Աշոցք թաղամասը կռվախնձոր է դարձել. նախկին քաղաքապետերն ու օրդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմաշենի վարչական տարածքում գտնվող Աշոցք թաղամասը կռվախնձոր է դարձել: Թաղամասը ձեւավորվել է հետերկրաշարժյան տարիներին: Մրցութային կարգով ընտրված շիանարարական կազմակերպությունն աշխատակիցների համար երկու շենք է կառուցել, այնուհետ շինարարությունը թողնելով կիսատ` շինարարը հեռացել է: Երկու շինությունը ոչ պաշտոնապես անցել է Գյումրու համայնքապետարանին:

Այդ տարիներին Գյումրու քաղաքապետն էր Վարդան Ղուկասյանը: Վերջինս էլ հիմնականում նախընտրական շրջանում մի շարք բնակիչների օրդերներ է բաժանել` հաստատելով բնակության թույլտվությունը, բայց բնակարանները սեփականաշնորհված չեն: Դա է, որ անհանգստացնում է բնակիչներին: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր քաղաքացիներ` ձեռքերին բնակարանների օրդերներ, ու պահանջում են լքել տունը:

Գյումրեցի Շուշան Ղազարյանն ասում է, որ 16 տարի ահը սրտում է ապրել: Երկրաշարժին բնակարան կորցրել է, այնուհետ հայտնվել տնակում: Երբ տնակն այլեւս բնակության համար ոչ պիտանի է դարձել, կինը դիմել է քաղաքապետին ու խնդրել օգնել ժամանակավոր կացարանով: «Էն ժամանակ քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր: Էրեխեն ձեռս` ներս մտա, քաղաքապետը թուղթը տվեց` սենց գնա՛ ապրի։ Ես էլ եկա, ինչ իմանայի` ինչ կարող էր լինել: Հետո իմացա, որ հերթացուցակից էլ դուրս մնացի։ Հմի մե հոգիմ հայտնվել է, կսե սիկ իմ տունս է, ես ի՞նչ ենեմ»,- ասաց Աշոցք թաղամասի բնակիչ Շուշան Ղազարյանը:

Տասնյակ ընտանիքներ են նույն խնդրի առաջ կանգնած: Սեփականաշնորհել բնակարանները չեն կարող, քանի որ երկու շենքը Գյումրու հյամայնքապետարանի հաշվեկշռում էլ չեն. «Ինչպես շատ թաղամասեր, Աշոցք թաղամասն էլ ամբողջական չկառուցվեց: Ընդամենը երկու շենք է կառուցվել կոոպերատիվի հիմմունքներով: «Ուրալ Սիպ Շին» կազմակերպությունն է իրականացրել շինարարությունը, սակայն մինչեւ հիմա բնակարանները սեփականաշնորհված չեն, քանի որ ընդունում հանձնում էլ չի եղել, ընդունման ակտ էլ չի եղել: Մենք իրավունք չունենք դրանք սեփականաշնորհել»,-ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ստացվում է` շենքը ո՛չ բնակիչներինն է, ո՛չ համայքինն է, շինկազմակերպությունն էլ շահագրգռվածություն չունի հետաքրքրվել խնդրով։ Բայց քանի որ թաղամասը կառուցվելու էր Գյումրու համար, այս պարագայում պատասխանատուն համայնքն է:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրահանգով` հանձնաժողով է ձեւավորվել, որն ուսումնասիրությունն է կատարում պարզելու շենքի տեխնիկական վիճակն ու թե ընտանիքներից ով ինչ ճանապարհով է հայտնվել բնակարաններում: Այդ ուսումնասիրություններն են դարձել պատճառը, որ բնակչության շրջանում խուճապ է սկսվել: Երկու տասնյակից ավելի ընտանիք տներից զրկվելու վտանգ առաջ են: Շատ դռներ էլ փակ են, քանի որ որոշ քաղաքացիներ էլ մի քանի տարի ապրել, հետո փակել են դռներն ու հեռացել` գիտակցումով, որ բնակարանը հենց իրենց է պատկանում:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս