Կառավարության ամբողջական ծրագիրը. որոնք են հիմնական ուղենիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի խորհրդարանը վաղը` փետրվարի 12-ին, կքննարկի կառավարության ծրագիրը:

ArmLur.am-ը ներկայացնում է ամբողջական ծրագիրը:

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության գործունեության ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.

մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա­գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.

հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.

Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

 Կառավարության խնդիրներն են՝

Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝

ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.

պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.

գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.

ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.

մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայ­ման­ների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը.

հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝

կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրո­նացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և ծախսերի նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.
կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման և ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.

պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաև «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.

հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի համակարգի ներդրումը. Կառավարությունը նպատակ է դնում ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորու­թյուններ գեներացնելու նպատակով.

պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երևույթների բացառումը,

պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը.
չօգտագործվող անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև առևտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքի և փայամաս­նակ­ցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը և հետագա արդյունավետ տնօրինումը.

մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.
պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը և ալգորիթ­մացումը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվություն­ների ընդունման ավտոմատացումը.
ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.

պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտ­ներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.

կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտե­սության և դրա առանձին ուղղությունների վրա.

անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի.

տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության և սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը. այս առումով, չափազանց կարևոր է պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների միջև հավասարակշռության ապահովումը.

– վերահսկողական նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողակա­նու­թյունն ու թափանցիկությունը: Պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի և մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով, չափազանց կարևոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաև բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:

Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝
կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.
տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով.
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը.
առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.
սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.
ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը.
սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա­պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝
Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը, ճանապարհա­շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը.
անշարժ գույքի գործառնությունների առցանց ավտոմատ համակարգի և տարածական տվյալների միասնական ինտեգրված կադաստրի համակարգի ներդրումը և հասանելիության ապահովումը։

2. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման հիման վրա արտաքին, ներքին և պաշտպանական քաղաքականության ճկուն գործիքակազմի ձևավորումն է, ինչը հնարավորություն կտա Կառավարության քաղաքական առաջնահերթությունները կյանքի կոչելու համար ստեղծել կայուն և կանխատեսելի մթնոլորտ, իսկ արտաքին անվտանգության ապահովման երաշխիքների համար՝ բավարար կարողություններ:

Վերոնշյալ կարողությունների ստեղծման համար արդեն առկա է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ազգային միաս­նության մթնոլորտ, ժողովրդի վստահությունը վայելող Կառավարություն, ինչը թույլ է տալիս ազգային ամբողջ  ներուժը համախմբել զինված ուժերի զարգացման ու մարտունա­կության բարձրացման, սահմանների անձեռնմխելիության ամրապնդման, ներքին անվտանգու­թյան ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։ Հենց այդ մթնոլորտն է ամրապնդում հայրենիքի պաշտ­պանության և անվտանգության ապահովման գործում ամբողջ հայ ազգի ներգրավ­վածության անհրա­ժեշտության գիտակցումը և բանակ-հասարակություն իրական ու արդյունավետ կապը։ Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ նպաստա­վոր պայմաններ է ստեղծում քաղաքացիների իրավագիտակցության բարձրաց­ման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձևավորման, քաղա­քացի-իրավապահ մարմիններ արդյունավետ համագործակցության համար։

Վերոնշյալ պայմանների առկայությունը նաև հնարավորություն է տալիս ամրապնդելու պետության ինքնիշխանությունը և բարձրացնելու երկրի բարի համբավը՝ միջազգային հարթակներում պետության շահերը պաշտպանելու տեսանկյունից ստեղծելով  առավել նպաստավոր պայմաններ:

2.1. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմա­կան արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյու­նավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է:

Կառավարությունը նպատակադրել է պետու­թյան պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս  վաղ փուլում և Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար:

Այդ նպատակով իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։

Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, Կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր՝ կարևորագույն խնդիրներից համարելով պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը և զինված ուժերի  գործունեությունն ու զարգացումն առաջնորդելով պատրաստականության բարձրացման ու մարդկանց նկատմամբ հոգածության ավելացման սկզբունքներով:

Կառավարությունը կարևորում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնա­կառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեու­թյունը, ինչպես նաև այդ ոլորտներում պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: Պետության պաշտպանունակության բարձրաց­ման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով և միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պատրաս­տականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի և միջազգային կապերի արդյունավետության և մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով:

Կառավարությունը Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պատրաստա­կանությունն ամրապնդելու է պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ արդյու­նավետությամբ՝ որպես մարտական հզորության գեներացման և ապագա ուժերի ձևավորման գրավական: Մեր գլխավոր մրցակցային առավե­լությունն առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ են, ուստի ջանք ու եռանդ չի խնայվելու նրանց համար ծառայության բարենպաստ պայմանների և արժանի վարձատրություն ապահովելու համար:

Հետևողական քայլեր են ձեռնարկվելու ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցումով փոխարինելու ուղղությամբ։ Այդ գիտակցումն է, որ պետք է առաջնորդի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելուն։ Այդ նպատակով Կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրների կառավարման և հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ, որոնք, բացի ավելի արդյունավետ լուծումներ ապահովելուց, կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը:

Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։

Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու  հագեցվածություն, ինչպես նաև կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության և պատրաստության ոլորտների բարեփոխումները  նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի և ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն և առկա մասնագիտական ռեսուրսը լավագույնս օգտագործելուն: Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:

Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։

Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր։

Պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում իրականացվող միջազգային համագործակցության և հավաքական անվտանգության գործող ընթացա­կարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով Կառավարությունը նախա­տեսում է զարգացնել երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերու­թյունները՝ պահպանելով Հայաստանի Հանրա­պետության ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղա­քական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասա­րակշռությունը:

2.2. ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ներքին անվտանգության ապահովման ոլորտում առաջնային խնդիրներից է հանցավորության մակարդակի շարունակական նվազումը, կատարված հանցա­գործությունների բացահայտման մակարդակի շարունակական բարձրացումը:

Այս գործում կարևորագույն հայեցակարգային առաջնահերթությունը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն ու ամրապնդումն է, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել ներքոնշյալ քայլերը՝

բարձրացնել իրավապահ մարմինների և դատական համակարգի վստահելիության մակարդակը՝ կոռուպցիայի բացառման և քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման միջոցով (այս խնդրի լուծման համար կարևոր են նաև իրավապահ մարմինների շարունակական կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները).
բարձրացնել հանրային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, որը կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու՝ հանրային անվտանգության ապահովման գործընթացում սեփական դերի և պատասխանատվության գիտակցման զարգացմանը և հանրային կյանքում քրեածին մտածելակերպի բացառմանը.
գործուն մեխանիզմների ներդրմամբ ապահովել իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը։
Հասարակական անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով  Կառավարությունը մտադիր է գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման և բացառման ուղղությամբ:

Ներքին անվտանգության ապահովման առաջնահերթություններից է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում կարևորվում է պետական կառավարման մարմիններում որոշումների նախապատրաստման, պետական քաղաքականության մշակման և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը:

Ներքին անվտանգության ապահովման գործընթացում Կառավարությունը նպատակադրված է ամրապնդել երկրի պարենային անվտանգությունը՝ ապահովելով սննդամթերքի արտադրության, վերամշակման և բաշխման գործընթացների անվտանգ և պատշաճ գործելակարգը, ինչն, ի թիվս այլոց, կնպաստի սննդամթերքի արտադրության և մրցունակության բարձրացմանը արտաքին և ներքին շուկաներում:

Կառավարությունը հետամուտ է ամրապնդել բնակչության կենսաբանական անվտանգության մակարդակը՝ համաճարակների դեմ պայքարի, ռիսկերի կառավարման ու դիմակայունության բարձրացման միասնական պետական քաղաքականության ներդրմամբ:

Կառավարության առաջնահերթությունների թվում են Հայաստանի Հանրա­պետության ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված խնդիրների և դրանցից բխող միջոցառումների իրականացումը:

Պետական պահուստի արդյունավետ կառավարման նպատակով  անհրաժեշտ է առավելագույնս իրականացնել նյութական արժեքների պետական պահուստի պահպանման, թարմացման, սպասարկման ու արդիականացման համար ֆինանսական միջոցների ուղղորդման միջոցառումները: Վերջինիս արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է  ներդնել կառավարման ճկուն մեխանիզմներ և ապահովել դրանց պարբերական կատարելագործումը՝ արդի մարտահրավերներին համահունչ:

Կառավարությունը կարևորում է բնական և տեխնածին աղետների արդյունավետ կանխատեսումն ու վաղ ազդարարումը, դրանց արագ արձագանքման համակարգի կատարելագործումը, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացումը:

Կառավարությունը շարունակելու է ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մասնավորապես, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման, ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներում համալիր միջոցառումների իրականացումը:

Այս ուղղությամբ գերակա քայլերից են լինելու պետական ռեսուրսների նպատակային և արդյունավետ բաշխումը, հատկապես ուժային կառույցների մասնակցությամբ համակարգված գործողությունների իրականացումը, սահմանային անցակետերի շարունակական վերազինումը և տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը, միջազգային համագործակցության խորացումը, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավումը:

Կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունի անհատի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումը կիբեռտիրույթում և  տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը:

2.3. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով:

Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաս­տանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարա­բերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջա­նային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։

Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություն­ներն են՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունը գործելու է՝

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում.

– Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործու­թյունների կանխարգելմանը.

– Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ` խթանելով կայուն զարգացման օրակարգը, արդիական, գիտելիքահենք, ստեղծագործ ու նորարական նախաձեռնությունները, ծրագրերն ու գործընթացները: Այս ոլորտում Կառավարության ջանքերը նպատակաուղղված են լինելու նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներում տնտեսական բաղադրիչի արդյունավետության բարձրաց­մանը, սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավմանը, միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ՀՀ տնտեսական շահերի առաջմղմանը.

– Հայաստանում և միջազգային ասպարեզում ժողովրդավարական հաստատու­թյունների առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատու­թյուն­ների պաշտպանության ընդլայնման, իրավունքի գերակայության և լավ կառավարման հետագա խթանման ուղղությամբ` այս բնագավառում սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ.

– միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ` ներառյալ չտարածման և սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության և անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային խաղաղա­պահության միջոցով.

– ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխար­գելման ուղղությամբ` շարունակելով առաջամարտիկի դեր խաղալ այս հարցում իրականացվող միջազգային ջանքերում։ Այս առումով Կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել նաև ազգային, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ միջազգային պայքարին.

– հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու­թյունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման միջոց, որոնց իրականացման գործում իր դերակատությունն ունի նաև սփյուռքը.

– օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ։

Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է՝

– Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը.

– Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ.

– Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ.

– ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ.

– Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբե­րություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից.

– Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցություն ծավալելու և ընդլայնելու, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ.

–  ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ.

– զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:

Բազմակողմ հարթակներում Կառավարությունը կարևորում է՝

– ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրա­պետության շահերի պաշտ­պանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում.

– ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը.

– ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը.

– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ­վա­ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։

2.4. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ

Հայաստան-սփյուռք համակողմանի փոխգործակցությունն ուղղված է լինելու հայ ժողովրդի ինքնության, քաղաքակրթական արժեքների, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում համահայ­կական միասնական օրակարգի հարստացմանը՝ հիմնված համայնքային բազմազա­նության հարգման, համերաշխության,  փոխկապակցվածության սկզբունքների վրա։

Կառավարությունը՝

որդեգրում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություն.

կարևորում է Հայաստանի զարգացմանը սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավումը, սփյուռքի հայ համայնքների՝ բնակության երկրի և Հայաստանի միջև կայուն հարաբերությունների կամրջող դերի մեծացումը, Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար այնպիսի քայլերի ու ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն սփյուռքի մասնակցությանը՝ Հայաստանի հանրային կյանքին.
առաջնահերթություն է համարում հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացին աջակցումը.

կարևորում է համահայկական ազգային, հոգևոր, գիտակրթական, մշակութային և այլ կառույցների ամրապնդումը և նրանց դերակատարումը համահայկական խնդիրների լուծման գործում և ջանքեր է գործադրելու սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ:

3. ՊԱՅՔԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնա­հերթու­թյուններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է վճռա­կան, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և  դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:

Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները,   ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։ Ընդ որում, պայքարը պետք  է իրականացվի ինչպես  ռազմավարական միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստի­տուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը:

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ամրապնդել միջազգային համագործակցությունը:

3.1. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկը  պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն­ների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայա­ցուցիչների ներգրավվածու­թյունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ, համա­պատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։  Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավ­վա­ծությունը կոռուպցիոն համա­կարգերի մեջ գործնականում երաշխավորում է քաղաքական կոռուպցիայի պարտու­թյունը. Կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում։

Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված հանրային ծառա­յության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորվում են՝

այնպիսի նոր համակարգի ներդրումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխան լիազոր մարմնին նոտարական կարգով կլիազորեն աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպու­թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո­ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա.

պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (եկամուտ վճարողների անունները (անվանումները), գույքի գտնվելու երկիրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը.

այնպիսի նոր համակարգի ներդրումը, որի համաձայն հակակոռուպցիոն համապատասխան մարմինն իրավասություն կունենա ստուգելու նշանակման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվա­կան բնույթի եզրակացություն ներկայացնելու տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին:

3.2. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ծավալով, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին: Մեզ պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ։

Այս ուղղությամբ Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու­թյունը և աշխատանքի արդյունավետությունը:

Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխման արդյունքներով փոքրացվելու է պետական մեքենան` նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը:

Արդյունքում՝ կապահովվի Կառավարության անդամների իրավասությունների և պարտականությունների հավասարակշռումը, ծրագրերի արդյունքների համար պատաս­խանատվության որոշակիացումը:

Հանրային կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրների մասով Կառավարության առանցքային մոտեցումներն են՝

Ընդհանուր և ոլորտային քաղաքականությունների մասով՝
– որևէ նախաձեռնության, գործառույթի, ծրագրի, միջոցառման համար պետք է սահմանվեն արդյունքի վերջնական և թիրախային (տարեկան) ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ՝ ներառյալ ժամկետները, որոնք կարտահայտեն և՛ Կառավարության, և՛ առանձին մարմինների գործառույթների, ծրագրերի ու դրանց արդյունքների բովան­դակային փոխկապակցվածությունը, կլինեն չափելի և համադրելի: Պետք է հստակ ի ցույց դրվի արդյունքների հասցեականությունը  Հայաստանի Հանրա­պետության քաղա­քացուն և (կամ) այլ շահառուին ուղղված լինելը: Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների և հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի և հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի և ծրագրերի նպատակները, արդյունքները և դրանց գնահատման չափանիշները.

– ցանկացած գործառույթի կամ ծրագրի մասով սահմանված նպատակ (ոչ ֆինանսական ցուցանիշը) պետք է ապահովի հավելյալ ու հասցեական արժեք (արդյունք) և պետք է բխի քաղաքականության թիրախներից:

Պետական ռեսուրսների կառավարման մասով՝
– ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար.

– հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։ Ընդ որում՝

– քաղաքականությանը վերաբերող գործառույթները պետք է համախմբվեն և իրականացվեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ.

– օժանդակ, սպասարկող, աջակցող և մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին արտապատվիրելու հնարավորությունը և նպատակահարմարությունը: Անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների՝ ներառյալ հաստիքների և ստորաբաժանումների մի քանի միավորների կողմից իրականացումը: Այս նպատակներով պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակ­ցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը.

– պետք է բացառվեն անտեղի և ռիսկային կարգավորումները, նույնանման հարցերի վերաբերյալ կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունը:

Արդյունքում, եթե իրականացվող որևէ գործառույթի մասով հավելյալ և հասցեական արդյունք սահմանված չէ, կամ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսող լինելը երաշխավորված չեն, ապա նման գործառույթը (ծրագիրը) չպետք է իրականացվի, չպետք է նախաձեռնվի, պետք է դադարեցվի կամ կասեցվի՝ մինչև նշված պայմանների ապահովումը:

Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապա­հովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով կարևորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը, պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովումը, ինչը կբարձրացնի որոշումների ընդունման ժամանակ կիրառվող տեղեկատվության հուսալիության և ամբողջականության աստիճանը:

3.3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից են նաև օրենքով սահմանված որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։

4. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ

4.1. ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունք­ների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ։

Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու  առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է։ Կառա­վարությունը, վայելելով Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահու­թյունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում:

Արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ, արհեստավարժներով հագեցած և արդյունավետ դատական համակարգն է։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական ակտերի համար, որովհետև այդ ակտերը, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխա­նական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, Կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածու­թյամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։

Ոչ պակաս կարևոր է դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված ջանքերի գործադրումը: Կառավարությունը համոզ­ված է, որ այս երեք հիմնական պայմանների ապահովումը բնականորեն կհանգեցնի արդյունավետ, անկախ և որակյալ դատական համակարգի ձևավորմանը։

Կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար: Դատարանների  ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, գործերի քննության ժամկետները կրճատելու, արդարադատության որակն ու մատչելիությունը և արդյունավետությունն ապահովելու  նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների գործնական կիրառելիության և անվճար իրավաբանական օգնության տրամադրման խրախուսման միջոցների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ, Կառավարությունը նպատակադրված է ստեղծել և գործարկել միասնական էլեկտրոնային համակարգ՝ արդարադատության ոլորտում ընդգրկված մարմինների (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն և այլն) համար:

Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և գործարար հանրության սպասումներն արդարացնելու և գործարար միջավայրի բարելավման նպատակով շարունակաբար պետք է կատարելագործվի դատավարական օրենսդրությունը, հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը՝ սահմանված պահանջների պահպանմամբ, արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների ապահովմամբ, իրականացնելուն:

Կառավարության նպատակներից է նաև վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումների վերանայումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս կարգավորումները չեն արտացոլում վարչական ներգործության նպատակները: Վարչական տույժը պետք է կիրառվի անձի մոտ իրավաչափ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Մինչդեռ, իրողությունն այլ է. վարչական տույժերը կրում են մասսայական բնույթ և ծառայում են պետական, համայնքային և նույնիսկ մասնավոր սուբյեկտների բյուջեների համալրմանը` դրանով իսկ ստեղծելով վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ՝ նպաստելով վերադաս վարչական մարմինների կողմից ի վնաս քաղաքացու կողմնակալ որոշումներ կայացնելու գործելաոճի ձևավորմանը, ինչն իր հերթին, ի թիվս այլ բացասական հետևանքների, հանգեցնում է վարչական ակտերի դատական կարգով բողոքարկումների մեծաթվության: Այս առումով, հասարակությունը պետք է դադարի լինել «պատժվածների հասարակություն»:

Միջոցներ կձեռնարկվեն նաև Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության, նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անձնական տվյալների պաշտպանության, էլեկտրոնային արդարադատության ոլորտների զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Կառավարությունը վճռական է նաև վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. նշված սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիա­լականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:

Այս համատեքստում Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը:

Միաժամանակ, կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերա­սոցիալա­կանացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով:

Բոլորի՝ օրենքի առջև հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև հավասար իրավունքների իրագործման նպատակով Կառավարությունը կներկայացնի իրավահավասարության ապահովման, վերաբերյալ համապարփակ օրենսդրություն, ինչը յուրաքանչյուրին հնարավորություն կտա օգտվելու արդյունավետ իրավական մեխանիզմներից իր խախտված իրավունքների վերականգնման համար:

4.2.  ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ  ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ,  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը բարելավելու, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացնելու Կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու հավասար հնարավորությունների և աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը:

Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունա­վետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը, ինչը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ և անձնակազմի մասնագի­տական կարողությունների հզորացմամբ։ Խրախուսելով մասնավոր կազմակերպությունների մուտքը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ՝ կձևավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։

Միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդլայնելով առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Կկատարելագործվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, և կընդլայնվի այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող և կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակը։

Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Կբարձրացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, կներդրվեն նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:

Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունա­կաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմ­ները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաև, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում: Կառավարու­թյունը հաստատակամ է մինչև 2023 թվականը էապես կրճատելու գործազրկությունը:

Աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական և իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ վերահսկո­ղության համակարգի ներդրումը, կդիտարկվի արհմիությունների դերի բարձրացումը:

Վերահաստատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։

Կառավարությունը հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։

Նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով մշակվելու և կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների գույքագրումը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:

4.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից և Կառավարության առաջնահերթություններից է:

Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի  և համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը:

Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման  ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը:

Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրու­թյան այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղա­քացու պատշաճ և ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնա­կության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման և վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատաս­խանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:

Նշված նպատակներին հասնելու համար կարևոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական և բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության և դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության և նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու։

4.4. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին, դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:

Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված  սովորող­ների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասա­վանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիա­լական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուց­վածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:

Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

– բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիու­թյան աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.

ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ.
ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով.
անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.
նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչ­ները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթա­նելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտու­թյունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդա­կությունը, դասավանդման մոտեցումները:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը.
– բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը.

կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան.
ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ.
բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավո­րությունների ընդլայնմանը.
եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը.
բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝

բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցու­թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ.
ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարևոր են կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը:

4.5. ՄՇԱԿՈՒՅԹԸ

Քաղաքացիների բարեկեցության և երջանկության կարևորագույն գործոն է նրանց մշտական հաղորդակցությունը մշակույթի հետ: Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը:

Մշակութային ժառանգության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարաններում, գրադարաններում և մշակութային ժառանգության ոլորտի այլ հաստատություններում.
իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դաս­ընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների, տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով.
կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը.
միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուց­վածքների զարգաց­ման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.
աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավան­դույթների վերականգնմանը.
ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:
Ժամանակակից արվեստների ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.
ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.
աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարա­րական և նորարարական ձևերի խրախուսմամբ.
ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրա­պետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետու­թյունում մշակու­թային կյանքի ապակենտրոնացման և մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով.
իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնա­հերթու­թյունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում
ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թատրոններում, համերգասրահներում և ստեղծագործական֊կատարողական այլ հաստատություններում:
Մշակույթի հանրահռչակման ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝ Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական մշակույթի ճանա­չելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի մշակութային կազմա­կեր­պու­թյունների ու անհատների հետ համագործակցության ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի Հանրա­պետությունում հանրահռչակման ծավալ­ների մեծացմամբ:
Հեռուստատեսային  եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն) միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում:

Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում կխթանվեն Հայաստանի Հանրա­պետության տարածքում գտնվող պատմա­մշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական համալիր հետազո­տա­կան նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը:

4.6. ՍՊՈՐՏԸ

Սպորտի բնագավառում Կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպություն­ների հետ համագործակցությամբ:  Կառավարությունն Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանրահռչակման արդյունավետ միջոց: Կառավարությունը մարզական ֆեդերացիաների և մասնավոր հատվածի հետ կհամագործակցի մարզական ենթակառուցվածքների շարունակական զարգացման ուղղությամբ:

4.7. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Երիտասարդության ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է փոխկապակցված, համակողմանի և միջոլորտային ռազմա­վարության մշակում և իրականացում։ Կառավարության ծրագիրը երիտասար­դության ոլորտում նախատեսում է ներառական երիտասարդական քաղաքականության մշակման միջոցով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան լիարժեք ինքնադրսևորվել և կառուցել սեփական ապագան։

Կառավարության ծրագրային նպատակն է բարձրացնել երիտասարդների հասարակական, քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային մասնակցության մակարդակը, ինչպես նաև մշակել երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմներ։

4.8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Շրջակա միջավայրի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ողջամիտ օգտագործմանը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:

Շրջակա միջավայրի կառավարման հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։

Ելնելով նշվածից՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղու­թյուններն են՝

ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը՝ բացառելով ռեսուրսի գերշահագործումը.
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունը և կառավարումը.
անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը.
կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմման և կանխարգելման, ինչպես նաև հարմարվողականության գործողությունների իրականացումը՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների.
բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը.
կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը.
հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը.
քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը.
շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացի արդյունավետ իրականացումը.
շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվություն­ների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը.
կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը.
շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցության ապահովումը, մասնակ­ցությունը նոր նախաձեռնություններին.
շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և լծակների ճկուն համակարգի ներդրումը, միջազգային կառույցների հետ համատեղ ֆինանսա­վորման նորարարական մեխանիզմների ներառյալ բնապահպանական ծրագրերով պարտավորությունների հաշվանցման մեխանիզմի մշակումը և ներդրումը.
բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ համապար­փակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դիրեկտիվներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով.
անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումը.
էկոլոգիական իրազեկման, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացումը, էկոլոգիական գիտության դերի բարձրացումը։

5. ՄՐՑՈՒՆԱԿ, ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

5.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարևոր է ձևավորել օրենսդրական և գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձևավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը:

Համապատասխանաբար, Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքա­կանության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտե­սությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանա­կահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս։ Միաժամանակ, տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվող տնտեսական արդյունքը պետք է բաշխվի առավել հավասարաչափ։

Տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ։ Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը։ Զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ։

Կառավարությունը նպաստելու է այնպիսի միջավայրի կայացմանը, որտեղ աճ ստեղծելու և աճին մասնակցելու յուրաքանչյուր անհատի իրավունքը կլինի ոչ միայն պաշտպանված, այլև կխրախուսվի:

5.2. ՍՏԵՂԾԱՐԱՐ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

Տնտեսական զարգացման էական ձեռքբերումներից մեկը պետք է դառնա Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժի ընդլայնումը և դրա իրացումը։ Նպատակային ծրագրերի իրականացման շնորհիվ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է հասանալի դառնան այնպիսի կրթական ծրագրերը, որոնք նպաստելու են նրանց գիտելիքները և գործարար կարողությունները ժամանակի պահանջներին համապա­տասխանեցնելուն։ Կստեղծվեն պայմաններ՝ մարդկանց գործարար կարողությունները սեփական ձեռնարկատիրական նախաձեռնություններում իրացնելու համար։

