Արցախում պատրաստվում են իշխանափոխության: Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ:
Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք՝ հաջորդ նախագահի հավակնորդները, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր թիմը ձեւավորել կամ օրակարգ թելադրել: Եվ ամենեւին էլ պատահական չէին Հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի օրը լրագրողների հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունները. ի վերջո, նա արդեն քարոզարշավ է սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այս պահի դրությամբ Արցախում երկու հիմնական թեկնածուի մասին է խոսվում՝ Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանն արդեն իսկ հայտարարել է, որ 2020 թվականին հեռանալու է. մյուս երկուսն այս ընթացքում ակտիվանալու փորձեր են անում:
Վիտալի Բալասանյանն այս ընթացքում ավելի ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս եւ փորձում է այդ կերպ իր շուրջը հավաքել Արցախի ընդդիմադիրներին, որոնք դեմ են նաեւ ներկայիս իշխանություններին: Հենց դա է վերջին շրջանում Բալասանյանի կոշտ հայտարարությունների պատճառը` ուղղված ՀՀ իշխանություններին կամ առանձին անձանց: Այսպես Բալասանյանը նաեւ մեկ այլ խնդիր է լուծում. Փաշինյանի իշխանության «հարվածի» տակ առաջինը հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները. անձինք, որոնք Ղարաբաղից են եւ այնտեղ մեծ ազդեցություն ունեն, եւ Վիտալի Բալասանյանը, նրանց պաշտպանելով, փորձում է շահել Արցախում համակիրների զանգված:
Բալասանյանը եւս երբեք չի բացառել, որ մասնակցելու է Արցախում տեղի ունենալիք քաղաքական գործընթացներին: Միեւնույն ժամանակ Բալասանյանը մոռանում է, որ ինքն այժմ պետական պաշտոնյա է եւ իրեն չպետք է պահի ընդդիմադիր գործչի պես, եւ նրա մասնավոր տեսակետներն ընկալվում են որպես պաշտոնական կարծիք: Եվ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ ինքն այդ պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի շնորհիվ «Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցությունները հաջող անցկացնելու համար, իսկ մինչ այդ Բալասանյանը կրկին ընդդիմադիր գործչի «խաղեր էր տալիս»: Եվ, կարծես թե, նա մոռացել է իր կարգավիճակը:
Նախագահի լուրջ թեկնածու է համարվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի «Հզոր հայրենիք» կուսակցությունն Արցախի խորհրդարանի ամենամեծ թվով պատգամավորներ ունեցողն է: Արայիկ Հարությունյանն Արցախում ունի, այսպես կոչված, «հարց լուծողի» իմիջ, քաղաքականապես էլ ընկալելի կերպար է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի իշխանությունների համար: Եվ պատահական չէ նաեւ, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, իր վերջին մի քանի հայտարարություններում հստակ շեշտադրումներով հանդես եկել:
Նշենք նաեւ, որ հունվարի 14-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: «Այսօր մեկ անգամ եւս փաստում եմ, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին»,- ասել է նա բացման արարողության ժամանակ:
Նկատենք, որ Արցախում որպես լուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը: Նա Արցախում համակրանք է վայելում առաջին հերթին իր հասանելի եւ հասարակ նախագահ լինելու համար. շրջում է առանց թիկնապահների, պատրաստ է փողոցում կանգնել եւ ժամերով զրուցել բնակիչների հետ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, նա արդեն իսկ հայտարարել է, որ 2020 թվականից հետո չի առաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում սպասվող գործընթացների շուրջ զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Նա մեզ հետ զրույցում բնական համարեց կուսակցությունների եւ առանձին գործիչների ակտիվացումը` ընդգծելով հաջորդ տարի սպասվող երկու կարեւոր ընտրությունների մասին. «2018 թվականին մենք էլ կուսակցության նոր գրասենյակ բացեցինք: Արցախում այժմ 16 կուսակցություն կա, մի քանիսն ամռանն են բացվել, մի քանիսն էլ գրանցման փուլում են: Նախորդ խորհրդարանական ընտրություններին էլ 7 ուժ էր մասնակցում: Այսինքն` ակտիվ շրջան է սպասվում»: Նա հավելեց, որ փետրվարին նաեւ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը:
Անդրադառնալով նախագահի ընտրությանը` Խանումյանը նշեց, թե իրենց համար անընդունելի է ներկայիս իշխանությունների վերարտադրությունը տարբեր անուններով, եւ պատգամավորը հատկապես մատնանշեց հենց Արայիկ Հարությունյանին: Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին կողմ կամ դեմ լինելուն` Խանումյանը նշեց. «Մեզ համար չափանիշը սահմանադրական փոփոխություններն են, եւ դրան կողմ հանդես եկած քաղաքական գործիչներն ու ուժերը մերժելի են եւ անընդունելի»:
Նաիրա Հովհաննիսյան