«Զիբիլիքսի» հայտնի գործով մեղադրյալները պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով: Սակայն մինչ մանր ձկները մտածում են տուգանքը վճարելու մասին, ՀՔԾ-ում այս գործի անջատված մասով քննություն է ընթանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն փորձում է պարզել, թե ովքեր են եղել «Զիբիլիքսի» գլխին կանգնած պաշտոնյաները, որ Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու գործընթացն են կազմակերպել:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու հերթական ընտրությունների թոհուբոհում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքի ներկայացուցիչները բացահայտել էին ՀՀԿ կողմից բաժանված ընտրակաշառքի ցուցակները: Ըստ մեղադրանքի` ՀՀԿ-ից առաջադրված է եղել նաեւ կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որը միաժամանակ հանդիսացել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը:
Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին:
Վերջիններս համատեղ կազմակերպել եւ ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես` ընտրողներին մեկ քվեի դիմաց որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ ընտրություններին նրանց մասնակցությունը եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար:
Այսպիսով 9 անձ այս արարքի համար հայտնվել էր մեղադրյալի աթոռին: Սակայն նկատենք, որ այս աղմկահարույց քրեական գործը թավշյա հեղափոխությունից առաջ կասեցված էր եւ միայն հեղափոխությունից հետո վերաբացվեց, եւ 9 անձ հայտնվեց մեղադրյալի աթոռին: Տպավորությունն այնպիսին էր, որ վերոնշյալ անձինք պետք է լուրջ պատասխանատվության առաջ կանգնեին, որ մյուսների համար կատարվածը դաս լիներ, սակայն պատկերը այլ է:
Երեկ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վճռով` գործով մեղադրյալ, Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը մեղավոր ճանաչվեց, եւ որպես պատիժ սահմանվեց 2 500 000 ՀՀ դրամ տուգանք:
«Զիբիլիքսի» գործով մյուս առանցքային մեղադրյալը Ստեփան Սահակյանն էր` ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը, որին թեեւ դատախազը միջնորդել էր 3 տարվա ազատազրկման դատապարտել, դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել 2 500 000 ՀՀ դրամի տուգանք:
Մյուս մեղադրյալները եւս տուգանվեցին: Վճռի հրապարակումից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ավելացրեց, որ տուգանքի դատապարտված անձինք կարող են ներման խնդրագիր գրել, ինչը նշանակում է` նրանք հնարավորություն ունեն խուսափել տուգանքների վճարումից:
Ասել է թե` մանր ձկները անգամ հեղափոխությունից հետո ջրից չոր դուրս եկան: Ի դեպ, այս գործի անջատված մասով ՀՔԾ-ում քննություն է ընթանում պարզելու համար, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կանգնած են եղել այս մեղադրյալների գլխին: Արդյոք խոշոր ձկները կպատժվեն, թե ոչ` սպասենք քննության ավարտին:
Իսկ արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի՞ այս գործը՝ պահանջելով կալանավորել ընտրակաշառք բաժանած ամբաստանյալներին: Ի պատասխան` մեզ հայտնեցին, որ դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո կորոշվի Վերաքննիչ բողոք տանելու հարցը:
Քնար Մանուկյան