Երանի նրան, ով կհավատա առանց տեսնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այսօր ձայների 82 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ հաստատեց կառավարության ներկայացրած ծրագիրը:
Ընդդիմախոսները իրենց ելույթներում մասնավորապես ընդգծում էին այն հանգամանքը, որ ծրագրում չկան թվային ցուցանիշներով արտահայտված թիրախներ: Սրան որպես հակափաստարկ բերվեց այն, որ այս ծրագիրն, ընդհանուր առմամբ, ռազմավարական փաստաթուղթ է, որ միայն ուղենիշեր է նշում` ձեւավորված կարծես նախընտրական խոստումների տրամաբանությամբ:

Հայտնի փաստ է, որ կառավարության ծրագիրը գործունեության խիստ կիրառական, քաղաքաիրավական պլան է, եւ նույն այդ Արեւմուտքում կառավարության ծրագրի կազմման հստակ չափորոշիչներ ու ձեւեր են սահմանված, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում: Երբ չկա չափելիություն, գրեթե անհնար է մոտավոր դատողություններ ձեւավորել վերջնարդյունքի վերաբերյալ, եւ հարց է առաջանում՝ ինչի՞ շուրջ պիտի ծավալվի քննարկումը ԱԺ-ում, մի՞թե անվիճելի եւ հանրահայտ այն կոնցեպտների, որոնք առատորեն թվարկված են ծրագրում:

Որպես հակափաստարկ է բերվում այն, որ թվերով եւ հստակ ռազմավարության մանրամասն պլանը կկազմեն ոլորտների պատասխանատուները, բայց այդ ոլորտային պլանները ԱԺ-ն հաստատելու հնարավորություն չունի, հետեւաբար չի կարող հաշվետու լինել իրեն ընտրող քաղաքացիների առջեւ:

Սա խիստ մտահոգիչ է, որովհետեւ ծրագիրը, թվում է, ԱԺ-ին վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից է զրկում, քանի որ չափելի լինելու դեպքում է միայն հնարավոր մշտադիտարկում իրականացնել 5 տարվա կտրվածքով: ՀՀ օրենսդիրն ու գործադիրը համահունչ են քաղաքական առումով, եւ այստեղ միակ հենարանը թերեւս այն թույլ հույսն է, որ արժեքային տրանսֆորմացիաներով մտահոգ ՔՊ պատգամավորները ունեն քաղաքական ռեսուրս միջկուսակցական դեբատներ անելու, դիսկուրս ձեւավորելու, օրակարգ թելադրելու՝ դրանով նաեւ թուլացնելով ֆեյք նյուզերի եւ բոբո մամուլի «ազգակործան» դերակատարումը:

Հետհեղափոխական հասարակությունում հատկապես ավելի ընդգծված է այն ակնկալիքը, որ կառավարության ծրագիրը պիտի լիներ իշխանության հանդեպ եղած վստահության կիրառական ռեալիզացումը, հեղափոխական արդյունքների կապիտալիզացման պատկերը, որ պիտի նաեւ հստակ հուշումներ պարունակեր վերջնարդյունքի մասին, քանի որ ռեսուրսները խիստ սահմանափակ են էքսպերիմենտալ ճանապարհով անցնելու համար: Չափելիության բացակայությունը կոմպենսացվում է քաղաքական կամքի գործոնով՝ շեշտադրում անելով վստահության վրա:

Հարց է առաջանում. իսկ եթե չլինի՞ Փաշինյանի քաղաքական կամքը կամ 5 տարի հետո տեղի ունենա իշխանափոխություն: Արդյոք ունե՞նք օրենսդրորեն ամրագրված իրավաքաղաքական լուրջ հիմքեր ավտորիտար համակարգ չվերարտադրելու համար, արդյոք ստեղծվե՞լ են հակակշիռների, զսպումների համակարգային մեխանիզմները: Այս մտահոգությամբ է թերեւս հղում արվում Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությանը: Թերեւս մի դիտարկում. Ընտրական ներկայիս օրենսգրքում աբսուրդային է այն հանգամանքը, որ փաստորեն ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կարող են ընտրել (խոսքը Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին է) այն դեպքում, երբ քաղաքացու ստատուսը հատկապես ընտրելու գործոնով է պայմանավորված, եւ զուր չէ, որ այդ ստատուսը շատ երկրներում տրվում է երկարատեւ փուլային գործընթացներից հետո:

Մյուս կողմից՝ հարկ է ընդունել, որ նույնիսկ լավագույն ընտրական օրենսգիրքը չի կարող երաշխիք լինել արդար ընտրությունների, այստեղ ժողովրդավարական մշակույթի խնդիր կա եւ այս կոնտեքստում էր, ահա, որ վարչապետը խոսեց մարդկանց մտածողության փոփոխության անհրաժեշտությունից՝ տնտեսական վարքագծով պայմանավորելով տնտեսական ռեֆորմները: Այն, որ հոգեբանական ոչ պրոդուկտիվ վարք է ձեւավորվել հանրային կյանքում՝ պատմաքաղաքական օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, գիտեն շատերը: Այդուհանդերձ, հարկ էր, որ հղումը դրան արվեր այն լուծելու պատվախնդիր մտահոգությամբ: Հայտնի է, որ տնտեսական ակտիվիստը, ի տարբերություն քաղաքական ակտիվստի, ունի պրակտիկ մտածողություն եւ հակված է գործարքային շահավետ հարաբերությունների պետության հետ՝ մասնակցային կառավարման իր հղացքը առաջադրելով:

Որքանո՞վ է պետությունը պատրաստ ընդառաջելու այդ ակտիվիստին: Այս առումով ի՞նչ է խոստանում Հարկային օրենսգիրքը, արդյոք այն գրվա՞ծ է սոցիալական արդարության վերաբաշխման սկզբունքով: Օրենսգրքով նախատեսված հարկային համահարթեցումը, ըստ էության, սրում է եկամուտների անհավասարությունը` հարկային բեռը փոխանցելով հարուստ փոքրամասնությունից աղքատ մեծամասնությանը: Ահա այստեղ է, որ պիտի խոսվի նաեւ տնտեսական հեղափոխության պետական պատասխանատվության մասին:

Ռեֆորմների մեկնարկը այդուհանդերձ տրված է. խոսքը տնտեսական բաղադրիչով անցումային արդարադատության մասին է, մասնավորապես՝ մեղավորության կանխավարկածով մարդկանց գույքը բռնագրավելու վերաբերյալ: Համաձայնեք` սկիզբը տպավորիչ է:

Մարիամ Դանիելյան




Լրահոս