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հնարավորություն՝ ժամանակակից մասնագիտական հմտություններն ավելացնելու և այդ ճանապարհով տնտեսական կյանքին մասնակցելու համար։ Աշխատանքային ունակությունների կատարելագործումը և նորագույն տեխնո­լոգիաների կիրառության կարողությունները պետք է դառնան քաղաքացու գիտակցված ձգտումը։ Կառավարությունն իր աջակցության ծրագրերով պետք է խրախուսի քաղաքացու այդպիսի վարքագիծը և, այդ եղանակով՝ տնտեսական կյանքում նրա մասնակցության արդյունավետության ավելացումը։

5.3. ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված արդիական և կանաչ տնտեսական համակարգի ձևավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանա­պատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը:

Տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի քաջալերմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում, տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի. բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը:

Մասնավոր հատվածի մրցունակության ավելացումը կայուն տնտեսական զարգացման հիմնական նախապայմանն է։ Մարդկանց զբաղվածության և աշխատանքային կարողությունների լիարժեք իրացման նպատակով  Կառավարությունը նպաստելու է դրա համար պահանջվող միջավայրի զարգացմանը։ Այդպիսի քաղաքականությունն ուղղված է լինելու մասնավոր ձեռնարկությունների համար մեծ նշանակությամբ՝ ներքին և արտաքին գործոնների կառավարման այնպիսի մեխա­նիզմների ձևավորմանը, որոնք նպաստելու են կազմակերպությունների երկարաժամ­կետ մրցունակության բարձրացմանը։

Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առևտրային գործընկերների ցուցանիշներին։ Այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում արտադրողա­կանության բարձրացմանն ուղղված ծրագրային նախաձեռնությունները։

Մրցունակության կարևոր նախադրյալ է տնտեսության ճյուղերում նորարա­րական տեխնոլոգիաների ներդրման արագությունը։ Արտադրողականության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն այն դեպքում, եթե տնտեսության ճյուղերում գործող ձեռնարկությունները զինվեն ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկական միջոցներով, իսկ նրանց աշխատակիցները՝ ունենան այդ միջավայրում գործելու համար պահանջվող հմտություններ։ Կառավարությունը կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար։ Տնտեսական միջավայրի այդպիսի փոփոխու­թյան շնորհիվ՝ տաղանդավոր մարդիկ ապրելու և աշխատելու համար պետք է ընտրեն Հայաստանը։

Կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացումը, ֆինանսա­կան ծառայությունների բազմազանությունը և հասանելիությունը տնտեսության մասնավոր հատվածի մրցունակության կարևոր պայմաններից են։ Ֆինանսական ծառայությունների ավելացման խթանումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրա­պետության կենտրոնական բանկի համագոր­ծակցության առանցքային հարցերից մեկը։ Նշված ծառայությունների հասանելիության ավելացումը պետք է դառնա մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր գործոն։

Բանկային վարկավորումը շարունակում է մնալ Հայաստանում ֆինան­սա­կան միջնոր­դության ամենաազդեցիկ գործիքը։ Համապատասխանաբար, բանկային վարկա­վորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրա­պետության կենտրո­նական բանկի համագործակցության հաջորդ կարևոր հարցը։ Կառավարությունը կքն­նարկի մասնավոր հատվածում առկա բոլոր այն գործոնները, որոնք կարող են էապես կրճատել բանկային ռիսկերը և նպաստել մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը, վարկային տոկոսադրույքների նվազեցմանը:

Որակավորված կադրերի առկայությունը տնտեսության բոլոր ճյուղերում մրցունա­­կության հիմնական գրավականներից է։ Որակավորման բարձ­րացման նպատակով վերապատրաստման ծրագրերին պետական աջակցությունը պետք է դառնա մասնավոր հատվածում ձեռնարկությունների զարգացմանը նպաստող կարևոր գործոն:

Միջին մասնագիտական կրթության որակի բարձրացումը երիտասարդների զբաղ­վածության բարձրացման կարևոր պայման է։ Տնտեսության առանձին ճյուղերում աճի հիմնական խոչընդոտներից մեկը մասնագիտական կրթություն ունեցող կադրային բազայի պակասն է: Համապատասխանաբար, Կառավարությունը կձեռնարկի նպատա­կային ծրագրեր միջին մասնագիտական կրթության զարգացումը մասնավոր հատվածի ներկա պահանջներին առավելագույնս մոտեցնելու ուղղությամբ։

Կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը մասնավոր հատվածի կայուն զարգացման կարևոր գործոն է։ Նշված սկզբունքների կիրառմամբ պահանջվող՝ կառավարման մարմինների հաշվետվողականությունը և դրանց որոշումների թափանցիկությունը պետք է դառնան մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր հիմքեր։ Դրանք էապես կմեծացնեն նաև օտարերկրյա ներդրողների՝ հայաստանյան ծրագրերում մասնակցության ծավալները։ Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը և աջակցելու է այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացմանը։

5.4.  ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ. ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԱՐԴԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցու­թյան պա­կասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զար­գացման իրողություններով։ Արդար մրցակցության  երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:

Տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը։ Ըստ այդմ, Կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:

Կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրո­նացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը։ Կառավարությունը հետևողական է լինելու ապրանքների և ծառայությունների շուկաներում նոր մասնակիցների մուտքը և առաջխաղացումը խրախուսելու հարցում։ Ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն։

Գործարար միջավայրի վրա պետական քաղաքականության ազդեցության գնահատումը կարևորվելու է ինչպես Հայաստանում քաղաքացիների ընկալումների, այնպես էլ միջազգային համեմատականների տեսանկյունից։ Այդ պատճառով, տնտեսական քաղաքականության որակի և գործարար միջավայրի վրա դրա ազդեցության գնահատականները դիտարկվելու են միջազգայնորեն ընդունված և ճանաչում ունեցող ընդհանրական ինդեքսների միջոցով։ Մասնավորապես, օգտագործվելու են Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ինդեքսը և Ներառական զարգացման ինդեքսը, Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի գնահատումը և այլն։ Միաժամանակ, թիրախավորվելու են այն գործոնների բարելավման հարցերը, որոնք կարևորվում են նշված ընդհանրական ինդեքսների գնահատման մեթոդաբանությամբ։

Էլեկտրականության, գազի և ջրի օգտագործման թույլտվությունների ստացման հարցերին բիզնեսն առնչվում է հատկապես ընդլայնման շրջանում։ Համապատասխա­նաբար, զարգացման ծրագրերի առաջխաղացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են կանխատեսելի և կառավարելի այն ռիսկերը, որոնք կապված են այդ ծառայություններից օգտվելու իրավունքների ստացման հետ։ Ենթակառուցվածքների հասանելիության սահմանափակումները չպետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, երբ տնտեսավարողների միջև կարող են ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ։ Կարգավորումների հստակեցումը և դրանցով պահանջվող՝ ժամանակային և ֆինանսական ծախսերի առավելագույն կրճատումը պետք է լինի այս ուղղությամբ Կառավարության գերակայություններից մեկը։

Կարևոր հարց է նաև շինարարական թույլտվությունների ստացումը։ Արտա­դրա­կան կամ հասարակական նշանակության կառուցապատման առնչու­թյամբ իրավունքների ստացումը Հայաստանում թեև ծախսատար չէ, սակայն ժամանակատար է և կապված է ընթակարգային զգալի անորոշությունների հետ։ Պետական կառույցների կողմից Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ ամրագրված պարտավորու­թյունների կատարման նկատմամբ ձևական մոտեցումները և արհեստական խոչընդոտների ստեղծումը երկար տարիների ընթացքում ձևավորել են այնպիսի իրավիճակ, որը սահմանված մեխանիզմները դարձրել է էապես անարդյունավետ։ Նշված ընթակարգերին առնչվող կազմակերպությունների և պետական կառույցների գործառույթների հստակեցումը լինելու է այս ուղղությամբ Կառավարության հիմնական թիրախներից մեկը։

Բիզնեսի զարգացման էական խոչընդոտ է այն իրողությունը, որ Հայաստանում անվճարու­նակության (սնանկացման) վարույթների ճնշող մեծամասնությունն ավարտվում է ձեռնարկությունների լուծարմամբ։ Ձախողված լինելու «վճիռը» մեծապես ճնշում է անհաջողություն կրած անձանց հետագա ձեռնարկատիրական նախաձեռնությունները, նրանց հանդեպ ստեղծում է անհանդուրժողականություն և կրճատում է գործարար ակտիվության ներուժը։ Կառավարությունը կարևորում է իրավիճակի շրջադարձային փոփոխու­թյունը, խրախուսելու է այնպիսի օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնց արդյունքում անվճարունակության վարույթներում հայտնված կազմակերպություններն ավելի հաճախ պետք է հասնեն ֆինանսական առողջացման և պահպանեն գործելու հետագա իրավունքը։

5.5. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ

Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա  Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը:

Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման խթանման ուղղությամբ Կառավարության գերակա քաղաքականությունը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաս­տանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը, Առևտրի համաշխարհային կազմակեր­պու­թյանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաս­տանյան արտահանողների հաստատմանն ու առաջ­խա­ղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջա­նակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարևոր անելիքը։

Արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատումը պետք է զուգորդվի մեր կազմակերպությունների կողմից այդ շուկաներ ներթա­փանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացմամբ։ Դա պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է։ Հաջորդ կարևոր ուղղությունը որակի համապատասխանության կարգավորումների արդյունավետության բարձ­րա­ցումն է։ Ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկացման, ինչ­պես նաև դրանց համար պահանջվող լաբորատոր փորձաքննությունների հասա­նե­լիության և մատչելիության բարձրացումը, հիմնական արտահանման շուկա­ներում համապա­տասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները։

Կարևոր հարցերի թվում է արտահանման շուկաներում հնարավոր ռիս­կերից հայաստանյան արտահանողներին ապահովագրումը։ Թեև պետական ծրագրերի շնորհիվ այդպիսի ծառայությունների որոշ տեսակներ ներկայումս առա­ջարկվում են մասնավոր հատվածին, սակայն դրանց ծավալը բավարար չէ՝ արտահանողների համար։ Կառավարությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որ այդպիսի ծառայությունների մատուցումը դառնա ֆինանսական շուկայի լայն թվով մաս­նակիցների գործառույթ։

Արտահանվող ապրանքների և ծառայությունների առաջմղման համար կարևոր է արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելը։ Հաջողված ոլորտներում հայաստանյան արտահանվող ապրանքների և ծառայությունների ճանաչելիության արմատավորումն էապես կկրճատի այն ծախսերը, որոնք պահանջվում են նույն շուկաներում նոր հայկական ապրանքատեսակների մուտքի և առաջմղման համար։

5.6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԸ՝ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՃԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Ձեռնարկատիրական ակտիվներում մասնավոր ներդրումները կայուն զարգաց­ման կարևոր նախապայման են։ Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: Նշված գործընթացն անհրաժեշտ ծավալով սպասարկելու հարցում էական նշանակություն կունենան ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները։ Համապատասխանաբար, պետք է զարգացվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն ներքին խնայողությունների ավելացումը և դրանց ներդրումների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացման հարցերին:

Տեղական կապիտալի շուկայի զարգացումն այդպիսի հնարավորություններից մեկն է։ Քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով իրենց խնայողությունների դիվերսիֆիկացման և այդ եղանակով՝ ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումների համար։ Այլընտրանքային ֆինանսա­կան գործիք­ների ընդլայնումը խրախուսելու հարցում (օրինակ՝ ներդրումային ֆոնդերի զարգացման միջոցով), այլ անելիքների թվում, կարևորվելու է նաև ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից Առաջնային հրապարակային տեղաբաշխման եղանակով (IPO) ծրագրերի ֆինանսավորման խթանումը։

Բարձր տեմպերով տնտեսական աճ արձանագրելու նպատակով ներքին խնա­յողություններն առաջիկա տարիներին բավարար չեն լինի։ Անհրաժեշտ է լինելու ստեղծել գրավիչ պայմաններ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստան բերելու համար։ Նշվածն իրագործելու համար Կառավարությունը գործելու է մի քանի ուղղություններով։

Արդյունքում՝ Հայաստանում պետք է ձևավորվի կապիտալի և աշխատանքի հարկման այնպիսի միջավայր, որի պայմաններում ձեռնար­կատիրական ակտիվների շահագործումը կապահովի առավել բարձր շահութաբերություն։

Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարևորվելու է պետություն – մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշվածը մի կողմից` կապիտալի շուկայի զարգացման և  օտարերկյա ներդրումներ կլանելու զգալի հնարավորություն է, իսկ մյուս կողմից` բարելավված ենթակառուցվածքների շնորհիվ կարող է էապես բարձրացնել այլ ծրագրերում օտարերկյա ներդրումների ներգրավման արագությունը և նշված ծրագրերի մրցունակությունը։ Նշված խնդրի լուծման նպատակով Կառավարությունն արագացնելու է պետություն – մասնավոր գործընկերու­թյան իրավական կարգավորումների և դրանց կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Հատուկ ուշադրության է արժանանալու պոտենցիալ ներդրողների նախնական ուսումնասիրու­թյունների հետ կապված ծախսերի կրճատման և արդյունավետության բարձ­րացման հարցը։ Հայաստանում ներդրումային որոշումների նախապատ­րաստ­ման փուլում, օտարերկրյա ներդրողների ժամանակային և ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով, առաջարկվելու են «մեկ կանգառի» ծառայություններ։ Օտարերկրյա ներդրողներին տրամադրվելու է նաև հետներդրումային սպասարկման ծառայությունների որոշակի շրջանակ՝ տեղական միջավայրին հարմարվելու սահուն ընթացք ապահովելու նպատակով:

Օտարերկրյա ներդրումների արագացումը պահանջում է էապես բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը։ Տեխնո­լոգիաների և մտավոր գործունեության այլ արդյունքների փոխանցումը օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևոր ձևերից մեկն է։ Համա­պատասխանաբար, Կառավարությունը կարևորելու է ոչ միայն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական կարգա­վորումների բարելավման հարցերը, այլև՝ դրանց պաշտպանության մեխանիզմների զարգացումը։

Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։

5.7. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Ծառայությունների արտահանման ծավալում զգալի մաս են կազմում զբոսաշրջային ծառայությունները: Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։ Զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով Կառավարության անելիքը  հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթա­կառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

5.8. փոքր ԵՎ միջին ձեռնարկատիրությԱն ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝
ՆԵՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Դրանք իրականացվելու են ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման, ՓՄՁ-ի կարողու­թյունների զարգացման ճանապարհով:

Կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով։

ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն։ Կառավարությունը կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասա­նելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը:

5.9. ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերամշակող արդյունաբերության արժեշղթայի ընդլայնումը Հայաստանում առկա արտադրական կարողությունների ընդլայնման զգալի հնարավորություն է։ Ինչպես առկա, այնպես էլ դրանց հարակից ճյուղերում առկա է ուղղահայաց և հորիզոնական ընդլայնման, արտադրության ծավալների, արտահանման և զբաղվածության ավելացման մեծ ներուժ։ Վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում զարգացման խոչընդոտները հաճախ ունեն առանձնահատուկ բնույթ և չեն բնորոշվում ընդհանրական նկարագրով։ Առկա խնդիրները վերհանելու, դրանց համապատասխան լուծումներ գտնելու և Կառավարության աջակցությունը ճիշտ թիրախավորելու նպատակով իրականացվելու են ոլորտային ուսումնասիրություններ՝ այդ խնդիրները կրճատելու նպատակով։

Կառավարությունը քննարկելու է վերամշակող արդյունաբերության առկա ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու, դրանց կողմից նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների կլանման կարողությունները: Անհրաժեշտ դեպքերում վերանայվելու են վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում սահմանված այն կարգավորումները, որոնց պատճառով ձևավորվել են զարգացմանը խոչընդոտող անհաղթահարելի սահմանափակումներ։

Միջոցներ են ձեռնարկվելու ԵԱՏՄ-ի շուկաներում վերամշակող արդյունաբե­րության առանձին ոլորտների նկատմամբ սահմանված ոչ տարիֆային կարգա­վորումների այնպիսի զարգացումների ուղղությամբ, որոնք էապես կպարզեցնեն մեր ձեռնարկությունների գործունեության պայմանները և կընդլայնեն այդ շուկաներում առաջխաղացման հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվելու արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի օժանդակությանը։ Այդպիսի ներդրումային ծրագրերն աջակցվելու են արտաքին շուկաներում նշված կազմակերպությունների առաջխաղացման միջոցառումներին օժանդակության, օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային խթանիչ պայմաններ ստեղծելու ճանապարհով:

5.10. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր  տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:

Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա­կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատա­կայ­նորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի։

Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղա­տնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես խնայելու ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է արդյունավետ հակակարկտային համակարգի բացակայությունը։ Կառավարությունը իջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։ Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը պարտավորվում է բարձրացնել սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:

Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավե­լագույնս բավարարելու ուղղությամբ։

Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ներուժն օգտագործելու գործում Կառավարությունը նախատեսում է մշակել դեպի նոր շուկաներ արտահանմանն աջակցող մեխանիզմներ:

Նոր  տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին  Կառավարությունը խնդիր է դրել նաև՝

–  օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ.

–  ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտա­արտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը.

–  աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնո­լոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը.

–  իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը.

–  նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը.

–  ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը.

–  ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը.

–  ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը.

–  սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։

6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

6.1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման,  տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝

oրենսդրությամբ կսահմանվեն տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մարզպետարանների դիրքը պետական կառա­վարման համակարգում.
կվերանայվեն մարզպետարանների կազմակերպական կառուցվածքները.
հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուց­վածքների զարգաց­մանն ուղղված Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային.
Հայաստանի Հանրա­պետության տարածքներում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ կգործարկվի ներդրումային ծրագրերի հարթակը և կստեղծվի ներդրումների խթանման նպատակով անհրաժեշտ տեղեկատվական հենք.
կձևավորվեն Հայաստանի Հանրա­պետության տարածաշրջաններում ոլորտային զարգացման կենտրոններ` տարածքային աճի բևեռներ` նպատակաուղղված միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից դեպի բազմաբևեռ՝ կայուն, համաչափ զարգացող տնտեսության անցմանը:
Բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման նպատակով կապահովվի՝

հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենք.
համայնքներում աղբահանության կատարումը ինքնածախսածածկման եղա­նակով՝ աղբահանության վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման և բնագավառում պայմանագրա-իրավական դաշտի բարելավման միջոցով.
միջազգային կառույցների հետ համագործակցությամբ՝ աղբահանության բնագավառում թափոնների հեռացմանն ու դրանց վերամշակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Կշարունակվեն վարչատարածքային բարեփոխումները, որոնց հաջողությունը երաշխավորելու համար՝

կշարունակվեն միավորված բազմաբնակավայր համայնքներում կառավարման տեղեկատվական համակարգերի, «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման աշխատանքները.
միավորված համայնքների ենթակառուցվածքները բարելավելու (ֆոտովոլտային կայանների կառուցում, ճանապարհների բարեկարգում, հասարակական տրանս­պորտային համակարգի կազմակերպում և այլն) նպատակով կիրականացվեն ներդրումային ծրագրեր.
համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգին.
աշխատանքներ կտարվեն միջհամայնքային համագործակցության տարբեր ձևերի ներդրման, այդ թվում՝ միջհամայնքային միավորումներ ձևավորելու ուղղությամբ.
կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրակա­նացման ոլորտներում։
6.2. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌԸ
Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ և արդյունավետ օգտագործման, ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և էներգաարդյունավետ ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:

Ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրա­էներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով՝ ներդրումները խթանելու և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով Կառավարությունը ձեռնամուխ է լինելու`

էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակմանը.
Հայաստանի Հանրա­պետության էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատա­կա­նացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը.
նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորմանը, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյու­նավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը.
հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում.
Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը.
տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը.
վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և զարգացման խթանմանը։
Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի:

ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել կայուն էներգետիկայի զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ կառավարման այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությունը, որը միտված է հանրայն և մասնավոր հատվածի կողմից սեփական էներգասպառման հնարավորությունների ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը, մասնավոր-համայնք համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Անհրաժեշտ է նաև ընդլայնել միջազգային կառույցների հետ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման խթանման մեխանիզմների գործարկման նպատակով համագործակցությունը, վերանայել երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ սահմանելով թիրախներ էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ցուցանիշների համար:

6.3. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահով­մանը: Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ:

Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության մշակումը հնարավորություն կտա ապահովելու ոլորտի կայուն զարգացում, որը կհավասարակշռի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, ինչպես նաև կապահովի ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հրապա­րակայնությունը:

Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով
Կառավարությունը նախատեսում է.

մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր.
իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ ապահովելով հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի (լիցենզավորում, թույլտվություններ, հողօգտագործման հետ կապված կանոնակարգումներ և այլն) պարզեցում և համալիրություն, ազդակիր համայնքների բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում.
բացահայտել ընդերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփակա­նատերերին, ստեղծել ու վարել իրական սեփականատերերի ռեգիստրը:
Կառավարությունը միջոցներ կձեռնարկի նաև Հայաստանում հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի հիմնադրման համար՝ այս ընթացքում խստորեն պահպանելով բարձր բնապահպանական չափանիշները:

6.4. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունը իր ջրային քաղաքականության մոտեցումները կառուցել է բնակչության սոցիալական վիճակի բարելավման, սոցիալական իրավունքների պաշտպանության ու ծառայությունների մատչելիության ապահովման սկզբունքների կարևորմամբ: Ծրագրով նախատեսված գործողությունները թիրախավորում են ջրամատակարարման որակի բարձրացումը, ծրագրի արդյունքների ուղղակի ազդեցությունը սակագնային քաղաքականության վրա, յուրաքանչյուր սոցիալական խմբի և շահառուի համար ծառայությունների  հասանելիության ապահովումը, ոռոգվող հողատարածքների ընդլայնումը:

Կառավարությունը հիմնվում է՝  ջրային տնտեսության համակարգի զարգացման ու բարեփոխումների շարունակականության, ֆինանսական կայունության համար բավարար հիմքերի ապահովման, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրման, ջրային համակարգերի մասով ջրային ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման և շարունակական ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վրա:

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտում առկա խնդիրները լուծելու, ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակա­կանությունն ապահովելու, պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքը զարգացնելու նպատակով հետևողական աշխատանք կիրականացվի, մասնավորապես՝ նաև վարձակալության գործող պայմանագրով նախատեսված ծրագրերը և թիրախային ցուցանիշները ապահովելու համար։

Ոռոգման ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է՝

ոռոգման ոլորտում իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով շարունակաբար նվազեցնել ջրի կորստի ցուցանիշները և ավելացնել համակարգում հավաքագրվող եկամուտները.
շարունակաբար իրականացնել ոռոգման մեխանիկական համակարգերը ոռոգման ինքնահոս համակարգերով փոխարինելու քաղաքականություն.
2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:
Ոռոգման ոլորտում կիրականացվեն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես՝

– կկանոնակարգվեն «Ջրառ» ՓԲԸ – ՋՕԸ – ջրօգտագործող իրավահարա­բերությունները, կկատարելագործվի ոռոգման համակարգի կառավարումը՝ նպատակ ունենալով ավելացնել ոռոգելի հողատարածքները.

– ջրամատակարար ընկերությունների կանոնակարգային փաստաթղթերում կիրականացվեն անհրաժեշտ փոփոխություններ՝ ընկերությունների կառավարման գործում բարձրացնելով ջրօգտագործողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցության աստիճանը, միաժամանակ ապահովելով ընկերությունների գործադիր օպերատիվ կառավարման ինքնուրույնությունը,

– 2019 թվականին կավարտվեն «Արփա-Սևան» N 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները.

շարունակաբար կիրականացվեն խոնավ (գերխոնավ) գյուղատնտեսական հողատարածքների մելիորատիվ վիճակի բարելավման աշխատանքներ.
մինչև 2019 թվականի ավարտը կգնահատվի և կկազմվի մեխանիկական ջրարտադրության սարքավորումների տեխնիկական վիճակը բարելավելու և կառավարման արդի համակարգերով վերազինելու (փոխարինելու) ծրագիր.
ոռոգման համակարգերը շարունակաբար կկահավորվեն արդի ջրաչափական սարքավորումներով և տվյալների հավաքագրման ու վերահսկողական համակարգով.
կիրականացվի գործող ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատում և վերականգնման ծրագրի մշակում.
ջրօգտագոծման ու ջրերի կառավարման ռազմավարական նշանակության խնդիրների լուծման նպատակով կիրականացվի մասնավոր, մասնավոր-հանրային գործընկերությամբ տեղական և հանրապետական նշանակության ջրամբարների կառուցման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական դաշտի մշակում և հնարավոր ներդրողների համար դրանց հասանելիության ու հանրայնացման ապահովում (ջրամբարների հնարավոր տեղակայումների, նրանց տեխնիկա-տնտեսական նկարագրության, կառուցման ու շահագործման պայմանների, ոռոգման առկա համակարգում դրանց ընդգրկման, մասնավոր (հաստատված սակագներով) շահագործման վերաբերյալ կանոնակարգումներով)։
6.5. ՏՐԱՆՍՊՈՐՏԸ
Կառավարության հիմնական խնդիրներից է լինելու պատշաճ և որակյալ տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովումն ու շարունակական զարգացումը: Այդ նպատակով անհրաժեշտ է կազմել և իրականացնել արդյունավետության բարձրացման ծրագրեր ըստ ենթաոլորտների՝ ավիացիա, ջրային տրանսպորտ, ավտոբուսային և միկրոավտոբուսային փոխադրումներ, տաքսի ծառայութուններ, մետրո:

Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Կառավարությունը նախատեսում է.

մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգեր, տեխնիկական զննման կտրոնները փոխարինել էլեկտրոնային համակարգով և ներդնել տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմներ.
կանոնակարգել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացները.
իրականացնել ճանապարհային երթևեկության արդյունավետ կարգավորում (այդ թվում՝ smart տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական ինքնակառավարման մարմիների հետ համատեղ տրանսպորտային հոսքերի կազմակերպման սխեմաների և անհրաժեշտ նորմատիվների մշակմամբ).
– իրականացնել ջրային տրանսպորտի գործունեության իրավական կարգավորում.

