Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը փորձում են իրենց կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ. Ալեքսանդր Սկակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սրվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները, իսկ Փաշինյանն էլ դրանց կարեւորություն չի տալիս: Սակայն մինչեւ այսօր երկու երկրների ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ քանիցս վերահաստատել հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը: Նախկինում վատատեսական հայտարարություններ էին հնչեցնում նաեւ ռուս փորձագետները: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովին:

-Պարո՛ն Սկակով, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունները. նախկինում վատատեսական մոտեցումներ էին հնչում:

-Գիտեք, ես խնդիրներ շատ չեմ տեսել: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավիճակի պատճառ էին միայն: Այստեղ հարցը ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախկին իշխանությունների մեջ չէ, այլ Հայաստանի եւ ՌԴ-ի շահերի համատեքստը: Իսկ երկու երկրների հարաբերությունների առումով ես շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, ճգնաժամ չի եղել: Խնդիրներ կան եւ եղել են ու կարող են լինել. դա անխուսափելի է:

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

-Խնդիրներ կան, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, որը որոշակի էմոցիաներ է առաջացնում Հայաստանում: Խնդիրներ կան, օրինակ, նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, որոնք ունեն իրենց կապերը ՌԴ-ում եւ ակտիվորեն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

-Ո՞ւմ նկատի ունեք:

-Նախկին իշխանություններին, նախկին նախագահներին, որոնք, իհարկե, լավ հարաբերություններ ունեն ՌԴ իշխանությունների հետ:

-Կարեն Կարապետյանին եւ՞ս նկատի ունեք:

-Ոչ, ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներին, ոչ թե նախկին վարչապետին: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ նաեւ այլ պետությունների հարաբերությունների հետ կապված:

– Վերջերս արդեն հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, եւ բոլորը նկատեցին, որ ծրագրում ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններն առաջնային են` ի տարբերություն նախկին կառավարությունների ծրագրերի: Դա զարմանալի՞ էր Ռուսաստանի համար:

-Ո՛չ, այդ հարցում ոչ մի զարմանալի բան չկա: Նիկոլ Փաշինյանի ծրագրում տեղ գտած դրույթները միանշանակ տրամաբանված են դեռեւս, եւ մինչ այժմ որեւէ լուրջ սխալներ չկան: Դեռ ամեն ինչ հանգիստ է ընթանում:

-Վերջին շրջանում նկատում ենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հաճախակի հանդիպումներ եւ զրույցներ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ: Ըստ Ձեզ` մոտակա ժամանակաշրջանում որեւէ լուծումներ հնարավո՞ր են:

-Ես մոտակա ժամանակներս չեմ տեսնում հակամարտության լուծման հնարավորություն: Բանն այն է, որ երկու կողմերի համար չկա հիմնականը, որը պետք է հանդիսանա զրույցի թեմա: Իսկ այն, որ հանդիպումներ հաճախ են լինում, նորմալ է: Պետք է փորձել հարաբերություններ հաստատել, նորից երկխոսություն սկսել եւ գտնել կոնտակտի, փոխհարաբերությունների եզրեր: Իհարկե, կա վտանգ այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն անփորձ է, իսկ, ահա, Իլհամ Ալիեւը մեծ փորձ ունի, սակայն չի եղել այնպիսի բան, որ Ալիեւն իր փորձառությամբ առաջ անցնի Փաշինյանից:

-Իսկ ի՞նչ դերակատարում ունի ՌԴ-ն հակամարտության լուծման հարցում, քանի որ ասում են` ԱՄՆ-ն ավելի ակտիվ է:

-Ես, ճիշտն ասած, ԱՄՆ-ի կողմից այդքան մեծ ակտիվություն չեմ նկատում, եւ ՌԴ-ի կողմից էլ շատ ակտիվություն չկա: Ամեն ինչ նույնն է: ԱՄՆ-ն ունի այժմ մեծ խնդիրներ, եւ այդ կոնֆլիկտը ԱՄՆ-ի համար, օրինակ, ոչ թե հինգերորդ, այլ նույնիսկ հիսուներորդ տեղում է:

-ԱՄՆ-ն ասում է` այդ հարցը ՌԴ-ն կարգավորելու է ուժային ճանապարհով, ձեր կողմից այլ հայտարարություններ են հնչում: Ի վերջո, ի՞նչ է ստացվում:

-Ասել կարելի է ամեն ինչ, սակայն Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից կոնտակտ կա, եւ որեւէ խնդիրներ չեն առաջանում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս