«Իմ քայլը» դաշինքով Գեղարքունիքի մարզից մանդատ ստացած Վարզադատ Կարապետյանը նախկին իշխանությունից նոր կառավարություն տեղափոխվածներից մեկն է: Նա, կարելի է ասել, նախկին կառավարության առաջին ծիծեռնակն էր, որը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարական տվեց 2018թ. մայիսի 1-ին:
Մայիսի 1-ին, հիշեցնենք, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստ էր հրավիրվել, եւ ՀՀԿ-ն առաջին անգամ տապալեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ Կարապետյանը համացանցում հայտարարել էր. «անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։ Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել, դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»։ Արդեն հունիսի 11-ին Կարապետյանը նշանակվեց վարչապետ Ն․Փաշինյանի` հասարակական հիմունքներով խորհրդական։ Այժմ արդեն նա պատգամավոր է դարձել: Նոր խորհրդարանի գոյության այս կարճ ընթացքում նա արդեն իսկ հասցրել է ԱԺ-ում մի քանի ուշագրավ ելույթ ունենալ: Մասնավորապես, երբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հարցն էր քննարկվում, նա ծափահարություններով ընդհատված ելույթ ունեցավ` տարակուսելով, թե ինչ իմաստ ունի օրեր շարունակ տարատեսակ հարցերով «քրքրել» նախագահների թեկնածուներին, եթե միեւնույն է, հանձնաժողովում այս կամ այն հարցի քննարկումը կենսենսուսի սկզբունքով է տեղի ունենալու։ Եթե անկեղծ, ապա Կարապետյանը միանգամայն ճիշտ է:
Մինչեւ հեղափոխությունը
Ծնունդով Սեւանից, արտաքինից հույն հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսին նման, հանդարտ ու պոետիկ դիկցիայով Կարապետյանը երկար տարիներ աշխատել է պետական ապարատում։ ԵՊՀ-ն ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրան ավարտած, տնտեսագիտության թեկնածու 44-ամյա Կարապետյանը հասցրել է աշխատել, իննպես ընդունված ասել, թե՛ ՀՀՇ-ի, թե՛ «ղարաբաղյան ծագմամբ» իշխանության օրոք։ Պետական ապարատում աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ կենտրոնական բանկում՝ 1995-1996 թթ, սկզբում եղել ԿԲ բաժներից մեկի մասնագետ, ապա նախագահի օգնական: Այդ տարիներին ԿԲ նախագահը Բագրատ Ասատրյանն էր։ Նա աշխատանքային գործունեությունը շարունակել է մասնավոր բիզնեսի ոլորտում։ 1996-1997 թթ․ եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ` Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:
Ուշագրավ է, որ այս երկու ռուսաստանյան ՍՊԸ-ներում աշխատելու մասին որեւէ հիշատակում չկա ԱԺ կայքում ներկայացված նրա կենսագրականում։ Կարապետյանն այնուհետ՝ 1999-2000 թթ., եղել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետը, 2000-2002 թթ.` «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարիչը, 2003-ին դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու: Նա շուրջ մեկ տարի՝ 2011-2012 թթ., եղել է նաեւ մեկ այլ վաչապետի՝ Տիգրան Սարգսյանի խորհրդականը։ 2012- 2014 թթ.Կարապետյանը ղեկավարել է ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: Կարապետյանը փորձագիտական աշխատանքի փորձ ունի կուտակած, աշխատել է «Հայկական Կարիտաս»-ում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), AtosConsulting ընկերությունում, որպես միջազգային փորձագետ՝ եղել է մի շարք միջազգային ծրագրերի համակարգող ՀՀ-ում, Պաղեստինում, Հորդանանում, Մարոկկոյում, Վրաստանում: 2014 թ. հուլիսին Կարապետյանը նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ, 2017թ. հուլիսից էլ կրկին գործի է անցել կառավարությունում՝ նշանակվելով ՏԿԶ ՏԿԶ նախարարի՝ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի տեղակալ։
Մասնագիտական որակներ
Կարապետյանը, իր շրջապատի մարդկանց բնորոշմամբ, հայտնի է որպես պարկեշտ, հումորով, ծով համբերությամբ, սուր անկյունները հարթեցնող, ստանդարտ իրավիճակներին ոչ ստանդարտ լուծումներ առաջարկող մասնագետ, ոմանք էլ նրան համարում են ուտոպիստ, որի արտահայտած որոշ մտքեր հակասության մեջ են տնտեսագիտության այբուբենի հետ։ Օրինակ, երբ նա արծարծեց ներդրումների շատ ցավոտ թեման` ասելով, թե. «Դրսի ներդրման նպատակը շահույթ ստանալն է, իսկ մենք ուզում ենք երկիր, որտեղ ժողովուրդը երջանիկ է», որոշ տնտեսագետներ նրան քննադատեցին՝ ինչպե՞ս կարող է ժողովուրդը լինել երջանիկ առանց տվյալ երկրում շահույթ հետապնդող ներդրումների բացակայության։ Նա ՀՀ համայնքների խոշորացման, դրանք տնտեսապես զարգացնելու ջատագովներից է եւ մշակել ու կառավարիչների սեղանին է դրել «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկը։ Նա նաեւ պետական կառավարման ուռճացված ապարատի օպտիմալացման ջատագովներից է։
Կարապետյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ Կառավարությունը չպետք է աշխատատեղ ստեղծի, այլ պետք է միջավայր ապահովի,որտեղ մասնավոր հատվածը կստեղծի աշխատատեղեր: Ի դեպ, երբ Կարապետյանը դեռեւս մոտ մեկ ամսվա փոխնախարար էր, նա այդ օրերին ուշագրավ մի հայտարարություն արեց․Ամասիայի տարածաշրջանի գյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պնդեց, որ «Հայաստանում իրականում շատ փող կա» ե՛ւ ֆինանսական համակարգում, ե՛ւ պետբյուջեում, ե՛ւ տեղական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների մոտ, «ուղղակի այդ փողը ներդրվում է ոչ համակարգված»։ Նա հասկանալով, որ տնտեսական զարգացման ծրագրեր մշակելու հարցում համայնքների բնակիչները ծուլանում են` փորձում էր առաջ քաշել եւ նախորդ տարվանից՝ 2018-ից, գործողության մեջ դնել համայնքներում տնտեսական զարգացման պատասխանատուներիինստիտուտը, որոնք, ունենալով համապատասխան գիտելիքներ, պետք է ծրագրեր կառուցեին եւ ներկայացնեին միջազգային դոնոր կազմակերպություններին։
Հեղինե Մանուկյան