Շիրակի մարզում բերքը չի իրացվում․ ինչո՞ւ վրացական կողմն էլ շահագրիռ չէ Հայաստանից բերք գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում զբաղվածության ու ապրուստի հայթայթման հիմնական միջոցներից մեկը գյուղատնտեսությունն է: Սակայն տարի առ տարի գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: Արդյունքում ՀՀ ամենաաղքատ մարզում ցուցանիշը սկսում է նվազել: Անցած տարի մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանք է կատարվել: Կարկտահարությունը քիչ էր, ոռոգումն էլ նորմալ չի կազմակերպվել:
Հացահատիկի ցանքերը, նախորդ տարվա համեմատ, 6300 հեկտարով ավելի պակաս են եղել: 1 հեկտարից ստացված միջին բերքատվությունն էր բարձր, ինչը ցանքերի պակասը միայն մասամբ է լրացրել:

Կարտոֆիլի ցանքերը նվազել են, գյուղացին հողից հանված բերքից էլ դժգոհ է: Թերի մշակման հետեւանքով բերքն անորակ է: Ըստ պաշտոնական տվյալների` Շիրակի մարզն այս տարի 3 մլրդ դրամի վնաս է կրել կարկտահարության հետեւանքով, իսկ փոխհատուցումը, ինչպես ամեն տարի, չի եղել լիարժեք: Նոր կառավարության հետ հույսեր կապած գյուղացիներն այս տարի էլ հիասթափված են. «Մարդա մի քանի կոպեկի օգնություն տվին: Էդ գումարով ինչպե՞ս ենք ապրելու ամբողջ ձմեռը, երբ մեկ մեշոկ ալյուր էլ տուն չենք բերել: Ո՞ւր են խոստումները: Իրանք կկարողանա՞ն էդ փողով տուն պահել, իհարկե ոչ: Որոշել եմ, այլեւս չեմ ցանելու, մեկ է, օգուտ չկա»,-ասաց Մարմաշեն խոշորացված համայնքի բնակիչներից մեկը: Որոշ գյուղերում ստացված բերքը չի իրացվում: Գազար, բազուկ, կարտոֆիլ. հիմնական մթերքներն են, որոնք Շիրակի մարզում ցանում են իրացնելու նպատակով, սակայն իրացման խնդիրը, ինչպես միշտ, չի կարգավորվում նախօրոք: Փոքր Մանթաշում 100 տոննա կարտոֆիլ, 100 տոննա էլ գազար կա կուտակած: Գյուղացին վարկ է վերցրել, ցանել, մշակել, որ կարողանա որոշակի խնդիրներ լուծել: Արդեն հունվար ամիսն է, բայց բերքը դեռ տեղում է: Ո՛չ տեղում է հաջողվում բերքն իրացնել, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ շահողի դերում անասուններն են. մաս-մաս բերքը որպես անասնակեր է ծառայում: «Խեղճերը տանջվել են, ցանել, ու էլի առնող չկա: Պատրաստ են շատ էժան էլ ծախել, մենակ թե մի քանի կոպեկի օգնություն լինի: 70 տոկոս բերքը կարկտահարությունից վնասվեց, մնացածն էլ պատվալներում է փչանում: Տոննաներով նախորդ տարի թափեցին, նույնն էլ այս տարի է լինելու: Ո՞վ է առնողը»,-ասաց Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը:

Կառնուտի բնակիչներն էլ բազուկի իրացման խնդիր ունեն: Մոտ 3500 բազուկ կա կուտակված, բայց դեռ իրացնելու հույս չկա: Ինչպես նախորդ համայքներում, այստեղ եւս միակ հույսը հարեւան Վրաստանն է: Բայց վերջին տարիներին վրացական կողմն էլ շահագրիռ չէ Հայաստանից բերք գնել, քանի որ նրանց համար այլեւս ձեռնտու չէ Շիրակի մարզից բերք ներկրել նման գներով: Ավելի էժան տալու դեպքում էլ գյուղացին տուժում է:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս