրդի են մատնվելու:

Նկատենք, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակում սա լավ չէ: Նոր իշխանություններն իրենց առջեւ դրել եմ լրջագույն խնդիրներ: Իսկ դրանց լուծման ուղղությամբ հարկավոր են նաեւ օրենսդրական արմատական փոփոխություններ: Ի վերջո, նախկինում էլ մի շարք խնդիրներ խորը քննարկելիս պարզ էր դառնում, որ մեղավորը ոչ միայն նախորդ իշխանություններն են, որ չունեն բավարար քաղաքական կամք, այլ նաեւ հենց օրենսդրական դաշտն է զանազան հարցերում սողանցքներ թողել: Այնպես որ հիմա կարեւոր խնդիրների լուծման համար գործուն քայլեր են անհրաժեշտ եւ նաեւ օրենսդրական նախաձեռնություններ: Այնինչ ստացվում է` մոտ մեկ ամսով կամ գուցե ամսից ավելի այդ գործընթացը դանդաղում է, իսկ այդ ժամանակահատվածն իսկապես թանկ է: Եվ եթե նախկինում մշտապես նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը լիարժեք իշխանություն չունի, որ գործի, ապա հիմա ունի, բայց շատ դանդաղ է գործում:

Մյուս կողմից` այս «պարապուրդը» օրենսդրության խախտում չէ: Բանն այն է, որ ԱԺ նստաշրջանում չքննարկված հարցերը երկուսն են` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններն ու կառավարության ծրագիրը: Եվ ինչպես կառավարության նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում նշանակվելու է կառավարության միայն 2/3-րդը, մինչեւ նախագծի պատրաստ լինելը: Իսկ մինչ այդ կարող է խորհրդարան բերվել կառավարության ծրագիրը:

ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այլ նստաշրջան չի կարող հրավիրվել մինչեւ առաջին նստաշրջանի ավարտը: Խոսելով ժամկետների մասին` Սողոմոնյանը դժվարացավ կոնկրետ օր մատնանշել, սակայն հղում անելով ԱԺ կանոնակարգ-օրենքին` նշեց, թե ամեն ինչ սահմանված է, եւ կառավարության ծրագիրը խորհրդարան բերելուց մի քանի օր անց տեղի կունենա նիստ, որի մասին էլ կհայտարարի Ազգային ժողովի նախագահը: Արդեն ամբողջապես առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո կարող են անցնել բնականոն աշխատանքի եւ քառօրյա նիստերի:
Օրինակ` Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է առաջին նստաշրջանի անցկացման կարգը: Այնտեղ սահմանված է, որ մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկման ավարտը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Մյուս դրույթն էլ սահմանում է, որ կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: Եվ բացի այդ, առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Սահմանադրությունը, արդեն կառավարության ծրագրի քննարկման հետ կապված, հոդված 151-ում նախանշում է, որ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Իսկ հոդված 150-ն էլ սահմանում է կառավարության կազմավորումը, մասնավորապես կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: Իսկ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս