34 տարի առաջ այս օրը խոշոր հրդեհ էր բռնկվել դեռեւս շինարարության փուլում գտնվող Մարզահամերգային համալիրում: 1985 թվականն էր, երբ չարագույժ հրդեհի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին ամբողջ Երեւանում: Հարյուրավոր մարդիկ շտապում էին դեպի Ծիծեռնակաբերդի բլուր` Մարզահամերգայինը կրակի ճիրաններից փրկելու համար: Կրակը մարվեց:
Կրակի հասցրած վնասը մեծ էր: Հրդեհի մեղավորներն էին 2 բանվորները, ովքեր աշխատանքի ժամանակ անզգուշությամբ կրակ էին առաջացրել:
Եվ ահա, դեպքից 34 տարի անց անմիջական ականատեսներից մեկը բաց նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որտեղ վերապրում է իր մասնակցությունն ու տեսածը:
Ես` Վարդգես Սարգսյանս, 1985 թվականի փետրվարի 15-ին մասնակցել եմ Մարզահամերգային համալիրում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին, երբ բոլոր օժանդակ աշխատանքները կատարելուց հետո համերգասրահի ամբողջ դահլիճը բոցավառվում էր:
Իմ հասնելու պահին դռան մոտ կանգնած էր հրշեջ աշխատողներից մեկը:
Նրան տեղեկացրի, որ ցանկանում եմ իր հետ ներս մտնել, օգնել հանգցնելու գործընթացին: Նա մերժեց ինձ` ասելով, որ միայնակ մտնեմ: Իր գլխից հանեց սաղավարտը, փոխանցեց ինձ. եւ ես ներս մտա:
Մոտ երկու ժամից ավել տեւեց բոցը հանգցնելը: Ապա դուրս եկա շենքի անկյուն, որպեսզի բարձրանամ տանիք, եւ այդ պահին էլ տեսա Կարեն Դեմիրճյանին` գլուխն առել էր ձեռքերի մեջ, արտասվում էր. «Վառողի…. Ավելի լավն եմ կառուցելու…»:
Դեմիրճյանը կարծեց` հրշեջ եմ, նրան տեղեկացրի, որ ֆիզինստիտուտի աշղեկ եմ: Կարճ երկխոսությունից հետո բարձրացա տանիք, այնտեղ տեսա, որ 4 երդիկը փակ է: Լինգով կարողացա բացել դրանք: Եվ այդտեղից դուրս ժայթքեցին բոցկլտացող կրակակույտերը: Ներս գնալուն պես, վերելակի մոտ, ուշագնաց եղա: Չգիտեմ` ինձ ով իջեցրեց, արթնացա Աջափնյակի հիվանդանոցի 4-րդ հարկի վերակենդանացման բաժանմունքում: Երկու օր այնտեղ մնալուց հետո դուրս գրվեցի: Բժիշկներն ինձ հերոս էին կոչում: Եվ արդեն վաղուց չի հիշատակվում` ով էր կրակի հետ կռիվ տվողը:
Երրորդ շինտրեստի համար 33-րդ շինվարչության աշղեկ, վաստակավոր աշխատանքի կազմակերպիչ, աշխատանքի վետերան Վարդգես (Ալբերտ) Սարգսյան