«Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը 2008թ․ դրությամբ հանցագործություն չի համարվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի տեքստը։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ այդ տեքստից։

«Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները կալանավորման պայմանների բացակայության մասին։

Որպեսզի հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի, նախ անհրաժեշտ է, որպեսզի առկա լինեն կալանավորման պայմանները, այդ թվում՝

. պետք է առկա լինի հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը,

. մեղադրյալը պետք է չունենա անձեռնմխելիություն քրեական հետապնդումից կամ պետք է զրկված լինի անձեռնմխելիությունից

. նախորդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը պետք է գործը քննած լինի պատշաճ ջանասիրությամբ:

Ընդ որում, պայմաններից յուրաքանչյուրի բացակայութունը բացառում է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը:

Հիմնավոր կասկածի հետ կապված սույն բողոքում պնդում ենք, որ՝

1. Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատական տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին:

2․ Դատարանը կիրառել է «հիմնավոր կասկածի» ապացուցման այնպիսի շեմ, որը նախատեսված չէ օրենքով, Սահմանադրությամբ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ հասկացությանը տված մեկնաբանություններին:

3. Առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:

4. Պարոն Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008թ․ դրությամբ հանցագործություն չի համարվել:

Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատական տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին:

Քննիչի 02.11.2018 թ․ որոշմամբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել, որի կապակցությամբ պարոն Քոչարյանը և նրա պաշտպանը հայտարարել են, որ մեղադրանքի մեջ կան ձևակերպումներ, որոնք անհասկանալի են: Մեղադրանքն առաջադրելուց անմիջապես հետո պարոն Ռ. Քոչարյանին առաջարկվել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ, որին պարոն Ռ․ Քոչարյանը պատասխանել է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ:

Պաշտպանը, ինչպես տվյալ քննչական գործողության ժամանակ, այնպես էլ հետագայում՝ առանձին փաստաթղթով մանրամասնորեն ներկայացրել է մեղադրանքի այն ձևակերպումները, որոնք հասկանալի չեն և, դրանից ելնելով, խոչընդոտում են պաշտպանությունը նախապատրաստելուն: 08.01.2019 թ․ պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով գրավոր կամ բանավոր կերպով պարզաբանել «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 որոշման մեջ տեղ գտած դրույթները: Քննիչի 11.01.2019 թ. որոշմամբ պաշտպանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է: Քննիչի 11.01.2019 թ. որոշումը բողոքարկվել է դատախազին, որից պատասխան չի ստացվել:

02.11.2018 թվականին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ նկարագրած են մի շարք անձանց հանցավոր գործողություններ, առանց մատնանշելու, թե ովքեր են այդ անձինք: Այդպիսի ձևակերպումներ առկա են, մասնավորապես, «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման 6-րդ էջի 2-րդ պարբերության մեջ, որտեղ ասված է, որ «ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր …», նույն որոշման 7-րդ էջի վերջին և 8-րդ էջի 1-ին պարբերությունների մեջ, որտեղ նշված է, որ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր … իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով …»:

Հասկանալի չէ, թե վերը նշված անհայտ անձանց գործողությունները քննիչի որոշման մեջ ո՞նց են կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ կերպ է, ըստ մեղադրանքի, այդ գործողությունների համար պատասխանատվություն դրվում Ռոբերտ Քոչարյանի վրա.

արդյոք նկատի է ունեցվել, որ այդ անձինք իրենց գործողություններն իրականացրել են պարոն Քոչարյանի ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցվել, որ պարոն Քոչարյանը իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:

Քննիչի որոշումից նաև պարզ չէ, թե ի՞նչ կերպ է քննիչը Ռոբերտ Քոչարյանի հետ կապել և ի՞նչ իմաստով է նրան մեղսագրել որոշման 9-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերության մեջ մատնանշված անձանց գործողությունները: Կրկին պարզ չէ, թե արդյոք քննիչը նկատի է ունեցել, որ այդ գործողությունները կատարվել են պարոն Քոչարյանի անմիջական ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցել, որ պարոն Քոչարյանն իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:

Անհասկանալի, վերացական է քննիչի որոշման 6-րդ էջի 1-ին պարբերության մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «/մի շարք նպատակների հասնելու/ դիտավորությամբ որոշվել է 2008 թվականի մարտի 1-ի գիշերը բռնությամբ ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնող ցուցարարներին»: Մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից է որոշվել, ի՞նչ առնչություն է այդ որոշման կայացմանն ունեցել Ռոբերտ Քոչարյանը:

Անհասկանալի և վերացական ձևակերպումներ են պարունակվում նաև մեղադրանքի հետևյալ հատվածում. «… ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել է դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին»:

Մեղադրանքի այս ձևակերպումից /1/ պարզ է դառնում, որ բացի ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, պարոն Քոչարյանին վերագրվում է նաև ինչ-որ այլ եղանակներով ու միջոցներով նրանց վրա ազդելը, սակայն չի մանրամասնեցված, թե ինչ է քննիչն ի վերջո նկատի ունեցել, /2/ պարզ է դառնում, որ պարոն Քոչարյանին վերագրվում է ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, սակայն չի նշված, թե ի՞նչ ճնշում է նկատի ունեցվել մեղադրանքի մեջ, ինչո՞ւմ է այն դրսևորվել և /3/ Սահմանադրական դատարանի հատկապես ո՞ր անդամների վրա է, ըստ մեղադրանքի, գործադրվել այդ ճնշումը:

Նման կերպ շարադրված մեղադրանքը հնարավորություն չի տալիս նախապատրաստելու և իրականացնելու պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը:

Արդյունքում պաշտպանական կողմը զրկվել է կալանավորման /կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու/ վերաբերյալ հարցի քննության ժամանակ «հիմնավոր կասկածի» առկայությունը արդյունավետ վիճարկելու հնարավորությունից: Միաժամանակ, դատարանի որոշումը «հիմնավոր կասկածի» առկայության վերաբերյալ չէր կարող օրինական և հիմնավորված համարվել, երբ մեղադրանքի զգալի մասը շարադրված է անհասկանալի ձևով և վերացական արտահայտություններով, ինչը հնարավորություն չի տալիս ընկալելու մեղադրանքի համապատասխան հատվածների բուն էությունը:

Դատարանը կիրառել է «հիմնավոր կասկածի» ապացուցման այնպիսի շեմ, որը նախատեսված չէ օրենքով, Սահմանադրությամբ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ հասկացությանը տված մեկնաբանություններին: Ինչպես պարզորոշ երևում է որոշումից, դատարանը կիրառել է այլ՝ ավելի ցածր շեմ՝ քննարկելով հանցագործությանը պարոն Ռ. Քոչարյանի «առնչությունը» հաստատող նյութերի առկայության հարց և առհասարակ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք առկա նյութերը, փաստերը, տվյալները բավարա՞ր են, որպեսզի անկողմնակալ դիտորդը կարողանա եզրակացնել, որ տվյալ անձը հանցանք է կատարել: Այլ կերպ ասած՝ հիմնավոր կասկածի հարցին դատարանը փաստացի չի անդրադարձել:

Իսկ ինչ վերաբերում է դատարանի այն եզրահանգմանը, թե «դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին», ապա այս արտահայտությունն իր մեջ որևէ միտք չի պարունակում: Դատարանը գրել է «դեպքը, որի մեջ Ռ.Քոչարյանը մեղադրվում է» և «Ռ.Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքը»: Որից հետո, հայտնաբերելով, որ դրանք համընկնում են, եզրակացրել է, որ առկա է հիմնավոր կասկած:

Դատարանն իրեն չի ծանրաբեռնել այն մտորումով, թե՝ իսկ ինչպե՞ս կարող էր առհասարակ պատահել, որ «դեպքը, որի մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է» չհամընկներ «Ռ. Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքի» հետ: Որևէ կերպ դատարանի որոշումից պարզ չէ նաև, թե ի՞նչ կապ ունի այս մտավարժանքը հիմնավոր կասկածի հետ:

Առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:

1․ Մեղադրանքի այն դրույթի առնչությամբ, թե՝ պարոն Քոչարյանի՝ սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թ․ գործող Սահմանադրության 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման՝ 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդող ընթացքում ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան երաշխավորված իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների սահմանազանցմամբ վերացնելով.

Այս մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ էր, որպեսզի, ի թիվս այլնի, քննիչի կողմից ներկայացված նյութերը հիմնավոր կասկած առաջացնեին, որ Սահմանադրության վերը նշված նորմերը իրավական համակարգում դադարել են գործել: Մինչդեռ, քննիչի կողմից նյութերը ոչ միայն հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած, որ Սահմանադրության վերը նշված նորմերը իրավական համակարգում դադարել են գործել, այլ ավելին՝ մեղադրանքի հետագա շարադրանքում նույնպես այդպիսի հետևանքներ նկարագրված չեն: Նախ, արտակարգ դրությունը վերաբերել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին, այլ՝ Երևան քաղաքին: Բացի այդ.

ա/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է» նորմը:

Այսպիսի մեղադրանք հնարավոր կլիներ որևէ մեկին առաջադրել միայն այն դեպքում, եթե վերացվեին ժողովրդական պետությանը բնորոշ ինստիտուտները՝ խորհրդարանը, դատարանները, կամ՝ վերացված լիներ ընտրությունների միջոցով իշխանությունը ձևավորելու սկզբունքը և սահմանվեր այն ձևավորելու որևիցե այլ սկզբունք, կամ՝ դադարեցվեր Սահմանադրության 2-րդ գլխի գործողությունը:

Ընդ որում՝ անհրաժեշտ է հստակորեն տարանջատել որևիցե գործողություն, որով խախտվել է ժողովրդավարական պետության կամ իրավական պետության սկզբունքը և այն վիճակը, երբ դրանք դադարել են գործել իրավական համակարգում: ՀՀ Սահմանադրական դատարանն ունի մի շարք որոշումներ, որոնցում ամրագրել է այս կամ այն օրենքի՝ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված «իրավական պետություն» սկզբունքին հակասելը: Սակայն դա չի կարող նշանակել, որ այդ օրենքն ընդունելով Ազգային ժողովի պատգամավորները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն:

Այսպիսով, անհրաժեշտ է տարանջատել Սահմանադրության որևիցե նորմի խախտումը այդ նորմի գործողությունը իրավական համակարգում դադարեցվելուց:

Մինչդեռ քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը: Այսինքն՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում, ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը բացակայում է նույնիսկ այն դեպքում, եթե նա ամբողջությամբ կատարած լիներ մեղադրանքում նկարագրված գործողությունները, և այդ գործողությունները լինեին անօրինական, ինչպես որ դա գնահատված է քննիչի կողմից:

բ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», նորմը:

Ինչ է պետք հասկանալ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» ասելով՝ սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասում՝

«Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Այսինքն՝ որպեսզի այս մեղադրանքի առումով առկա լինի հիմնավոր կասկած, քննիչը պետք է ներկայացներ նյութեր, որոնցից հետևեր, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետևանքով խախտվել է ազատ ընտրությունների սկզբունքը, իշխանությունը ձևավորվել է ոչ ազատ ընտրությունների միջոցով: Նման հանգամանք մեղադրանքում նշված չէ, ավելին՝ չէր կարող նշվել, քանի որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՀՀ Սահմանադրական դատարան և վերջինիս 08.08.2008 թվականի որոշմամբ ընտրությունները ճանաչվել են վավեր: Քանի դեռ այդ որոշումն ուժի մեջ է, որևիցե պետական մարմին կամ պաշտոնատար անձ չի կարող դրանք պաշտոնապես դնել կասկածի տակ: Հենց այդպիսի կասկածի տակ դնելը կարող է խաթարել իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը և առաջացնել հակասահմանադրական հետևանքներ:

գ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված՝ «պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» նորմը:

Այս դեպքում նույնպես քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը:

Այսինքն՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Ավելին՝ ներկա Սահմանադրության 3-րդ հոդվածում բացակայում է այն ձևակերպումը, որը նկարագրված է մեղադրանքի մեջ:

դ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 5-րդ հոդվածով նախատեսված՝ «պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» նորմը:

Ու կրկին քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը: Ստիպված ենք կրկնել, որ՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում, ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Այսպիսի մեղադրանքից հետևում է, որ յուրաքանչյուր անգամ, երբ ՀՀ վարչական դատարանը առ ոչինչ է ճանաչում որևիցե վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով /ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը/ հիմքով, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով այդ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիր է առաջանում: Հավասարապես, նույն խնդիրը պետք է առաջանա յուրաքանչյուր դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացնի Հայաստանի Հանրապետության դեմ՝ փաստելով, որ խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» սկզբունքը, որն իր մեջ ներառում է դատարանի իրավասության հետ կապված հարցեր: Հասկանալի է, որ նման մոտեցումը ոչ մի ընդհանուր բան չունի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ:

ե) Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն» նորմը:

Մեղադրանքի մեջ չկա որևիցե դրվագ, որը հնարավոր լիներ կապել այս նորմի խախտման հետ: Այս նորմը իրավական համակարգում կդադարեր գործել ոչ թե այն դեպքում, եթե որևիցե մեկը կատարեր Սահմանադրությանը հակասող գործողություներ կամ ընդուներ Սահմանադրությանը հակասող վարչական ակտ. այդպիսի իրավիճակներ բազմիցս են լինում և կարգավորվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով:

Կրկնենք, որ՝ երբ նույնիսկ որևէ օրենք կամ վարչական ակտ անվավեր են ճանաչվում Սահմանադրական դատարանի կամ Վարչական դատարանի կողմից այն հիմքով, որ դրանք հակասում են Սահմանադրությանը, դա չի կարող գնահատվել որպես սահմանադրական կարգի տապալում:

2. «փաստացի հաստատել է ռազմական դրություն»

Մեղադրանքում կենտրոնական տեղ է զբաղեցնում այն դրույթը, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այլ անձանց հետ միասին, 23.02.2008 թվականից «փաստացի հաստատել են ռազմական դրություն», կամ՝ «փաստացի հաստատել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ»: Այդպիսի ձևակերպում է առկա, մասնավորապես, «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման 3-րդ էջի 2-րդ պարբերությունում, 4-րդ էջի վերջին պարբերությունում, 6-րդ էջի նախավերջին պարբերությունում, 7-րդ էջի 2-րդ պարբերությունում:

«Փաստացի ռազմական դրություն» ասելով պետք է հասկանալ, որ նկատի է ունեցվում մի իրավիճակ, երբ ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ իրավական ակտի բացակայության պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը բնորոշ է ռազմական դրությանը:

2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող խմբագրությամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում էր, թե ինչ միջոցառումներ են իրականացվում և ինչ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում ռազմական դրության դեպքում: Ստորև բերվում է հոդվածի բովանդակությունն ամբողջությամբ.

«1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում.

բ/ Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.

գ/ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

դ/ ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

ե/ բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

զ/ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

է/ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

ը/ ժողովներ, միտինգներ, ցույցեր, երթեր և այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով.

թ/ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

ժ/ կազմակերպությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.

Ժա/ պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

Ժբ/ օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.

Ժգ/ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր.

Ժդ/ առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում.