ստեղծել ավիաչվերթերի աշխարհագրության ընդլայնման և ավիաընկե­րությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալները.
Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ակտիվ աշխատանքների իրագործում՝ ուղղված Հայաստանում ավիացիոն էկո-համակարգերի զարգացման նպատակով մասնավոր հատվածից նախագծերի (գաղափարների) ներգրավմանը.
երկաթուղային սակագների բարելավում.
երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում:
Ավտոմոբիլային ճանապարհների ոլորտում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբի­լային ճանապարհների որակի շարունակական բարձրացում.
ճանապարհային ցանցի կառուցման և վերանորոգման միասնական (ոչ հատվածային) ծրագրի մշակում և հաստատում, «Հյուսիս – Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շարունակություն.
կամուրջների և թունելների կառավարման համակարգի ներդրում.
ավտոմոբիլային ճանապարհների պետական գրանցում.
ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավո­րանքի բարելավում:
6.6.  ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Պետական գույքի կառավարման արմատական բարեփոխման և արդյունավե­տության էական բարձրացման նպատակով նախատեսվում է.

պետական գույքի հաշվառման գործընթացում՝

– մինչև 2019 թվականի ավարտը ներդնել հանրությանը հասանելի և բոլոր պետական մարմինների համար կիրառելի պետական գույքի միասնական էլեկտրոնային հաշվառման համակարգ.

– մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտին հասցնել պետական սեփա­կանություն հանդիսացող շենքերն ու տարածքները պետական գույքի կառավարման լիազոր մարմնին հանձնելու և սեփականության իրավունքի գրանցում չունեցող շենքերի, շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրա­պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքները, ինչպես նաև ստեղծել պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու գործուն համակարգ.

պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացներում՝

– ապահովել վաճառքի նախապատրաստման, կազմակերպման և իրականացման գործընթացների թափանցիկության և դրանց արդյունքների հրապարակայնությունը.

-ապահովել վաճառքի կազմակերպման հրապարակային ձևերի (աճուրդ, մրցույթ) կիրառումը.

– սահմանել օտարման ենթակա գույքի անվանացանկը, ապահովել դրանցում ընդգրկված յուրաքանչյուր գույքի և ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշումը և արդյունքների մասին հանրային իրազեկումը.

– պետական գույքի օտարման գործընթացում 2019 թվականի ընթացքում ներդնել էլեկտրոնային աճուրդի կազմակերպման համակարգ՝ նախատեսելով նաև համայնքային գույքի հնարավոր ընդգրկումը.

պետական գույքի օգտագործման գործընթացում՝

– իրականացնել մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ վարձակալության տրամադրման գործընթացի թափանցիկ ու հրապարակային կազմակերպում՝ վարձակալական վճարի մեծությունը թղթակցելով շուկայական գնահատման արդյունքներին։

6.7. Միգրացիա

Կառավարության  վարած  միգրացիոն  քաղաքականության  հիմնական նպատակը   անձանց  ազատ  և  անվտանգ  տեղաշարժի ապահովումն  է՝    հավասարակշռելով  այն  երկրի  ազգային անվտանգության  ապահովման  հետ:

Երկրի տնտեսության  զարգացման տեսանկյունից Կառավարությունը կարևորում է նաև միգրանտների, այդ թվում` վերադարձող միգրանտների տնտեսական և մարդկային ներուժի ուղղորդումը երկրի զարգացման գործին:

Միգրացիոն  քաղաքականության  ոլորտում  Կառավարությունը  սահմանում  է   հետևյալ  առաջնահերթությունները՝

– Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղա­քացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների  շարունակական  կատարելագործում,

–  Հայաստանի  Հանրապետություն վերադարձող  քաղաքացիների,  ինչպես  նաև  Հայաստանի Հանրա­պետությունում  ապաստան ստացած  և  փախստական ճանաչված ու երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրման միասնական  քաղաքականության մշակում.

– դեպի Հայաստան ուղղված  իմիգրացիոն  հոսքերի  կառավարման  և կանո­նակարգման  նպատակով իմիգրացիոն ամբողջական  քաղաքականության մշակում.

– արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի Հանրա­պետության քաղաքա­ցիների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով, մուտքի երկրների պատկան մարմինների հետ համագործակցությամբ և այդ երկրներում գործող սփյուռքի կառույցների ներգրավվմամբ, համակարգված միջոցառումների իրականացում:

Կառավարությունը շարունակելու  է ուշադրության կենտրոնում պահել հետվերա­դարձի (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպումը՝ այդ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններին  համապատասխան:

Միգրացիայի դրական  ազդեցություններն առավելագույնս  օգտագործելու  և  դրանք  երկրի  տնտեսության  զարգացմանը  ծառայացնելու  նպատակով  Կառավարությունը  պայմաններ  է  ստեղծելու   միգրանտների,  այդ  թվում` վերադարձող միգրանտների տնտեսական և մարդկային ներուժի օգտագործման  համար:

7. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ, ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնո­լոգիական, արդյունաբերական երկիր: Այս նպատակին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար կիրականացվեն նպատակային քայլեր, մասնավորապես՝

ստեղծել ազգային վենչուրային ներդրումային հիմնադրամ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով.
դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստել ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը.
ստեղծել ձեռներեցության, գործարարական, վաճառքի և մարքետինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատոր­ների հետ համագործակցելու հնարավորությունները.
նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը և մշակել համատեղ ծրագրեր՝ ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով.
Հայաստանում ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչման և դրա պաշտպանության համար ստեղծել պատշաճ մեխանիզմներ և օրենսդրական դաշտ.
նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունա­կության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով.
մշակել և իրագործել Հայաստանի, որպես ստարտափ և տեխնոլոգիական կենտրոնի, միջազգային հեղինակությունը բարձրացնելու ծրագիր:
Բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար Կառավարու­թյունը  նախատեսում է՝

մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների և ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման և վաճառքի ծրագիր.
Երևանում և մարզերում ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ապահովելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ՝ որպես պլատֆորմ հետագա զարգացման համար.
նոր տեխնոլոգիաների և գիտելիքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել պայմաններ և ձեռնարկել ակտիվ քայլեր՝ միջազգային բարձր տեխնոլոգիական կազմա­կերպություններին Հայաստան ներգրավելու նպատակով.
նպաստել տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցությանը՝ կադրերի պատրաստման նպատակով։
Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս նպատակի իրականացման համար Կառավարությունը  նախատեսում է՝

կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և սպառա­զինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը.
շեշտակի ավելացնել ռազմարդյու­նաբերական համալիրի արտադրանքի ծավալը և այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարևորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը և դրանից բխող միջոցառումները.
ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացումը և նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացումը միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացումը.
հետամուտ լինել ռազմարդյունաբերության և գիտակրթական համակարգի հետ համագործակցության հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում.
ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության և առաջադրանքների ձևավորման նպատակով.
հետամուտ լինել հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխա­ղաց­մանը և վաճառքի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:

7.2. ԿԱՊԸ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

Կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը,  հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ  ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի Հանրա­պետության տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Այս նպատակի իրականացման համար Կառավարության նախատեսած քայլերն են՝

Հայաստանի Հանրա­պետության տնտեսության բոլոր ճյուղերում թվային տնտեսության անընդհատ աճող պահանջների արդյունավետ փոխգործակցման և սպասարկման համար արդի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշպանություն, ինչպես նաև պետական մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների զարգացում.
պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող տեղեկատվության թվայնացման, միասնական և համապարփակ տեղեկատվական շտեմարանների ձևավորման, պետական տեղեկատվական ծրագրերի համաժամանակեցման իրականացում, տեղե­կատվական համակարգերի փոխադարձ համալրում և ռացիոնալ օգտագործում.
պետական կառավարման մարմինների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացում, ծախսերի կրճատում, ստացվող արդյունքի մաքսիմալացում, քաղաքացիներին տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակի բարելավում.
տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված պետական ստանդարտների մշակում, ներդրման ապահովում և վերահսկողություն.
միջազգային զարգացումներին համապատասխան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի պետական ստանդարտների մշակում, ներդրում և վերահսկողություն՝ միջազգային մրցունակության և համագործակցության խթանման նպատակով.
ռադիոեթերի որակի վերահսկման նպատակով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրում.
Հայաստանի Հանրա­պետության տարածքում լայնաշերտ, շարժական և ամրակցված գերարագ ինտերնետ կապի հասանելիության ապահովում.
թվային ինտերակտիվ հեռուստատեսության արդիականացում.
միջազգային հեռահաղորդակցության միությունում և այլ միջազգային կառույցներում մասնակցություն տիեզերքի խաղաղ օգտագործման, օպտիկական կապուղիների ցանցերում ինտեգրման, ինֆորմացիայի տարանցման, կիբեռանվտան­գության և այլ միջազգային ծրագրերում՝ կապի և թվային ենթակառուցվածքների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացման և տնտեսության տարբեր բնագավառներում օգտագործման ապահովում:

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

8.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը: Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: Այս նպատակների իրականացման տեսանկյունից կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Այսպիսի քաղաքականությունը թույլ կտա բարձրացնել տնտեսության մրցունակությունը, ինչի արդյունքում հեռանկարային զարգացման տեսանկյունից կարևոր՝ արտահանելի հատվածում, կաճեն շահութաբերությունը և ներդրումների իրականացման խթանները: Մասնավորապես, Կառավարությունն իջեցնելու է շահութահարկի դրույքաչափը, սահմանելու է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ աստիճանաբար իջեցնելով այն, օտարերկրացի ֆիզիկական անձանց շահաբաժինները հարկվելու են Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների շահաբաժինների հարկման միևնույն՝ ավելի ցածր դրույքաչափերով, աստիճանաբար բարձրացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը։

Արդարացի հարկման նպատակով ձեռնարկվելու են քայլեր հարկային բեռը դեպի «վճարունակ հարկ վճարողներ» տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես, սահմանվելու են անշարժ գույքի հարկը գույքի իրական՝ շուկայական արժեքի հիման վրա հաշվարկելու ընթացակարգեր, միաժամանակ՝ սահմանվելու է հավաքագրումների նկատմամբ հանրային հսկողության առցանց գործիքակազմ` ուղղված սոցիալական արդարության վերականգնմանը:

Միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարությունն ընդլայնելու է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունը: Երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանության նպատակով ներդրվելու են տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգեր:

Հարկային քաղաքականությանը զուգահեռ հարկային համակարգի  վարչարարության պարզեցման միջոցով Կառավարությունը պետք է նպաստի ստվերի կրճատմանը և Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի եկամուտների գենե­րացմանը՝ առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու տնտեսական գործունեության իրականացման համար: Այս նպատակների իրագործման համար Կառավարությունը, Հարկային օրենսգրքի բարելավմամբ, սահմանելու է ընկալելի և կանխատեսելի հարկային կանոններ, որոնք ներդրումային ծրագրերի, ծախսերի և եկամուտների տնօրինման գործընթացներում նպաստելու են արդյունավետ որոշումների կայացմանը:

Պատմականորեն, հարկային մարմինն ընկալվում է որպես Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովող կամ հավաքագրող (հարկահավաք), որի խնդիրն է Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի հարկային մուտքերի ծրագրային ցուցանիշի՝ պլանի կատարումը, ինչը իրականում խնդրահարույց է հարկային մարմնի առաքելության տեսակետից:

Հարկային վարչարարության թիրախը պետք է լինի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների՝ ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովումը:

Կոռուպցիան և հարկային ստվերը համակարգային ռիսկեր են, որոնք ուղղակիորեն հակասում են պետության և հասարակության ընդհանրական շահերին ու խոչընդոտում են բնականոն զարգացումը: Հետևաբար, հարկային մարմինը պետք է գործի այնպես, որպեսզի հարկ վճարողները չկարողանան և չձգտեն թաքցնել հարկերը:

Հարկային մարմնի կողմից պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ և իրականում պետք է ապահովվի հարկային վարչարարության ոչ խտրական լինելը: Հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը՝ հաճախակի ստուգումներով կամ գերավճարներով ու կանխավճար­ներով ծանրաբեռնելով: Օրինապահ հարկ վճարողը պետք է չնկատի հարկային վարչա­րարությունը, թեև անգամ օրինապահները պետք է ենթարկվեն մշտադիտարկման, որպեսզի երաշխավորվի վերջիններիս օրինապահ լինելը:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենն օրինախախտ է, իսկ մեղմ վարչարարությունը պետք է տարածվի բացառապես օրինապահ հարկ վճարողների վրա:

Հարկային մարմնի գործունեության արդյունքում հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ`

բացի պարտադիր լինելուց, հարկ վճարելը նաև պատվաբեր է.
հարկ չվճարելը ձեռնտու չէ, քանի որ կիրառվող պատասխանատվության միջոցներն անխուսափելի, անհամաչափ խիստ և թանկ են.
հարկ թաքցնող գործարարն օրինախախտ է և ենթարկվելու է պատաս­խանատվության.
չկան երաշխավորման այնպիսի մեխանիզմներ կամ անձինք, որոնք օրինախախտ հարկ վճարողին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից։
Այդպիսով կարմատավորվի  հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարելու՝ հարկ վճարողների վարքագիծը:

Ստվերային շրջանառությունները կրճատելու համար առանձնակի կարևորվելու է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը, որը հնարավորություն կտա նաև լրացուցիչ եկամուտներ ապահովելու, ինչպես նաև նպաստելու հավասար մրցակցային պայմանների ձևավորմանը:

Մաքսային վարչարարության պարզեցմամբ սահմանվելու են միջազգային առևտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքը մշտապես իրազեկվելու է բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը և նվազեցվելու է սահմանի անցման համար պահանջվող ժամանակը:

Այս առումով, կարևորվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի վերջնական ներդրումը՝ մաքսային սահմանի անցման կետերում իրականացվող գործընթացների բարելավման մասով: Նշված համակարգի ներդրման արդյունքում արտաքին առևտրի ոլորտում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ լինելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթների համար:

Նշված քայլերի արդյունքում Կառավարությունը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով նախատեսում է ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ առավելագույն հնարավորի սահմաններում:

8.2. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների, այն է՝ բոլորիս կողմից վճարվող հարկերի արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունա­վետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կարևորելու է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և ադյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը ներդնելու է «հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ», որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում պլանային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի:

Կառավարությունը որդեգրելու է այնպիսի մոտեցում, որն անաչառ կերպով գնալու է պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականության և արդյունավետության հետևից։ Պետական կառավարման համակարգում հստակ ամրագրվելու է գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, ստանդարտացված, օբյեկտիվ մոտեցումների և ծախսարդյունավետ լուծումների սկզբունքը։

Ծախսերի նպատակայնության բարձացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման, այդ թվում` վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք բոլոր ռազմավարական փաստաթղթերը համակցվելու են Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

Հանրային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը գնահատելու համար ներդրվելու են հաշվետվողականության այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման քանակական և որակական արդյունքային ցուցանիշների սահմանմամբ բարելավել ֆինանսական կարգապահությունը:

Առաջիկա տարիներին ծախսային քաղաքականությունն ուղղվելու է մարդկային և ֆիզիկական կապիտալի կուտակմանը, զարգացմանը և իրացմանը, ինչպես նաև ներառական աճի խթանմանը և հավասարաչափ տարածքային զարգացմանը: Այս ուղղությամբ նախատեսվում է կրթության և գիտության, առողջապահության ոլորտների ֆինանսավորման աճ, որը զուգակցվելու է ֆինանսական միջոցների նպատակային օգտագործմամբ:

Ֆիզիկական կապիտալի զարգացման համար շարունակաբար բարելավվելու են հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Իսկ ենթակառուցվածքներին ուղղվող միջոցների մշտադիտարկման համար մշակվելու և ներդրվելու է էլեկտրոնային հարթակ, ինչը թույլ կտա ցանկացած պահի տեղեկանալ իրականացվող ծրագրերի վիճակի մասին:

Այս քայլերի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահ­մաններում կմեծանա մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:

Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում կարևորվելու են նաև պետական գնումների բարեփոխումները: Մասնավորապես, ներդվելու է պետական գնումների արդար և թափանցիկ էլեկտրոնային համակարգ: Օրենսդրորեն ամրագրվելու են ապրանքների և ծառայությունների նկարագրման միասնական և չափելի ստանդարտներ:

Կառավարությունը նպատակ է դնում վերանայելու պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե և հետագայում, ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից:

Էլեկտրոնային եղանակով մշտադիտարկվելու է ապրանքների և ծառայու­թյունների՝ սահմանված ժամկետներում, նախանշված որակով և կարգով մատա­կարարումը: Շեղումների դեպքում արձանագրված խնդիրների հիման վրա շարունա­կաբար կատարելագործվելու է օրենսդրական դաշտը՝ անհրաժեշտ փոփոխու­թյուններն արտացոլելով նաև գնումների էլեկտրոնային համակարգով:

Բացահայտվելու են պետական գնումների ոլորտում իրականացված չարաշա­հումները: Առաջնորդվելով ակնկալվող արդյունք՝ ապրանքի տեխնիկական նկարագրով սահմանված պահանջ, փաստացի արդյունք և ծախսված գումար համարժեքության գնահատմամբ՝ վերականգնվելու են պետությանը պատճառված վնասները:

***

Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն:

Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ




Լրահոս