Ժե/ բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ:

2. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով»:

2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ՆՀ-35-Ն հրամանագիր ընդունելը Երևան քաղաքում և, առավել ևս, ՀՀ ողջ տարածքում տեղի չի ունեցել այնպիսի իրադարձություն, որը համապատասխաներ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կետերից գոնե մեկին: Այդպիսի իրադարձություն չի նկարագրված նաև «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ:

Հետևաբար՝ «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ տեղ գտած այն գնահատականները, թե իբր 2008 թ. փետրվարի 23-ից ՀՀ ողջ տարածքում կամ Երևան քաղաքում փաստացի սահմանված է եղել ռազմական դրություն՝ ակնհայտ անհիմն է և մտացածին: Այդ մասով քննիչի կողմից դատարան չեն ներկայացվել որևէ նյութեր, հետևաբար՝ այդ մասով «հիմնավոր կասկած» լինել չի կարող:

3. «Մտադրություն ունենալով ցանկացած գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ.

փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին».

«Ցանկացած գնով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու» մտադրության մասին մեղադրանքի դրույթը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ և չկա «հիմնավոր կասկած» առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները պայմանավորված են եղել նման մտադրությամբ: Այսպես, 2008 թ. փետրվարի 23-ին և դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ունենալ նման մտադրություն և այդպիսի մտադրություն չէր կարող առհասարակ ծագել, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ընտրվել էր ՀՀ նախագահ: Այս հանգամանքը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ․ 24-Ա որոշմամբ, որը ուժի մեջ է թողնվել Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշմամբ, իսկ ԵԽԽՎ-ի 18.04.2008 թ․ թիվ 1609 բանաձևով կոչ է արվել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը /տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը/:

Հետևաբար՝ պարոն Ռ. Քոչարյանը չուներ և չէր կարող 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին մտադրություն ունենալ՝ ամեն գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին: Նա կարող էր մտադրություն ունենալ պաշտպանելու սահմանադրական կարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այն, որպեսզի ժողովրդի ձայների մեծամասնությամբ ՀՀ նախագահ ընտրված անձը կարողանա ստանձնել իր պաշտոնը:

Ավելին, 2008 թ․ գործող Սահմանադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարչապետը, ում կողմնակիցներն ԱԺ-ում ունեն մեծամասնություն, ուներ ավելի մեծ իշխանական լծակներ, քան նախագահը: 2008 թ․ փետրվար ամսվա դրությամբ պարոն Սերժ Սարգսյանը, բացի ՀՀ վարչապետ լինելուց, հանդիսանում էր ԱԺ-ում ձայների մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի ղեկավար:

Չկան նյութեր, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ իբր՝ 23.02.2008 թվականին պարոն Ռ. Քոչարյանը բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Մեղադրանքի այս դրույթը կառուցված է վկա Արշակ Կարապետյանի՝ իր տակ որևէ փաստական հիմք չունեցող, ներքին հակասություններով լի ցուցմունքի վրա:

Այսպես, Զինված ուժերը 2008 թ․ փետրվար-մարտ ամիսներին մարտական պատրաստվածության բերված չեն եղել, այդպիսի դրույթներ թիվ 0038 հրամանը չի պարունակել, այլ հրաման, որով զորքերը բերված լինեն մարտական պատրաստվածության՝ քննիչը չի վկայակոչել: Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա 23.02.2008 թ․ մինչև 01.03.2008 թ․ արտակարգ դրություն սահմանված չի եղել: Այդ մասին է վկայում նախ այն հանգամանքը, որ արտակարգ դրություն կարող էր սահմանվել միայն նախագահի հրամանագրով, որը ընդունվել է միայն 01.03.2008 թ․:

Դա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ մինչև 01.03.2008 թ․ մարդկանց իրավունքների և ազատությունների /մասնավորապես, հավաքների, ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության/ որևէ սահմանափակում մտցված չի եղել: Մարդկանց մեծ զանգված Երևանի Ազատության հրապարակում անժամկետ ցույցեր է անցկացրել, որի ընթացքում քննադատել է իշխող ուժին, ԶԼՄ-ներն աշխատել են անխափան, չի եղել տարածք, որտեղ տեղաշարժն արգելվի օրվա ցանկացած ժամի և այլ:

4. «ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թ. փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ»:

Ակնհայտ է, որ մեղադրանքի այս հատվածում կենտրոնական դեր է խաղում «փաստացի սահմանված ռազմական դրություն» և «զինված ուժերի հակասահմանադրական օգտագործում» դրույթները: Զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդհանուր բան չունեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ:

Սակայն, ինչպես պարզորոշ ցույց տրվեց վերևում՝ սույն բողոքի «Բ» կետում, փաստացի ռազմական դրություն ոչ Երևան քաղաքում և, առավել ևս, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանված չի եղել:

Մինչև 2008 թվականի մարտի 1-ը ՀՀ զինված ուժերը Երևան քաղաքում չեն օգտագործվել: Այդպիսի որևիցե դեպք «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ չի նկարագրված: Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանով զինված ուժերի օգտագործում առհասարակ նախատեսված չէր:

Ինչ վերաբերում է 2008 թ. մարտի 1-ին Զինված ուժերի գործողություններին, ապա դրանք պայմանավորված են եղել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.2008 թ․ հրամանագրով: Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել ապահովագրել Երևան քաղաքում գտնվող կարևորագույն պետական հիմնարկները զանգվածային անկարգություններ իրականացնողների կողմից զավթելուց, որի հետ կապված նրանք դիրքավորվել են Երևանի առանձին հատվածներում: Ինչպես արդեն նշվեց վերևում /տես՝ 9-րդ էջը/, զինված ուժերը ցուցարարների նկատմամբ զենք գործադրելու հրաման չեն ունեցել:

Ինչ վերաբերում է նրան, թե Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի հիման վրա իրավասու չէր օգտագործելու Զինված ուժերը, ապա այս մասով անհրաժեշտ է հաշվի առնել, որ զինված ուժերը կարող են օգտագործվել՝ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով: Իսկ թե ինչ է պետք հասկանալ «անվտանգություն» ասելով՝ կարելի է գտնել »Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, որտեղ ասված է.

“Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից”:

6. «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»:

Նշված մասով ևս մեղադրանքն ակնհայտ անհիմն է: Այսպես, 2008 թ. մարտի 1-ի դրությամբ գործող՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն.

«14․ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: … »:

Նույն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հանաձայն.

«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն»:

Նույն Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.

«6․ մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

Այսինքն այս նորմը իրավունք է տվել գործող նախագահին, առանց որևէ սահմանափակման, իրականացնել ցանկացած ողջամիտ միջոցառում, որն իր կարծիքով թելադրվում էր իրավիճակից:

Իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում գնահատելով 2008 թ. մարտի մեկին Հանրապետությունում ստեղծված իրավիճակը որպես սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վիճակ, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի և 117-րդ հոդվածի 6-րդ կետի ճշգրիտ պահպանմամբ, արձակել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Մինչ այդ հրամանագրի ընդունումը նախագահը, Սահմանադրության պահանջներին համապատասխան, խորհրդակցել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ /մեղադրանքում այս հանգամանքը կասկածի տակ չի դրվում/:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո անհապաղ գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ /մեղադրանքում այս հանգամանքը նույնպես կասկածի տակ չի դրվում/:

Հրամանագիրը՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում և թողնվել է ուժի մեջ: Մինչև օրս նախագահի ՆՀ-35-Ն հրամանագիրը չի վիճարկվել, անվավեր կամ աչ ոչինչ չի ճանաչվել, հետևաբար՝ գործում է դրա օրինականության սկզբունքը: Այժմ ոչ քննչական մարմինը և ոչ էլ դատարանը լիազորված չեն գնահատելու այդ հրամանագրի և ԱԺ որոշման օրինականության հարցը: Դատարանը չէր կարող համարել, որ առկա է հիմնավոր կասկած, որ արձակելով այդ հրամանագիրը, Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը:

Նախագահի հրամանագիրը որպես հանցավոր գնահատելով քննիչը, իսկ այն հանցավոր լինելու վերաբերյալ «հիմնավոր կասկած» արտահայտելով՝ դատարանը հենց իրենք ուղղակիորեն խախտել են սահմանադրական կարգը, իրենց վերագրելով սահմանադրական մեկ այլ ինստիտուտի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություն: Այսպես, ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի /2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի/ համաձայն վերապահված է ՀՀ Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում ոչ ոք չի կարող իրավական պետությունում, այդ պետության անունից, կասկածի տակ դնել իշխանության ճյուղերից մեկի՝ ՀՀ նախագահի հրամանագիրը: Դատարանի նման մոտեցումն ամենակոպիտ կերպով խախտում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Պարոն Ռ.Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008 թվականի դրությամբ հանցագործություն չի համարվել

Այսպես, ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝

«Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել»:

2008 թ. դրությամբ գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն ուներ հետևյալ բովանդակությունը.

«1. Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում նշված գործողությունների մասին իշխանության մարմիններին կամովին հայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հայտնելու արդյունքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանց իրականացումը կանխվել է»:

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որը մեղսագրված է պարոն Ռ.Քոչարյանին, ուժի մեջ է մտել քննարկվող դեպքերից հետո՝ 18.03.2009 թվականին և ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից»:

Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, իբրև ներկայիս 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան լիովին ընդգրկվում էր 2008 թ. գործող օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայի մեջ:

Նման պնդումը հեռու է իրականությունից: Իրականությունը կայանում է նրանում, որ՝ սահմանադրական կարգի տապալման այնպիսի սահմանում, որը տրված է ներկայիս 300.1-րդ հոդվածում՝ 2008 թ. գոյություն չի ունեցել: Այսինքն՝ 2008 թ. անձը չէր կարող ենթադրել, որ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը հանդիսանում է սահմանադրական կարգի տապալում:

Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը չի կարող տարածվել այնպիսի գործողությունների վրա, որոնք կատարվել են մինչև այդ հոդվածը ուժի մեջ մտնելը՝ 18.03.2009 թ.:

Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ. մարտի 18-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով պարոն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվել բոլոր դեպքերում չէր կարող:

Այն, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածները 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են անձի վիճակը՝ ուղղակիորեն ասված է թիվ ԵՔՐԴ-0567/01/08 քրեական գործով ամբաստանյալ Արեքսանդր Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին դատախազներ /մեղադրողներ/ Կ.Փիլոյանի, Ա.Նադոյանի, Հ.Սարգսյանի, Ա.Ամիրզադյանի, Լ.Թադևոսյանի և Հ.Հարությունյանի 31.03.2009 թվականի որոշման մեջ: Այդ նույն բովանդակությամբ որոշումներ են կայացվել նաև նույն գործով ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Սանուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ:

Սակայն ներկայում պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է տրամագծորեն հակառակ մոտեցումը. այդ նույն դատախազությունը կամ այլևս չի համարում, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածները 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են անձի վիճակը, կամ էլ՝ համարելով հանդերձ, որ վատթարացնում է, այնուամենայնիվ համարում են, որ թույլատրելի է պարոն Քոչարյանի նկատմամբ կիրառել վիճակը վատթարացնող նորմը: Սրանով հիմնավորվում է, որ ներկայում պարոն Ռոբերտ Քոչարյանը, ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի 3-րդ կետի առնվազն «բ», «դ» և «ե» ենթակետերի իմաստով, հանդիսանում է քաղաքական բանտարկյալ, նա քրեական հետապնդման է ենթարկվում և անազատության մեջ է պահվում քաղաքական դրդապատճառներով:

/…/

Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով,

Խնդրում ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը բեկանել. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան կալանքից ազատ արձակել, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ՝ փաստաբաններ Ռուբեն Սահակյան, Հայկ Ալումյան, Արամ Օրբելյան

29.01.2019թ․»:




Լրահոս